Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 26:18

Հովհաննես Ծործորեցի

Եւ Յիսուս նրանց ասաց. «Գնացէ՛ք քաղաք այսինչ անձի մօտ եւ նրան ասացէ՛ք. «Վարդապետն ասում է՝ իմ ժամանակը մօտեցել է, քեզ մօտ եմ անելու զատիկը իմ աշակերտների հետ միասին»»:

 

    Նա ասաց նրանց. «Գնացեք քաղաք այսինչ անունով [մարդու] մոտ և ասեք նրան. «Ուսուցիչն ասում է` ժամանակս մոտեցել է, քեզ մոտ եմ Զատիկը նշելու աշակերտներիս հետ»:

    Ինչո՞ւ է Զատիկը նշում: Որպեսզի ցույց տա, որ մինչև վերջին օրն էլ հակառակ չէ Օրենքին, ինչպես կարծում էին: «Գնացեք քաղաք այսինչ անունով [մարդու] մոտ»: Ղուկասը [ուղարկվածների] անուններն էլ է տալիս. «Ուղարկեց Պետրոսին ու Հովհաննեսին» (Ղուկ. 22։8): Ինչպես էշի ու նրա քուռակի պատրաստության ժամանակ [վարվեց], այդպես էլ Զատկի, որպեսզի [աշակերտները] հիշեին, որ ինչպես այնտեղ [Տերն] անասունների տերերի [սիրտը] կակղեցրեց, այդպես էլ այստեղ տան տիրոջ [սիրտն] է մեղմացնում: Իսկ այլաբանորեն` Պետրոսը ծերության պատճառով խորհրդանշում է [Աստծո] հին ժողովրդին, իսկ Հովհաննեսը երիտասարդության պատճառով` նոր ու այժմյան [ժողովրդին]` հրեա և հեթանոս, ովքեր հաղորդվեցին Հիսուսի չարչարանքներով [կատարված] փրկությանը:

    «Գնացեք քաղաք այսինչ անունով [մարդու] մոտ».

    ինչո՞ւ է անծանոթ մարդու մոտ ուղարկում: Նախ` որպեսզի ցույց տա, որ կարող է և չչարչարվել. եթե խոսքով հավանության է բերում մարդու միտքը, ինչպե՞ս չի կակղեցնի նաև խաչը հանողների [սիրտը], եթե կամենա չչարչարվել: Եվ երկրորդ` չի հիշատակում այդ մարդու անունը, ում վերնատանը պիտի նշեր Զատիկը, որպեսզի հայտնի չդառնար մատնիչին, որ [Հիսուսն] այնտեղ առանձնանալու է միայն աշակերտների հետ, և չշտապեր մատնելու` Նրան ամբոխից հեռու տեսնելով: Այլ [պետք էր], որ նախ վերնատանը կատարվեր բարձրագույն խորհուրդը, որի մասին միշտ սովորեցնում էր [Հիսուսը] նրանց, որ հավատային Իր մարմնի և արյան մասին [Նրա քարոզածին] 1457:

    «Ժամանակս մոտեցել է, քեզ մոտ եմ Զատիկը նշելու աշակերտներիս հետ»:

    Դարձյալ ցույց է տալիս Իր զորությունը, որպեսզի չհամարեն, թե ծածուկ է գնում [չարչարվելու], այլ աշակերտներն իսկ, որ դաստիարակվել էին Նրա ստեպ [կրկնվող] կանխասացությամբ, մտածեին խաչելության հանգամանքների մասին, միևնույն ժամանակ հյուրընկալն ու բոլոր հրեաներն էլ իմանային, որ Իր կամքին հակառակ չի գնում չարչարվելու, և վախից ազատվեր ու այն արհամարհեր այդ մարդը, ով [Հիսուսին հյուրընկալելու պատճառով] սպասում էր հրեաների կողմից մեծ նեղություններ ու անհաշտ պատերազմ կրելու: Այդ պատճառով էլ [Տերն] ասաց. «Քեզ մոտ եմ Զատիկը նշելու», իսկ հավելելը` «աշակերտներիս հետ», տեղեկացնում է համապատասխան պատրաստություն տեսնելու մասին:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ Յիսուս նրանց ասաց. «Գնացէ՛ք քաղաք այսինչ անձի մօտ եւ նրան ասացէ՛ք. «Վարդապետն ասում է՝ իմ ժամանակը մօտեցել է, քեզ մօտ եմ անելու զատիկը իմ աշակերտների հետ միասին»»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:17