Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 19:12

Հովհաննես Ծործորեցի

որովհետեւ կան ներքինիներ, որոնք իրենց մօր որովայնից այդպէս են ծնուել. կան ներքինիներ էլ, որոնք մարդկանց կողմից են ներքինի դարձել. ներքինիներ էլ կան, որոնք երկնքի արքայութեան համար իրենք իրենց ներքինիներ են դարձրել. ով կարող է տանել, թող տանի»:
   

   Որովհետև կան ներքինիներ, որ իրենց մոր որովայնից են ծնվել այդպես. կան ներքինիներ, որ մարդկանց պատճառով են ներքինացել. և կան ներքինիներ, որ իրենք իրենց ներքինացրին երկնքի արքայության համար: Ով կարող է տանել, թող տանի»:

   Սկզբում ասաց` «ում տրված է», ուստի որպեսզի չկարծես, թե ովքեր այդ կրքից ազատ են, այդ շնորհն ի վերուստ ունեն, [նրանց] երեք [խմբի] է բաժանում. ոմանք [մոր] որովայնից [են այդպիսին], ոմանք` մարդկանց պատճառով, և ուրիշներ էլ` արքայության համար, որ հուսալով Աստծուն` Նրանից օգնություն են ստանում, ինչպես ասվեց: Նաև քանի որ կամենում է առաքինության վարքը ցույց տալ և դեպի կուսության ցանկությունը հորդորել, սա է ասում. «Համարիր, թե ի բնե էիր այդպիսին. ի՞նչ էիր անելու. և ցանկության հաճույքից էիր զրկվելու, և դրա դիմաց վարձ չէիր ստանալու: Ուստի պիտի գոհանաս Աստծուց, որովհետև թեև այժմ մի փոքր նեղություն ես կրում, սակայն պարգևներ ու պսակներ են քեզ սպասում»:

   Բայց մենք ըստ [մեր] կարողության կասենք, թե որտեղից են սրանք: Ովքեր բնությանն են հետևում, ասում են, որ կնոջ արյան արձակման ժամանակ, որը [Սուրբ] Գիրքը «կանանց օրենք» է անվանում և որի օրերին Օրենքն արգելեց մերձավորությունը 1010 (որովհետև արյան առատ բխումն ամբողջովին փչացնում ու քայքայում է սերմը, ինչպես երբ հեղեղատում են սերմ ցանում), երբ տղամարդը չի համբերում և [կնոջ] արյունից մաքրվելուն մոտ [շրջանում] մերձենում է կնոջը, սերմն ընկնում է արգանդի խորշը և կատարյալ սաղմ չի գոյացնում, ոչ էլ քայքայվում է, այլ շնչական ուժ է քաղվում արյան մնացորդից, և մնացած [սերմը] բեղմնավորվում է թերի ու անկատար կերպով, ինչպես որ երբ տղմոտ ու ճահճային վայրերում են սերմը ցանում, այն բուսնում է, սակայն մանր ու անսերմ: Որովհետև եթե էգ է ծնվում, ամուլ ու անծննդական է լինում, և եթե արու` անպտուղ ու ներքինի` մտքում ունենալով ցանկությունը, բայց գործով անկարող լինելով: Ոմանք էլ երիկամն են համարում [սրա պատճառը]. տեղի կամ կերակրի սառնությունից պաղելով` երիկամը չի կարողանում եփելով ու պնդացնելով սերմն ուժեղացնել, որն անոսր լինելով` անցնում է կնոջ արգանդը և կնոջ սերմով մակարդվում, ինչից սաղմը թույլ է լինում, կաթի օրինակով, որը երբ եփված չէ, թեպետ մակարդվում է, պինդ չի լինում, ինչպես ասում է Հոբը. «Կթեցիր ինձ իբրև կաթ և [մակարդեցրիր] իբրև պանիր» (հմմտ. Հոբ 10։10): Իսկ մարդկանց պատճառով [ներքինի] դարձածների մասին ասում են, թե հռոմեական կայսրերն են այս չարիքը գործել` գեղեցիկ մանուկներին ամորձատելով ու կուռքերին նվիրելով` ի պատիվ Դիոնիսոսի չարագործության 1011, կամ էլ կանանց հսկելու համար, ինչպես այժմ ենք տեսնում:

   Արդ` այս երկուսը կամավոր չեն և արտաքին պատճառ ունեն: Եթե [այսպիսի ներքինիները] զղջման գան և կամովին Աստծուն հաճելի կյանքով ապրեն, չեն զրկվի վարձատրությունից` ըստ իրենց արժանիքի: Ինչպես [ասում է] մարգարեն. «Թող ներքինին չասի. «Ես չոր ծառ եմե. որովհետև եթե Իմ օրենքը պահի, անվանի տեղ կտամ նրան» (հմմտ. Ես. 56։34): Իսկ եթե ակամա նեղությունը հոժարությամբ կրեն, բայց [Աստծո] օրենքի մասին չհոգան, այստեղ իրենց ցանկություններից կմաշվեն` առանց գրգանքի, այնտեղ էլ փառքից կզրկվեն` ըստ այսմ. «Ներքինացվածն ու խեղվածը թող չմտնի Աստծո եկեղեցի» (հմմտ. Ղևտ. 22։22):

   Բայց երրորդ կարգին [պատկանողները], որ ոչ թե ուրիշից, այլ կամովին իրենք են իրենց ներքինացրել` իրենց մարմնի անդամը հատելով, ովքեր այսպիսի բան են անում, դատապարտված են` դասվելով մարդասպանների շարքը, քանի որ Աստծո արարչությունն արհամարհեցին և դևերի գործ կատարեցին` կրկնակի մեղքի մեջ ընկնելով. տղամարդու կերպարանքը եղծեցին և կամքի բարի ցանկությունները խափանեցին: Որովհետև այդպիսիք ցանկությունը չեն մեղմացնում, այլ ավելի են սաստկացնում, քանի որ սերմի աղբյուրն ուրիշ տեղից է, ոչ թե այդտեղից: Ոմանք ասում են` ուղեղից է, ուրիշներ` երանքից 1012, իսկ ես համարում եմ, որ անպարկեշտ մտքից և ծուլության խորհուրդներից է: Իսկ այդպիսի [ներքինիները] սրա՛նք չեն հատում, ինչից է ցանկությունը նվազում, ուստիև անիծյալ են:

   Բայց նրանք, ովքեր կամքով են սպանում երկրավոր անդամները և խափանում մտքի տռփումը, իրավամբ արքայությունն են ժառանգում, որովհետև ո՛չ այլ բանի, քան վերին փառքի համար են դա անում: Ուստի [Տերն] ավելացնում է «Ով կարող է տանել, թող տանի»: Ասես հրաման է տալիս, սակայն կարգով և հոգևոր ուսուցմամբ թողնում է կամքի անձնիշխանությանը, որովհետև հարկադիր [կուսակրոնները] ոչ միայն հեշտությամբ չեն հանդարտվում, այլև վար ձից են զրկվում, քանի որ [փառասիրության] ախտի պատճառով են [այդպիսին դարձել]. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, հենց դա էլ նրանց վարձն է» (Մատթ. 6։2): Իսկ կամավորը ոչ միայն հարամնա է, այլև վերին փառքն է հյուսում, որով արժանի ենք դառնում երկնավոր Հորը տեսնելու:

   «Կան ներքինիներ, որ իրենց մոր որովայնից են ծնվել այդպես. կան ներքինիներ, որ մարդկանց պատճառով են ներքինացել. և կան ներքինիներ, որ իրենք իրենց ներքինացրին...»: [Տերը] երեք [տեսակի] ներքինիների մասին է խոսում, ինձ թվում է, նաև նկատի ունենալով բնական, վարդապետական և վարժական առաքինիներին: Որոշ մարդիկ բնությունից են առաքինի, ինչը ոմանք ծառայական և անբանական են համարում: Նախ` որովհետև հարկավորաբար, ինչպես ծառաները և անբան [արարածները], մարմնի խառնվածքին հետևելով են լինում ողջա խոհ կամ արի` չիմանալով դրա պատճառը: Եվ երկրորդ` որովհետև անբան [արարածների] մեջ ևս կարելի է այսպիսիների տեսնել, օրինակ` ողջախոհ տատրակ, արի առյուծ, խոհեմ ուղտ և արդար արագիլ: Այսպիսի առաքինությունը միայն այս կյանքում է գովելի և երկնայինը ձգտել չի տալիս, անասունների օրինակով: Իսկ ովքեր մարդկանց պատճառով դարձան ներքինի, վարդապետական [առաքինիներն] են. ոմանք վարդապետներին պատվելու շնորհիվ ձեռք բերեցին բարոյական առաքինություններ` ուղղելով իրենց վարքը, սակայն նրանք էլ են անկատար, քանի որ [նրանց առաքինությունները] չեն հետևում միմյանց. հնարավոր է, որ ոմանք վարդապետների ուսուցմամբ ողջա խոհ դառնան, բայց ո՛չ իմաստուն:

   Եվ «ովքեր իրենք իրենց ներքինացրին երկնքի արքայության համար», [Տերը սա] ասում է կատարյալների մասին, ովքեր վարժանքով ու զանազան ճիգերով հետևեցին ներքին մարդուն, որն Աստծո օրենքն է կամենում` ըստ առաքյալի 1013` մաշեցնելով արտաքին [մարդուն] և նորոգելով հոգու իսկական բնությունը: Ոմանք սա անվանեցին ձեռքբերովի առաքինություն: [Այսպիսի առաքինությունները] հետևում են միմյանց, քանի որ [դրանք գործողները] գիտեն պատճառը, թե ինչու են գործում. անառակությունից ժլատություն ու անիրավություն են ծնվում, ուստի ով հաղթում է այդ ախտերին, դառնում է ողջախոհ և արի: Այդպիսին նաև խոհեմ է, քանի որ գիտի [խոհեմության] պատճառը, այլև արդար, որովհետև մարմնական հեշտախտություններից են լինում անարդարությունները: [Տերն] այսպիսի [մարդուն] է համարում արքայության համար ներքինացած, ով սպանում է երկրավոր անդամները: Սա է ճշմարիտ կուսությունը, ո՛չ բնությամբ և հարկադիր, ինչպես ծառաներինն ու վարձկաններինը: Այն [ունեցողը] բարձրանում է կատարյալ սիրո աստիճանին, որը որդիական փառքին է հասցնում` ըստ այսմ. «Կատարյալ սերը վանում է երկյուղը» (Ա Հովհ. 5։18): Այդ պատճառո՛վ [Տերն] ասաց. «Իրենք իրենց ներքինացրին երկնքի արքայության համար»: Որովհետև զսպումը նրա, ինչից բխում են մարմնի չարության աղբյուրները, համեստացնում է նաև մարմինը, և [երկնքի արքայության համար ներքինացածը], ոչ միայն բնական ու գրավոր օրենքներով կատարյալ դառնալով, այլև ավետարանական ուսմունքով պայծառացած, կատարյալ փառքի ժառանգորդ է դառնում մեր Տեր Հիսուս Քրիստոսով, Ում փառք և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
   

Ստեփանոս Սյունեցի

որովհետեւ կան ներքինիներ, որոնք իրենց մօր որովայնից այդպէս են ծնուել. կան ներքինիներ էլ, որոնք մարդկանց կողմից են ներքինի դարձել. ներքինիներ էլ կան, որոնք երկնքի արքայութեան համար իրենք իրենց ներքինիներ են դարձրել. ով կարող է տանել, թող տանի»:
   
    Կան ներքինիներ, որոնք իրենց մոր որովայնից այդպես են ծնվել. և կան ներքինիներ էլ, որոնք մարդկանց կողմից են ներքինի դարձել. ներքինիներ էլ կան, որոնք երկնքի արքայության համար իրենք իրենց ներքինիներ են դարձրել»:

   «Իրենք իրենց ներքինիներ դարձնել» ոչ թե անդամների հատումն է ասում, ինչպես ոմանք կարծեցին և հատեցին իրենց արական անդամները, այլ «իրենք իրենց ներքինիներ դարձնել» [խոսքը] ակնարկում է ժուժկալությամբ և զգաստությամբ ապրելը, պոռնկությունից և աղտեղի գործերից [զերծ մնալը]: Փրկիչն Ինքը [նրանց] պատրաստեց և պատվիրեց ամեն ինչ խոսքով, կարգով և հոգևոր օգնականությամբ գործել, որպեսզի կարողանանք արժանապես տեսնել երկնավոր Հորը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

որովհետեւ կան ներքինիներ, որոնք իրենց մօր որովայնից այդպէս են ծնուել. կան ներքինիներ էլ, որոնք մարդկանց կողմից են ներքինի դարձել. ներքինիներ էլ կան, որոնք երկնքի արքայութեան համար իրենք իրենց ներքինիներ են դարձրել. ով կարող է տանել, թող տանի»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 19:10