Հովհաննես Ծործորեցի
Այն ժամանակ նրանց ասաց. «Հոգիս տխուր է մահու չափ. այստե՛ղ մնացէք եւ ինձ հետ հսկեցէ՛ք»:
Այդժամ ասաց նրանց. «Հոգիս տրտում է մինչև մահ. մնացե՛ք այստեղ և հսկե՛ք Ինձ հետ»:
Խոսք Աստված, երբ մարդացավ, ընդունեց նաև մարդու կրքերը 1510, ուստի երբ կամենում էր (և ոչ թե հարկադրաբար), թույլ էր տալիս Իր մարմնին կամավորապես կրել իրեն հատուկ կրքերը, ինչպես քաղցը, հոգնածությունը, արտասվելը և մնացած բոլոր անպարսավելի կրքերը, ինչպես նաև վախն ու տրտմությունը, որպեսզի արտասուքը, հոգնածությունը, վախն ու տրտմությունը վերացներ նրանցից, ովքեր մահվան վախով, որպես վտարանդիներ, [կրքերի] ծառայության մեջ էին: Եվ թեպետ բովանդակվեց Անբովանդակելին և կրում էր մարմնի կրքերը, սակայն Իր անախտության 1511 մեջ մնում էր անփոփոխ ու անկասկածելի և աստվածախառն 1512 մարմնով սքանչելագործում էր, ինչպես ասացի, այլապես, եթե մահվանից վախենում էր, ինչպե՞ս էր աշակերտներին քաջալերում թե` «Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր սպանում են մարմինը» (Մատթ. 10։28), և թե` «Իշխանություն ունեմ տալու [Իմ կյանքը] և իշխանություն ունեմ դարձյալ առնելու» (հմմտ. Հովհ. 10։18), որով ցույց է տրվում Նրա մահվան կամավոր լինելը:
Իսկ ասելը` «Հոգիս տրտում է մինչև մահ», նշանակում է` կամ` «մահուչափ տրտմած եմ», ոչ միայն Իր համար, որ իսկապես մեռնելու էր, այլև Նրա մահվան պատճառով կորստյան մատնվածների 1513, կամ էլ` «Տրտմությունս մինչև մահն է», որովհետև երբ մարմինը մեռնում է, այնուհետև այլևս տրտմություն չի կրում, այլ նույնիսկ ուրախանում է, որ կապանքներից ազատվեց: [Այս խոսքը նշանակում է] նաև` «[Իմ] մահվանից հետո, որ տրտմություն է ձեզ համար, Իմ հարության միջոցով ուրախություն է հասնելու ձեզ». նրանց հանդեպ սիրո պատճառով Իր հոգուն է վերագրում [տրտմությունը]: Եվ ասում է. «Հսկե՛ք Ինձ հետ». կամ` աղոթե՛ք Ինձ համար, կամ էլ` զգաստ ու արթո՛ւն մնացեք մինչև Իմ հարությունը:
Ստեփանոս Սյունեցի
38-39․ Այն ժամանակ նրանց ասաց. «Հոգիս տխուր է մահու չափ. այստե՛ղ մնացէք եւ ինձ հետ հսկեցէ՛ք»: Եւ մի փոքր առաջ գնալով՝ ընկաւ իր երեսի վրայ, աղօթեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթէ կարելի է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ՝ ինչպէս ես եմ կամենում, այլ՝ ինչպէս դու»:
«Այն ժամանակ նրանց ասաց. «Հոգիս տրտում է մինչև ի մահ»: Եվ քիչ հետո ասում է: «Հա՛յր իմ, եթե կարելի է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ՝ ինչպես ես եմ կամենում, այլ՝ ինչպես դու»:
Սկսեց տրտմել, հոգալ և աղոթել, որ եթե հնարավոր է, բաժակը հեռացվեր Իրենից: Ո՜վ Փրկիչ, Աստծու Միածին Որդի՛, նախապես ասացիր, թե Մարդու Որդին մատնվելու է մեղավորների ձեռքը, խաչն է ելնելու և երրորդ օրը հարություն է առնելու, և ինչպե՞ս կարելի է «բաժակը հեռացնել» և սուտ հանել խոսքերը: Այո, -ասաց, -որպես ճշմարիտ մարդ տրտմում, հոգում և աղոթում եմ Իմ Հորը, և երկրորդ, քանզի գիտեմ, թե իմ արյան համար վրեժխնդրություն է լինելու՝ տաճարի կործանում և քաղաքի հրկիզում և բյուրավոր [մարդկանց] կոտորում. ոմանց՝ սովով, ոմանց՝ սրով և ուրիշներին՝ գերության քշելով, որը եղավ Հռոմի Վեսպասիանոս կայսեր կողմից: Բայց ոչ թե Իմ կամքը լինի, այլ Հոր, որպեսզի նրանց անհավատությամբ հեթանոսներին փրկություն լինի, և Ի՜մ մահով ամենքը փրկվեն մահվանից:
Մաղաքիա արք. Օրմանյան
Այն ժամանակ նրանց ասաց. «Հոգիս տխուր է մահու չափ. այստե՛ղ մնացէք եւ ինձ հետ հսկեցէ՛ք»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:36

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: