Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 18:8

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

8-9․ «Իսկ եթե ձեռքդ կամ ոտքդ քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն ու դե՛ն գցիր. քեզ համար ավելի լավ է՝ առանց ձեռքի կամ առանց ոտքի կյանք մտնես, քան երկու ձեռք ու երկու ոտք ունենաս, բայց հավիտենական կրակի մեջ գցվես»։ «Եվ եթե աչքդ գայթակղեցնում է քեզ, հանի՛ր այն ու դե՛ն նետիր. քեզ համար ավելի լավ է՝ մեկ աչքով կյանք մտնես, քան երկու աչք ունենաս, բայց կրակի գեհենը գցվես»։
   
    Ցավ հայտնելով նրանց հանդեպ, ովքեր գայթակղություններ են բերում՝ Հիսուս շարունակում է Իր խոսքը. «Իսկ եթե ձեռքդ կամ ոտքդ քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն ու դե՛ն գցիր. քեզ համար ավելի լավ է՝ առանց ձեռքի կամ առանց ոտքի կյանք մտնես, քան երկու ձեռք ու երկու ոտք ունենաս, բայց հավիտենական կրակի մեջ գցվես։ Եվ եթե աչքդ գայթակղեցնում է քեզ, հանի՛ր այն ու դե՛ն նետիր. քեզ համար ավելի լավ է՝ մեկ աչքով կյանք մտնես, քան երկու աչք ունենաս, բայց կրակի գեհենը գցվես» (Մատթ. 18:8-9)։ Փրկիչն այստեղ խոսում է ոչ թե մարմնի անդամների, այլ մեր բարեկամների և ազգականների մասին, որոնք խորհրդանշաբար ասես մեզ համար անհրաժեշտ անդամներ են հանդիսանում։ Այս մասին Քրիստոս խոսել էր նաև ավելի վաղ, և այժմ էլ է խոսում նույն թեմայի շուրջ։ Իսկապես, ոչինչ այնքան վնասակար չէ, որքան այլասերված ու ապականված մարդկանց հետ հաղորդակցությունը։ Ինչը չի կարող առաջացնել անհրաժեշտությունը, հաճախ առաջացնում է ընկերությունը, - և խոսքը վերաբերում է թե՛ վնասին, ու թե՛ օգուտին։ Ահա թե ինչու է Փրկիչն առանձնահատուկ ուժգնության շեշտադրումով մեզ պատվիրում հեռու մնալ վնասակար մարդկանցից՝ այդպիսինների կերպարի ներքո ամբողջացնելով բոլոր նրանց, ովքեր գայթակղություններ են առաջ բերում։ Տեսնո՞ւմ ես, թե ինչպես Քրիստոս կանխեց գայթակղություններից առաջացող հնարավոր վնասը։ Առաջին, Նա կանխագուշակեց, որ գայթակղություններն անպայմանորեն պիտի պատահեն, որպեսզի ոչ ոք անհոգության չմատնվի, այլ բոլորը, դրանց սպասելով, արթուն մնան։ Երկրորդ, ցույց տվեց, որ գայթակղությունները մեծ չարիք են (Նա առանց պատճառի չասաց, թե՝ «Վա՜յ աշխարհին գայթակղությունների պատճառով», այլ որպեսզի ցույց տար դրանցից բխող մեծագույն վնասը)։ Երրորդ,Հիսուս դա առավելաբար ցույց տվեց Իր այն խոսքով, որ «դժբախտ» անվանեց նրան, ում միջոցով պիտի գային գայթակղությունները («վա՛յ այն մարդուն» խոսքերով Փրկիչը մատնանշում է, որ այդ մարդը ծանր պատժի է ենթարկվելու)։ Եվ ոչ միայն այս խոսքով, այլև դրան համակցած համեմատությամբ է Քրիստոս սաստկացնում վախը։ Բայց սրանով ևս չբավարարվելով՝ Հիսուս ցույց է տալիս նաև այն ուղին, որի միջոցով կարելի է խուսափել գայթակղություններից։ Ո՞րն է, ուրեմն, այդ ուղին։ «Դադարեցրո՛ւ, - ասում է Նա, - ամբարիշտ մարդկանց հետ ընկերակցությունը, թեկուզ և նրանք քեզ համար շատ սիրելի լինեն», և ասվածի հետ մեկտեղ քեզ է ներկայացնում դրա անառարկելի ապացույցը։ «Եթե, - ասում է, - նրանք շարունակեն քո բարեկամները մնալ, ապա դու և՛ նրանց օգուտ չես բերի, և՛ ինքդ քեզ կկործանես։ Իսկ եթե դադարեցնես նրանց հետ ընկերակցությունդ, ապա գոնե ինքդ քեզ համար փրկություն ձեռք կբերես»։ Այսպիսով, եթե ինչ-որ մեկի հետ ընկերությունը քեզ համար վնասակար է, հեռացի՛ր նրանից։ Եթե մեր մարմնի անդամներն անբուժելիորեն հիվանդանում և վնասակար են դառնում մյուս անդամների համար, մենք հաճախ կտրում ենք դրանք, ապա առավել ևս պետք է այդպես վարվել բարեկամների՛ հետ։ Եթե չարիքը կախված լիներ բնությունից, ապա ավելորդ կլիներ այս ամբողջ խրատը և ամեն մի խորհուրդ, ավելորդ կլիներ նաև վերևում տրված զգուշացումը, իսկ եթե դա ավելորդ չէ, - ինչպես որ իրականում էլ այդպես է, - ապա ակնհայտ է, որ չարիքը կախված է կամքից։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

8-9. Եթէ քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. լաւ է, որ դու մէկ ձեռքով կամ կաղ մտնես կեանք, քան երկու ձեռք ու երկու ոտք ունենաս եւ յաւիտենական կրակի մէջ ընկնես: Եւ եթէ քո աչքն է գայթակղեցնում քեզ, հանի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. լաւ է, որ դու միականի մտնես կեանք, քան երկու աչք ունենաս եւ ընկնես գեհենի կրակը:
   
    Եթե ձեռքդ կամ ոտքդ գայթակղեցնում է քեզ, հատի՛ր այն և դե՛ն նետիր քեզնից: Ավելի լավ է քեզ համար, որ մի ձեռքով կամ կաղ մտնես կյանք, քան երկու ձեռք ու երկու ոտք ունենաս և հա-վիտենական կրակի մեջ ընկնես: Եվ եթե աչքդ գայթակղեցնում է քեզ, հանի՛ր այն և դե՛ն նետիր քեզնից: Ավելի լավ է քեզ համար, որ միականի մտնես կյանք, քան երկու աչք ունենաս և գեհենի կրակն ընկնես:

    Մի անգամ [Տերն արդեն] ասել է սա և այժմ կրկնում է հաստատելու համար, այլև ուսուցանում, թե ինչպես է պետք փրկվել գայթակղեցնողներից: Բայց պետք է գիտենալ, որ մարմնական անդամների մասին չէ, որ խոսում է, այլ [մարդու համար] կարևոր բաների և մերձավորների մասին, որոնց որպես մեր անդամներն ունենք և հաղորդակցվում ենք նրանց չարիքներին: Որովհետև ինչ չարիք որ չի կարող անել հարկադրանքը, հաճախ բարեկամն է անում, որին [Տերը] կտրել է հրամայում, եթե նա չար գործեր է կատարում: Եթե չենք խնայում մեր այն անդամները, որոնք գիտենք, որ անբժշկելի են, այլ հատում ենք, որպեսզի մարմնի մնացած մասն էլ չապականեն, ի՞նչ ասել սիրելիների մասին, երբ փտած են: Ինչպես Պողոսն էր ասում. «Չարը մեջտեղից վերացրե՛ք», որպեսզի մի փոքր խմորն ամբողջ զանգվածը չխմորի:

    Կամ էլ [անդամները] խորհրդանշում են մարմնի չար վարքը, որը Պողոսը «երկրավոր անդամներ» է անվանում (Կող. 3։5): Որովհետև մարդկանց գործերը երկու տեսակ են, որոնք [Տերը] «ձեռք» է կոչում: Որոշներ ըստ Աստծո կամքի են, մյուսները՝ նրան հակառակ: Այդպիսին է նաև [մարդկանց] ընթացքը: Ուրեմն՝ ով երկու գործերն էլ կատարում և երկու ընթացքով էլ գնում է, ինչպես Ադամը, ով ճաշակեց թե չարը, թե բարին, ճշմարտապես արժանի է գեհենին, իսկ ով սրանցից մեկն [է կատարում]՝ բարին և Աստծուն հաճելին, այնպիսին արքայությունն է ժառանգելու: Իսկ կյանքի մեջ կաղ և միականի մտնելու մասին ասվել է (Տես 5:29-30-ի մեկնության մեջ): Բայց ինձ թվում է, թե [Տերը] սա ասաց գայթակղվողներին, որպեսզի սիրելիների ցանկությունների պատճառով չգայ թակղվեն: Իսկ հաջորդ [խոսքով] ուսուցանում է գայթակղեցնողներին:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Եթէ քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. լաւ է, որ դու մէկ ձեռքով կամ կաղ մտնես կեանք, քան երկու ձեռք ու երկու ոտք ունենաս եւ յաւիտենական կրակի մէջ ընկնես:
   
    «Եթե քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն և դե՛ն գցիր քեզանից»:
    Մարդկանց գործերը երկու կերպ են, կեսն ըստ Աստծու են գործում և կեսը՝ ընդդեմ Աստծու: Նույնպես և ընթացքը. ոմանք [ընթանում են] ըստ Աստծու, և ուրիշներն ոչ ըստ Աստծու: Արդ, ով երկու գործերն էլ գործում է և երկու ընթացքով էլ ընթանում է, և ոչ [թե] մեկը՝ ճշմարտապես, գեհենի է արժանի: Իսկ եթե սրանցից մեկը՝ Աստծուն հաճելին [գործի], նրանն է երկնքի արքայությունը:
    Նույնպես  և  պետք  է  իմանալ  երկու  աչքերի  վերաբերյալ  (Մատթ. 18։9), դրա համար և փեսան հարսի մի աչքի մասին ասաց. «Մեր սիրտը խոցեցիր քո մի աչքով» (Երգ. 4։9), [նաև] ասում է. «[Դատաստանի համար] եկա [այս աշխարհը], որպեսզի, ովքեր չեն տեսնում, տեսնեն, և ովքեր տեսնում են, կուրանան» (Հովհ. 9։39): Առաջինի չտեսնելը վատթարագույն է, քան տեսնելը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եթէ քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. լաւ է, որ դու մէկ ձեռքով կամ կաղ մտնես կեանք, քան երկու ձեռք ու երկու ոտք ունենաս եւ յաւիտենական կրակի մէջ ընկնես:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 18:6