Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Եվ գալով` բնակվեց «Նազարեթ» կոչվող քաղաքում, որպեսզի իրականանար մարգարեների միջոցով ասվածը, թե Նա «Նազովրեցի» է կոչվելու։
Այդպես, Հովսեփը գնում է Նազարեթ` ինչպես վտանգներից խուսափելու, այդպես էլ հայրենիքում ապրելու իր ցանկությունն իրագործելու համար։ Որպես մեծագույն քաջալերանք` այդ քայլին դիմելու համար Հովսեփն այդ մասին լուր է ստանում նաև հրեշտակից: Մինչդեռ սուրբ Ղուկաս Ավետարանիչը չի ասում, որ Հովսեփը Նազարեթ է գնացել այսպիսի լուր ստանալու պատճառով: Համաձայն Ղուկասի խոսքերի՝ Հովսեփն ու Մարիամը վերադարձան Նազարեթ՝ կատարած լինելով մաքրագործման ամբողջ օրենքը։ Ի՞նչ կարող եմ ասել սրա վերաբերյալ. ա´յն, որ սուրբ Ղուկաս Ավետարանիչը սա ասում է՝ խոսելով նախքան դեպի Եգիպտոս ճանապարհորդությունն ընկած ժամանակաշրջանի մասին: Իհարկե, հրեշտակը նրանց այնտեղ չէր ուղղորդի` նախքան մաքրագործման ծիսակատարությունը, որպեսզի օրենքի որևէ տեսակի խախտում տեղի չունենար: Ուստի հրեշտակը սպասեց, մինչև այս մաքրագործումն ավարտվի և նրանք գնան Նազարեթ, իսկ այդուհետ արդեն նրանց պատգամեց գնալ Եգիպտոս: Այնուհետև, երբ նրանք վերադարձան այնտեղից, հրեշտակն այս անգամ էլ պատգամեց գնալ Նազարեթ: Սա առաջին անգամն էր, նրանք (Հովսեփն ու Մարիամը` մանուկ Հիսուսի հետ) Նազարեթ գնացին ոչ թե հրեշտակի հրամանի համաձայն, այլ ինքնուրույնաբար` իրենք իրենց կամքով, հանուն իրենց հայրենիքի հանդեպ տածած սիրո։
Քանի որ Հովսեփն ու Մարիամը Բեթղեհեմ գնացին միայն մարդահամարի ենթարկվելու պատճառով ու նույնիսկ օթևանելու տեղ չունեին այնտեղ, ուստի ավարտին հասցնելով այն գործը, որի համար գնացել էին Բեթղեհեմ, այդուհետ վերադարձան Նազարեթ։ Եվ այսպես, հրեշտակը նրանց վերադարձնում է իրենց հայրենի տուն և ապագային առնչվող հարցերում հանգստություն է ներշնչում: Ու այս ամենը տեղի է ունենում ոչ թե պատահականության արդյունքում, այլ համաձայն մարգարեության. «Որպեսզի իրականանար, - ասում է Ավետարանիչը, - մարգարեների միջոցով ասվածը, թե Նա «Նազովրեցի» է կոչվելու»:
Կարիք չկա խիստ հետաքրքրասեր լինել ու փնտրտուքի մեջ ընկնել` հասկանալու համար, թե ո՞ր մարգարեն է ասել այս խոսքերը: Ինչպես երևում է Մնացորդաց գրքերի պատմությունից, շատ մարգարեական գրքեր ժամանակի ընթացքում կորսվել են։ Հրեաները, անզգույշ լինելով և հաճախ ամբարշտության մեջ ընկղմվելով, մարգարեական որոշ գրքեր կորցրին, իսկ որոշ գրքեր էլ անձամբ իրե´նք այրեցին և պատռեցին։ Առաջին պարագայի մասին վկայում է Երեմիա մարգարեն, իսկ մյուսի մասին խոսում է Դ Թագավորաց գրքի հեղինակը՝ հաղորդելով, որ երկար ժամանակ տևած փնտրտուքների արդյունքում հազիվհազ հաջողվել է պեղել Երկրորդումն Օրինաց գիրքը, որը մի ինչ-որ տեղում թաղված ու կորսված էր։ Եթե հրեաներն այսչափ անփույթ էին Սրբազան Գրքերի նկատմամբ դեռևս այն ժամանակ, երբ թշնամիներ չունեին, ապա որչափ առավել անզգույշ կլինեին թշնամիների արշավանքների ժամանակ։ Ըստ այսմ, համաձայն մարգարեների կանխասացության, առաքյալները նույնպես Քրիստոսին հաճախ անվանում են հենց «Նազովրեցի»։
Բայց գուցե ասես` արդյո՞ք սա չի մթագնում Բեթղեհեմի մասին մարգարեությունները։ Ոչ, այլ ընդհակառակը, սա մղում է առանձնահատուկ ուշադրությամբ քննելու այն, ինչ ասվել է Նրա (Հիսուսի) մասին: Այդպես նաև Նաթանայելը Հիսուսի մասին իր «հետաքննությունը» սկսում է հետևյալ խոսքերով. «Իսկ կարելի՞ է, որ Նազարեթից մի որևիցե լավ բան դուրս գա» (Հովհ. 1:46): Եվ իսկապես, Նազարեթը մեծ կարևորություն ունեցող մի վայր չէր: Եվ նույնը կարելի ասել ոչ միայն այս բնակավայրի, այլև Գալիլիայի ամբողջ շրջանի մասին։ Ահա թե ինչու էին փարիսեցիներն ասում. «Քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլիայից մարգարե դուրս չի գալիս» (Հովհ. 7:52): Սակայն, այսուամենայնիվ, Տերը ամոթ չի համարում այս վայրի անունով կոչվել՝ այդպիսով ցույց տալով, որ Ինքը մարդկային որևէ գնահատանքի կարիք չունի: Հիսուս նաև Իր աշակերտների´ն է ընտրում Գալիլիայից՝ դրանով իսկ ոչնչացնելով ծույլ մարդկանց բոլոր արդարացումներն ու ցույց տալով, որ առաքինության սխրանքներ գործելու համար մենք արտաքին որևէ բանի կարիք չունենք։ Այդ միևնույն իսկ պատճառով Հիսուս Իր համար տուն էլ չի ընտրում. «Մարդու Որդին, - ասում է, - գլուխը դնելու տեղ չունի» (Ղուկ. 9:58): Ահա թե ինչու նաև` Հիսուս փախչում է Հերովդեսի հետապնդումներից ու ծնվելուց հետո դրվում է մսուրում, օթևանում է իջևանատանը և ընտրում աղքատ Մայրիկի՝ այդպիսով մեզ սովորեցնելով ոչինչ ամոթալի չհամարել և ի սկզբից ևեթ արհամարհելով մարդկային հպարտությունն ու մեզ հաստատելով միայն առաքինությա´ն գործերի մեջ։
Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
եւ եկաւ բնակուեց Նազարէթ կոչուող քաղաքում, որպէսզի կատարուի մարգարէների խօսքը, թէ՝ Նազովրեցի պիտի կոչուի:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 2:22
Ստեփանոս Սյունեցի (†735)
եւ եկաւ բնակուեց Նազարէթ կոչուող քաղաքում, որպէսզի կատարուի մարգարէների խօսքը, թէ՝ Նազովրեցի պիտի կոչուի:
«Որպեսզի կատարվի մարգարեի միջոցով ասվածը, թե՝ Նազովրեցի պիտի կոչվի»:
Այստեղ «Նազովրեցի» բառը մեկնաբանվում է որպես սուրբ, և մարգարեներից շատերը այսպես ասացին Քրիստոսի վերաբերյալ:
Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Եվ գալով` բնակվեց «Նազարեթ» կոչվող քաղաքում, որպեսզի իրականանար մարգարեների միջոցով ասվածը, թե Նա «Նազովրեցի» է կոչվելու։ (Սինոդական թարգ․)[23]
«Նազարեթ». այն Երուսաղեմից երեք օրվա հեռավորության վրա գտնվող մի փոքրիկ քաղաք էր: Եթե քարտեզի վրա մի ուղիղ գիծ գծենք Գալիլեա լճի ստորին ծայրից դեպի արևմուտք` մինչև Միջերկրական ծով, ապա Նազարեթը կհայտնվի այդ գծի գրեթե մեջտեղում: Նազարեթը գտնվում է լեռան ստորոտին։ Հարթ տանիքներ ունեցող ճերմակավուն տները կառուցված են լեռան լանջին՝ սանդղավանդների տեսքով։ Լեռները բոլոր կողմերից շրջապատում են քաղաքը։ Նազարեթի բնակիչները զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ, վարսահարդարությամբ (սափրելու և սանրվածք ձևավորելու արհեստով), մրգերի ու բանջարեղենի և դեղաբույսերի վաճառքով, կոշկակարությամբ, դարբնությամբ, ատաղձագործությամբ և այլ արհեստներով։ Ներկայումս նույնպես նազարեթցիները տները կառուցվում են այնպես, ինչպես դար արվում էր հեռավոր դարերում. պատերը մերկ են և մեկ կողմից ամրացված սյունահարթակներով: Տների հատակները հողանյութ են, իսկ պատուհանների նկատմամբ կատարյալ «անտարբերություն» է ցուցաբերվում, քանի որ տունը սովորաբար լուսավորվում է բաց դռնից ներս մտնող ճառագայթներով:
«Որպեսզի իրականանար մարգարեների միջոցով ասվածը» - եթե ավետարանիչն ասեր, որ Նազարեթում իր հաստատած բնակության պատճառով Հիսուսին պետք է կոչեին «Նազովրեցի», ապա այդ դեպքում սույն արտահայտության բացատրությունը գրեթե ոչ մի դժվարություն չէր առաջացնի. այդ պարագայում «նազովրեցի» («ναζωραιος») բառն ուղղակիորեն կնշանակեր նազարեթցի` Նազարեթ քաղաքի բնակիչ։ Քանի որ Նազարեթը մի փոքրիկ քաղաք էր և գտնվում էր Գալիլեայում, որը նույնքան փոքրիկ և անտեսված մի շրջան էր, ուստի Նազարեթում բնակություն հաստատելը կդիտվեր որպես Քրիստոսի երկրային կյանքի խոնարհության դրսևորումներից մեկը: Ըստ երևույթին ավետարանիչը հենց այդ տեսանկյունից է դիտարկում սույն հարցը` Քրիստոսին «Նազովրեցի» անվանելով։ Կա տեսակետ, համաձայն որի` այստեղ կիրառված «Նազովրեցի» բառը «նազիր», «նազարական» արտահայտության իմաստն է արտահայտում, և այդպիսով ավետարանիչը Քրիստոսին անվանում է «Նազովրեցի»` հինկտակարանյան գործածության իմաստով, համաձայն որի` «Նազովրեցին» այն անձն է, որն ուխտել է պահպանել նազարականության երդումները: Այսօրինակ բացատրությունները, սակայն, պետք է լիովին անհիմն համարել, քանի որ եբրայերեն «նազիր» («նազարական») բառը որևէ տեսակի առնչություն չունի «Նազարեթ» բառի հետ, և եբրայական լեզվում այս երկու բառերի արմատային տառերն իրարից տարբեր են:
Քննարկվող հատվածը բացատրելու դժվարությունն ավետարանչի կատարած հավելման մեջ է. «Որպեսզի իրականանար մարգարեների միջոցով ասվածը», քանի որ այստեղ Մատթեոսը մարգարեներին է վերագրում ««Նազովրեցի» է կոչվելու» արտահայտությունը: Սակայն ո՞ր մարգարեների մասին է խոսքը. այս հարցին դեռևս սպառիչ պատասխան չի տրվել, քանի որ մարգարեներից ոչ մեկի գրվածքներում առկա չեն ավետարանչի կողմից մարգարեներին վերագրվող այս խոսքերը:
Հերոնիմոս Երանելին ասում է. «Եթե ավետարանիչը կամենար Սուրբ Գրքից հստակ օրինակ մատնանշել, նա երբեք չէր ասի` «մարգարեների միջոցով ասվածը», այլ պարզապես կասեր` «մարգարեի միջոցով ասվածը»։ Եբրայերեն «netzer» («ճյուղ») բառը, որը գրելաձևով նման է «Նազարեթ» («natzar») անվանմանը, հանդիպում է Եսայու մարգարեության մեջ (11:1-ին, 14:19-րդ և 60:21-րդ համարներ), իսկ ահա Դանիելի մարգարեության մեջ (11:7-րդ համար) գործածվում է սերունդ նշանակությամբ (ռուսերեն թարգմանության մեջ` «ճյուղ») և մեսիական նշանակություն չունի։ Եսայու մարգարեության 14:19-րդ համարը նույնպես մեսիական նշանակություն չունի, իսկ Եսայու 60:21-րդ համարի մեսիական նշանակությունը կասկածելի է:
Այսպիսով, վերոհիշյալ հատվածներից միայն մեկը՝ Եսայու մարգարեության 11։1-ին համարն է (որտեղ օգտագործվում է «netzer» բառը), որ իսկապես մեսիական նշանակություն ունի: Ավետարանիչը, սակայն, խոսում է ոչ թե միայն մեկ մարգարեի, այլ մարգարեների´ մասին։ Այս իսկ պատճառով էլ աստվածաշնչագետները փորձեցին «netzer» բառը նմանեցնել եբրայերեն մեկ այլ` «tsema» բառին, որը նույնպես նշանակում է «ճյուղ» և օգտագործվում է Եսայու և մյուս մարգարեների գրություններում (Ես. 4:2, Երեմ. 23:5, 33:15, Զաք. 3:8, 6:12):
Այսպես, ուրեմն, եթե որոշ մարգարեներ ապագա Ազատարարին անվանել են «tsema», որը նշանակում է «ճյուղ», իսկ Եսայու մարգարեության մեջ էլ կիրառվում է «netzer» բառը` դարձյալ «ճյուղ» նշանակությամբ, ապա ավետարանիչը, «netzer» բառը նմանեցնելով «Նազարեթ» տեղանվանը, բոլոր իրավասություններն ուներ Քրիստոսին կոչելու «Նազովրեցի», այսինքն` «Ճյուղ», և նշելու, որ Քրիստոս այդպես է կոչվել հինկտակարանյան ոչ թե միայն մեկ մարգարեության հիման վրա, այլ` մի քանի մարգարեությունների համաձայն, ասել է թե` Մատթեոս ավետարանիչն այստեղ լիովին իրավասու էր գրելու` «մարգարեների´ միջոցով ասվածը»:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
եւ եկաւ բնակուեց Նազարէթ կոչուող քաղաքում, որպէսզի կատարուի մարգարէների խօսքը, թէ՝ Նազովրեցի պիտի կոչուի։
Հիսուսի 13 տարեկանում տաճարում պատահած դեպքերից մինչև 30 տարեկանը՝ մկրտվելը և քարոզության սկսվելը, Ավետարանները ոչինչ չեն պատմում, չնայած որ 18 տարվա տևողությունը որևէ մեկի կյանքի համար բավական նշանակալի ժամանակ է, սակայն Հիսուսի կյանքի համար այն անցնում է աննշան:
Այդ փաստին ուրիշ մեկնություն չկա, բացի այն ընդհանուր սկզբունքից, որ ընդունված է բոլոր ազգերի մեջ և նույնիսկ մեր ժամանակներում էլ, թե գործը սկսելու համար 30 տարեկան է պետք լինել: Այդ սկզբունքը հրեաներն էլ ունեին, և Հիսուսը, իր մարդկային խորհրդի բոլոր պահանջները հանձն առնելով, այդ պայմանն էլ հարգեց և մինչև երեսուն տարին չլրացած իր գործունեությունը չսկսեց:
Այդ ժամանակը Հիսուս անցկացրեց Նազարեթում միշտ մնալով, որի պատճառով Նազովրեցի, այսինքն՝ Նազարեթի անունն էլ իրեն տրվեց իր կյանքում՝ իբրև մականուն: Անգամ խաչի վրա, որպես հատուկ անուն, գրվեց՝ Յիսուս Նազովրեցի: Մատթեոսը, այդ հատուկ անվան համար էլ հիշում է մարգարեական մի պատգամ՝ Նազովրեցի կոչեսցի խոսքերով: Բայց այդ հատվածում, այդպիսի բառերով մարգարեություն չենք գտնում, և որովհետև հունարենն ու լատիներենը ունեն՝ Լցցի բան մարգարէից և ոչ՝ Լցցի բան մարգարէին, ինչպես ասորերեն ու մեր թարգմանության մեջ, մեկնիչներից շատերն ասում են, թե ավետարանիչն ակնարկում է ընդհանուր կերպով բոլոր մարգարեների խոսքերը: Ոմանք էլ ասում են, թե ավետարանիչը դարձվածքով ակնարկում է Եսայի մարգարեի խոսքերը. Բխեսցէ գաւազան յարմատոյն Յեսսեայ Ես․ 11:1, ուր եբրայական բնագիրն ունի Բխեսցէ ծաղիկ, իսկ Նազովրեցի անւնը լծորդ են համարում եբրայական նէզէր=ծաղիկ բառին: Մյուս կողմից, հրեաների մեջ ուխտ արած նվիրյալները, հին օրենքի ճգնավորները կոչվում էին նաև նազովրեցի, և այդ անունը, ոմանք եբրայերեն նազար=բաժանել բայից վերցված են գտնում, իսկ ոմանք էլ՝ Նազարեթ քաղաքի անունից: Հիսուսի վրա երկուսն էլ ճշմարտվեցին, թե՛ Նազովրեցի եղավ որպես ուխտավոր, և թե՛ Նազարեթցի՝ բնակության վայրով: Մյուս կողմից, նազովրեցիները անարգված և նախատված մարդիկ էին համարվում ժողովրդի մեջ: Հիսուսի համար էլ ասված էր մարգարեության մեջ. Այլ ես որդն եմ և ոչ եմ մարդ, նախատինք մարդկան և արհամարհանք ժողովրդոց Սաղմ․ 21:7, և Տեսիլ նորա անարգ նուազեալ քան զամենայն որդւոց մարդկան Ես․ 53:3:
Հիսուսի անձնական կայնքին դառնալով, արդեն հիշեցինք, թե նա բարձրագույն դպրոցներում ուսում չի ստացել, թեպետ սովորական ուսումից անմասն չմնաց, և իր տարիները անցկացրեց ընտանեկան հարկի տակ, ամբողջովին առանձնացված կյանքով: Ղուկասը Հիսուսի ապրած 18 տարիները ամփոփում է հետևյալ խոսքերով. «Եւ էր նոցա հնազանդ ... և զարգանայր իմաստութեամբ և հասակաւ և շնորհօք յԱստուծոյ եւ ի մարդկանէ»: Այս խոսքերը տարօրինակ փայլ և նշանավոր առավելություններ են ցույց տալիս Հիսուսի վրա, Նրա խորհրդավոր անձնավորություն լինելու իսկությունն են հայտնում, նույնիսկ անձնական անշուք կյանքի գաղտնիության ներքո, որոնք, իհարկե, զարմացմամբ վկայում էին Նազարեթի բնակիչները, հյուսն Հովսեփի համեստ տնակի մեջ հիացմամբ դիտելով սքանչելահրաշ երիտասարդի գերազանց ձիրքերը:
Ավանդությունը պատմում է, որ Հիսուսն իր հայրագիր Հովսեփի հյուսնության արհեստի մեջ նրա աշակերտն ու օգնականն էր, գործակիցը՝ փոքրիկ ընտանիքի ապրուստը հայթայթելու: Հիսուսի համար հրեաները ասում էին. «Ո՞չ սա է մանուկ հիւսանն և որդին Մարեմայ» Մարկ․ 6:3, ուր հունարենն ու լատիներենն ունեն՝ Ո՞չ է սա է հիւսնն, որդին Մարեմայ, որ ավելի բացահայտ է ցույց տալիս, թե Հիսուս ինքն էլ հյուսնությամբ էր զբաղվում իր անձնական կյանքում: Այնպես որ, մեր թարգմանության մեջ էլ մանուկ և որդին բառերի առանձին կրկնությունն էլ հաշվի առնելով, պետք է մանուկ հիւսանն բառերը հասկանալ ավելի հիւսին աշակերտ քան թե՝ հիւսին որդի: Այդ կետը պետք է ուրախությամբ ու պարծանքով ընդունվի արհեստավոր և գործավոր դասակարգի կողմից, տեսնելով, որ Հիսուս ինքն էլ իրենց պես արհեստավոր-գործավոր էր եղել:
Ուշադրության արժանի պարագա է նաև Հովսեփի մահը: Հիսուսի հրապարակային կյանքը սկսվելուց հետո, այլևս ոչ մի տեղ չի հիշվում Հովսեփը, մինչ Մարիամի հիշատակումն ավելի հաճախ է լինում, և այս էլ ընդունվել է իբրև ստույգ նշան, թե Հովսեփը մահացել էր արդեն Հիսուսի մկրտությունից առաջ, որտեղից էլ հետևում է, որ մի ժամանակամիջոց էլ Հիսուս ինքն էր պարտավորվել իր արհեստով և աշխատանքով հոգալ իր և մոր ապրուստը:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 2:22
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) եւ եկաւ բնակուեց Նազարէթ կոչուող քաղաքում, որպէսզի կատարուի մարգարէների խօսքը, թէ՝ Նազովրեցի պիտի կոչուի:
(Արարատ թարգ․) Եվ եկավ բնակվելու Նազարեթ կոչվող քաղաքում, որպեսզի իրականանար մարգարեների միջոցով ասվածը, թե Նազովրեցի է կոչվելու։
(Գրաբար) Եւ եկեալ բնակեցաւ ի քաղաքին՝ որ կոչէր Նազարեթ. զի լցցի՛ բան մարգարէին, թէ Նազովրեցի կոչեսցի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: