Հովհաննես Ծործորեցի
Եւ օրհներգեցին ու ելան Ձիթենեաց լեռը:
Օրհնեցին ու Ձիթենյաց լեռը ելան:
[Տերը] նախ հանդիմանում է նրանց, ովքեր խոզի պես հենց այնպես են ուտում [Հաղորդության հացը]` ոտնատակ տալով պատվական Սեղանը և հարբած վիճակում մոտենալով, երբ հարկ էր, որ գոհանային և օրհնությամբ ավարտեին [խորհրդի կատարումն] ի փառս Աստծո` ըստ առաքյալի 1495: Երկրորդ` ամաչեցնում է նրանց, ովքեր սուրբ Խորհրդի աղոթքների ավարտին չեն սպասում, որովհետև [Տիրոջ կատարածը] սրա օրինակն էր, որ գոհացավ նախքան խորհուրդն ավանդելը, որպեսզի մենք ևս գոհանանք. գոհացավ ու օրհնեց նաև [սեղանից] վեր կենալուց հետո, որպեսզի մենք ևս նույնն անենք: Իսկ Ձիթենյաց լեռ ելնելով` Իրեն հայտնի է դարձնում նախքան բռնվելը, որպեսզի չկարծեն, թե թաքնվում է. շտապեց գալ այն տեղը, որը Հուդան էլ քաջ գիտեր, ինչպես ասում է Հովհաննեսը 1496, իսկ Զաքարիան գրում է. «Այն օրը նրա ոտքերը կկանգնեն Ձիթենյաց լեռան վրա` Երուսաղեմի հանդեպ, և Ձիթենյաց լեռը չորս մասի կպատռվի» (հմմտ. Զաք. 14։4), որովհետև Իսրայելի քահանայությունն առաքյալների ձեռքով խափանվելու էր արևելքում ու արևմուտքում, հյուսիսում ու հարավում:
Իսկ այլաբանական մեկնությամբ` «օրհնեցին և Ձիթենյաց լեռը ելան» ասելով` [ավետարանիչն] ուսուցանում է, որ աստվածային Խորհրդի գոհությունը կատարելով մարմնով` նշանակների 1497 միջոցով` մտքով պիտի բարձրանանք հավիտենական լուսավոր լեռների 1498 մոտ և այնտեղ նրանց հետ անմարմնաբար, մտավոր պաշտամունքով ու իմանալի նշանակներո՛վ պատարագենք մեր Հիսուսին, որի համար և այս նշանակները որպես օրինակ կարգվեցին: Մենք ևս թող մասնակցենք երկնային քահանայապետությունների պաշտամունքին և նրանց հետ միշտ սպասավորենք կենդանի Աստծուն` բարձր խորհուրդներով ու լուսավոր գործերով` ըստ ձիթենիների օրինակի 1499, ի փառս գթությունների Հոր, ի շնորհս Միածին Որդու և ի սեր ամենասուրբ Հոգու, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ օրհներգեցին ու ելան Ձիթենեաց լեռը:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:29
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: