Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 23:18

Հովհաննես Ծործորեցի

18-19.Եւ՝ ով որ երդուի սեղանի վրայ, այդ երդումը ոչինչ չի նշանակում. բայց ով որ երդուի նրա վրայ գտնուող ընծայի վրայ, պարտաւորւում է այն կատարել: Յիմարնե՛ր եւ կոյրե՛ր, ի՞նչն է մեծ՝ ընծա՞ն, թէ՞ սեղանը, որ սրբագործում է ընծան:

 

   «Եվ ով երդվում է զոհասեղանով, ոչինչ է, բայց ով երդվում է նրա վրայի զոհով, պե՛տք է [պահի երդումը]»: Հիմարնե՛ր ու կույրեր, ի՞նչն է մեծ` զո՞հը, թե սեղանը, որ սրբագործում է զոհը:

    Նախորդ օրինակի պես հասկացիր նաև ա՛յս մեկը: Որովհետև երդվում էին ողջակեզների կամ քավության սեղանով և դա ոչինչ համարում, իսկ [երբ երդվում էին] ողջակիզվող զոհով կամ այն արյամբ, որ զոհասեղանի եղջյուրներին 1262 էին թափում, երդմնեցուցիչները կամ երդվողները դա արժանավոր էին համարում, և նրանց է ասում [Տերը] «հիմարներ ու կույրեր» աստվածային բաներում, «ի՞նչն է մեծ` զո՞հը, թե սեղանը, որ սրբագործում է զոհը»:Որովհետև զոհասեղանը` Աստծով խոսքով, իսկ զոհը սեղանով է սրբագործվում. եթե սեղանը չլինի, զոհ էլ չի մատուցվի, որի համար իբրև միջնորդ լինելով` սեղանն [այն] ընծայում է Աստծուն, այլապես ինչո՞ւ նույն զոհը չէին համարձակվում մատուցել ուրիշ տեղ` Աստծո սեղանից հեռու: Ուստի պարզ էր, որ զոհասեղանի մաքրությունն էր սրբագործում նաև զոհը: Բայց ոմանք այս խոսքն առնչում են մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ և «տաճար» անվանում Նրա մարմինը, ինչպես Ինքն ասաց. «Քանդե՛ք այս տաճարը» (Հովհ. 2:19), իսկ «ոսկի»` Խոսքին` անապականության պատճառով: Արդ` ոմանք Խոսքի մարդեղության մեջ Խոսքին Իր մարմնից մեծ են համարում, ուստի [Տերը] հանդիմանում է նրանց անմտությունը, որովհետև [աստվածության և մարդկության] միությունից և [Խոսքի]` մարմինը հաճությամբ առնելուց հետո գերազանցություն ու նվաստություն չկա [Տիրոջ բնությունների միջև]: Որովհետև թեպետ իրոք երկնային է ու երկրային, արարիչ ու արարած, սակայն Միևնույնն է թե՛ երկնային, թե՛ երկրային` ըստ Իր իսկ խոսքի. «Ոչ ոք չելավ երկինք, եթե ոչ Նա, Ով իջավ երկնքից` Մարդու Որդին, Ով երկնքում է» (Հովհ. 3:13): Ուստի այդ կարծիքը խափանել կամենալով` [Տերը] համեմատություն է գործածում. «Ի՞նչն է մեծ` ոսկի՞ն, թե Տաճարը, որ սրբագործում է ոսկին». ոչ թե Իր մարմինը Խոսքից մեծ է համարում, քա՛վ լիցի, այլ քանի որ Խոսքի զոհաբերման պատճառը մարմինը եղավ, որովհետև առանց մարմնի տաճարի անհնար էր, որ Աստված մեռներ և կամ մեզ փրկեր. թեպետ ամեն ինչի կարողությունն ուներ, բայց չեմ վարանում այդ մեկն անկարելի համարել: Այդ պատճառով էլ մարմին առավ, որով էր հնարավոր մեռնել, և Իր մարմնով մեռնելով` փրկեց մեզ: Ինչպես ասում է, Իր մարմինն է, որ բնությամբ ու տնօրինաբար Աստծուն մահվան մատնեց մեզ համար, որովհետև Աստված անմահ է և մեռավ:

    Երկրորդ խոսքով նաև մյուս կարծիքն է խափանում, որ վերոնշյալից ելնելով` ասում են, թե քանի որ մարմինը դարձավ Խոսքի տնօրենության պատճառը, ուստի մարմինը Խոսքից մեծ է: Որովհետև ասում են. «Ով երդվում է զոհասեղանով, ոչինչ է», այսինքն` Աստծով կամ խաչով, որի վրա [Քրիստոսը] զոհաբերվեց, իսկ «ով երդվում է Զոհով», որը խաչի վրա մարմնով մեռավ, «պե՛տք է [այդ երդումը կատարել]»: Այսպիսիներին` իբրև անմիտների, սաստում է [Տերը]` ասելով. «Ի՞նչն է մեծ»` մարմնի «զո՞հը», թե Խոսքի «սեղանը» կամ խաչը, որով Իր մարմինը զոհաբերեց մեզ համար` ըստ այսմ. «Ում Հայրը սրբագործեց և ուղարկեց աշխարհ» (Հովհ. 10:36), այսինքն` Աստծո Խոսքը Հոր կամքով սրբա գործեց ուղարկված Մարդուն 1263 որպես Հոր համար զոհ և անուշաբուրություն և [ասում է]. «Իշխանություն ունեմ դնելու սա» (Հովհ. 10:18): Արդ` սա ասելով` ոչ թե որևէ զանազանություն է մտցնում Աստծո և Իր մարմնի միջև, այլ, ինչպես ասացինք, հակառակ կարծիքին է պատասխան տալիս: Դա երևում է հաջորդ [խոսքից], ուր վերցվածին ու վերցնողին ըստ բնության և ըստ տնօրենության հավասար է ցույց տալիս:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ՝ ով որ երդուի սեղանի վրայ, այդ երդումը ոչինչ չի նշանակում. բայց ով որ երդուի նրա վրայ գտնուող ընծայի վրայ, պարտաւորւում է այն կատարել:
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 23:13