Ծննդոց գրքի մեկնություն 33:9

Ա. Լոպուխին

9-11. Եսավն ասաց. «Ես էլ շատ ունեմ, եղբա՛յր, քոնը քեզ թող մնա»: [9] Հակոբն ասաց. «Այդպես չի լինի: Եթե շնորհ եմ գտել քո առաջ, ուրեմն ընդունի՛ր ինձնից  ընծաները. որովհետև քո դեմքը տեսա այնպես, ինչպես մարդ Աստծու դեմքը կտեսնի: Ուրախացի՛ր ինձ հետ և ընդունի՛ր իմ ընծաները, որ մատուցեցի քեզ, որովհետև ողորմեց ինձ Աստված, և ես ամեն ինչ ունեմ»: Հակոբը ստիպեց նրան, և նա ընդունեց: (Սինոդական թարգ․)
   
   Երկու եղբայրների միջև տեղի է ունենում ազնիվ պայքար: Ամենայն հավանականությամբ, արդեն հայրական ժառանգության մի մասը ստացած Եսավը անկեղծորեն խոստովանում է, որ ինքը ոչ մի բանի կարիք չունի, և Հակոբին առաջարկում է ետ վերցնել իր համար իբրև ընծա նախատեսված հոտը (հ. 9): Հակոբն էլ, ի ցույց դնելով Եսավի հետ հանդիպման պատճառած մեծ ուրախությունը և նրա հանդեպ իր ունեցած բարյացակամ վերաբերմունքը (հ. 10), պնդում է, որ Եսավը ընդունի «օրհնությունը» (իբրև փոխհատուցում այն բանի, որ  տարիներ առաջ Հակոբը նրանից խլել էր նրա օրհնությունը) (berachah–ը յուրաքանչյուր նվիրաբերության, մեծարանքի և երախտագիտության սովորական անունն է, Ա Թագ. 25։27,  Դ Թագ. 5։15,  Դատ. 1։15) «Մի՛ հրաժարվիր,– ասում է,– ընդունել այն. այս ամենը Աստված է   ինձ տվել, այն ամենը, ինչ ունեմ,  Նա է  ինձ տվել»: Այս կերպ Հակոբը նրան հասկացնում է, թե աստվածային ինչպիսի նախախնամության է ինքը արժանացել՝ դրանով Եսավին դրդելով, որ  ավելի մեծ հարգանք ցուցաբերի իր հանդեպ (Հովհան Ոսկեբերան, զր. 58, էջ 633):
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Եսաւն ասաց. «Ես էլ շատ ունեմ, եղբա՛յր, քոնը քեզ թող մնայ»:
(Արարատ թարգ․) Եվ Եսավն ասաց. «Ես շատ ունեմ, եղբա՛յր, քոնը թող քեզ լինի»:
(Գրաբար) Եւ ասէ Եսաւ. Կայ եւ իմ շատ` եղբայր` քեզ լիցի քոյդ: