Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 27:45

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ կէսօրին ամբողջ երկրի վրայ խաւար եղաւ մինչեւ ժամը երեքը:
   

    Օրվա վեցերորդ ժամից մինչև իններորդ ժամը 1596 խավար եղավ ամբողջ երկրի վրա:

    Սա է այն նշանը, որ պահանջում էին այն ժամանակ, և [Հիսուսը] խոստացավ տալ նրանց. «Չար ու շնացող ցեղը նշան է ուզում, բայց նշան չի տրվի նրան, Հովնան մարգարեի նշանից բացի» (Մատթ. 12։39): Իր խաչելության, մահվան և հարության մասին էր կանխահայտնում, և այժմ երկնքից տրվեց այն, ինչ պահանջում էին, և ամբողջ աշխարհով [տարածվեց խավարը], որի նմանը երբևէ չէր եղել, բացի Եգիպտոսում [պատահածից] 1597, երբ [Աստված] կամեցավ [Իսրայելին տված] Իր խոստումը կատարել: Դա [այս խավարման] նախօրինակն էր:

    Ուշադրություն դարձրու, թե ե՛րբ եղավ խավարումը: Կեսօրին` ասում է [ավետարանիչը], որպեսզի երկրի բոլոր բնակիչներն իմանային և երկյուղելով հավատային, որ [Աստված] բարկացավ հանդգնածների հանդգնության վրա, այդ պատճառով էլ խավար եղավ: Եվ որ արևի նվազումը սովորական չէր, այլ աստվածային բարկություն ու ցասում, երևում է ժամանակից, որովհետև երեք ժամ տևեց, իսկ [բնական] նվազումը տևում է մեկ վայրկյան և անցնում: Որովհետև լուսինն էլ է խավարեցնում, ինչպես ասում են բնախոսները, և լուսինն արագությամբ պտույտ է տալիս արևի շուրջ և մաքրում խավարը: Իսկ այնտեղ լուսինը տասնչորս տարեկան էր և երկրի ներքո. երբ արևը մտնում էր, լուսինը ելավ արևելքում, արշավեց ու հասավ արևին և խավարեցրեց այն, հետո գնաց երեք ժամից, արևը հետ դարձավ արևմուտքից ու ծագեց արևելքում, որպեսզի այսպիսի հրաշքի միջոցով թե՛ հրեաները, թե՛ հեթանոսները տեսնելով հավատային և իրենց չար գործերից հրաժարվեին: Բայց քանի որ այդ ժամանակ մեծ ծուլությամբ ու չարիքներով էին բռնված և մեծ ամբարշտության ու կանխակալ սովորության կապանքների մեջ էին, կարծում էին, թե դա [արևի] նվազում է կամ մի այլ բնական պատահմունք, և տակավին նույն անհավատության ու թշնամության մեջ էին մնում: Խաչից իջնելուց առավել մեծ հրաշք էր` խաչի վրա գտնվելով` այդպիսի բան գործելը. եթե հավատային, որ դա Նրանից էր, պիտի հավատային նաև, որ Նա Հորից է, և այդպիսով վայել կլիներ, որ ղջային: Բայց նրանք չարի մեջ անզեղջ մնացին, որպեսզի պատասխան չունենալով` դատվեին:

    Նաև ոչ միայն խավար եղավ, այլև կեսօրի՛ն, երբ անծմակ լույսը ծագում է բոլոր ոլորտներով, նրանց լույսը խավարեց` ըստ մարգարեների վկայությունների. օրինակ` «Մինչ սպասում էին լույսին, խավարը տիրեց նրանց» (Ես. 59։9), «Քո լույսը խավարեց» (հմմտ. Հոբ 22։11), մի ուրիշն էլ [ասում է]. «Ձեզ նշաններ կտամ վերը` երկնքում, և ներքևում` երկրում... արևը կխավարի, և լուսինն արյուն կդառնա» (Հովել 2։30-31), մեկ այլ մարգարե` «Այն օրը լույս չի լինի մինչև երեկո» (հմմտ. Զաք. 14։6-7), «Ոչ օր կլինի, ոչ գիշեր» (Զաք. 14։7), և դարձյալ` «Ի՞նչ ունեք Տիրոջ օրվա հետ. այն օրը խավար է և ո՛չ լույս» (Ամովս Ե 18): Եվ այլ այսպիսի [խոսքեր կան], որոնք բոլորն էլ ցույց են տալիս հրեաների կուրությունը և խավարին արժանի լինելը. ոչ միայն մարմնով, քանի որ [Քրիստոսի] խաչելությունից հետո [Երուսաղեմ] քաղաքը կործանվեց, և նրանց կարգերը դադարեցին` ըստ այսմ. «Երբ բարձրացնեք Մարդու Որդուն, այնժամ կճանաչեք, որ Ես եմ» (Հովհ. 8։28), այսինքն` [կճանաչեք] Իմ հրաշքների զորությունից,- այլև հոգով, ինչպես [ասվում է] այստեղ. «Կհանեն ձեզ արտաքին խավարը» (հմմտ. Մատթ. 22։13):

    Այժմ դիտարկենք նաև ավետարանիչների [տեղեկությունների միջև եղած] տարբերությունները: Մատթեոսը, Մարկոսը և Ղուկասը համաձայնում են խավարի` վեցերորդ ժամից լինելու վերաբերյալ 1598, իսկ [Քրիստոսին] խաչելու [ժամանակի վերաբերյալ] տարբեր [տեղեկություններ են տալիս]: Մարկոսն ասում է. «Երրորդ ժամն էր, և Նրան խաչը հանեցին» (Մարկ. ԺԵ 25), իսկ Հովհաննեսն [ասում է]. «Զատկի ուրբաթն էր, և վեցերորդ ժամը» (Հովհ. 19։14), Պիղատոսը տակավին վիճում էր հրեաների հետ և ապա՛ հանձնեց [Հիսուսին], որ խաչվի: Արդ` ոմանք Մարկոսին չեն համաձայնեցնում Հովհաննեսի հետ, այլ Մատթեոսի և Ղուկասի հետ և ասում, թե ըստ Մարկոսի` երրորդ ժամին [Հիսուսը] խաչն է բարձրացվել, իսկ խավարումը` վեցերորդ ժամին [եղել], ինչպես և մնացածն են [ասում]: Բայց քանի որ թվում է, թե Մարկոսն ու Հովհաննեսը հակասում են միմյանց, հարկ է քննություն կատարել: Արդ` կամ Մարկոսի նշած երրորդ ժամը վճռի [կայացման ժամանակն] է, իսկ Հովհաննեսի [նշած] վեցերորդը` այն ժամանակը, որում [Հիսուսը] խաչվեց և խավարում եղավ, կամ էլ Մարկոսը երրորդ ժամով նկատի ունի ցերեկվա [ժամը], իսկ Հովհաննեսը, վեցերորդ [ժամ ասելով], գիշերվա երեք ժամերն էլ է միացնում, երբ սկսեցին [Հիսուսին] ծաղրուծանակի ենթարկել, և այդպիսով [Մարկոսն ու Հովհաննեսը] համաձայնում են միմյանց:

    «Օրվա վեցերորդ ժամից մինչև իններորդ ժամը խավար եղավ ամբողջ երկրի վրա»`

ցույց տալու համար, որ արարչական լույսը խավարեցրեց ստեղծական լույսը, որպեսզի այն աստված չկարծվեր արևապաշտների կողմից: Այլև [Տերն] Իր մերկությունը ծածկեց ստվերով` որպես քողով, որպեսզի հրեաների անարժան աչքը չտեսներ մերկացած Արարչին: Ինչպես մի ժամանակ նախօրինակը ցույց տրվեց մարդկության երկրորդ [քաղաքակրթության] սկզբում Նոյ նահապետով, ով գինուց հարբելով` մերկացավ իր տանը, և տեսնելով` Քամը` Քանանի հայրը, դրսում պատմեց [այս մասին] երկու եղբայրներին` Սեմին ու Հաբեթին, և նրանք, հագուստն առնելով իրենց ուսերին և հետհետ գնալով` ծածկեցին իրենց հոր մերկությունը 1599, այդպես էլ երկրորդ արարչագործության Գլուխը` մեր Տեր Հիսուս Քրիստոսը, Ով խաչելությունը «բաժակ» կոչեց 1600, մարդկանց սիրուց հարբելով, մերկացավ [խաչի] վրա աշխարհի տան մեջ կամ հրեաների մեջ` Տաճարին մոտ, որը «Նրա տուն»-ն է կոչվում [Սուրբ] Գրքում 1601: Եվ Քանանի զավակները` ըստ մարգարեի 1602, տեսնելով, ծիծաղում էին քամահրելով, իսկ արևն ու լուսինը ծածկեցին իրենց Արարչի մերկությունը: Եվ ամեն ոք, ով պարկեշտացնում ու նազելի է դարձնում խաչի խորհուրդը և ամոթ չի համարում Աստծո զորությունը, պատկանում է ծածկողների մասին, ովքեր հավատացյալ հրեաներն ու հեթանոսներն են` Հոգով պայծառացած, ինչպես արևն ու լուսինը, և օրհնվում ու ընդարձակվում են Սեմի ու Հաբեթի հետ 1603:

    Իսկ իններորդ ժամի լուսավորությունը է խորհրդանշում մեղքերի և մահվան ստվերի 1604 վերացումը ժամանակների լրմանը 1605: Այլև Ադամը կնոջով հանդերձ ստեղծվեց վեցերորդ օրվա երրորդ ժամին, [վեցերորդ] ժամին մեղանչեց, որը խավարով է խորհրդանշվում, իսկ իններորդ ժամին դրախտից դուրս եկավ: Նույն` ուրբաթ օրը Երկրորդ Ադամը բևեռվեց խաչին և հին Ադամի մեղքը սպանեց, իսկ վեցերորդ ժամին արևը խավարեց, ինչպես որ մեր Տերը մեղքի մարմինն առավ վեցերորդ դարաշրջանում 1606, իններորդ ժամին մեղքի խավարը ցրեց և Ադամին վերստին դրախտ մտցրեց` պարգևելով առաջինից ավելի բարձր ու աստվածանման [վիճակ], որովհետև այնտեղ` [առաջին դրախտում, Աստված Ադամին] միայն [Իր] պատկերով էր պատվել, իսկ այստեղ բոլորովին աստվածացրել է: Այլ կերպ ևս [կարելի է մեկնել]. երրորդ ժամին արևի խավարելն ու դրանից հետո լուսավորվելը խորհրդանշում է Արդարության Արեգակի 1607 երեքօրյա թաղումն ու այնուհետև հարությունը: Կամ էլ` [երկինքն ու արևը], արարածներ լինելով, չարչարակից եղան Արարչին:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Եւ կէսօրին ամբողջ երկրի վրայ խաւար եղաւ մինչեւ ժամը երեքը:
   
    «Վեցերորդ ժամից խավար եղավ երկրի վրա մինչև իններորդ ժամը»:
Մարկոսը նաև ժամն է ասում, թե երբ խաչվեց, և թե երբ խավար եղավ, այնպես ինչպես Մատթեոսը: Ղուկաս ժամը չի ասում, բայց խավար լինելն ասում է, իբրև արեգակի խավարում (հմմտ. Ամովս 8։9):

    Եվ ինչպե՞ս էր հնարավոր լուսնի լրման ժամանակ արեգակի խավարում, քանզի զատիկը լուսնի լրմանն էր լինում տասնչորսերորդ օրը, բայց թերևս Արարչի չարչարանքների պատճառով փառավոր հրաշք եղավ, և արեգակը խավարեց բնական [օրենքներից] դուրս:

    Իսկ Հովհաննեսը ո՛չ խաչելության ժամն է ասում, ո՛չ էլ խավարի մասին է հիշում:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ կէսօրին ամբողջ երկրի վրայ խաւար եղաւ մինչեւ ժամը երեքը:
   

    Խաչելիության ժամանակ տեղի ունեցած նշանավոր պարագաներից մեկն էլ խավարումն էր, որ հայտնապես պատմում եներեք ավետարանները՝ Հովհաննեսից բացի, և երեքն էլ միաձայն սկիզբը դնում են ժամը վեցին և վերջը՝ ժամը իննին, որն ամբողջ ցերելվա երրորդ պահի տևողությունն է։ Եթե Մարկոսի գրածը՝ էր ժամ երրորդ, և հաննին գնա ի խաչ՝ այնպես ընդունեինք, իբր թե Հիսուսը երրորդ ժամի սկզբում խաչված լիներ, պեռտք է ենթադրել թե խավարումը խաչվելուց երեք ժամ հետո սկսվեց և անիմանալի պիտի դառնար, թե ինչո՛ւ երեք ժամ լույսով և երեք ժամխավարով կատարվեց խաչելությունը և ավելի մտքի մոտ կլիներ, որ խավարը տիրեր Հիսուսի խաչի վրա եղած ամբողջ ընթացքում։ Մենք արդեն այդ ժամանակահաշվի խնդիրը բացատրեցինք (Մարկ. 15:25) , և Հովհաննեսի մեջհիշված ժամերի հետհամեմատելով ցույց տվեցին, որ խաչելությունը տեղի ունեցավ երկրորդ պահը կամ երրորդ ժամը ավարտելու մոտ, այնպես որ խաչվելուց հետո երրորդ պահը կամ վեցերորդ ժամը սկսվեց, և Հիսուս երեք ժամ, կամ մի ամբողջ պահ խաչի վրա մնաց, և խավարն էլ սկսեց ու վերջացավ Հիսուսի խաչի վրա եղած ժամանակամիջոցում։ Նկատի առնելով նաև այն բոլոր գործողությունները, որոնք ցերեկը սկսվելուց, այսինքն՝ առաջին ժամից հետո կատարեցին՝ Պիղատոսի ատյանը, Հերովդեսի ատյանը, Բարաբայի խնդիրը, զանակոծությունը, ձաղանքը, երկու անգամ ժողովրդին ներկայացվելը, Պիղատոսի վարանումները, վերջնական վճիռը, Գողգոթայի ժամփան, - բացարձակապես անհնար է այդ ամենը երեք ժամի կամ մեկ պահի նեղ ժամանակի մեջ ամփոփել, և իհարկե խաչելությունից առաջ հինգ-վեց ժամվա ժամանակահատվածի կարիքը կա։ Ուստ պետք է առանց վարանման ընդունել, որ Հիսուսը խաչվեց վեցերորդ ժամը սկսելուց քիչ առաջ, որ անմիջապես խավարումը սկսվեց, որ խավարումը երեք ժամ տևեց, և որ Հիսուսի հոգին ավանդելուց հետո ժամը իննին վերջացավ։
    Խավարման իսկությունը բացատրելու համար պետք է համարձակ հաստատենք, որ արևի խավարում կոչված սովորական երևույթը չէր, ինչպես որ շատերն են ուզում համարել։ Արևի սովորական խավարումները տեղի են ունենում լուսնի մեր երկրի և արևի միջև մտնելիս, որով լուսնի գունդը փակում է արևի ճառագայթները։ Այդ աստղաբաշխական գիտությունը հաստատում է, որ լուսնի լրման օրերին այդ տեղի չի ունենա, այլ ընդհակառակը՝ երկրի գունդը կարող է արևի ճառագայթների անցումը լուսնի վրա փակել և տեղի կունենա լուսնի խավարում։ Արևի խավարումները կարող են տեղի ունենալ նորալուսնի օրերին։ Արդ գիտենք, որ խաչելութեան ուրբաթը նիսանի 15-ին լուսնի լրման օրն էր և արևի սովորական խավարում հնարավոր չէր։ Իսկ լուսնի գնդի միջոցով խավարում առաջացնելու համար, պետք է ամբողջ երկնային մարմինների շրջապտույտը տակնուվրա անել, որը հնարավոր չէ։
    Մյուս կողմից ավետարանիչների խոսքն էլ մեզ չեն հարկադրում այդ ենթադրությանը դիմել․ Մթեոսն ասում է՝ Խաւար եղեւ ի վերայ ամենայն երկրի․ Մարկոսը գրում է՝ Խաւար կալաւ զամենայն երկիր․ Ղուկաս ասում է՝ Խաւար եղեւ ի վերայամենայն երկրի խաւարեցաւ արեգակն։ Ավետարանիչների խոսքերն արդարացնելու համար, որ ամեն կողմ մթություն էր տիրում, բավական է որ արևի լույսը պայծառ ու ուժեղ չլիներ․ Որտեղից և ինչպես առաջ գալու համար ավետարանը ոչինչ չի ասում։ Արդ, թանձր ամպերից գոյացած մթությունը, կամ թե արևի լույսի նվազելու երևույթը բավարար են ավետարանի պատմած խավարումը բացատրելու, և երկնային մարմինների պտույտները խանգարելու բոլորովին կարիք չկա։
    Գալով խավարմանը կամ մթությանը, կամ լույսի նվազելու աստիճանին, ավետարանի պատմությունները զննելով, տեսնու ենք, որ մթությունը խաչ շուրջ հավաքված բազմության վրա բոլորովին վախի և սարսափի ազդեցություն չի թողնում, այլ ինչպես պիտի տեսնենք, քահանայապետերն ու դպիրներն իրենց հեգնանքն են շարունակում, խավարամիտ ամբոխը իր խայտառակություններից ետ չի կանգնում, հեռվում կանգնած կանայք Հիսուսին են նայում, Հիսուսը խաչի ներքևում եղողների հետ է խոսում, զինվորներին իրենց անտարբեր վիճակում են մնում, ոչ մի գործ բնավ չի խանգարվում և չի խափանվում։ Արդ, եթե սաստիկ խավար լիներ, որ տեսադաշտը փակեր և, նորատեսակ սաստկությամբ ահռելի ազդեցություն ներգործել, արդ բոլոր գործողությունները անտարբերությամբ չէին կարող կատարել և ավետարանիչներն, իհարկե, խավարի ներգործած վախի ու սարսափի մասին մի բան կասեին։ Ուրեմն խավարը խիստ սաստիկ չեղավ, կամ այսպես ասած, վատ եղանակի ամպամածության հետևանքով մթության չափից ավելի չեղավ, որովհետև Գողգոթայի բազմությունը իր զբաղմունքներից դադարեցնելուն չհասավ։ Բայց քանի որ ոչ արևի բնական խավարում էր, ոչ փոթորկալից եղանակ, այլ հատուկ ու արտասովոր և գերբնական մի ներգործության հետևանք էր, Հիսուի չարչարանքների և խարելության հանդեպ անծունչ բնության սուգն էր՝ Բարձրյալի կամքով տնօրինված։
    Խավարման շուրջ հարուցված խնդիրներից մեկն էլ Ի վերայ ամենայն երկրի բացատրությունն է, թե արդյոք ամբողջ հողագնդի՞, թե՞ ամբողջ կիսագնդի, թե՞ ոչ միայն Պաղոստին երկրի կամ Երուսաղեմի շրջակա երկրի վրա տարածվեց այդ մթությունը։ Որքան էլ որ ընկալվի ամբողջ կիսագնդի համար և Աթենքում Դիոնիսիոս Արիսպագացու կողմից՝ արտասովոր և անօրինակ խավարման օրվա և ժամի տեսած լինելը ավանդությամբ պատմվում է, սակայն մենք հարկադրված ենք ավետարանի երկիր բառը ամբողջ հողագնդի կամ կիսագնդի համար հասկանալ, որովհետև այդ նույն բառի տակ կարող ենք հասկանալ նաև պետություն, նահանգ, գավառ։ Հրաշքները կարող են նշանակություն ունենալ այտեղ, ուր հարկ կա ուշադրույթուն հրավիրել որևէ եղելության վրա, իսկ Հիսուսի խաչելությունն իր նշանակությունն ուներ Հրեաստանում և Գալիլեայում, ուր գիտեին և ճանաչում էին նրան և բոլորովին նշանակություն չէր կարող ունենալ հեթանոս երկրներում, ուր Հիսուսի գոյության մասին անգամ չէին լսել։ Ողջամիտ աստվածաբանների կողմից ընդունված սկզբունք է, որ հրաշքները պոտք չէ ընդարձակել, ուռճացնել ու բազմավնել՝ իրենց նշանակությունից ավելի, և մենք էլ նույն սկզբունքին ենք ուզում հետևել։