Հովհաննես Ծործորեցի (†1338)
59-60. Եւ Յովսէփը, մարմինն առնելով, պատեց մաքուր կտաւով եւ դրեց նոր գերեզմանի մէջ, որ փորել էր տուել ժայռի մէջ: Եւ մի մեծ քար, որպէս կափարիչ, գերեզմանի դռան առաջ գլորեց ու գնաց:
Եվ Հովսեփը, վերցնելով մարմինը, պատեց մաքուր կտավներով և դրեց նոր գերեզմանի մեջ, որը վեմի մեջ էր փորել:
Խիստ մեծ ակնածանքով ու պատվով պատեց ու թաղեց` եգիպտական պատանքով, անուշ խունկերով ու զմուռսով, ինչպես հրեաների սովորությունն էր, և դրեց նոր գերեզմանի մեջ, որը կռանով փորել էր վեմի մեջ, «ուր ոչ ոք երբևէ չէր դրվել» (Ղուկ. 23։53), որովհետև իր համար էր պատրաստել և մյուս պատիվներով հանդերձ այն ևս շնորհեց Հիսուսին` ըստ գրվածի. «Քաղցրացան նրա համար հեղեղատի խճերը» (Հոբ 21։33): Եզեկիայի գանձապետինն էր այս գերեզմանը, որից նրան վտարեց Եսայի մարգարեն` ասելով. «Ինչո՞ւ քեզ համար բնակարան փորեցիր վեմի մեջ. քո Տեր Աստվածը կվերցնի քեզնից քո գանձապետությունը, և օտար երկրում կվախճանվես» (հմմտ. Ես. 22։16-18), ինչը տեղի ունեցավ: Իսկ այս գերեզմանը, գերության օրերին անխնամ մնալով, ծածկվեց գետակների հեղեղներով, և հարուստ Հով սեփը, որպես իր սեփականություն ձեռք բերելով այս տեղը, որ պարտեզ էր, մաքրեց այն և գտավ գերեզմանը, որում ոչ ոք երբեք չէր թաղվել: Այնտեղ էր, որ հրեաների ուրբաթի պատճառով դրեցին Հիսուսին, քանի որ այդ գերեզմանը մոտ էր [Գողգոթային]: Իսկ այլաբանորեն` նրանք են Տիրոջ մարմնի սպասավորները, ովքեր առաքինության թելերով` մարմնի սրբությամբ ու ախտերի համար մեռնելով, [զգեստ] են հյուսում և արդարության հոգով նորանում վեմ հավատի միջոցով:
Գերեզմանի մուտքի դիմաց մի մեծ քար գլորելով որպես կափարիչ` գնաց:
Այս կափարիչը, ասում են, այն քարն է, որը Հակոբն իր սնարի տակ դրեց ու երազը տեսավ 1640, և որն օծեց ու որպես արձան կանգնեցրեց և այդ վայրն անվանեց «երկնքի դուռ» ու «Աստծո տուն»` ասելով. «Տերն է այս վայրում» (Ծննդ. 28։16): Ուրեմն այդ քարն էր, որ [Հովսեփը] դրեց գերեզմանի մուտքին, որպեսզի քարը պահպաներ «այն Քարին, որն անարգեցին շինողները» (Սաղմ. 167։22), և որը լեռից «հատվեց առանց ձեռքի» և լցրեց աշխարհը (հմմտ. Դան. 2։34-35)` լինելով «անկյունագլուխ»` ըստ մարգարեության (Ես. 28։16), այլև «գլորման վեմ ու սայթաքման քար» (Հռոմ. 9։33, Ես. 28։16)` անհավատների համար և երկնքի դուռ` Նրան հավատացողների: Իսկ ասելը «գնաց» [նշանակում է], որ կամ ինչ որ վայել էր անել, արեց վերջացրեց [Հովսեփը], սա է «գնալը», կամ էլ Պետրոսի նման «գնաց` մտքում զարմանալով տեղի ունեցածի վրա» (հմմտ. Ղուկ. 24։12), նաև նույն մտքով գնաց [Հիսուսի] հետ խաչի [ճանապարհով] և սլացավ երկինք:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
59-60. Եւ Յովսէփը, մարմինն առնելով, պատեց մաքուր կտաւով եւ դրեց նոր գերեզմանի մէջ, որ փորել էր տուել ժայռի մէջ: Եւ մի մեծ քար, որպէս կափարիչ, գերեզմանի դռան առաջ գլորեց ու գնաց:
Հովսեփն ու Ղուկիանոսը միասին դուրս են գալիս պրետորիոնից։ Հովսեփը գնում է հոգալու պատանքներին վերաբերող կարիքները և պատրաստում է սուրբ, այսինքն՝ նոր ու մաքուր կտավներ, իսկ գերեզմանի տեղի համար մեծ հոգս չի ունենում։ Այնտեղ, Գողգոթայի մոտ, իր սեփական պարտեզում մի հատուկ գերեզման ուներ պատրաստ, որ ինքն էր փորել տվել լեռան ժայռի մեջ, կռածոյ գործվածով «փորեալ ի վիմէ» և ուր դեռևս «չէր զոք բնաւ եդեալ»։ Այն բոլորովին մաքուր ու անարատ էր մնացել։ Որոշվեց այդ գերեզմանը հատկացնել Հիսուսին։ Հովսեփի ձեռնարկի, ստացած արտանության և սկսած պատրաստությունների մասին լսեց Նիկոդեմոս Փարիսեցին՝ սինեդրիոնի դպիր անդամներից Արեմաթացու համամիտ ու համախոհ ընկերակիցը։ Նա էլ համակրում էր Հիսուսին, բայց գաղտնի էր պահում, թեպետ Արեմաթացուց ավելի սրտոտ էր, համարձակություն էր ունեցել մի գիշեր մենակ այցելել Հիսուսին (Հովհ. 3:1-21)։ Մի անգամ էր սինեդրիոնի գումարման ժամանակ պաշտպանել էր Հիսուսին (Հովհ. 7:45-52)։ Նա էլ շտապում է ընկերակցել Արեմաթացուն, քանի որ վերջինս հոգացել էր կտավի ու պատանքի անհրաժեշտությունը, ապա ինքն էլ մարմինը պատելու համար պետք եղած խնկի հարցն է լուծում, գնում հարյուր լիտրի չափ զմուռս և հալվե։ Հավանաբար իրենց օգնելու և թաղման կարգը կատարելու համար անհրաժեշտ մարդկանց վերցրեցին իրենց ծառաներից ու ծանոթներից։ Ավելորդ չէ հիշել, որ թաղման գործողությունները չէին խափանվում և օրինական հանգստի պատճառով թաղումները չէին հետաձգում։
Հովսեփն ու Նիկոդեմոսը, իրենց հետևորդներով, շտապեցին հասնել Գողգոթա։ Ղուկիանոսի հովանավորությամբ ու պաշտպանությամբ, առանց որևէ կողմից արգելքի կամ դժվարության հանդիպելու, մարմինն ամենայն զգուշությամբ իջեցրին խաչից, հանեցին մարմինը և մեղմորեն վայր բերին։ Ավետարաններն ուղղակիորեն բոլոր գործողությունները վերագրում են Հովսեփին, թե հենց ինքը՝ Հովսեփը «իջուցեալ զնա, եւ առեալ զմարմինն, պատեաց սուրբ կտաւովք, եւ եդ ի նոր գերեզմանի, եւ թաւալեցոյց վէմ, եւ գնաց»։ Սակայն անշուշտ, հնարավոր չէր, որ բավականին դժվար ու խատատար գործողությունները, ինչպիսիք են գամված մարմնի հանելը, մաքրության և պատանքների գործողությունները ավարտելը, գերեզմանում զետեղելը և ծանր կափարիչով ծածկելը միայն Հովսեփի ձեռքով կատարվեր և ոչ էլ միայն Հովսեփի ու Նիկոդեմոսի ձեռքով, ինչպես դարձյալ ավետարանից կարելի է եզրակացնել, թե այս երկուսը եղան, որ «առին զմարմինն, եւ պատեցին որպէս օրէն էր պատել, եւ եդին զՅիսուս» գերեզմանի մեջ։
Խաչից իջեցնելու եւ պատելու գործողությունների մասին ավետարանից մանրամասնություններ չունենք, բայց պարագաները ի մի բերելով, դյուրին է պատկերացում կազմելը։ Անշուշտ, իջեցնելուց հետո մի հարմար տեղ դրեցին։ Ցարդ Երուսաղեմի Ս․Հարություն եկեղեցում պահվում է մի պատանաքար, Հիսուսի գերեզմանի տապանաքարից տարբեր, որ ծառայել է պատանքի գործողությունների համար։ Պատանելու գործողությանը պիտի նախորդեր մարմինը մաքրելու և սրբելու, արյան բծերը վերացնելու և բաց վերքերը հարդարելու գործողությունը, որին հետևում էր մարմինը խնկերով պատելը, այսինքն՝ զմուռսի ու հալվեի մեջ դնելը, նոր ու մաքուր կտավներով պատել-պատանելը, բոլոր կողմերից փակելը, որից հետո վիմափոր գերեզմանում տեղադրելը։
Հովհաննեսն ասում է, թե «Պատեցին կտաւովք խնկովքն հանդերձ, որպէս օրէն էր Հրէից պատել», որ ասել է, թե նմանօրինակ պարագաներում, ինչպես սովորություն էր վարվել պատվավոր մեռյալի համար, ամեն ինչ կատարվեց լիովին։
Գալով գերեզմանին, ուր դրվեց Հիսուսի մարմինը, ասենք, որ թեպետ մինչև այսօր կա Սուրբ Գերեզմանը և ընդհանուր քրիստոնեության ամենամեծ ուխտատեղինէ և այսօր էլ նրա տեղը, ձևն ու կերպը հայտնի են, սակայն անհնարին է այժմյան ձևն իր սկզբնական ու նախնական ձևի հետ անփոփոխ և միևնույնը համարել։ Ոչ միայն ժամանակին Ս․ Գերեզմանը հեթանոսներից անարգված և հալածված լինելու պատճառով, այլև հալածանքներից հետո քրիստոնեական բարեպաշտության կողմից Գերեզմանի վրա և շուրջը ավելացված շենքերով ու զարդերով Գերեզմանի նախնական ձևը բավականին փոփոխություններ կրեց և այժմյան ձևի վրա հիմնվելով՝ անհնար է վճռական ու վերջնական նկարագրություններ ու բացատրություններ տալ։
Հին ժամանակներից պահպանված Պաղեստինի և Երուսաղեմի վիմափոր գերեզմանների վրա կատարված հետազոտություններով և մասամբ էլ Ս․Գերեզմանի վրա եղածի շնորհիվ հնարավոր է ուրվագծել Արեմաթացու պատրաստել տված և Հիսուսի թաղված գերեզմանի ձևը։ Գերեզմանը փորված էր կենդանի վեմի կամ ժայռի մեջ, «Զոր էր փորեալ ի վիմէ», այսինքն՝ քարկոփների ձեռքով ու մուրճով շինված «Կռածոյ գերեզման»։ Ամբողջը ներսից երկու սենյակի ձև ուներ, արտաքինը որպես մուտք կամ նախագավիթ էր ծառայում, ուր կարող էին կանգնել նաև սգավորներն ու լացողները և ուր մտնում էին միջակ չափի դռնից։ Առաջինից երկրորդն անցնում էին շատ ցածր ու նեղ դռնով, որպեսզի մուտքը դյուրին ու ազատ չլիներ։ Այս երկրորդում մեկից ավելի խորունկ, երկար ու ցածր փոսեր էին փորված կամ կողք-կողքի, երկար ու ցածրիկ փոսեր էին փորված, որոնցում զետեղվում էին պատյալ և պատանյալ մարմինները, դրանց շուրջը, բացի պատանքի մեջ դրվածներից, դրվում էին խնկեր՝ գարշահոտություները վերացնելու համար։ Հազիվ մի մարդ, նեղ մուտքից ներս մտնելով, մարմինն ու խնկերը զետեղում էր և դուրս գալիս։ Այդ նեղ մուտքի կամ ցածր դռան առջև ահագին և ծանր քար էր դրվում իբրև դուռ և այն էլ ներքևում, դեպի ներս շեղակի փորված գետնի վրա, որպեսզի դյուրին չլինի քարը դեպի հետ շրջել։ Նույն գերեզմանում հնարավոր էր մեկից ավելի մեռելներ զետեղել, դրա համար ավետարանիչները շեշտում են, թե Արեմաթացու գերեզմանը նոր ու կույս էր․ «Յորում ոչ ոք երբեք էր եդեալ»։ Մեր նկարագրած գերեզմանի և դռան առջև դրված քարի ձևը կատարելապես համընկնում էր ավետարանների գրածին։ Ըստ Մատթեոսի, գերեզմանը փակվեց «Թաւալեցուցեալ կափարիչ դրան գերեզմանին վէմ մի մեծ»։ Մարկոսի գրածի համապատասխան՝ Հովսեփը «թաւալեցոյց վէմ մի ի դուռն գերեզմանին»։
Թաղման գործողությունը հաջողությամբ և հանդարտությամբ կատարվելու հանգամանքը պետք է վերագրել Ղուկիանոս հարյուրապետին, որ իր նոր ու ներքին զգացումների բերումով և Պիղատոսից ստացած մեծ հրահանգի համեմատ, չներեց, որ Հիսուսին խաչի վրա նախատողները հանդգնեն խաչից հետո էլ շարունակել, այլ աշխատեց, որ ցրվի խառնակ ամբոխը, հեռանան կատաղի հակառակորդները, այնպես որ Արեմաթացին կարողացավ ապահով կերպով գերեզմանն ազատ թողնել, իր պարտիզպանին միայն զգուշացնող հանձնարարություններ արեց, իսկ ինքը մեկնեց Նիկոդեմոսի ու իր մարդկանց հետ։ Ղուկիանոսն էլ վերցրեց իր զինվորներին ու վերադարձավ պրետորիոն՝ ստացած հրահանգի կատարումը Պիղատոսին հայտնելու։
Ավազակների սրունքները ջախջախելուց հետո ավետարանը նրանց թաղման մասին ոչինչ չի գրում։ Սակայն պետք է ասել, թե նրանք էլ թաղվեցին, որովհետև հրեաներին հրամայված էր կախվածներին նույն օրը ցած իջեցնել ու թաղել․ «Թաղելով թաղեսջիք ի նմին աւուր» Բ Օր․ 21:23։ Թեպետ անշուք կերպով, բայց ի վերջո անթաղ չեն թողնվել հեթանոսների սովորության համեմատ։ Գողգոթայի գագաթին կանգուն մնացին միայն դատարկ խաչերը։
Ավետարանիչները թաղման պատմության մեջ էլ են Ուրբաթ երեկոյի հիշատակությունն անում։ Մարկոսը գրում է․ «Եւ իբրեւ երեկոյ եղեւ, քանզի Ուրբաթ էր, որ ի Շաբաթն մտանէր»։ Ղուկասը գրում է․ «Եւ օրն էր Ուրբաթ եւ Շաբաթ լուսանայր»։ Հովհաննեսը գրում է․ «Անդ վասն Ուրբաթուն Հրէից, զի մօտ էր գերեզմանն, եդին զՅիսուս»։ Միայն Մատթեոսը ոչինչ չի ասում։ Նրանք, ովքեր ամեն մի բառից ու կետից խաչելության ուրբաթ օրը նիսան 14-ն են ուզում հաշվել, այլ ոչ թե նիսան 15-ը, այս խոսքերից էլ կամենում են եզրակացել, որ եթե խաչելության ուրբաթ օրը աշխատելու օր էր ու ոչ թե օրինական հանգստի օր, ուրեմն այն նիսան 15-ը չէր։ Սակայն այս խոսքերում էլ չկա մի բացահայտ նշան, թե ուրբաթը զատկի օր չէր։ Իսկ ինչը որ հաջորդ օրվան չթողնելով ջանքեր են գործադրվում նույն երեկո ավարտել, չի նշանակում, թե դա հանգստի օրն արգելված գործ էր, քանի որ մեռել թաղելու գործ էր, որը ջանում են հաջորդ օրը չանել, ավելորդ ջանքեր են, որոնք անհրաժեշտ չլինելու դեպքում շաբաթ օրը անելու կարիք չի առաջանում։ Այս ամենին ավելացնենք այն, ինչը նախապես ասացինք և բացատրեցինք (Հովհ. 19:31) զատկի յոթնյակում հանդիպող շաբաթ օրվա մասին, որ համեմատած մյուս շաբաթներին գերագույն շաբաթ էր և զատկի երկրորդ օրը՝ նիսան 16 լինելով, հնձի և զոհերի ընծայման նվիրական օրն էր, և այդ օրն ամենքը տարբեր պարտականություններ ունեին, իսկ քահանաները՝ շահագործելու աշխատանքներ։ Ուստի Արեմաթացին ու իր յուրայինները մտածում էին Ուրբաթ երեկոյան ավարտել իրենց անելիքները, հաջորդ օրվա գործը չթողնել, բոլոր պետք եղածը նախօրոք վերջացնել՝ զատկի օրվա թեթև հանգստի պատեհությամբ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: