Հակոբի ծառայությունը Լաբանին և ամուսնությունը
1. Եվ Հակոբը ճանապարհ ընկավ ու գնաց Արևելքի որդիների երկիրը:
2. Եվ տեսավ, որ ահա դաշտում մի ջրհոր կար, և այնտեղ՝ ջրհորի մոտ, ոչխարների մակաղած երեք հոտ կար: Այդ ջրհորից ջուր էին տալիս հոտերին, և ջրհորի բերանին դրված մի մեծ քար կար:
3. Երբ բոլոր հոտերն այնտեղ էին հավաքում, քարը գլորում էին ջրհորի բերանից, հոտերին ջուր էին տալիս ու քարը դարձյալ իր տեղը՝ ջրհորի բերանին էին դնում:
4. Եվ Հակոբը հարցրեց նրանց. «Եղբայրնե՛ր, դուք որտեղի՞ց եք»: Եվ նրանք պատասխանեցին. «Մենք Խառանից ենք»:
5. Եվ նա հարցրեց նրանց. «Նաքորի որդի Լաբանին ճանաչո՞ւմ եք»: Եվ նրանք պատասխանեցին. «Ճանաչում ենք»:
6. Եվ դարձյալ հարցրեց. «Նա ողջ և առո՞ղջ է»: Եվ նրանք պատասխանեցին. «Առողջ է, և ահա նրա դուստր Ռաքելը գալիս է ոչխարների հետ»:
7. Եվ նա ասաց. «Ահա դեռևս օրն առջևում է, և հոտերի հավաքվելու ժամանակը չէ, ջուր տվեք ոչխարներին և տարեք արածեցնելու»:
8. Եվ նրանք ասացին. «Չենք կարող, մինչև որ բոլոր հոտերը մեկտեղ չհավաքվեն: Երբ հորի բերանից քարը գլորեն, այն ժամանակ մենք ջուր կտանք ոչխարներին»:
9. Եվ մինչ խոսում էր նրանց հետ, Ռաքելը եկավ իր հոր ոչխարների հետ, որոնց արածեցնում էր:
10. Եվ երբ Հակոբը տեսավ իր մորեղբայր Լաբանի դուստր Ռաքելին և իր մորեղբայր Լաբանի ոչխարներին, այնժամ Հակոբը մոտեցավ, գլորեց քարը ջրհորի բերանից և ջուր տվեց իր մորեղբայր Լաբանի ոչխարներին:
11. Եվ Հակոբը համբուրեց Ռաքելին ու բարձրաձայն լաց եղավ:
12. Եվ Հակոբն ասաց Ռաքելին, որ ինքը նրա հոր ազգականն է՝ Ռեբեկայի որդին, նա էլ շտապ գնաց ու այդ մասին հայտնեց իր հորը:
13. Եվ երբ Լաբանը լսեց իր քրոջ որդի Հակոբի մասին, շտապեց նրան դիմավորելու, գրկեց, համբուրեց ու նրան իր տուն տարավ: Եվ նա ամեն բան պատմեց Լաբանին:
14. Եվ Լաբանն ասաց նրան. «Հիրավի, դու իմ ոսկորն ու մարմինն ես»: Եվ Հակոբը մի ամբողջ ամիս մնաց Լաբանի մոտ:
15. Եվ Լաբանն ասաց Հակոբին. «Մի՞թե դու, որ իմ եղբայրն ես, պիտի առանց վարձի ծառայես ինձ: Ասա՛ ինձ, ի՞նչ է քո վարձը»:
16. Եվ Լաբանը երկու դուստր ուներ: Ավագ դստեր անունը Լիա էր, իսկ կրտսեր դստեր անունը՝ Ռաքել:
17. Լիայի տեսողությունը տկար էր, իսկ Ռաքելը բարեկազմ էր և գեղեցկատես:
18. Եվ Հակոբը սիրեց Ռաքելին ու ասաց Լաբանին. «Ես յոթ տարի կծառայեմ քեզ քո կրտսեր դուստր Ռաքելի համար»:
19. Եվ Լաբանն ասաց. «Ավելի լավ է, որ ես նրան քեզ տամ, քան օտար մարդու: Բնակվի՛ր ինձ մոտ»:
20. Եվ Հակոբը յոթ տարի ծառայեց Ռաքելի համար: Եվ նրան սիրեց այնքան, որ յոթ տարիները մի քանի օրերի պես անցան:
21. Եվ Հակոբն ասաց Լաբանին. «Ինձ տուր կնոջս, որ մտնեմ նրա մոտ, որովհետև լրացել են օրերս»:
22. Եվ Լաբանը հավաքեց այնտեղի բոլոր մարդկանց ու խնջույք արեց:
23. Եվ երեկոյան նա վերցրեց իր Լիա դստերը ու Հակոբի մոտ բերեց: Եվ Հակոբը նրա մոտ մտավ:
24. Եվ Լաբանն իր աղախին Զեղփային իր դուստր Լիային որպես աղախին տվեց:
25. Եվ առավոտյան Հակոբը տեսավ, որ ահա նա Լիան էր: Հակոբն ասաց Լաբանին. «Այս ի՞նչ արեցիր: Մի՞թե ես Ռաքելի համար չծառայեցի քեզ: Ապա ինչո՞ւ ինձ խաբեցիր»:
26. Եվ Լաբանն ասաց. «Մեր երկրում այսպես չեն անում, փոքրին մեծից առաջ չեն տալիս:
27. Լրացրու այս յոթ օրերը, և ես նրան էլ քեզ կտամ, եթե ինձ մոտ ծառայես ևս յոթ տարի»:
28. Եվ Հակոբն այդպես արեց. լրացրեց այդ յոթ օրերը, և Լաբանն իր դստերը՝ Ռաքելին, նրան կնության տվեց:
29. Եվ Լաբանն իր աղախին Բաղղային իր դուստր Ռաքելին որպես աղախին տվեց:
30. Եվ Հակոբը Ռաքելի մոտ էլ մտավ ու Ռաքելին ավելի սիրեց, քան Լիային: Եվ նրա համար Լաբանին ծառայեց ևս յոթ տարի:
31. Եվ երբ Տերը տեսավ, որ Լիան ատելի է, բացեց նրա արգանդը, իսկ Ռաքելն ամուլ էր:
32. Եվ Լիան հղիացավ, մի որդի ծնեց ու նրա անունը Ռուբեն դրեց, որովհետև ասաց. «Տերը տեսավ իմ տառապանքները: Ուրեմն հիմա իմ ամուսինը կսիրի ինձ»:
33. Եվ դարձյալ հղիացավ ու մի որդի ծնեց և ասաց. «Տերն ինձ այս որդուն էլ տվեց, որովհետև տեսավ, որ ես ատելի եմ»: Եվ նրա անունը Շմավոն դրեց:
34. Եվ դարձյալ հղիացավ ու մի որդի էլ ծնեց և ասաց. «Արդ, այս անգամ իմ ամուսինը կմիանա ինձ, որովհետև նրա համար երեք որդի ծնեցի»: Այդ պատճառով նրա անունը Ղևի դրեց:
35. Եվ դարձյալ հղիացավ ու մի որդի էլ ծնեց և ասաց. «Այս անգամ պիտի գոհանամ Տիրոջից»: Այդ պատճառով նրա անունը Հուդա դրեց: Եվ դրանից հետո դադարեց ծնել:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: