Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 27:2

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Նրան կապեցին, առան գնացին եւ յանձնեցին պոնտացի Պիղատոս կուսակալի ձեռքը:
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 27:1
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Նրան կապեցին, առան գնացին եւ յանձնեցին պոնտացի Պիղատոս կուսակալի ձեռքը:
   
    Հիսուսին դատավորին ներկայացնելու համար արտաքին ու ներքին, հայտնի ու գաղտնի պատրաստությունները քահանայապետարանի մեջ վերջացնելով՝ տանող խումբը ճանապարհ է ընկնում հռոմեացի դատավորի ապարանքը գնալու, որը լատիներեն կոչվում է «Պրետորիոն» և թարգմանվում է «դատարան», որն իսկապես կառավարության ապարանքն էր, որովհետև դատավոր կոչվածը հենց Հրեաստանի կառավարիչն էր՝ Ասորեստանի կամ Անտիոքի կուսակալի իրավասության ներքո։ Ծանոթ կետ էր, թե նախկին ժամանակներում վարչական և դատական իշխանությունները տարբեր անձանց չէին հանձնվում, այլ նույն պաշտոնյային էին պատկանում։
    Հիսուսին տանողները «» են հիշատակվում Մատթեոսի մոտ, «Քահանայապետք եւ Ծերք» են հիշատակվում Մատթեոսի մոտ, «Դպիրք»՝ ավելացնում է Մարկոսը և սրանց ակնարկում է Ղուկասը՝ «ամենայն բազմութիւն նոցա» ասելով, որով իմացվում է, թե «» միահամուռ այդ գործի մեջ մտավ, ինչպես Մարկոսն էլ է գրում։ Սակայն հարկ չենք համարում պնդել, թե ամբողջ յոթանասուն հոգիանոց ժողովը Հիսուսի հետևից քայլեց. նրանց մեջ ոչ միայն Հիսուսին ծածուկ համակրողներ կային, որոնք լռությամբ կամ բացակա լինելով չէին հայտնվում, այլ ժողովրդական պատգամավորությունը բավական էր առաջադրվող նպատակի համար։ Ժողովականներից բացի պետք է ենթադրել, որ կային բարապաններ, սպասավորներ և զինվորներ, որոնք կապվածին պահպանելու և փախչելու կամ փախցնելու փորձի դեմն առնելու պաշտոնն ունեին։ Այս երկու պաշտոնական խմբերին պիտի ավելացնել հասարակ ժողովրդի հետաքրքրվող ամբոխը, որ հարկավ խմբվել էր քահանայապետարանի շուրջը Հիսուսին ձերբակալելու լուրը լսելուն պես և որ հետզհետե ավելի պիտի ստվարանար, երբ Հիսուսին՝ կապկպված և շրջապատված բարապաններով, քահանայապետարանից պրետորիոն էին տանում։ Այդ ամբոխի մի մասը շվարած, և մի մասը համակիր, առանց հակառակության և առանց դիմադրելու հետևում էր անակնկալ թափորին։
   Բնավ պետք չէ զարմանալ, թե ինչպես մի քանի օր առաջ Հիսուսի պատվին խանդավառությամբ հաղթական հանդես կազմակերպող ամբոխն ընդունակ էր չորս-հինգ օր հետո Նրա ձերբակալությունը տեսնել և եթե ոչ համակրությամբ, գոնե անտարբերությամբ Նրա մահապարտության տեսարանին ներկա լինել։ Ով երբևէ ռամիկ ամբոխի և ժողովրդական խուժանի հոգեբանական վիճակի ուսումնասիրությամբ է զբաղվել, բնավ զարմանալի չի տեսնի այդպիսի փոփոխությունը, այլև պատմությունն էլ բազմաթիվ օրինակներով հաստատում է հիշված փաստերը։ Երուսաղեմում գտնվող ժողովուրդը, զատկի տոնի առթիվ հավաքված, երկու որոշակի խմբի էր բաժանված՝ տեղացի երուսաղեմցիներ և հրեաստանցիներ և ուխտավոր գալիլիացիներ ու բերեացիներ։ Առաջինները շարունակ փարիսեցիական և հակահիսուսական ազդեցության տակ էին մնացել և ընդհանրապես Հիսուսին չէին համակրում, և ամեն անգամ, երբ Հիսուս Երուսաղեմ էր գալիս, նրանց դիմադրությանն էր հանդիպում։ Իսկ վերջիններն ընդհանրապես անկիրթ և ռամիկ խավերից կազմված, պարզապես Հիսուսից պաշտպանություն գտնելու ակնկալությամբ և Հիսուսի մարգարեական և հաղթական զորությամբ համոզված, Նրա հետևից էին գնացել, որով հուսախաբության մեջ պիտի ընկնեին, երբ Հիսուսին տկարացած, հաղթահարված և ընկճված վիճակի մեջ տեսնեին, որով Նրանից պաշտպանություն ակնկալելու հույսն էլ կորցնում էին։ Հիսուս իբրև Մեսիա էր ընդունվում, իսկ Մեսիան փառավոր, հաղթական, անընկճելի երևույթ էր ընդունվում։ Նազովրեցի Հիսուս ձերբակալված և կապված, դատված և դատապարտված, Իրենից անբաժան աշակերտներից լքված, այլևս գալիլիացիների և բերեացիների երևակայածը չէր, և չէր կարող Նա լինել հաղթական փրկիչն ու ապագա ազատարարը։ Ուրիշ բան պետք չէր այլևս նրանց հիասթափեցնելու և անտարբեր դարձնելու, մինչև իսկ Հիսուսին հակառակորդ և թշնամի և ոխերիմ դարձնելու, որպես թե նա իրենց մինչև այդ խաբել էր։ Հրաշագործ վարդապետը, շատերի համար բարերար, ամենքին փրկություն խոստացողը, չէ՞ր կարող արդյոք իրեն ազատել և իբր խեղճ ու կրակ տկարներից վատագույնը բռնվել, կապվել և սպանվել։ Ահա ռամիկի հոգեբանությունը, ահա Երուսաղեմի ամբոխի բռնած ընթացքը՝ նշանավոր Ուրբաթ օրը։ Բայց մենք դառնանք Հիսուսին դատողներին։
   Կայիափայի ապարանքից մինչև պրետորիոն ընկած ճանապարհը չենք ձեռնարկում նկարագրել։ Կայիափայի տան և սինեդրիոնի ատյանի նույն լինելը խնդիր է, և դատավորի բնակության վայրը՝ Հերովդյան պալատո՞ւմ, թե Անտոնյան դղյակի մեջ՝ ճշտված չէ։ Որն էլ որ լինի, վերջապես խումբը կամ բազմությունը հասնում է պրետորիոն վաղ առավոտյան. «Եւ էր այգուց»։ Այստեղ Հովհաննես գրում է «Եւ նոքա ոչ մտին յապարանսն, զի մի՛ պղծիցեն, այլ զի ուտիցեն զզատիկն». և այդ համարը վճռական և որոշիչ է նրանց համար, ովքեր պաշտպանում են այն կարծիքը, թե Հիսուս նիսան 14-ին չարչարվեց և մեռավ և նիսան 13-ին ընթրիքը կերավ, ինչը որ մենք նախընտրելի չգտանք և, ընդհակառակը, դժվարությունները լուծել խոստացանք (Մատթ. 26:17)։ Զատիկ ուտելը, հակառակ կարծիքը պաշտպանողների համար, գառնակերությունն է, և եթե ուրբաթ
առավոտյան դեռ հրեաները գառնակերությունը չէին կատարել, ուրեմն երեկոյան պիտի ուտեին, հետևաբար ուրբաթը նիսանի 14-ն էր և ոչ թե նիսանի 15-ը։ Հովհաննեսի ասածն այսպես ընդունելու դեպքում պետք է սուտ համարենք Ղուկասին, որ գրում էր, թե հինգշաբթի «Օրէն էր զենուլ զպասեքն» Ղուկ. 22:7, ինչպես նաև Մարկոսին, որ գրում էր, թե հինգշաբթի էր օրը, «Յորժամ զզատիկն զենուին» Մարկ. 14:12, պետք է սխալ համարել նաև Մատթեոսին, որ ասում է, թե հինգշաբթի էր «Յառաջնում աւուր Բաղարջակերացն» Մատթ. 26:17, որ օրը տեղի ունեցավ Հիսուսի զատկական ընթրիքը։ Իսկ մենք չենք ցանկանոմ ո՛չ ավետարանիչներին սխալ համարել և ո՛չ էլ Հովհաննեսին սխալ կարծել։ Ամբողջ խնդիրը «զատիկ ուտել» և «զատիկ զենուլ» բացատրությունների իմաստը ճշտելու մեջ է։ Ուրեմն այս բացատրությունները բացառապես և բացարձակապես գառնազենությունը նիսանի 14-ի երեկոյան լինելը չեն վկայում, այլ նաև նիսան 15-ի առավոտյան կատարվելիք ոչխարազենության և արջառազենության մասին են։ Մովսես հրամայում է. «Եւ զենցես զզատիկն Տեառն Աստուծոյ քում, ոչխարս եւ արջառս, ի տեղւոջն զոր ընտրեսցէ Տէր Աստուծոյ քո» Բ Օր. 16:2։ Արդ, եթե հրեաները ուրբաթ առավոտյան խիղճ արեցին և հեթանոս դատավորի ապարանքը չմտան, որպեսզի զատկակերությունից չզրկվեն, ու ոչ թե երեկոյան գառնակերությանն էին պատրաստվում, այլ քիչ հետո, նույն օրը կատարվելիք ոչխարակերության և արջառակերության համար էին զգուշանում։ Որովհետև դեռ վաղ էր և դրանից հետո պատշաճ ժամին այդ օրինապահ քահանայապետերը և դպիրները և ծերերը տաճար պիտի գնային և առավոտյան զատիկը՝ նիսան 15-ի զատիկը պիտի զոհեին, զոհից ճաշակեին։ Այդ արարողությունն էլ զատիկ էր և զատիկ էր կոչվում Մովսեսի գրած օրենքների ճշտությամբ։
   Արդ, քանի որ Հովհաննեսի խոսքերն ամսաթվի հաշիվ չունեն, գառնուկի կամ ոչխարի տարբերություն չեն հիշատակում, այլ պարզապես զատիկ ուտելու պարագան են նշում, այդ խոսքերը ամենայն հավանականությամբ առավոտյան զատիկի մասին պետք է ընդունել, որով ստիպված չենք լինի երեք ավետարանիչների միաբան և միաձայն, պարզ և հստակ պատմությունն աղավաղել՝ այլ ավետարանիչների համաձայնությունը անխախտ պահպանել և պաշտպանել։
   
   Հրեաները, որ Հիսուսի հետ միասին հռոմեական դատավորի մոտ էին գնում, իրենց առաջարկը պիտի ներկայացնեին Պիղատոսին, որ չորս տարի շարունակ, այսինքն՝ Հիսուսի հրապարակը կյանքի սկզբնավորումից առաջ Հրեաստանի դատավոր կամ մեր այժմյան բացատրությամբ, Հրեաստանի կառավարիչ էր հաստատված։ Պաղեստինը, որ Հերովդես Մեծին շնորհած թագավորությունն էր, նրա մահից հետո չորս պետությունների էր բաժանվել՝ իր զավակների միջև։ Բուն Հրեաստանի չորրորդապետ թագավոր Արքեղայոսը գահազուրկ եղավ մեր թվարկության 6 թվականին և նրա փոխարեն հռոմեացի կառավարիչներ նշանակվեցին Անտիոքի կամ Ասորիների կամ Արևելքի կուսակալության ներքո, և սրանցից հինգերորդն էր Պիղատոսը (Մատթ. 3:1-3։ Սա էր, որ Հիսուսի դատապարտության վճիռն արձակեց և հարակից գործողությունների մեջ կարևոր դեր ունեցավ և անհրաժեշտ ենք համարում նրա մասին մի քիչ տեղեկություններ տալ։
   Լուկիոս Պոնտիոս Պիղատոս է նրա բուն և ճիշտ անունը։ Ավետարանի հայերեն թարգմանության մեջ Պոնտացի է թարգմանված հռոմեական ծանոթ Պոնտիոս անունը. պարզ անմտության և թյուրիմացության արդյունք է սա, որովհետև Պիղատոսը ո՛չ պոնտացի է Ասիայի Պոնտոսի նահանգից, ո՛չ էլ Իտալիայի Պոնտիա կղզուց, այլ պարզապես հռոմեացի ծանոթ և վաղեմի Պոնտիոսների գերդաստանից էր։ Որքան էլ հայերեն Նոր Կտակարանում հաճախ գրված է Պոնտացի, այնուամենայնիվ հիշատակվում է նաև ճշտությամբ՝ Պոնտիոս Պիղատոս Գործք.4:27։ Լուկիոսը լատիներեն հատուկ անուն է, իսկ Պիղատոսն այս ընտանիքին տրված մականունն է և Pilatus բառն ըստ ոմանց pileum և ըստ այլոց pilum բառերից է ածանցված և ըստ այսմ էլ նշանակում է «գտակավոր» կամ «նետավոր»։
   Լուկիոս Պոնտիոս Պիղատոսը որդին էր Մարկոս Պոնտիոս Պիղատոսի, որ Իսպանիայում զորավարություն և կառավարություն էր արել, և Լուկիոսն էլ ծնվել էր նույն ժամանակ Իսպանիայի Հիսպաղիա (Սևիլիա) քաղաքում։ Լուկիոս Պոնտիոսը, որ հռոմեական ասպետական դասակարգից էր, զինվորության մեջ առաջ անցավ, Գերմանիկոսի բանակի հետ ասորական պատերազմների մեջ էր գտնվում և Հռոմ դառնալուց հետո Տիբերիոսի արքունիքի զեղծ պալատականներին խառնվեց։ Այնտեղ ծանոթություն հաստատեց Կղավդիա Պրոկուղա դեռահաս մի աղջկա հետ, որը դուստրն էր Յուլիայի և թոռը Օգոստոս Օկտավիանոս կայսեր և մորն աքսորելուց հետո Տիբերիոսի արքունիքում իբրև պչրուհի էր մնում։ Լուկիոս Պոնտիոս Պիղատոսը նրան կնության ուզեց և Տիբերիոսը հավանություն տվեց, ու ամուսնությունն ի կատար ածվեց, և անմիջապես փեսան Հրեաստանի դատավոր նշանակվեց ու ստիպված եղավ Հռոմից հեռանալ՝ կնոջը թողնելով այնտեղ, որովհետև հռոմեացի գավառապետերը սովորաբար առանց ընտանիքի պիտի գնային։ Բայց Կղավդիա Պրոկուդան կարողացավ վերջապես Տիբերիոսին համոզել և թույլատրվեց գնալ ամուսնու մոտ՝ Պաղեստին։
   Հրեաստանի գավառական կառավարչի պաշտոնատեղին էր Պաղեստինցիների Կեսարիա (Քայսարիա) ծովեզրյա քաղաքը և միայն մեծ տոների ժամանակ էր գալիս Երուսաղեմ։ Սա հռոմեացիների կողմից մի տեսակ ակնածություն էր հրեաների համար, որպեսզի նրանց նվիրական քաղաքը ազատ մնար և հեթանոսական պայմաններին չենթարկվեր։ Պոնտիոս Պիղատոսը, ինչպես բոլոր ժամանակակիցներն են գրում, վատ բնավորության, զեղծ պաշտոնավարության և խենեշ կենցաղավարության տեր մարդ է եղել, մի կողմից չար և բռնավոր, մյուս կողմից ավելորդապաշտ և երկչոտ։ Փիլոն փիլիսոփայի գործերի մեջ պահպանված է Ագրիպպաս թագավորի հղած նամակը Կալիգուլա կայսեր, ուր Պիղատոսին վերագրում է կաշառակերություններ, բռնություններ, հափշտակություններ, անիրավ ձեռնարկումներ, հարստահարություններ, առանց դատաստանի վճիռներ, կամայական սպանություններ և անթիվ անտանելի անգթություններ և նրա բնավորությունը նկարագրում է «յամառ եւ դաժան եւ ամբարտաւան»։ Հրեաների հանդեպ իր վարմունքը միշտ անհամակիր էր եղել անարգելով նրանց օրենքներն ու կրոնը. նրանց միշտ անհաշտ համարելով հռոմեական տիրապետության հետ և հնարավորին չափով ձեռքից եկածն անում էր, որպեսզի գոհացում տա նրանց կրոնական և ազգային սովորություններին ու իշխանությանը։ Ահա այն մարդը, ում մոտ էին գնում հրեական ծերակույտի անդամները եւ իրենց տված որոշման ի կատար ածումը նրանից պահանջելու։