Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 26:50

Հովհաննես Ծործորեցի

Իսկ Յիսուս նրան ասաց. «Ընկե՛ր, սրա՞ համար դու եկար»: Այն ժամանակ, մօտենալով, ձեռք բարձրացրին Յիսուսի վրայ ու նրան բռնեցին:
   
    Հիսուսն ասաց նրան. «Ընկե՛ր, ինչի՞ համար ես եկել»:

    Չասաց` «Իմ բարեկամ» կամ «սիրելի», այլ «ընկեր»: Եվ չասաց` «Իմ», որովհետև եթե տասներկուսի դասից հրաժարվեցիր, ասում է [Տերը], և ընկեր դարձար չարերին ու անիրավներին, Ես էլ ըստ այդմ եմ քեզ կոչում, ապա թե ոչ` ինչո՞ւ նրանց հետևից եկար: Ուրիշ կերպ ևս [կարելի է բացատրել]. ընկե՛ր, Իմ դեմ եկար և թեպետ ջանում ես սա ծածկել այդ համբույրով, բայց Ինձ հայտնի է` ինչի համար ես եկել. ոչ թե պատվելու, այլ մահվան մատնելու: Կամ էլ` հնազանդությամբ չմնացիր աշակերտի կարգում, այլ որպես քեզ հավասարապատիվ մեկի` Ինձ անպատվությամբ հանձնում ես մահվան դատաստանի:

    Բայց [Տերը] չարգելեց նրան, այլ համաձայնեց համբույրն ընդունել:

    Այդ ժամանակ մոտեցան, ձեռքերը դրին Հիսուսի վրա և բռնեցին Նրան:

    Երբ Իրեն հայտնեց ու նրանց ձեռքը հանձնեց, դրանից հետո՛ բռնեցին, քանի որ Ի՛նքը կամեցավ իբրև ճնճղուկ ընկնել որսորդների ձեռքն այն գիշեր, որում Զատկի կապված [գառն] էին ուտում: Սաստիկ լցված էին մոլությամբ, բայց չէին կարողանա [Հիսուսին բռնել], եթե թույլ չտրվեր: Սակայն սա չի ազատում Հուդային, այլ խիստ դատապարտում է, որովհետև տեսած լինելով Նրա անչափ զորության, ինչպես նաև հեզության դրսևորումները` գազանից էլ դաժան գտնվեց:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Իսկ Յիսուս նրան ասաց. «Ընկե՛ր, սրա՞ համար դու եկար»: Այն ժամանակ, մօտենալով, ձեռք բարձրացրին Յիսուսի վրայ ու նրան բռնեցին:
   
    Վերջապես Հիսուսին ձերբակալելու եկող խումբը՝ բարապաններն ու զինվորները առջևից, որպես հատուկ աշտոնյաներ, և քահանայապետերն ու դպիներ նրանց երևից, որպես գործի կատարմանն ու ապահովությանը հսկողներ, սկսում են դեպի Հիսուսը շարժվել և չորս կողմից նրան շրջապատել, որպեսզի ձերբակալեն, կապեն ու տանեն։ Առաքյալների մասին մտածող կամ նրանց ևս բռնել ցանկացող անգամ չկար։ Սինեդրիոնը այդպիսի որոշում և հրահանգ չէր տվել։ Նրանք առաքյալների վրա ուշադրություն էլ չդարձրին, լավ իմանալով, որ իրենք իրենց որևէ բանի կարող մարդիկ չեն և որ ամեն ինչը Հիսուսին է ու
Նրան մեջտեղից վերացնելով, Նրա անունով սկսված շարժումը ինքն իր տեղում կմարի և կվերջանա։
    Կասկածից վեր է նաև, որ այդ պահին Տասնմեկը հավաքված էին Հիսուսի շուրջը, թեպետև Ավետարանում Հիսուսի՝ երեքին միանալուց հետո, ութին միանալու մասին խոսք չկա։ Սակայն անհնար է, որ նրանք ամբոխի գալուց արթնացած չլինեին, ինչպես և անհնար է, որ Հիսուսի մոտ գտնվող երեքը մյուս ընկերներին ձայն տված և ոտքի հանած չլինեին։