Հովհաննես Ծործորեցի
3-5. Եւ առաւօտեան ժամը իննի մօտ դուրս ելնելով՝ տեսաւ ուրիշների, որ պարապ կանգնել էին հրապարակում: Նրանց էլ ասաց. «Դո՛ւք էլ գնացէք իմ այգին, եւ ինչ որ արժան է, կը տամ ձեզ»: Նրանք եւս գնացին: Եւ դարձեալ դուրս ելնելով կէսօրին ու կէսօրից յետոյ ժամը երեքի մօտ՝ նոյն ձեւով արեց:
Երրորդ ժամին ելնելով` տեսավ ուրիշների, որ անգործ կանգնած էին հրապարակում: Ասաց և նրանց. «Դուք և՛ս գնացեք իմ այգին, և ինչ որ պետք է, կտամ ձեզ»: Գնացին նաև նրանք:
[Տերն] այս տարբեր ժամերով, որ առադրում է, կամ տարբեր տարիքները նկատի ունի, կամ կանչվածների զանազան կերպարանքները, կամ էլ այն այլևայլ ժամանակները, որոնցում կանչվեցին: Բայց իմացիր, որ ստույգը Նոյից մինչև Աբրահամ [ձգված ժամանակն է]: Եվ հարկ է քննել, թե ինչո՛ւ բոլորին միանգամից չվարձեց: Պետք է գիտենալ, որ կանչեց նրանց այն ժամանակ, եղանակով և հասակում, որոնցում հավատալու էին, ինչպես Պողոսի դեպքում: Որովհետև տանտերը կամենում էր բոլորին իր մոտ հրավիրել առաջի՛ն հասակից ու ժամանակից, այսինքն` երբ առավոտյան դուրս եկավ, սակայն եկողներն էին այդպես [տարբեր ժամերի] գալիս: Այլև պետք է ասել, որ բոլորը միասի՛ն չեն ծնվում աշխարհում, այլ հերթով. այդպես էլ նրանց կանչն է լինում:
Բայց ի՞նչ է այն, որ ասում է. «Անգործ կանգնած էին հրապարակում»: Հավանաբար, նկատի ունի նրանց, ովքեր ոչ չարի էին ընդունակ, ոչ էլ օրենք ունեին, այլ միայն այս աշխարհի հրապարակում դեգերում էին` նայելով լուսատուներին, աստղերին և այլ տարերքների. Աստծո ցանկությունն ունեին, բայց [Նրան] չէին գտնում, ինչպես այն Աբրահամը: Ուստի երբ [վերջինս] կանչվեց, հոժարությամբ եկավ և ըստ իր հավատի արժանավորության էլ արդարություն ընդունեց յուրայիններով հանդերձ: Կամ էլ [Տերն այս խոսքով] նկատի ունի թլփատության ուխտը:
Վեցերորդ և իններորդ ժամերին դարձյալ ելնելով` նույնն արեց:
Սրանով ցույց է տալիս այն կանչը, որ եղավ մինչև Մովսեսն ու Դավիթը և Դավթից` մարգարեներով հանդերձ, մինչև Խոսքի ծնունդը, ուստի ժամերը չի բաժանում, այլ միմյանց առընթեր է կարգում, քանի որ Օրենքն ու մարգարեները զատված չեն միմյանցից: Որովհետև Աբրահամից ու Մովսեսից սկսած մինչև Հովհաննես Մկրտիչ` աստվածպաշտությունը չպակասեց մարգարեների կանչով` ըստ այսմ. «Օրենքն ու մարգարեները մինչև Հովհաննեսն էին» (Մատթ. 11։13):
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ առաւօտեան ժամը իննի մօտ դուրս ելնելով՝ տեսաւ ուրիշների, որ պարապ կանգնել էին հրապարակում:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 20:1
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: