Ծննդոց գրքի մեկնություն 29:18

Ա. Լոպուխին

18-19․ Հակոբը սիրեց Ռաքելին և ասաց. «Քո փոքր դստեր`Ռաքելի համար յոթը տարի քեզ կծառայեմ»: [18]Լաբանը նրան ասաց. «Ավելի լավ է` ես նրան քեզ տամ, քան ուրիշ մարդու: Ապրի´ր ինձ հետ»: (Սինոդական թարգ․)
   
   Հակոբի և Լաբանի փոխադարձ համաձայնությունը կրում է աստվածաշնչյան–հրեական և առհասարակ արևելյան բարքերի ազդեցությունը: Հին և նույնիսկ ժամանակակից Արևելքի ավանդության համաձայն` ոչ թե աներն է օժիտ տալիս փեսացուին, այլ հակառակը. վերջինիս կողմից հարսնացուի հորը նրա համար տրվելիք գլխագինը  (եբ. mohar, հմմ. Ծննդ. 24:53, 34:12), սովորաբար, ամուսնալուծության դեպքում ապահովում էր կնոջը («քեթուբի» փաստաթղթի հիման վրա): Չքավոր և թափառական Հակոբը (Ծննդ. 32:10) որպես գլխագին առաջարկում է իր յոթ տարվա աշխատանքը: Գլխագնի փոխարինումը արտասովոր մի բան չէր  աստվածաշնչյան անտիկ դարաշրջանում (Դավիթը` Սավուղին Մեղքողի համար, Ա. Թագ. 18:25–27), որից ավելի վաղ էլ Գոթոնիելը Քաղեբի դուստր Աքսայի համար (Հես. 15:16–17․ երկուսն էլ անհատական արիության սխրագործություն տվեցին):  Արևելքում այժմ էլ սա արտասովոր բան չէ: Սակայն այս համաձայնագրում մի կողմից` զարմացնում են Հակոբի համեստությունը և քիչ պահանջկոտությունը, որ նախկինում նա արդեն ցույց էր տվել (Ծննդ. 28:20), թեև Լաբանի առաջ այլ պայմաններ  դնելու և հորից իրեն բաժին հասնող կալվածքի մի մասը պահանջելու հնարավորություն ուներ, մյուս կողմից` Լաբանի շահամոլությունը, որը չամաչեց քրոջորդուն`  իր «միս ու արյանը»,  ծառայեցնել  իր օգտի համար: Հետո այս արարքը չողջունեցին նաև  Լաբանի դուստրերը (Ծննդ. 31:15): Ըստ ռաբբիների` Հակոբը, կարծես կանխազգալով Լաբանի խաբեությունը, հատուկ շեշտում է  հենց Ռաքելին` Լաբանի կրտսեր դստերը: Սրանով արտահայտեց նաև այն, որ լինելով Ռեբեկայի կրտսեր որդին` պետք է ամուսնանար Լաբանի կրտսեր դստեր հետ: Լաբանը հոժարությամբ ընդունում է Հակոբի առաջարկը` վերջինիս յոթ տարիների անվարձահատույց աշխատանքի դիմաց: Իր համաձայնությունը, սակայն, Լաբանը հիմնավորում է` ըստ հետևյալ  հանգամանքների: Համաձայն Արևելքի սովորության`  մերձ բարեկամական ամուսնություններն ավելի նախընտրելի էին, քան  անծանոթների հետ ամուսնությունները (այս սովորույթները մինչ օրս այնտեղ պահպանվում են):
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Յակոբը սիրեց Ռաքէլին. նա ասաց. «Քեզ եօթը տարի կը ծառայեմ քո կրտսեր դուստր Ռաքէլի համար»:
(Արարատ թարգ․) Եվ Հակոբը սիրեց Ռաքելին ու ասաց Լաբանին. «Ես յոթ տարի կծառայեմ քեզ քո կրտսեր դուստր Ռաքելի համար»:
(Գրաբար) Եւ սիրեաց Յակոբ զՌաքէլ եւ ասէ` ծառայեցից քեզ եւթն ամ վասն Ռաքելայ դստեր քոյ կրտսերոյ: