Հովհաննես Ծործորեցի (†1338)
71-72. Եւ երբ նա գաւթից դուրս ելաւ, նրան տեսաւ մի այլ կին եւ այնտեղ կանգնածներին ասաց. «Սա էլ Յիսուս Նազովրեցու հետ էր»: Եւ դարձեալ նա երդումով ուրացաւ, թէ՝ այդ մարդուն չեմ ճանաչում:
Եվ երբ դռնից դուրս եկավ, նրան մի այլ կին տեսավ և ասաց նրանց, որ այնտեղ էին. «Սա էլ էր Նազովրեցի Հիսուսի հետ»: Դարձյալ ուրացավ երդվելով. «Չգիտեմ այդ մարդուն»:
Պետրոսը խույս տվեց այդ տեղից, որ այլևս ոչ ոք նրան չկշտամբեր` որպես նշան մեզ համար, որ փորձության սկզբում պետք է խույս տալ տեղից` ըստ մարգարեի 1546: Բայց քանի որ դա Տիրոջ որոշումն էր և պիտի լիներ [Պետրոսին] զգաստացնելու համար, որպեսզի անձնապարծ չլիներ ոչ նա, ոչ էլ այլ ոք, ուստի երբ դուրս եկավ, մի ուրիշն ասաց. «Դու էլ էիր Հիսուսի հետ», իսկ նա դարձյալ ոչ միայն ուրացավ, այլև երդվելով, և դա` ոչ թե դատավորների առաջ ու սպառնալիքի տակ, այլ դռան մոտ և ասես կասկածանքով ասված խոսքից թե` «Սա էլ էր Նրա հետ». ուրացավ և մի տառապյալ ու թշվառ աղջկանից զարհուրելով դողաց` [ասելով]. «Չգիտեմ այդ մարդուն»:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
71-75․ Եւ երբ նա գաւթից դուրս ելաւ, նրան տեսաւ մի այլ կին եւ այնտեղ կանգնածներին ասաց. «Սա էլ Յիսուս Նազովրեցու հետ էր»: Եւ դարձեալ նա երդումով ուրացաւ, թէ՝ այդ մարդուն չեմ ճանաչում: Եւ մի քիչ յետոյ այնտեղ գտնուողները, մօտենալով, Պետրոսին ասացին. «Իրօք, դու էլ նրանցից ես, քանի որ քո խօսուածքն էլ քեզ յայտնի է անում»: Այն ժամանակ նա սկսեց նզովք կարդալ ու երդուել, թէ՝ այդ մարդուն չեմ ճանաչում: Եւ իսկոյն աքաղաղը կանչեց: Եւ Պետրոսը յիշեց Յիսուսի խօսքը, որ նա ասել էր, թէ՝ դեռ աքաղաղը չկանչած՝ երեք անգամ ինձ պիտի ուրանաս: Եւ դուրս ելնելով՝ դառնապէս լաց եղաւ:
Մինչ քահանայապետարանի դահլիճում ընթանում էր Հիսուսի հարցաքննությունը, Պետրոսն ու Հովհաննեսը ներքևում, գավթի մեջ, կրակի առաջ և սպասավորների խմբին խառնված՝ սրտատրոփ սպասում էին այդ պատահարի ելքին և անշուշտ լսած ձայներից և ստացված տեղեկություններից նեղվում էին՝ տեսնելով, որ գործին ձախողվելու ելք է սպառնում։ Այդ շփոթության մեջ իրենք իրենց վրա բավականին ուժ պիտի գործադրեին, որպեսզի չբացահայտվեր իրենց ով լինելը և անմիջական փորձանքի չհանդիպեին և իրենց եռանդոտ հետաքրքրությունը թանկ չնստեր։ Պետրոսն իր պատրաստի պատասխանով կարողացել էր դռնապան կնոջ բացբերանության առջևն առնել (Մատթ. 26:69-70) և իր հաջողության վրա ուրախ, անգամ մտքով չէր անցնում, որ Հիսուսի գուշակած ուրացությունների սկիզբն էր այդ։ Այդ ժամանակ, երբ Պետրոսն ուրանալուց հետո մի պահ դուրս էր եկել, առաջին աքլորականչի ժամն էր հասել, և աքաղաղի ձայնն էլ լսվեց Մարկ.14:68։ Սակայն Պետրոսն այդ մասին չէր էլ մտածում և միշտ ինքն իրեն թաքցնելու գոհունակությամբ, կրկին եկել և ծառաների հետ նստել էր կրակի դիմաց։
Առաջին պատահարից հետո շատ չէր անցել, «յետ սակաւ միոյ», ասում է Ղուկասը, մեկ ուրիշը, դարձյալ կին, քահանայապետարանի աղախիններից, Պետրոսին մոտենալով կրկնում է, թե որքան էլ նա իրեն փորձում է թաքցնել, այնուամենայնիվ երևում է, որ Հիսուսին հետևողներից մեկն է եղել։ Պետրոսը կրկին իր պատրաստակամ համարձակությամբ անմիջապես պատասխանում է․ «Ասացի և նորից կրկնում եմ․ ես Նազովրեցու մարդկանցից չեմ, նույնիսկ չեմ էլ ճանաչում» և իր խոսքը հաստատում է ժողովրդական խոսակցության մեջ սովորական դարձած երդման ձևով։ Սրանով Պետրոսն իր անծանոթ մնացած լինելը ապահովված համարեց և կարողացավ հեռվից հետևել այն հարցաքննություններին, որ տեղի էր ունենում ժողովի դահլիճում։
Երկար ժամանակ տևեցից այդ գործողությունները և երկրորդ ուրացությունից հետո մի որոշ ժամանակ անցավ նոր պատահարի․ «Եւ իբրեւ ժամ մի անց ի վերայ», - գրում է Ղուկասը, երկրորդ ուրացությունից անցած ժամանակը ճշտելու ձևով։ Այս անգամ Պետրոսի անձը ծառաների խմբի մեջ աչքի ընկնող էր դարձել, աղախիններն էլ, անշուշտ, բերանները փակ չէին կանգնել և մտքներով անցածը, Պետրոսի արած հարցումներն ու նրա պատասխանները, գոնե մասնավոր ձևով՝ սրան-նրան ասել էին։ Ծառաների մեջ սկսում են կարծիքներ հայտնել, կային թերի և դեմ կարծիքներ և իրար հետ վիճում էին, թե՝ Նազովրեցու հետևողներից է, կամ թե նրանցից չէ։ Որովհետև եթե լիներ, չէր համարձակվի մինչև քահանայապետարան մտնել և այսքան ժամանակ անտարբեր իրենց մեջ մնալ և խոսակցությանն էլ խառնվել։ Նրանք, ովքեր պնդում էին, թե Նազովրեցու մարդկանցից է, քանի որ իր խոսելու ոճից ու շեշտից էլ երևում է գալիլիացի լինելը և եթե գալիլիացի է, ուստի Նազովրեցու մարդկանցից է։
Պետրոսը ճիգեր է թափում իր վրայի կասկածը փարատելու համար․ «Չեմ հասկանում, թե ինչ եք ուզում ասել․ ես ձեզ հայտնապես ասում եմ, որ Նազովրեցու մարդկանցից չեմ և ոչ էլ նրա հետ առնչություն եմ ունեցել, գալիլիացի լինելն էլ բավական չէ, որովհետև Գալիլիայի մեջ էլ կան շատ ու շատ մարդիկ, ովքեր հակառակ են Նազովրեցուն»։ Եվ որպեսզի հավատացնի, սկսում է ծանր երդումներ անել և մինչև իսկ Հիսուսի հասցեին նզովքի խոսքեր ասել։ Ծառաներից մեկը, քանիցս հիշատակված Մաղքոսի ազգականներից, առաջ է անցնում, ասելու, թե այդ մարդը ստույգ Նազովրեցու մարդկանցից է, թե ինքը Գեթսեմանի պարտեզի մեջ՝ Հիսուսի վրա հարձակվելու ժամանակ այդ մարդուն այնտեղ է տեսել։ Պետրոսը նրան էլ է ընդդիմախոսում և ավելի ծանր երդումներով Հիսուսին հետևելու և ճանաչելու փաստը ուրանում է, մինչև որ բոլորը նրա համարձակ հայտարությունների առջև ստիպված լռեցին, և Պետրոսը հանգստացավ ու ապահով զգաց, որ վերահաս վտանգից կարողացավ իրեն փրկել։
Հենց այդ պահին բուն աքլորականչի ժամն էր․ գավտում գտնվող աքաղաղը կանչեց, և Պետրոսը, այն լսելով, ազդվեց։ Հազիվ աչքն այն կողմ էր դարձրել, երբ բարապանները Հիսուսին շրջապատած, ժողովարանի դահլիճից դուրս էին բերում ներքև իջեցնելու և տրված կարգադրության համաձայն պահելու համար։ Պետրոսը հետաքրքրությամբ փորձում էր եղածն իմանալ և անցնողներին տեսնել․ առաջ է անցնում և կապկպված Հիսուսին տանողներին մոտենում։ Հանկարծ Հիսուս շրջվեց և մի հայացք գցեց Պետրոսի վրա, խորհրդավոր և թափանցող նայվածք, որ մինչև Պետրոսի սրտի խորքը թափանցեց։
Գիշերվա անցած ժամերի մեջ, վերնատան ընթրիքի ժամանակ բոլոր եղածներն ու խոսածները Պետրոսի մտքի մեջ ամբողջությամբ նորոգվեցին․ Հիսուսի՝ Իր չարչարանքն ու մահը գուշակելը, առաքյալների փախուստի նախատեսելը, նրանց խրոխտ հայտարարությունները, իր պոռոտախոս խոստումները, երկրորդ և բուն աքլորականչից առաջ իր երեք անգամ ուրացությունը և իր այդպիսի ուրացությունների հնարավորության հերքումը։ Բայց չէ՞ որ այս երրորդ անգամ էր, որ այդ գավթում ինքը երդումներով ու նզովքներով պնդում էր, թե Հիսուսին չի ճանաչում և Նրա հետևողներից մեկը լինելը ուրացել էր։
Աղախինների և ծառաների պնդումների համարձակ ընդդիմացող Պետրոսը, առանց խղճմտանքի իրար ետևից երդում ու նզովք կրկնող Պետրոսը, այս անգամ ինքն իր խղճի, հանդիմանությունների հանդեպ տկարացած, շփոթված երիկամների խորքը, իր վրա խորապես ներգործել էր։ Այլևս չկարողացավ մնալ քահանայապետարանի գավթում, մարեց իր ինչ լինելու հետաքրքրությունը, ամեն ինչ աչքին սև ու մութ սկսեց երևալ և շտապով քահանայապետարանից դուրս ելավ, որովհետև այլևս չէր կարող իր կեղծիքը շարունակել և իր ինքնությունը ծածկել։ Արդեն թաքցնելու ամոթն էր զգում, թեպետ իրեն հայտնելու համարձակություն էլ չուներ։
Թե քահանայապետարանից ուր գնաց, հայտնի չէ։ Բայց անշուշտ առանձին և անծանոթ տեղ առանձնացավ և այնտեղ իր սիրտը դատարկեց ողբ ու հառաչանք եղան միայն իր խոսքերը, արցունքներ սկսեցին հոսել իր առնական և խրոխտ աչքերից և թույլ աղախինների առջև տկարացած վաղեմի ու քաջարի ձկնորսը, կանացի թույլ արարծների նման լացելու տվեց իրեն․ «Ելաց դառնապէս»: Ավետարանից բոլորովին տեղեկություն չունենք, թե երբ քահանայապետարանի գավթում այդ ամենը պատահեց Պետրոսի հետ ինչ էր անում իր ընկերը՝ Հովհաննեսը, որ նույն տեղում միասին էին։ Կարելի է հետևցնել, որ Հովհաննեսը, վերջում էլ Գողգոթայում էր գտնվում, մինչ Պետրոսը այլևս մեջտեղ երևալու քաջություն չունեցավ, թեպետ սկզբից միասին Հիսուսի հետևից գնալու համաձայնություն ունեին։ Հովհաննեսը, առանց կասկածի տեղիք տալու, կարողացել է մինչև վերջ գավթում մնալ, ականատես է եղել քահանայապետարանի անցուդարձին, թերևս առանց Պետրոսի հետ մտերմություն ցուցաբերելու։ Իսկ հաջորդ առավոտյան միացել էր Տիրամոր և Հիսուսին հետևող կանանց և նրանց առաջնորդել մինչև Գողգոթայի գագաթը, ինչպես որ կպատմենք իր տեղում։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: