Հովհաննես Ծործորեցի (†1338)
59-60. Իսկ քահանայապետներն ու ամբողջ ատեանը Յիսուսի մասին սուտ վկայութիւն էին փնտռում, որպէսզի նրան սպանեն, բայց ներկայացող բազում սուտ վկաների մէջ չէին գտնում այն: Յետոյ առաջ եկան երկու սուտ վկաներ.
Իսկ քահանայապետերն ու ամբողջ ատյանը սուտ վկայություն էին փնտրում Հիսուսի դեմ, որպեսզի սպանեին Նրան, չէին գտնում ներկայացված բազմաթիվ սուտ վկաների միջոցով:
Կեղծավորությամբ ատյան կազմեցին, որովհետև, ըստ Օրենքի, չէին կամենում առանց վկայի դատել 1536, և քանի որ վկա չկար, նախ միմյանց հետ խորհրդակցեցին, թե նենգությամբ ինչ պատճառ ներկայացնեն դատավորին, բայց չէին գտնում շատերի խիստ անհարմար վկայություններ տալու պատճառով, որոնց ոչ ոք չէր հավատա: Այդպիսին էր նրանց ատյանը` լի ամեն խռովությամբ ու ամբոխով, որովհետև եթե սուտ էին վկայում, ըստ Օրենքի` նրանց էլ էր պետք սպանել 1537, բայց քանի որ համախոհ էին միմյանց, ոչ ոքի դատել չէին կամենում, այլ միայն մեկին` ըստ Ովսեեի մարգարեության. «Քահանաները միաբանվեցին ճանապարհին և սպանեցին Սյուքեմին» (հմմտ. Ովսե 6։9), այսինքն` Քրիստոսին:
Սակայն ինչո՞ւ [մեղադրանքների մեջ] շաբաթը չէին հիշում: Որովհետև շատ անգամ էր [Հիսուսը] դրա համար նրանց ըմբերանել, այլև կամենում էին այդ ժամի խոսքերից մեղադրել Նրան: Իսկ ինչո՞ւ գաղտնի չսպանեցին, այլ վկայություն էին փնտրում: Որովհետև կամենում էին Նրա կարծիքները խոտան հանել. քանի որ շատերն էին հավատացել Նրան և զարմանում էին Նրա գործերի վրա, ուստիև հրապարակավ էին կամենում սպանել: Այլև ոչ ոքի սպանելու իրավունք չունեին Հռոմեական տերության պատճառով:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
59-63․ Իսկ քահանայապետներն ու ամբողջ ատեանը Յիսուսի մասին սուտ վկայութիւն էին փնտռում, որպէսզի նրան սպանեն, բայց ներկայացող բազում սուտ վկաների մէջ չէին գտնում այն: Յետոյ առաջ եկան երկու սուտ վկաներ. ասացին. «Սա ասում էր՝ Աստծու տաճարը կարող եմ քանդել եւ երեք օրում շինել»: Եւ քահանայապետը վեր կենալով՝ նրան ասաց. «Պատասխան չե՞ս տալիս, քո մասին ի՞նչ ամբաստանութիւն են անում դրանք»: Եւ Յիսուս լուռ էր մնում: Քահանայապետը խօսեց եւ նրան ասաց. «Երդուեցնում եմ քեզ կենդանի Աստուծով, որ մեզ ասես, թէ դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»:
Որեւէ դատական գործ, որ հանցապարտ ճանաչելու վերաբերյալ է, պետք է հաստատվեր վկաներով եւ այն էլ ոչ երբեք մեկ վայրով Թիվք. 35:30 , այլ միշտ երկու կամ երեք վկաներով Երբ. 10:28 : Սինեդրիոնն էլ, ամեն ինչ կանոնավոր անելու ցուցադրությամբ, իր դատավարությունը սկսում է վկաների ունկնդրությամբ. հրավիրում է, որ Նազովեցի Հիսուսի ապօրեն գործերի մասին իմացողները առաջ գան եւ ատյանի առաջ վկայեն իրենց իմացածը, տեսածը եւ լսածը։ Անշուշտ, ժողովականները նախօրոք իրենց բարեկամների եւ կողմնակիցների միջից ոմանց շինծու վկայություններ տալու համար կարգադրոջթյուններ էին գալիս, մեկը մի բան էր ասում, մյուսը ուրիշ բան պատմում, սակայն, ինչպես առածն է ասում, ստի ոտքերն կարճ են։ Բոլոր տված վկայությունները ամենեւին դրանց ուժ տալու կամեցողության, որովհետեւ նման միմեանց ոչ էին վկայութիւն, այլ մեկի ասածը մյուսին հակառակ էր եւ իրար ստում էին։
Երբ այսպես շատերն էին ելնում ու խոսում, եւ երկու իրար համաձայն վկայողներ գտնելը չէր հաջողվում, մի վերջին ճիգ գործադրեցին, որ գոնե երկու հոգի գտնվեն, որոնք միեւնույն բանի վրա իրար համաձայն վկայություն տան։ Վերջապես երկու հոգի առաջ են գալիս, եւ մեկը վկայում է, թե՝ «Նազովեցի Հիսուսն ասել է,թե կարող է քանդել Աստծու տաճարը եւ երեք օրում վերաշինել»։ Մյուսն էլ է գալիս եւ ասում. «Ես Նազովեցի Հիսուսի բերանից լսեցի, որ ասում էր, թե ես այդ ձեռակերտ տաճարը պիտի քանդեմ եւ երեք օրում պիտի վերաշինեմ առանց ձեռքով կերտելու»։ Ավելի զորեղ վկայություն չգտնելով, այս երկու վկայությունները ժողովի նախագահը վավերական եւ բավական համարեց եւ Հիսուսին դառնալով՝ հարցրեց, թե այդ վկայությունների դեմ ի՞նչ ասելիք ունի։ Հիսուս լուռ է։ Քահանայապետը կրկնում է. «Ինչո՞ւ ես լռում, ինչո՞ւ չես պատասխանում. չե՞ս լսում, թե քո դեմ ինչպիսի ծանր ամբաստանություններ են անում»։ Հիսուս դարձյալ լռում է։
Սովորաբար կռողի համար ասու ենք, թե պատասխան չիի կարողանում տալ, ուստի լռում է եւ դրա համար էլ ասում ենք, թե լռությունը հավանության նշան է։ Բայց Հիսուսի լռությունը այլ էր, եւ այդ իմաստը չուներ։ Բոլորին հայտնի էր ամբաստանության շինծու եւ վկայության սուտ լինելը, իսկ դատավարությու անող ժողովականներն էլ գիտեին ամբաստանությունների ինչպիսին լինելը, դրա համար էլ, հակառակ քահանայապետի պնդումների, ոչ ոք այդ վկայություններին կարեւորություն չտվեց։
Գալով երկու վկաների ասածներին ,նշենք ,որ այդպիսի խոսք Հիսուս ասել էր առաջին զատիկի (Հովհ. 2:13-25), բայց երեք տարի առաջ ասած խոսքը հիշելը այնքան էլ հավանական չի երեւում, ուստի մենք էլ անհավանական չենք համարում այն, որ նման խոսք կրկնած լիներ վերջին զատկից մի քիչ առաջ, հանդիսավոր մուտքի հաջորդ երկուշաբթին՝ տաճարը նորից մաքրելու ժամանակ (Մատթ. 21:18--19)։Սակայն Հիսուսի խոսքերը շատ այլայլված եւ խեղաթյուրված կերպով բերեցին հիշյալ վկաները։ Հիսուս երբեք չի ասել, թե ինքը պիտի քանդի տաճարը, ինչը թշնամական վերաբերմունք կդիտվեր, այլ այլ միայն ասաց, որ եթե տաճարն քանդեն, ինքը երեք օրոջմ կարող է շինել։
Բացի այդ, Հիսուսի խոսքերը ոչ թե տառական, այլ՝ փոխաբերական իմաստով են ասվել, որը հայտնի է նույն ժամանակ փոխանակած խոսքերից, եւ նորից այն տառական եւ նյութական իմաստի վերածելը կամայական խեղաթյուրում էր։ Եվ կարծես այդ խեղաթյուրումը շեշտելու համար էր, որ տաճարի ձեռակերտ լինելու եւ վերաշինության անձեռակերտ լինելու մասին հատվածները վկաները կցեցին իրենց խոսքին։
Ինչ էլ որ լիմեր, վկայությունների նյութը Հիսուսի լօռությամբ կորցրեց իր ուժը եւ սինեդրիոնը չկարողացավ վկայությունների ճնշման տակ որոշման հանգել։ Թերեւս Հիսուսի հայացքն ու դեմքն անգամ բավական եղան ցույց տալու վկայությունների անզորությունը եւ դրա համար էր, որ ավելորդ եղավ բերանով, կենդանի խոսքով եւ մերժողական բացատրությամբ դրանք հերքել։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: