Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 20:25

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

25-28․ «Հիսուս նրանց Իր մոտ կանչեց և ասաց. «Դուք գիտեք, որ ազգերի առաջնորդները տիրում են նրանց, և իշխանավորները իշխանություն են բանեցնում նրանց վրա»»: «Բայց ձեր մեջ այդպես չպետք է լինի, այլ ձեզանից ով ցանկանա մեծ լինել, ձեր ծառան պետք է լինի»։ «Եվ ձեզանից ով ցանկանա առաջինը լինել, ձեր ծառան պետք է լինի»։ «Ինչպես որ Մարդու Որդին չեկավ, որ Իրեն ծառայեն, այլ որպեսզի Ինքը ծառայի և շատերի փոխարեն Իր կյանքը որպես փրկագին տա»։
   
   Տեսնո՞ւմ ես, թե որքան անկատար էին ամենքը՝ թե՛ այս երկուսը, որոնք ցանկանում էին մյուս տասից ավելի բարձր լինել, թե՛ նրանք, ովքեր նախանձում էին այս երկուսին։ Բայց ես արդեն ասացի. նայի՛ր նրանց հետագա կյանքին և կտեսնես, որ նրանք զերծ են այս բոլոր կրքերից։ Լսի՛ր, թե ինչպես հենց նույն Հովհաննեսը, որն այստեղ մոտենում է Հիսուսին առաջնություն խնդրելու համար, այնուհետև մշտապես այն զիջում է Պետրոսին՝ թե՛ քարոզության ժամանակ, թե՛ հրաշքներ գործելիս, ինչպես դա երևում է Գործք Առաքելոցից։ Այդ նույն Հովհաննեսը չի թաքցնում Պետրոսի փառավոր գործերը, այլև հիշատակում է նրա խոստվանության մասին, որը Պետրոսն արտասանեց այն ժամանակ, երբ մնացյալ բոլորը լռում էին, նաև նրա գերեզման մտնելն է հիշատակում, և այս առաքյալին ինքն իրենից բարձր է դասում։ Երբ նրանք երկուսն էլ գտնվում էին Խաչյալի մոտ, Հովհաննեսը, արհամարհելով սեփական փառքը, ասում է. «Այդ աշակերտը քահանայապետին ծանոթ էր» (Հովհ. 18:15)։ Ինչ վերաբերում է Հակոբոսին, ապա նա, թեև երկար չապրեց, բայց հենց սկզբից իսկ այնպես բորբոքվեց նախանձախնդրությամբ, որ արհամարհեց մարդկային ամեն ինչ, հասավ անասելի բարձունքի, և անմիջապես արժանացավ նահատակի վախճանի։

   Այսպես հետագայում ամենքն էլ կատարյալ դարձան ամեն մի առաքինության մեջ, չնայած որ այն ժամանակ վրդովվում էին։ Իսկ ինչպե՞ս է վարվում Քրիստոս։ «Հիսուս նրանց Իր մոտ կանչեց, - ասվում է, - և ասաց. «Դուք գիտեք, որ ազգերի առաջնորդները տիրում են նրանց» (Մատթ. 20:25)։ Քանի որ նրանք խռովվել էին, ուստի Տերը, նախքան բանավոր համոզումը, հանդարտեցնում է նրանց բուն Իր կանչով ու հրամայելով ավելի մոտենալ Իրեն։ Քանի որ այս երկու աշակերտները, մյուս տասից առանձնանալով, ավելի մոտ էին կանգնած Հիսուսին՝ Նրա հետ առանձին խոսելով, ուստի Հիսուս մոտ է կանչում նաև մյուսներին, որպեսզի այդպիսով ու նաև ցանկանալով բոլորին բացահայտել Իրեն առանձնաբար ասվածը, չափավորի թե՛ առաջինների, և թե՛ մյուսների կիրքը։ Ի դեպ, այժմ Տերն աշակերտներին նույն կերպ չի ուսուցանում, ինչպես դա անում էր ավելի վաղ։ Ավելի վաղ Նա մանուկներին էր մեջտեղ բերում և աշակերտներին պատվիրում էր ընդօրինակել նրանց պարզությունն ու խոնարհությունը, իսկ այժմ, հանդիմանելով նրանց, ներկայացնում է ավելի սուր հակադրություն՝ ասելով. «Ազգերի առաջնորդները տիրում են նրանց, և իշխանավորները իշխանություն են բանեցնում նրանց վրա: Բայց ձեր մեջ այդպես չպետք է լինի, այլ ձեզանից ով ցանկանա մեծ լինել, ձեր ծառան պետք է լինի։ Եվ ձեզանից ով ցանկանա առաջինը լինել, ձեր ծառան պետք է լինի» (Մատթ. 20:25-27)։ Այս խոսքերով Քրիստոս ցույց է տալիս, որ առաջնայնության ցանկությունը հատուկ է միայն հեթանոսներին։ Իսկապես, այս կիրքը չափազանց մոլեգին է. այն մշտապես ճնշում է նույնիսկ մեծազնիվ մարդկանց, դրա համար էլ պահանջում էր ավելի ուժգին հակազդում։ Ահա թե ինչու Փրկիչը ասես խոցում է նրանց սիրտը՝ հեթանոսների հետ համեմատությամբ խոնարհեցնելով նրանց հպարտացած ոգին։ Առաջաինների մեջ ոչնչացնում է նախանձը, իսկ մյուսների մեջ՝ հպարտությունը, ասես այսպես ասելով այն տասին. «Մի՛ վրդովվեք նրանց դեմ որպես վիրավորվածներ. նրանք, ովքեր այսպես առաջնայնություն են փնտրում, ավելի շուտ ամոթի են մատնում իրենք իրենց. նրանք վերջինների թվում են։ Այն, ինչ մենք ընդունում ենք, տարբեր է հեթանոսների ընդունածից։ Ազգերի առաջնորդները տիրում են նրանց», մինչդեռ Ինձ համար վերջինը առաջինն է։ Իսկ որ Ես սա զուր տեղը չեմ ասում, տե՛ս դրա ապացույցը Իմ կյանքում. Ես ավելին արեցի, քան ասացի։ Վերին զորությունների Թագավորը լինելով՝ Ես ցանկացա մարդ լինել և ենթարկվել արհամարհանքի ու անարգանքի, բայց սրանով էլ չբավարարվեցի, այլ մինչև իսկ մահվան ենթարկվեցի․․․»։

   Դրա համար էլ Քրիստոս ասում է. «Ինչպես որ Մարդու Որդին չեկավ, որ Իրեն ծառայեն, այլ որպեսզի Ինքը ծառայի և շատերի փոխարեն Իր կյանքը որպես փրկագին տա» (Մատթ. 20:28)։ Հիսուս ասես այսպես է ասում. «Ես կանգ չառա միայն ծառայելու վրա, այլև Իմ հոգին տվեցի փրկագնման համար, և դա ու՞մ համար արեցի։ Թշնամիների՛ համար։ Դու եթե խոնարհվում ես, խոնարհվում ես ինքդ քեզ համար, իսկ Ես խոնարհվում եմ ոչ թե Իմ, այլ քե՛զ համար»։

   Այսպիսով, մի՛ վախեցիր խոնարհվելու արդյունքում պատվից զրկվելուց։ Որքան էլ խոնարհվես, երբեք չես կարող այնքան խոնարհվել, որքան խոնարհվեց քո Տերը։ Ի դեպ, հենց Քրիստոսի այս խոնարհումը պատճառ դարձավ բոլորի բարձրացման համար և բացահայտեց Նրա փառքը։ Նախքան մարդ դառնալն Աստվածորդին հայտնի էր միայն հրեշտակներին, իսկ երբ մարդաձավ և խաչվեց, այդուհետ Իր ունեցած փառքից ոչ մի նշույլ չկորցրեց, այլև նոր փառք ձեռք բերեց՝ ողջ տիեզերքի կողմից ճանաչվելով։ Ուրեմն մի՛ վախեցիր խոնարհվելիս կորցնել քո պատիվը. Խոնարհության շնորհիվ քո փառքն ավելի կբարձրանա և կտարածվի։ Այն դուռ է դեպի Արքայությունը։ Այդ դեպքում ինչո՞ւ գնալ հակառակ դռնով։ Ինչո՞ւ զինվել ինքն քո դեմ։ Եթե մենք ցանկանանք մեծ երևալ, մեծ չենք դառնա այդպիսին, այլ ամենից անպատիվը կլինենք։ Տեսնո՞ւմ ես, թե ինչպես է Տերը մշտապես փորձում առաքյալների վրա ներազդել հակառակ օրինակներով, բայց տալիս է նաև այն, ինչ նրանք ցանկանում են։ Մենք ավելի վաղ էլ արդեն շատ անգամ նկատել ենք սա։ Այսպես Նա վարվեց ագահների ու ունայն փառք փնտրողների հետ։ «Ինչո՞ւ ես դու, - ասում էր Նա, - ողորմություն գործում մարդկանց առջև։ Այն բանի համար, որ փա՞ռք վայելես։ Այդպես մի՛ վարվիր, և դու լիովին կվայելես այդ փառքը։ Ինչո՞ւ ես դու գանձեր դիզում։ Նրա համար, որ հարստանա՞ս։ Գանձեր մի՛ դիզիր, և դու անպայման կհարստանաս»։

   Հիսուս այդպես է վարվում նաև այստեղ։ «Ինչո՞ւ ես դու, - ասում է Նա, - ցանկանում առաջնայնություն ունենալ։ Նրա համար, որ ուրիշներից բա՞րձր լինես։ Ընտրի՛ր վերջին աստիճանը, և այն ժամանակ կստանաս առաջնայնությունը. եթե ցանկանում ես մեծ լինել, մեծություն մի՛ փնտրիր, և այն ժամանակ իսկապես մեծ կլինես։ Խոնարհությո՛ւնն է մեծություն ծնում»։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

25-26. Յիսուս նրանց իր մօտ կանչեց ու ասաց. «Գիտէք, որ ազգերի իշխանաւորները տիրում են ազգերի վրայ, եւ մեծամեծները իշխում են նրանց վրայ: Ձեր մէջ եւս չպէտք է այդպէս լինի. այլ ձեզնից ով կը կամենայ մեծ լինել, ձեր ծառան պիտի լինի.
   
   Հիսուսը նրանց Իր մոտ կանչեց և ասաց. «Գիտեք, որ ազգերի իշխանները տիրում են նրանց, և մեծամեծերը իշխում նրանց վրա. այդպես պիտի չլինի՛ ձեր մեջ:

   Թեպետ կանչելով նախ խոսքով հանդարտեցնում և [Իրեն] մոտեցնելով հանգստացնում է, սակայն Իր մոտ կանչելը գործով անձամբ օրինակ ծառայելն է` որպես թե ասելով. «Ի՛նձ նայեք», ինչպես որ երբ հեզության ու խոնարհության մասին էր ուսուցանում, մի անգամ [ասաց]. «Սովորե՛ք Ինձնից, որ հեզ եմ» (Մատթ. 11։29), մի անգամ էլ` «Մի օրինակ ցույց տվեցի ձեզ, որպեսզի ինչպես Ես արեցի, դո՛ւք էլ անեք» (Հովհ. 13։15): Այդպես էլ այստեղ. քանի որ երկուսը տասից բաժանվեցին, Իր մոտ բերելով միավորում է և նախ [երկուսի] ախտը պարսավում, որպեսզի [տասին] մխիթարի, և ապա այդ օրինակով նաև բարկությունը մարում:

   «Գիտեք,-ասում է,-որ ազգերի իշխանները տիրում են նրանց»:

   Ցույց է տալիս, որ հեթանոսություն է գահերիցություն խնդրելը կամ հպարտությամբ ու նախանձով շարժվելը, և այդ ախտին հատուկ է մեծամեծերի՛ն հաճախ լլկել. ոմանք գոռոզանում են, ուրիշներ` նախանձում նրանց: Սա ասելով` [Տերը] կսկծեցնում է նրանց, որպեսզի զգաստանան: Ուստի «այդպես պիտի չլինի՛ ձեր մեջ», որովհետև չեկա հեթանոսական թյուր օրենքը հաստատելու, այլ ուղղելու, որովհետև նրանց մոտ տիրում է նա, ով իշխան է, իսկ Ինձ մոտ ավագ է նա, ով կրտսեր է` ըստ Հակոբի ու Եսավի դեպքի, որովհետև այնտեղ ասվեց.

   «Ավագը կրտսերին կծառայի» (Ծննդ. 25։23), և պատվավոր համարվեց կրտսերը` ըստ այսմ. «Հակոբին սիրեցի և Եսավին ատեցի» (Մաղ. 1։2):
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Յիսուս նրանց իր մօտ կանչեց ու ասաց. «Գիտէք, որ ազգերի իշխանաւորները տիրում են ազգերի վրայ, եւ մեծամեծները իշխում են նրանց վրայ:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 20:20