Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 22:1

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

1-14. «Հիսուս նրանց հետ դարձյալ առակներով խոսեց և ասաց»։ «Երկնքի արքայությունը նման է թագավոր մարդու, որն իր որդու համար հարսանիք արեց»։ «Նա իր ծառաներին ուղարկեց հրավիրյալներին հարսանիքի կանչելու, բայց նրանք չկամեցան գալ»։ «Դարձյալ ուրիշ ծառաների ուղարկեց և ասաց. «Հրավիրյալներին ասե՛ք. «Ահա պատրաստեցի իմ ճաշկերույթը, իմ ցլիկներն ու պարարտ անասունները մորթված են, ամեն ինչ պատրաստ է, եկե՛ք հարսանիքի»»։ «Իսկ նրանք անտեսելով հեռացան. մեկը՝ իր արտը, մյուսը՝ իր առևտրին»։ «Իսկ մնացածները նրա ծառաներին բռնեցին, վիրավորեցին ու սպանեցին նրանց»։ «Երբ թագավորը լսեց, բարկացավ և իր զորքն ուղարկեց, կոտորեց մարդասպաններին և այրեց նրանց քաղաքը»։ «Այդ ժամանակ նա իր ծառաներին ասաց. «Հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրվածներն արժանի չէին»»։ «Արդ գնացե՛ք ճանապարհների խաչմերուկներ և ում գտնեք, հարսանիքի՛ հրավիրեք»։ «Եվ ծառաները ելան դեպի ճանապարհները և ում գտան, բոլորին հավաքեցին՝ և՛ չարերին, և՛ բարիներին։ Եվ հարսանիքը լցվեց հրավիրյալներով»։ «Երբ թագավորը ներս մտավ հյուրերին տեսնելու, այնտեղ մի մարդու նկատեց, որը հարսանքավորի զգեստ չէր հագել»։ «Նրան ասաց. «Ընկե՛ր, առանց հարսանքավորի զգեստ ունենալու ինչպե՞ս այստեղ մտար»։ Նա պապանձվեց»։ «Այդ ժամանակ թագավորը ծառաներին ասաց. «Կապե՛ք դրա ոտքերն ու ձեռքերը, վերցրե՛ք դրան և գցե՛ք դուրս՝ խավարի մեջ. այնտեղ կլինի լաց ու ատամների կրճտոց»»։ «Որովհետև կանչվածները շատ են, իսկ ընտրյալները՝ քիչ»։
   
   Տեսնո՞ւմ ես, թե ինչպիսի տարբերություն է ներկայացվում որդու ու ծառաների միջև, ինչպես նախորդ առակում, այնպես էլ սրանում։ Տեսնո՞ւմ ես այն ու այս մյուս առակի միջև առկա մեծ տարբերությունը և, միևնույն ժամանակ, մեծ նմանությունը։ Այս առակը նույնպես ցույց է տալիս Աստծու երկայնամտությունը և Նրա մեծ հոգածությունը, ինչպես նաև՝ հրեաների ամբարշտությունն ու երախտամոռությունը։ Ի դեպ, այս մի առակն իր մեջ բովանդակում է ավելին, քան նախորդը. այս առակը կանխագուշակում է հրեաների անկումն ու հեթանոսների կանչը և, բացի այդ, ցույց է տալիս ճիշտ կենսակերպը, ու թե ինչ պատիժ է սպասվում անհոգներին։ Արդարացիորեն այս առակը ներկայացվում է նախորդ առակից հետո։ Նախորդ խոսքում ասելով՝ «կտրվի այն ազգին, որ պտղաբեր կդարձնի այն» (Մատթ. 21:43), այստեղ արդեն Քրիստոս ցույց է տալիս, թե մասնավորապես ո՛ր ազգին է տրվելու, և ոչ միայն սա, այլ նաև ա՛յն, որ Հիսուս Ինքն առանձնահատուկ հոգածություն ուներ հրեաների նկատմամբ։ Այնտեղ Քրիստոս ներկայանում է որպես Իր խաչելությունից առաջ հեթանոսներին կանչող Մեկը, իսկ այստեղ՝ որպես Մեկը, Ով խաչելությունից հետո ևս համառորեն դեպի Իրեն է ձգում նրանց։ Եվ այն ժամանակ, երբ հարկավոր էր նրանց ամենածանր կերպով պատժել, Աստված նրանց կանչում է հարսանեկան խնջույքի և արժանացնում է ամենաբարձր պատվի։ Եվ նկատի՛ր, թե ինչպես է և՛ այնտեղ, և՛ այստեղ նախ կանչում ոչ թե հեթանոսներին, այլ հրեաներին։ Բայց ինչպես այնտեղ, երբ հրեաները չէին ցանկանում ընդունել Նրան, և նույնիսկ սպանեցին իրենց մոտ Ուղարկվածին, ու Աստված այգին տվեց ուրիշներին, այնպես էլ այստեղ, երբ նրանք չէին ցանկանում գալ հարսանեկան խնջույքին, Նա կանչեց ուրիշներին։ Ինչ-որ բան կարո՞ղ է ավելի վատ լինել այսպիսի երախտամոռությունից՝ կանչված լինել հարսանեկան խնջույքի, և չգնալ։ Ո՞վ ցանկություն չի ունենա գնալու մի հարսանիքի, այն էլ՝ թագավորի՛ հարսանիքի, մի թագավորի, որը հարսանիք է պատրաստում իր որդու համար։ Դու կհարցնես. ինչո՞ւ է Երկնքի արքայությունը կոչվում «հարսանիք»։ Որպեսզի դու ճանաչես Աստծու հոգածությունը, Նրա սերը մեր հանդեպ, ամեն ինչում ցուցաբերվող փառավորությունը, այլև որպեսզի ճանաչես, թե այնտեղ տխուր ու ցավալի ոչինչ չկա, այլ ամեն ինչ լցված է հոգևոր ուրախությամբ։ Դրա համար էլ Հովհաննեսը Քրիստոսին կոչում է «փեսա» (Հովհ. 3:29)։ Դրա համար էլ Պողոսն ասում է. «որովհետև ձեզ նշանեցի մի մարդու» (Բ Կորնթ. 11:2)։ Ու նաև. «Այս խորհուրդը մեծ է. բայց ես ասում եմ Քրիստոսի և Եկեղեցու վերաբերյալ» (Եփես. 5:32)։ Ուրեմն ինչո՞ւ է հարսնացուն նշանվում ոչ թե Հոր, այլ Որդու հետ․ որովհետև, եթե նա «նշանվում» է Որդու հետ, ապա նշանվում է նաև Հոր հետ։ Սուրբ Գրքում մեկի և մյուսի միջև տարբերություն չի դրվում էության նույնության պատճառով։ Այստեղ Քրիստոս կանխագուշակում է նաև Հարության մասին։ Քանի որ ավելի վաղ Նա խոսում էր մահվան մասին, ապա այժմ ցույց է տալիս, որ մահից հետո նույնպես կլինի հարսանիք, կլինի նաև փեսացու։ Բայց նույնիսկ սա հրեաներին ավելի լավը չդարձրեց, չմեղմացրեց նրանց դաժան սիրտը։ Ի՞նչը կարող է սրանից ավելի վատ լինել։ Սա հրեաների երրորդ մեղքն էր։ Առաջին մեղքն այն էր, որ նրանք քարկոծեցին մարգարեներին, երկրորդը՝ որ սպանեցին Որդուն, ու վերջապես երրորդը՝ այդ սպանությունը կատարելուց հետո, հենց իրենց կողմից սպանվածից հարսանեկան խնջույքի կանչված լինելով, չեն գնում այնտեղ, այլ ներկայացնում են տարատեսակ պատրվակներ՝ ամուսին, եզներ, դաշտեր, կանայք։ Թեև այս պատրվակները թվում են հավանական, բայց սրանից մենք սովորում ենք, որ թեկուզ եթե մեզ անհրաժեշտությունը հեռու է պահում, միևնույն է,  հոգևորը ամեն ինչից պիտի նախապատվել։ Եվ ոչ միայն հիմա է Քրիստոս կանչում, այլ դեռ վաղուց կանչում էր։ Նա ասում է. «Հրավիրյալներին ասե՛ք», ու նաև՝ «հրավիրե՛ք կանչվածներին», ինչն էլ ավելի մեղավոր է դարձնում հրեաներին։ Նրանք ե՞րբ էին կանչվել։ Նրանք կանչվել էին բոլոր մարգարեների կողմից, ապա՝ Հովհաննեսի, որը բոլորին ուղարկում էր Քրիստոսի մոտ՝ ասելով. «Պետք է, որ Նա մեծանա, իսկ ես՝ նվազեմ» (Հովհ. 3:30)։ Այնուհետև կանչում է հենց Որդի՛ն, Որն ասում է. «Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթ. 11:28)։ Ու նաև. «Եթե մեկը ծարավ է, թող Ինձ մոտ գա և խմի» (Հովհ. 7:37)։ Նա նրանց կանչում էր ոչ միայն խոսքերով, այլև գործերով. կանչում էր Իր համբարձումից հետո՝ Պետրոսի ու մյուս առաքյալների միջոցով։ Չէ՞ որ ասվում է. «որովհետև Նա, Ով Պետրոսին հաջողեցրեց առաքելություն հրեաների մեջ, ինձ էլ հաջողեցրեց առաքելություն հեթանոսների մեջ» (Գաղ. 2:8)։ Քանի որ հրեաները, Որդուն տեսնելով, վրդովվեցին ու սպանեցին Նրան, ուստի Տերը կրկին կանչում է հրեաներին ծառաների միջոցով։ Իսկ ինչի՞ համար է Աստված կանչում նրանց։ Ջանքերի, սխրանքների ու փորձությունների՞․ ո՛չ, Նա նրանց կանչում է ուրախության։ Տերն ասում է. «Իմ ցլիկներն ու պարարտ անասունները մորթված են, ամեն ինչ պատրաստ է»։ Ինչպիսի՜ շքեղ խնջույք, ինչպիսի՜ փառավորություն։ Բայց և սա հրեաներին դեպի Աստված չդարձրեց. ընդհակառակը, որքան Տերն ավելի էր Իր ձեռքը երկարում նրանց, այնքան ավելի էին կարծրանում հրեաների սրտերը։ Նրանք չեկան հարսանեկան խնջույքին ո՛չ ծուլության պատճառով, և ո՛չ էլ գործերով բազմազբաղ լինելու պատճառով։ Իսկ ինչո՞ւ են ոմանք որպես արդարացում ներկայացնում ամուսնությունը, իսկ ուրիշները՝ եզները։ Մի՞թե սա զբաղմունք է։ Ամենևին ոչ։ Հոգևոր գործերի համար պիտի թողնել մյուս բոլոր զբաղմունքները, նույնիսկ՝ անհրաժեշտները։ Ինձ այնպես է թվում, որ նրանք այսպիսի պատրվակներ էին ներկայացնում միայն իրենց անհոգությունը ծածկելու համար։ Եվ ո՛չ միայն այն էր վատ, որ հրեաները չընդունեցին հրավերը, այլև ամենից անմիտն ու սարսափելին այն էր, որ նրանք հրավերն ընդունածներին էլ խիստ վատ ընդունեցին, ծաղրեցին նրանց և սպանեցին. սա շատ ավելի վատ է, քան նախորդը։ Ավելի վաղ նրանց մոտ էին գալիս՝ պտուղները պահանջելու, և եկողները սպանվում էին, իսկ այժմ գալիս են նրա՛ կողմից, ում սպանել էին, և գալիս են հարսանեկան խնջույքին հրավիրելու, և այս վերջիններին նույնպես սպանում են։ Ի՞նչը կարող է հավասարվել այսպիսի դաժանությանը։ Դրա համար էլ Պողոսը, հանդիմանելով նրանց, ասաց. «Սպանեցին Տեր Հիսուսին և մարգարեներին ու հալածեցին մեզ» (Ա Թես. 2:15)։ Ապա, որպեսզի նրանք չասեն. «Նա Աստծու հակառակորդն է, դրա համար էլ մենք չեկանք», լսի՛ր, թե ինչ են ասում կանչողները. «Հայրը հարսանեկան խնջույք է կազմակերպում և կանչում է»։ Եվ ի՞նչ է լինում հետո։ Քանի որ նրանք չցանկացան գալ, այլ սպանեցին իրենց մոտ եկածներին, ապա Տերն այրեց նրանց քաղաքները և, զորք ուղարկելով, ոչնչացրեց նրանց։ Սրանով Քրիստոս կանխագուշակում է Վեսպանսիանոսի ու Տիտոսի ժամանակ պատահած իրադարձությունները և, քանի որ հրեաները վիրավորեցին նաև Հորը՝ Նրան չհավատալով, Հայրն Ինքն է Իր վրա վերցնում նրանց հանդեպ վրեժխնդրությունը։ Դրա համար էլ քաղաքի ոչնչացումն անմիջապես Քրիստոսի մահից հետո չպատահեց, այլ քառասուն տարի անց՝ այն բանից հետո, երբ նրանք սպանեցին Ստեփանոսին, մահապատժի ենթարկեցին Հակոբոսին և ծաղրեցին առաքյալներին, որպեսզի երևա Աստծու երկայնամտությունը։ Տեսնո՞ւմ ես, թե ինչպիսի ճշգրտությամբ ու արագությամբ կատարվեցին այդ իրադարձությունները։ Սա պատահեց դեռ Հովհաննեսի և Քրիստոսի հետ եղած շատ ուրիշ անձանց կենդանության ժամանակ, ու այդ իրադարձությունների վկաներն էին նրանք, ովքեր լսել էին այս կանխագուշակումը։ Նկատի՛ր Աստծու առանձնահատուկ հոգածությունը։ Նա տնկեց այգին, ամեն ինչ արեց ու կատարեց, մի քանի ծառաների սպանությունից հետո ուղարկեց ուրիշներին, սրանց սպանությունից հետո ուղարկեց Որդուն, իսկ Որդու սպանությունից հետո դարձյալ կանչում է նրանց հարսանիքի, և այդքանից հետո էլ նրանք չցանկացան գալ։ Այնուհետև ուղարկում է ուրիշ ծառաների, սակայն հրեաները սրանց էլ սպանեցին։ Այն ժամանակ, վերջապես, Տերը ոչնչացնում է նրանց՝ որպես անբուժելի հիվանդությամբ ախտահարվածների։ Իսկ որ նրանք ախտահարված էին անբուժելի հիվանդությամբ, սա ապացուցում է ոչ միայն նրանց՝ ավելի վաղ գործած արարքները, այլև ա՛յն, որ նրանք կատարում էին նման գործեր նաև այն բանից հետո, երբ պոռնիկներն ու մաքսավորները հավատացին Քրիստոսին։ Այսպիսով, հրեաները դատապարտվում են ոչ միայն իրենց չարագործությունների, այլև ա՛յն բանի համար, որ ուրիշները բարիք էին գործում։ Իսկ եթե մեկն ասի, թե հեթանոսները կանչված չէին այն ժամանակ, երբ առաքյալները ենթարկվում էին ծեծի ու անթիվ փորձությունների միջով էին անցնում, այլ անմիջապես Հարությունից հետո (հենց այդ ժամանակ Հիսուս Քրիստոս առաքյալներին ասաց. «Գնացե՛ք ուրեմն․․․ուսուցանեցե՛ք․․․բոլոր ազգերին», - (Մատթ. 28:19), ապա մենք սրան կպատասխանենք, որ աշակերտներն առաջնահերթ քարոզում էին հրեաներին՝ թե՛ խաչելությունից առաջ, և թե՛ հետո։ Եվ խաչելությունից առաջ Հիսուս նույնպես Իր աշակերտներին ասում էր. «գնացե՛ք նախ Իսրայելի տան կորած ոչխարների մոտ», իսկ խաչելությունից հետո էլ Նա չարգելեց, այլ հրամայեց աշակերտներին քարոզել հրեաներին։ Թեև Նա ասաց. «Ուսուցանեցե՛ք բոլոր ազգերին», բայց Իր երկինք համբարձվելուց առաջ աշակերտներին հստակորեն ցույց տվեց, որ նրանք առաջինը պիտի քարոզեին հրեաներին։ Քրիստոս ասաց. «Երբ Սուրբ Հոգին իջնի ձեր վրա, զորություն պիտի առնեք և Ինձ վկաներ պիտի լինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում և մինչև երկրի ծայրերը» (Գործք 1:8)։ Եվ Պողոսն էլ ասում է. «Նա, Ով Պետրոսին հաջողեցրեց առաքելություն հրեաների մեջ, ինձ էլ հաջողեցրեց առաքելություն հեթանոսների մեջ» (Գաղ. 2:8)։ Դրա համար էլ առաքյալները նախ քարոզում էին հրեաներին, և միայն երկար ժամանակ Երուսաղեմում մնալուց հետո, երբ արդեն հալածված էին հրեաների կողմից, ցրվեցին հեթանոսների մեջ։

   Այստեղ ևս նկատի՛ր Տիրոջ մեծ սերը։ «Ում գտնեք, հարսանիքի՛ հրավիրեք», - ասում է Նա։ Ավելի վաղ, ինչպես ասացի, առաքյալներն ավետարանում էին և՛ հրեաներին, և՛ հեթանոսներին, ի դեպ՝ ավելի շատ Հրեաստանում գտնվելով։ Բայց քանի որ հրեաները չէին դադարեցնում իրենց խորամանկությունն առաքյալների դեմ, ուստի լսի՛ր, թե ինչպես է Պողոսը, բացատրելով այս առակը, ասում. «Նախ ձեզ պետք է Աստծու խոսքը խոսեինք. բայց քանի որ դուք այն մերժում եք և ձեզ արժանի չեք համարում հավիտենական կյանքի, ահա մենք դառնում ենք դեպի հեթանոսները» (Գործք 13:46)։ Դրա համար էլ Տերն Ինքն իսկ ասում է. «Հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրվածներն արժանի չէին» (Մատթ. 22:8)։ Նա, անկասկած, ավելի վաղ էլ գիտեր սրա մասին, բայց, որպեսզի հրեաներին ոչ մի պատրվակ չթողնի անամոթաբար արդարացում ակնկալելու համար, չնայած Իր իմացությանը, առաջինը նրանց մոտ եկավ և Իր առաքյալներին ուղարկեց, որպեսզի փակի նրանց բերանը և մեզ ուսուցանի կատարել այն ամենը, ինչը մեզ է վերաբերում, թեկուզ և ոչ ոք դրանից ոչ մի օգուտ չստանա։

   «Արդ, - ասում է Տերը, - քանի որ նրանք «արժանի չէին», գնացե՛ք ճանապարհների խաչմերուկներ և ում գտնեք, հարսանիքի՛ հրավիրեք» (Մատթ. 22:9)՝ նույնիսկ եթե հրավիրվածները ցածր ու արհամարհված մարդիկ լինեին։ Քանի որ Հիսուս հաճախ ասում էր, թե պոռնիկներն ու մաքսավորները կժառանգեն երկինքը, և առաջինները վերջիններ կդառնան, իսկ վերջինները՝ առաջին (Մատթ. 21:31, 19:30), ուստի այժմ էլ ցույց է տալիս, որ այս ամենն արվում է արդարացիորեն։ Տեսնել, որ հեթանոսներն իրենց փոխարեն մտցվում են Արքայություն, - դա հատկապես խորին վիրավորանք էր հասցնում հրեաներին և շատ ավելի էր վրդովեցնում, քան իրենց քաղաքի ավերումը։ Ապա, որպեսզի առաջինները չապավինեն միայն հավատին, Նա խոսում է հրեաների դեմ դատաստանի ու վատ գործերին արժանի պատժի մասին, ձգտում է անհավատներին հավատի բերել, իսկ հավատացյալներին խրատում է պահպանել կյանքի կանոնները։ «Զգեստ»-ի ներքո նկատի են առնվում կյանքի գործերը։ Բայց չէ՞ որ կանչվելը շնորհի գործն է. Ապա ուրեմն Տերն ինչո՞ւ է այսպես մանրամասնորեն խոսում դրա մասին։ Որովհետև, թեև կանչվելն ու մաքրվելը շնորհի գործ է, բայց այն, որ կանչվածն ու մաքուր զգեստ հագածը մշտապես պահպանի իր այդ կարգավիճակը, կախված է կանչվածների ջանասիրությունից։ Կանչվելը լինում է ոչ թե արժանիքով, այլ շնորհով։ Դրա համար էլ պիտի հնազանդությամբ համապատասխանել շնորհին և, պատիվ ստանալով, այդպիսի ամբարշտություն չցուցաբերել։ Բայց դու գուցե ասես՝ «ես այնքան բարիք չեմ ստացել, որքան հրեաները»։ Ո՛չ, դու ստացել ես շատ ավելի մեծ բարիքներ։ Այն, ինչ ողջ ժամանակի ընթացքում պատրաստվում էր նրանց համար, ամբողջովին ստացար դու՝ առանց դրան արժանի լինելու։ Դրա համար էլ Պողոսն ասում է, թե հեթանոսները ողորմության համար կփառավորեն Աստծուն (տե՛ս Հռոմ. 15:9)։ Դու ստացար այն, ինչ պիտի ստանային նրանք։ Դրա համար էլ անհոգներին մեծ պատիժ է սպասվում։ Դու, խոտորվելով դեպի ապականված կյանքը, նույն կերպ ես վիրավորում Աստծուն, ինչպես հրեաները Նրան վիրավորեցին՝ Աստծու մոտ չգնալով։

   «Անմաքուր զգեստով ներս մտնելը» նշանակում է, անմաքուր կյանք ունենալով, զրկվել շնորհից։ Դրա համար էլ ասվում է՝ «նա պապանձվեց»։ Չե՞ս տեսնում, թե ինչպես, չնայած գործի ողջ ակնհայտությանը, Տերը, այդուհանդերձ, չի պատժում ավելի վաղ, քան մեղանչողն ինքը կդատապարտի ինքն իրեն։ Ինքն իրեն պաշտպանելու միջոցներ չունենալով՝ մեղավորը դատապարտում է ինքն իրեն և այսպիսով ինքն իրեն ենթարկում է արտասովոր պատժի։ Լսելով «խավարի» մասին՝ մի՛ կարծիր, թե մեղավորը միայն այն բանով է պատժվում, որ ուղարկվում է մի մութ վայր. ո՛չ, այնտեղ դեռ «կլինի լաց ու ատամների կրճտոց»։ Իսկ այս խոսքերը մատնանշում են անտանելի տանջանքները։ Ուշադրությո՛ւն դարձրեք սրան դուք բոլորդ, ովքեր, խորհուրդներին մասնակցելով և հարսանիքին կանչված լինելով, ձեր հոգին զգեստավորում եք անմաքուր գործերով։ Լսեցե՛ք, թե որտեղից եք դուք կանչված՝ «խաչմերուկից»։ Ինչպիսի՞ն էիք դուք։ Հոգով կաղեր ու կույրեր, ինչը շատ ավելի վատ է, քան մարմնական կուրությունը։ Պատվե՛ք ձեզ Կանչողի մարդասիրությունը, և թող ոչ ոք անմաքուր զգեստով չմնա, այլ մեզանից ամեն մեկը թող հոգա իր հոգու հանդերձանքի մասին։ Լսեցե՛ք, կանա՛յք, լսեցե՛ք, ամուսիննե՛ր։ Մեզ հարկավոր չէ այն ոսկեթել հագուստը, որը զարդարում է մեր մարմինը, այլ ա՛յն հագուստը, որը զարդարում է հոգին։ Բայց մեզ դժվար է հագնել այս հագուստը, քանի դեռ մենք կրում ենք առաջինը։ Հնարավոր չէ միասին զարդարել և՛ հոգին, և՛ մարմինը։ Հնարավոր չէ միաժամանակ ծառայել մամոնային ու, ինչպես հարկն է, ծառայել Քրիստոսին։ Այսպիսով, թողնե՛նք այն վատ սովորությունը, որը տիրում է մեզ։ Դու, իհարկե, մեծահոգաբար չէիր հանդուրժի, եթե մեկը ոսկե վարագույրներով զարդարեր տունը, իսկ քեզ ստիպեր նստել ցնցոտիներով ու գրեթե մերկ։ Բայց ահա դու հիմա ինքդ ես անում դա ինքդ քո հանդեպ՝ անթիվ թանկարժեք հագուստներով զարդարելով հոգուդ բնակավայրը, այսինքն՝ մարմինդ, իսկ հոգիդ ցնցոտիների մեջ թողնելով։ Մի՞թե դու չգիտես, որ թագավորն ավելի պիտի զարդարվի, քան քաղաքը։ Դրա համար էլ քաղաքի համար պատրաստում են կտավից հագուստ, իսկ թագավորի համար՝ ծիրանի ու թագ։ Այսպես էլ դու պիտի ծածկես մարմինդ ամենաէժան հագուստով, իսկ միտքդ զգեստավորես ծիրանիով, զարդարես պսակով և բազմեցնես վսեմ ու պայծառ գահի վրա։ Մինչդեռ այժմ անում ես բոլորովին հակառակը. բազմազան կերպերով զարդարում ես քո քաղաքը, իսկ թագավորին՝ միտքդ, թուլատրում ես քարշ գալ կապանքների մեջ՝ անզուսպ կրքերի հետևից ընթանալով։ Մի՞թե դու չես հասկանում, որ կանչված ես հարսանիքի, և դա Աստծո՛ւ «հարսանիքն» է։ Մի՞թե չես պատկերացնում, որ այս հանդիսավոր պալատ կանչված քո հոգին հարկավոր է ներս մտցնել ոսկե հագուստներ հագած ու զարդարված։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

1-3. Յիսուս դարձեալ պատասխանեց եւ առակներով ասաց նրանց. «Երկընքի արքայութիւնը նմանուեց մի թագաւորի, որ իր որդու համար հարսանիք արեց: Եւ ուղարկեց իր ծառաներին՝ հրաւիրուածներին հարսանիքի կանչելու. ու նրանք չուզեցին գալ:
   
   Հիսուսը դարձյալ առակներով պատասխանեց նրանց` ասելով. «Երկնքի արքայությունը նմանվեց թագավոր մարդու, ով իր որդու հարսանիքն արեց  ուղարկեց իր ծառաներին` հարսանիքի կանչելու հրավիրվածներին, բայց չկամեցան գալ:

   Նախորդ առակում «տանտեր» ասաց, իսկ այստեղ` «թագավոր», որովհետև իսկույն չէր վրեժխնդիր լինելու, այլ հետո, երբ հրաժարվեին հարսանիքից, պատրաստվում էր զինվորներ ուղարկել: Այդ պատճառով էլ թագավորի նմանվեց, «ով իր որդու հարսանիքն արեց»,-ասում է Տերը: Թեպետ Որդու հարսանիքը հետո եղավ, սակայն նախքան հավիտյաններն էր սահմանված` ըստ առաքյալի (Ա Կոր. 2։7): Իսկ «հարսանիք» է Խոսքի միավորումը նախևառաջ մեր [մարդկային] մարմնի բնության հետ և ապա` Եկեղեցու [անդամ] հոգիների հետ` ըստ Հովհաննեսի. «Ով հարս ունի, նա է փեսա» (Հովհ. 3։29). Պողոսն էլ [ասում է]. «Այս խորհուրդը մեծ է, բայց ես խոսում եմ Քրիստոսի և Եկեղեցու վերաբերյալե (Եփես. 5։32), նաև` «Ձեզ ամենքիդ` որպես մի մաքուր կույսի, նշանեցի` Քրիստոսի առաջ կանգնեցնելու համար» (հմմտ. Բ Կոր. 11։2): [Աստծո Խոսքի] հետ հաղորդությունից անապականություն ընդունեց Տիրոջ մարմինը` իրապես, իսկ սուրբ Եկեղեցին` ավետաբեր հույսով:

   Բայց ինչո՞ւ է [Տերն այս միությունը] «հարսանիք» ասաց անվանում: Որպեսզի իմանաս այդ իրողության պայծառությունը, այն, որ տրտմական ոչինչ չունի [իր մեջ], այլ ամբողջովին լի է հոգևոր ուրախությամբ: Եվ ինչո՞ւ հարսը Հոր համար չի ընտրվում, այլ Որդու. որովհետև սրանից առաջ [Տերը] Որդու մահվան մասին խոսեց, այստեղ էլ ցույց է տալիս, որ հարսանիքը լինելու է Նրա մահվանից հետո, երբ մեռելների միջից հարություն առնի, որպեսզի ամենքին դեպի Իրեն ձգի:

   «Ուղարկեց,-ասում է,-իր ծառաներին»: Սրանով ցույց է տալիս այն անչափ խնամքը, որ տածելու էր հրեաների հանդեպ, որովհետև նախորդ առակում այնպես է երևում, որ խաչելությունից առաջ է կանչել նրանց, իսկ այստեղ սպանվելուց հետո է ջանում դեպի Իրեն ձգել. երբ պատշաճում էր, որ անհնարին պատիժներ կրեին, Նա [նրանց] կանչում է հարսանիքի և ավելի մեծ պատվով մեծարում: Ուրեմն ո՞վ է այնքան ապերախտ ու թշվառական, որ արքայից ու արքայորդուց հարսանիքի կանչվի և փախչի դրանից: «Ուղարկեց իր ծառաներին` հրավիրվածներին հարսանիքի կանչելու, բայց չկամեցան գալ»: «Ծառաներ» է կոչում Մովսեսին ու մարգարեներին կամ մարգարեների միջից հրավիրված Հովհաննես [Մկրտչին]: Կանչեց վայելելու համար, բայց չկամեցան, ասում է, ինչից ավելի մեծ ամբարշտություն չկա, քանի որ եռակի ամբաստանության է արժանի. նախ` որ մարգարեներին կոտորեցին, ապա` Որդուն սպանեցին, և երրորդ` սպանված Որդու հարսանիքին կանչվեցին և չկամեցան [գնալ]:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Յիսուս դարձեալ պատասխանեց եւ առակներով ասաց նրանց.
   
   «Հիսուս դարձյալ պատասխանեց և առակներով ասաց նրանց. «Երկնքի արքայությունը նմանվեց մի թագավորի, որ իր որդու համար հարսանիք արեց»:

   Նախկին առակում ասաց «տանուտեր» մարդ, իսկ այժմ՝ «թագավոր», քանի որ առաջինում չէր հիշվելու զորականներ ուղարկելը, իսկ այստեղ հիշվելու էր: Հարսանիքը արեց Հայր Աստված Իր Որդու, փեսայի՝ Քրիստոսի և հարսի՝ եկեղեցական հոգու [համար], որը չի ապականվում, այլ անապականություն է ընդունում Նրա հետ միավորվելով և հաղորդվելով: «Ծառաներ» կոչում է Մովսեսին և մարգարեներին:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

1-14․ Յիսուս դարձեալ պատասխանեց եւ առակներով ասաց նրանց. «Երկընքի արքայութիւնը նմանուեց մի թագաւորի, որ իր որդու համար հարսանիք արեց: Եւ ուղարկեց իր ծառաներին՝ հրաւիրուածներին հարսանիքի կանչելու. ու նրանք չուզեցին գալ: Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ ասելով. «Հրաւիրուածներին ասացէ՛ք՝ ահա իմ ճաշկերոյթը պատրաստեցի. իմ զուարակները եւ իմ պարարտ անասունները մորթուած են, ու ամէն ինչ պատրաստ է, եկէ՛ք հարսանիքի»: Սակայն նրանք, բանի տեղ չդնելով, գնացին՝ մէկն իր ագարակը, մէկն իր առեւտրին. ուրիշներ էլ բռնեցին նրա ծառաներին, անպատուեցին ու սպանեցին: Իսկ թագաւորը երբ լսեց, բարկացաւ եւ իր զօրքն ուղարկեց ու բնաջնջեց սպանողներին եւ այրեց նրանց քաղաքը: Ապա իր ծառաներին ասաց. «Հարսանիքը պատրաստ է, բայց հրաւիրուածները արժանի չէին: Արդ, գնացէ՛ք հրապարակները եւ ում որ գտնէք, կանչեցէ՛ք հարսանիքի»: Եւ ծառաները ճանապարհների վրայ ելնելով՝ հաւաքեցին բոլոր նրանց, ում գտան՝ ե՛ւ չարերին, ե՛ւ բարիներին. եւ հարսանիքը լցուեց հրաւիրուածներով: Եւ երբ թագաւորը ներս մտաւ հրաւիրուածներին նայելու, այնտեղ տեսաւ մի մարդու, որ հարսանիքի զգեստ չէր հագել, ու նրան ասաց. «Ընկե՛ր, որ հարսանիքի զգեստ չունէիր, ինչպէ՞ս այստեղ մտար»: Եւ նա պապանձուեց: Այն ժամանակ թագաւորը ծառաներին ասաց. «Կապեցէ՛ք դրա ոտքերն ու ձեռքերը եւ դո՛ւրս հանեցէք դրան, արտաքին խաւարը. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում. րովհետեւ կանչուածները բազում են, իսկ ընտրեալները՝ սակաւ»:
   
   Հիսուս ուշադրություն չդարձնելով Իր դեմ կազմակերպված դավաճանություններին, հանդարտորեն շարունակում է քարոզությունը և Մատթ. 21:28-32 և 21:33-44 հիշված երկու առակներին միևնույն ավետարանական իմաստով երրորդն էլ ավելացնում: Հարսանյաց առակն իր կազմությամբ շատ է նմանվում մեծ խնջույքի առակին (Ղուկ. 14:15-24), թեև մանրամասնություններով տարբերվում է նրանից:

   Այնտեղ խնջույք էր, այստեղ հարսանիքի սեղան է, որ բացել է մի մեծամեծ անձնավորություն՝ իր տղային ամուսնացնելու առիթով: Նույն ձևով հարսնատերի ծառաները ցրվում են ամեն կողմ հարսանքավորներին ու հրավիրվածներին լուր տալիս, որ ճաշը պատրաստ է, զվարակները և պարարտ անասունները մորթված և եփված են, ուտելու և զվարճանալու բոլոր պատրաստությունները ավարտված են, թող գան և վայելեն: Հակառակ եղած հրապուրիչ պատրաստության, հրավիրվածները դժկամում են, մեկը ծուլությամբ ու թուլությամբ, մյուսը հողագործության և մի ուրիշն էլ առևտրի պատճառաբանությամբ չեն ցանկանում գալ: Այստեղ ընդհանուր գծերով նշանակված են պատճառաբանությունները, այնինչ խնջույքի առակում, որոշակի ասված էր, թե մեկը ագարակ էր առել, մյուսը եզների լուծ էր գնել և մի ուրիշն էլ ամուսնություն պիտի կատարեր: Հարսանյաց առակում մի կարևոր հանգամանք էլ կա, այն է, որ հրավիրվածները ոչ միայն պատճառաբանություններով չուզեցին գալ, այլև նրանցից ոմանք ծեծեցին, վիրավորեցին և մինչև իսկ սպանեցին հրավերը տարած ծառաներին: Եվ հրավիրող մեծամեծն էլ իր մարդկանց ուղարկելով նրանցից վրեժ լուծեց: Հարսանիքի սեղանը արդարացնելու համար հարսնատերի բռնած դիրքը նույնն է, ինչ որ խնջույքի տիրոջ արածը, այսինքն դուրս գալ հրապարակներ և փողոցներ, հանդիպածին հարսանիքի հրավիրել, և այս ձևով հրավիրվածների մի նոր բազմություն կազմել:

   Հարսանյաց առակում մի ուրիշ նոր հանգամանք էլ կա՝ հարսանքատերը դուրս է գալիս և ի պատիվ նոր հրավիրվածների, սեղանի շուրջը անցնելով յուրաքանչյուրին բարեկամական վերաբերմունք է ցույց տալիս: Խնջույքի սեղանի համար ծառաները ում ինչպես գտել էին ներս էին բերել: Իսկ հարսանյաց առակում պետք է ենթադրել, որ ծառաները հրավիրվածներին հասկացրին, թե հարսանիքի տուն են գնում, և նրանք էլ քչից- շատից իրենց ուղղելով ու հարսանիքի հագուստները հագնելով գնացին հարսանիք: Եթե այդպես չլիներ, ապա հարսնատերը իրավունք չէր ունենա, այդ բազմության մեջ ամենօրյա աշխատանքային հագուստով նստած մեկին դիտողություն անել.«Ընկեր զիա՞րդ մտեր այսր, զի ոչ ունէիր հանդերձ հարսանեաց»: Ավետարանը գրում է, որ այդ մարդը ձայն չհանեց, իսկ պապանձվելու պատճառ չէր լինի, եթե բոլորն էլ գային այնպես, ինչպես հանդիպեցին ճանապարհին, կամ ծառաները ժամանակին զգուշացրած չլինեին:

   Այդ մարդու արարքը շատ ծանր ազդեց հարսանիքի տիրոջ վրա, և այն աստիճան իրեն անարգված ու նվաստացած զգաց, որ հրամայեց իր ծառաներին՝ վերցնելով դուրս տանեն այդ անպատշաճ հագուստով մարդուն և ձեռքերն ու ոտքերը շղթայելով՝ մութ սենյակում բանտարկեն, որ խեղճին ոչինչ չմնա, բացի, բարկությունից ատամները կրճտացնելուց և ներքին հուզմունքից արցունք թափելուց:
   Առակի մեկնությունը Հիսուս է տվել, ասելով. «Զի բազումք են կոչեցեալք եւ սակաւք են ընտրեալք»: Երկնքի Արքայության սեղանին էլ հրավիրվածները շատ են եղել, որովհետև քարոզությունը անխտիր ուղղված էր ամբողջ աշխարհին, թե՛ հրեաներին, և թե՛ հեթանոսներին, բայց ընտրյալների թիվը հավասար չէ հրավիրվածներին, որովհետև նրանցից ոչ բոլորը գիտեն իրենց համաձայնեցնել քարոզված վարդապետությանը: Եվ հրավերին հակառակվելու համար վռնդվում են հարսանիքից և պատժի են ենթարկվում, ինչպես պատժվեցին առաջին հրավիրվածներից նրանք, ովքեր թշնամացան հրավիրողների հանդեպ: Հիսուսի «բազումք» և «սակավք» ասելը չպետք է միայն վերջին հրավիրվածների վրա մեկնել, որովհետև սեղանին այդքան նստողների միջից միայն մի հոգի գտնվեց անարժան: Այլ պետք է տարածել առաջին հրավիրվածների վրա էլ, որոնք Ավետարանի իմաստով «բազումք» էին, այսինքն՝ բոլոր մարդիկ: Մինչ վերջում ընդունված սեղանին նստողներն էլ քիչ էին, և այս քչերի միջից էլ մեկը դուրս հանվեց:
   Առակի ավետարանական իմաստը [հետևյալն] է, Տեր Հիսուսի քարոզությամբ շատերը հրավիրվեցին հետևելու Երկնքի Արքայությանը, բայց բոլորը սնոտի պատճառաբանություններով մերժեցին, և սրանք պատվավոր ու մերձավոր համարվածներն էին, այսինքն Հին Ուխտի մարդիկ: Ուստի նրանց փոխարեն վերջին եկողները, այսինքն՝ հեթանոսները, հրավիրվեցին և ընդունվեցին, բայց սրանք էլ պարտավոր են ընդունված տեղերի պահանջի համեմատ իրենք իրենց բարի գործերով զարդարել, որը հարսանյաց զգեստ ասվածն է: