Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 22:12

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Նրան ասաց. «Ընկե՛ր, առանց հարսանքավորի զգեստ ունենալու ինչպե՞ս այստեղ մտար»։ Նա պապանձվեց»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 22:1
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

«Ընկե՛ր, որ հարսանիքի զգեստ չունէիր, ինչպէ՞ս այստեղ մտար»: Եւ նա պապանձուեց:
   

   Եվ ասաց նրան. «Ընկե՛ր, ինչպե՞ս մտար այստեղ, որ հարսանիքի զգեստ չունեիր», և նա պապանձվեց:

   Այսինքն` Իմ կրոնին ու օրենքին հակառակ ինչպե՞ս համարձակվեցիր մտնել: Չարությունն ու ամբարշտությունը վրայիցդ չես հանել, այլ տակավին հագիդ ունես, այսինքն` մտար նենգությամբ, խորամանկությամբ ու անաստվածությամբ` հագած չլինելով որևէ մեկը պատվիրաններից, որոնք էլ բազմատեսակ [թելերով] հյուսում են առաքինությունը: Եթե անլվա ոտքերով ու առանց լողանալու չէին մտնում մեհյանների բակը, որքա՛ն ավելի [անվայել է անմաքուր ներկայանալ] տերունական ընթրիքին: Թող լսեն սա նրանք, ովքեր խորհրդական Սեղանին 1 մոտենում են աղտեղի հագուստով, որովհետև [արժանավորներին կենդանություն տվող] նույն [Խորհուրդը] ահավոր է անարժանների համար, ուստի պետք է ակնածել Մարդասերից, Ով կանչեց, այն էլ` «ճանապարհների անցումներից», հոգու պատմուճանը լվանալ խոստովանությամբ ու ապաշխարությամբ, անձը զարդարել առաքինությամբ և ապա՛ մոտենալ Սեղանին, ուր պայծառազգեստ հրեշտակներն են բազմած, ինչպես որ Փրկչի խաչի և գերեզմանի մոտ հայտնապես տեսնվեցին, որովհետև [սբ Սեղանը] ճշմարտապես խաչի և գերեզմանի խորհուրդն ունի:

   «Եվ նա պապանձվեց»,-ասում է Տերը:

Ինչպես Զաքարիան, չհավատալով հրեշտակի խոսքին, համրացավ ու պապանձվեց (Ղուկ. 1։20), այդպես էլ այս մարդը, Փրկչի պատվիրաններին չհավատալով և երկնային Հացին անմաքուր վարքով սպասավորելով, պապանձվում է, քանի որ պատասխան չունի: [Զաքարիայի պապանձումը] հրաշքի համար էր, իսկ սրանը` պատժի, որովհետև չկա մի ուրիշ բան, որ այնպես կարկեցնի բերանն ու կապի ձեռք ու ոտք, ինչպես մեղքերի շղթան` ըստ այսմ. «Իրենց ձեռքի գործերով կկապվեն մեղավորները» (Սաղմ. 9։17), ինչպես ցույց է տալիս [Տերը ]:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

«Ընկե՛ր, որ հարսանիքի զգեստ չունէիր, ինչպէ՞ս այստեղ մտար»: Եւ նա պապանձուեց:
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 22:1