Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 26:29

Հովհաննես Ծործորեցի

Բայց ասում եմ ձեզ, այսուհետեւ ես այլեւս որթատունկի բերքից չեմ խմի մինչեւ այն օրը, երբ ձեզ հետ կը խմեմ նորը իմ Հօր արքայութեան մէջ»:

   

    Բայց ասում եմ ձեզ. այսուհետև այլևս չեմ խմի որթատունկի բերքից մինչև այն օրը, երբ կխմեմ նորը ձեզ հետ Իմ Հոր արքայության մեջ:

    Սրանով ցույց է տալիս, որ Ինքն էլ խմեց այդ գինուց որպես օրինակ և ճշմարտապես խմելու էր մահվան բաժակը, որպեսզի երբ [աշակերտները] լսեին, չասեին. «Ինչպե՞ս կարող ենք արյունը խմել և մարմինն ուտել», և չգայթակղվեին, ինչպես այն ժամանակ` այդ խոսքից 1488: Նախ Ինքը խմեց` խոսքով` բաժակից և գործով` մահը, որպեսզի անխռով հասցներ նրանց այդ խորհրդին հաղորդվելու, ինչպես նաև համաձայնելու մեզ համար Իր մահվան չարչարանքներին: Այլև քանի որ չարչարանքների ու խաչի մասին խոսեց նրանց հետ, ապա արտահայտվում է նաև հարության մասին, որն էլ «արքայություն» է կոչում, քանի որ Իր հարությունն էլ է այդպես անվանում: Եվ իրավացիորեն է ասում` «այլևս չեմ խմի», «որովհետև Ով մեռավ, մեղքի համար մի անգամ մեռավ, և Ով կենդանի է, կենդանի է Աստծո համար, քանի որ այլևս չի մեռնելու, և մահը Նրան այլևս չի տիրելու»,-ասում է աստվածային առաքյալը (հմմտ. Հռոմ. 6։9-10):

    Բայց ինչո՞ւ [Տերը] խմեց հարությունից հետո 1489: Որպեսզի թանձրամիտները Նրա հարությունը թվացյալ չհամարեին, որովհետև [առաքյալները] Նրա հարության ապացույց էին նշում այն, որ [հարությունից հետո] Նրա հետ կերել ու խմել էին:

    Իսկ ի՞նչ է նշանակում «նորը»: [Նշանակում է] չնաշխարհիկը, այն, որ [Տերն] այդուհետև չարչարելի մարմին չէր ունենալու, այլ անեղծ, անապական ու կերակրի անկարոտ, որովհետև հարությունից հետո ոչ թե կարիքից կերավ ու խմեց, այլ հարությունը հաստատելու համար: Եվ ասում է` «ձեզ հետ», այսինքն` դուք ևս կվկայեք, որովհետև ինքներդ կտեսնեք Ինձ հարություն առած և վկա կլինեք գործերին` արդյունքով ու դեմքով:

    Ինչո՞ւ երբ [Տերը] հարություն առավ, ոչ թե ջուր խմեց, այլ գինի: Նախ` որպեսզի ցույց տար, որ այն մարմնով, որը մահվան բաժակից խմեց և չարչարվեց, այդ նո՛ւյն մարմնով հարություն առավ: Երկրորդ` որպեսզի մյուս հերձվածն էլ արմատախիլ աներ, որովհետև ոմանք սուրբ Խորհրդի ժամանակ ջուր են կիրառում, այսինքն` գինու փոխարեն ջրով են պատարագում: Դրանք եբիոնականներն 1490 են, ովքեր Հիսուսին լոկ մարդ էին համարում, որը հացով էին ցույց տալիս, իսկ ջուր դնելով` [Նրա] մեռած լինելը հայտնում, ուստի չէին գործածում գինի, որը Խոսքի անապականությունն է ցույց տալիս և մահվան մեջ` կենդանությունը: Այստեղ [Տերը] ցույց է տալիս, որ երբ այս խորհուրդն ավանդեց, գինով ավանդեց` համոթ նրանց, և երբ հարություն առավ, առանց խորհրդի` սեղանին միայն գինին խմեց, որովհետև ասաց` «որթատունկի բերքից», իսկ որթատունկը գինի է ծնում և ոչ թե ջուր:

    «Հոր արքայություն»է [Տերը] կոչում նաև գալիք հարությունը, որի ժամանակ սրբերը, Հոր սեղանի շուրջ բազմած, վայելելու են` ըստ այսմ. «Իմ Հոր սեղանի շուրջ կնստեցնեմ ձեզ և կանցնեմ կծառայեմ» (հմմտ. Ղուկ. 12։37): Արդ` չենք հասկանում, թե Աստծո արքայության մեջ, ըստ առաքյալի, կերակուր ու ըմպելիք կա 1491, ինչպես որ [Տերը] սադուկեցիներին ասաց. «Հարության ժամանակ ոչ կանայք մարդու են գնում, ոչ էլ տղամարդիկ կին առնում, այլ երկնքում հրեշտակների պես են» (Մատթ. 22։30): Եվ քանի որ գիտենք, որ անմարմին զվարթունները 1492 կերակրի կարիք չունեն, ապա ինչո՞ւ ասաց.

    «Չեմ խմի որթատունկի բերքից մինչև այն օրը, երբ կխմեմ նորը ձեզ հետ Իմ Հոր արքայության մեջ»:

    Կամ ծանոթ իրողություններով հայտնեց [աշակերտների] առավել մեծ պատիվը [երկնքում], որովհետև ավելի մեծ պատիվ չի կարող լինել նրանց համար, քան Նրա սեղանից ուտելն ու խմելը, կամ էլ դրան նմանեցրեց Իր մահվան խորհուրդը, որն ամբողջապես այժմ չկարողացանք հասկանալ, բայց այնտեղ հայտնի է դառնալու, և ա՛յն «կխմեմ,- ասում է [Տերը],- ձեզ հետ»: Դա կատարյալ ու նոր ուսմունքը Նրա վայելեցնելն ու մեր վայելելն է, որովհետև այժմ միշտ նոր է «շատից փոքրը ճանաչելը»` խորհրդաբար և «հայելիով»`ըստ առաքյալի 1493: Համարձակվում եմ ասել, որ թեպետ այժմյանը ճշմարտությունն է աղոտ ու ստվերական հնի, սակայն նախօրինակն է գալիքի` միշտ նորի ու հավիտենականի 1494: Իսկ «մինչև»-ն [այստեղ նշանակում է] «անկետ ու անվախճան», որովհետև [Տերը] միշտ սովորեցնում է, և մենք միշտ սովորում և «փառքից փառք ենք նորոգվում` որպես Տիրոջ Հոգուց» (Բ Կոր. 3։18): Եվ ասում է` «ձեզ հետ կխմեմ», որովհետև [նոր գինին] ասես Կերակրողի վարդապետության կերակուրն է, որով նաև Նա է ցնծում ու վայելում` ուրախանալով մեր նորոգությամբ:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

29-30․ Բայց ասում եմ ձեզ, այսուհետեւ ես այլեւս որթատունկի բերքից չեմ խմի մինչեւ այն օրը, երբ ձեզ հետ կը խմեմ նորը իմ Հօր արքայութեան մէջ»: Եւ օրհներգեցին ու ելան Ձիթենեաց լեռը:
   
    Կտակի քարոզը և դրան հետևող աղոթքը ոմանք ընդունում են, որ Հիսուս խոսել է ոչ թե վերնատանը, այլ վերնատնից դուրս` Գեթսեմանիի ճանապարհին: Վերջիններիս գլխավոր փաստն է «Օ՛ն, արիք, գնասցուք աստի» խոսքը, որը մենք արդեն իր տեղում բացատրեցինք (Հովհ. 14:25-31): Սակայն այդ ենթադրությունը, ինչպես շատերի, այնպես էլ մեզ համար նախընտրելի չէ:
    Համոզվելու համար, որ նրանք ճանապարհով քայլելիս սրա նրա հետ պատահական և ընդհատ խոսակցության ձև չունեն` բավական է ուշադրություն դարձնել կտակի քարոզի խոսքերի ընթացքին ու ոճին, վեհությանն ու նպատակին: Անհնար է նաև ենթադրել, թե գիշերով Երուսաղեմի փողոցներով քայլելիս, Հիսուս կարողանար առաքյալներին կանոնավոր շրջան կազմած և ունկնդրության բոլորված դիրքում պահել, որպեսզի ամենքը հավասարապես ու ուշադիր լսեին Իր ասածներն ու ամփոփեին մտքերում: Եթե Հիսուսի խոսքերը ճանապարհի վրա ասված լինեին, ապա ավետարանիչը դրանց այդքան կարևորություն չէր տա, այլ պարզապես ինչ-որ ձևով կհասկացներ: Մանավանդ չէր կարող ասել, թե Հիսուս, այս խոսքերն ավարտելուց հետո, ճանապարհ դուրս եկավ. «Զայս իբրև ասաց Յիսուս, ել աշակերտօքն հանդերձ»:
   Ուրեմն, զատկական ընթրիքն ավարտվեց վերջին աղոթքից հետո և դրանից հետո դատարկվեց վերջին բաժակը, երգվեց փակման երգը, որ 16 սաղմոսն է. «Յելանելն Իսրայէլի» և «Մի՛ մեզ, Տէ՜ր, մի՛ մեզ»: Դրանից հետո Հիսուս մեկ անգամ էլ կրկնեց հրաժեշտի ողջույնը. «Ամէն ասեմ ձեզ , ճշմարտապես ու վստահաբար եմ ասում ձեզ, թե այլևս այս աշխարհում որթի պտղից քամված գինուց պիտի չխմեմ, այլ սպասելու եմ, որ հասնի այն օրը, երբ ամենքս կհավաքվենք Երկնքի Արքայությունում ու այնտեղ միասին կխմենք երկնային երանության իմանալի բաժակից»: Ավելի համառոտ Հիսուս կամենում էր ասել. «Այս աշխարհում այլևս մեկտեղ չենք: Սպասում ենք անդրաշխարհում տեսնվելուն»: Այս բացատրությունը Ղուկասը մեջ է բերում առաջին բաժակի հետ (Մատթ. 24:42-51), իսկ Մատթեոսն ու Մարկոսը միացնում են Մարմնի և Արյան խորհրդի բաժակին, որը ներքնապես չի հարմարվում, քանի որ «ի բերոյ որթոյ» պարզ կոչումը չի կարող վերաբերվել խորհրդական ու նվիրական բաժակին, այլ պետք է այն պատշաճեցնել պարզ ու սովորական գինու բաժակին: Ավետարանները սովորաբար, Հիսուսի խոսքերը մեջբերելիս, ամփոփումներ են կատարում` առանց ուշադրության արժանացնելու բաժանումներն ու պարագաները և նյութի բնույթն ու հանգամանքների ուսումնասիրությունը մեզ պիտի առաջնորդեն միայն մեկնություններ ու պարզաբանումներ կատարելու:
    Դեռ վերնատնից չմեկնած` վերջին երգի հիշատակությունն էլ վերցնում ենք ավետարանիչներից: Մատթեոսը գրում է. «Եւ օրհնեցին եւ ելին», Մարկոսը` «Եւ գոհացեալ ելին»: Այնուհետև երկուսն էլ ավելացնում են, թե զատկական ընթրիքին վերաբերող արարողություններից ոչ մեկը զանց չեղավ, թեպետ խիստ հուզումնալից և բոլորովին տարօրինակ միջադեպեր ու հանգամանքներ տեղի ունեցան այդ նշանավոր ընթրիքի ժամանակ:
    Ըստ սովորության, ընթրիքն սկսվել էր մայրամուտին և արդեն մթնել էր, երբ Հուդան թողեց վերնատունը և մեկնեց: Դրանից հետո կատարվեց Մարմնի ու Արյան խորհուրդը և խոսվեց կտակի քարոզը: Մեկ կամ մեկուկես ժամ էլ պիտի հատկացնենք այս գործողություններին և պիտի կարծենք, թե արևամտից հետո կամ արևելյան ժամահաշվով` մոտավորապես ժամը երկուսը կամ երեքն էր, երբ Հիսուս թողեց վերնատունը, դուրս գալով հյուրընկալ տնից, Իր սովորության համաձայն, բռնեց Ձիթենյաց լեռան ճամփան «Ելեալ գնաց ըստ սովորութեան ի իեռն Ձիթենեաց»: Վերնատնից պիտի գնար դեպի քաղաքի արևելյան կողմը, մոտենար տաճարի բակին, դուրս գար քաղաքից այն երեք դռներից մեկով, որ գտնվում էին այդ կողմում և ժամանակին կոչվում էին Երիվարաց, Արևելյան, Դատաստանաց դռներ: Այնտեղից փոքր-ինչ զառիվայր պիտի իջնեին դեպի Կեդրոնի ձորակը ու այդտեղով անցնելով, նորից կամաց-կամաց պիտի բարձրանային դեպի Ձիթենյաց լեռը և ոչ թե մինչև լեռան գագաթը պիտի բարձրանային, այլ մնային լեռան ստորոտում` Գեթսեմանի կոչված տեղում: Քանիցս հիշեցինք, թե Հիսուս Երուսաղեմում գիշերելու սովորություն չուներ, այլ միշտ դուրս էր գալիս քաղաքից և հանգամանքների ու տրամադրելի ժամերի համաձայն` ճանապարհին մի հարմար տեղ գիշերում: Լեռան առաջակողմում Գեթսեմանին էր, ավելի վեր` Ձիթենյաց գագաթը, մյուս կողմում` Բեթփագեն, իսկ հաջորդ ստորոտում` Բեթանիան, և ուր կարողանում էր հասնել, մինչև այնտեղ էլ գնում էր: Գեթսեմանին էլ Հիսուսի գիշերային սովորական օթևաններից մեկն էր, որովհետև Հովհաննեսը բացահայտ գրում է «Գիտէր Յուդա զտեղին, զի բազում անգամ ժողովեալ էր անդր Յիսուսի աշակերտօքն հանդերձ»: Ուրեմն, վերջին օրերի օթևանն էր, ինչպես եղավ այդ գիշեր: Եթե մի կողմից ուշանալու հանգամանքը պատճառ էր դառնում Գեթսեմանիի օթևանը նախընտրելուն, ապա մյուս կողմից, Երուսաղեմին շատ մոտ գտնվելով, դյուրություն էր ընծայում փրկագործության խորհրդի կատարմանը:
    Գեթսեմանին մինչև այժմ դասվում է Սուրբ Տեղյաց սրբավայրերի կարգին: Նրա նախնական վիճակի մասին խոսելիս` Մատթեոսն ու Մարկոսը այն մի գիւղ են անվանում, բայց սուրբ տեղերի հետաքննողները, այնտեղ շինությունների հետքեր չգտնելով, կասկածում են, թե այնտեղ օրինավոր գյուղ եղած լինի: Գեթսեմանի անունը թարգմանվում է որպես Ձիթահանք: Հնարավոր է, որ Ձիթենյաց լեռան ստորոտում ձեթ քամելու գործարան եղած լինի, շուրջը սակավաթիվ բնակարաններ ունենալով` կարող էր շեն կամ գյուղ կոչվել: Վերջապես, անցորդների համար օթևանելու հարմար տեղ էր: Հիսուս այստեղ է հասնում գիշերվա ժամը երեքի կողմերը:
    Այսօրվա ժամահաշվով, այդ գիշերը մենք հինգշաբթի գիշեր ենք անվանում,որովհետև օրվա սկիզբը կեսգիշերից ենք հաշվում: Բայց քանի որ հին ու արևելյան ժամահաշվով օրվա սկիզբը հաշվվում էր արևը մայր մտնելուց, ապա պետք է Հիսուսի մատնության ու տառապանքների գիշերը համարել ուրբաթ գիշերը` Գեթսեմանիում անցկացրած տագնապի ժամերից սկսելով: