Ծննդոց գրքի մեկնություն 4:13

Սրբ. Եփրեմ Ասորի

13-14․ Կայէնն ասաց Աստծուն. «Գործած մեղքս մեծ է թողութեան արժանի լինելու համար: Եթէ այսօր ինձ հանես երկրից, ես կը թաքնուեմ քեզնից, ահ ու դողի եւ երերման մէջ կը լինեմ երկրի վրայ, եւ ով հանդիպի, կը սպանի ինձ»:

   
   «Մեծ են, - ասում է, - իմ հանցանքները», սրանով նախապատրաստեց իր որդիների սպանությունը ... «Նրա արյունն, - ասում է, - աղաղակում է» (Ծննդ. 4:10). ոչ թե բերանով, այլ՝ տեսիլքով, ինչպես այն, որ ասում է. «Երկինքը պատմում է Աստծո փառքի մասին» (Սաղմ. 18:1):

   «Եվ Կայենն ասում է Տիրոջը. Մեծ են իմ հանցանքները» (Ծննդ. 4:13): Եվ որովհետև ասում է. «Ահավասիկ վտարեցիր այսօր ինձ երկրի վրայից, և Քո երեսից հեռանալով՝ թաքնված եմ» (Ծննդ. 4:14), - [թաքնված է] այն խոսքերի զորությունը, որ Աստված ասաց, կրկնեց Կայենը: «Վտարեցիր ինձ, - ասում է, - այսօր երկրի վրայից» որովհետև նրա անեծքը նրա մեջ էր, քանի որ նրա մեջ նա հանգիստ չուներ: Եվ որովհետև ասում է. «Քո երեսից հեռանալով՝ թաքնված եմ» քանի որ նա այլևս Աստծուն չէր տեսնելու, ինչպես առաջին անգամ, այսինքն՝ զոհաբերման պահին. ինչպես այն, որ ասում է. արտաքսեցի նրանց իմ երեսից և հեռացան. քանի որ նա ապականեց Աստծու պատկերը, ուստի արժանի էր, որպեսզի նա Աստծու երեսից մերժված ընկած լիներ: Եվ այդ պատճառով էր, որ ասեց. «Նրա արյունը թող հեղվի», որովհետև Ադամն արարված է Աստծու պատկերով և նմանությամբ: «Ամենայն ոք, ով ինձ կգտնի, - ասում է, - ինձ կսպանի» (Ծննդ. 4:14), մի գազան կամ անմաքուր արարած, այսինքն՝ նա երերալով, տատանվելով դողում էր, փախչում այդ վայրից: Այդպես չէ, - ասաց, - չես սպանվի, քանի որ Կայենին սպանող յուրաքանչյուր մարդուց յոթնապատիկ պատժի հատուցում կպահանջվի. դա այդպես է, քանի որ յոթ դար նրան երերալիս և տատանվելիս էին տեսնում, կամ որովհետև յոթ սերունդներ անարգվում էին նրա հետ, քանի որ նա իրապես ասաց. «Յուրաքանչյուր ոք, ով ինձ կգտնի, ինձ կսպանի», ասաց նրան՝ Ոչ:

   Եվ երբ որ նրա վրա նշան դրեց, որպեսզի ամեն ոք, ով տեսնի նրան, չհամարձակվի նրան սպանել, որպեսզի իր կյանքով հատուցի նրան, ինչպես որ Դավիթն է ասում. «Մի՛ սպանիր նրանց, որպեսզի իմ ժողովրդին չմոռանան» (Սաղմ. 58:12), որպեսզի շատերն առանց պատուհասի պատիժների չմահանան, այդպես էլ նրանք: Այլ ի՞նչ է ասում. «Նրանց քո զորությամբ ալեկոծիր և կործանիր նրանց»՝ մյուսներով հանդերձ: Որպեսզի հայտնի լինի վրեժխնդրությունը, նա երերալով տատանվելով էր շրջում երկրի վրա: «Յուրաքանչյուր ոք, ով ինձ գտնի, ինձ կսպանի» (Ծննդ. 4:14). աղոթք են [այս խոսքերը]՝ իր կատարած սպանության համար նա կամենում էր, որ սպանվի: Եվ այստեղ նա ճշմարտությունը խորհեց, թեպետև այդ յոթ պատիժներից ցանկանում էր խորամանկությամբ փախչել: Ահա ասում է նրան Աստված՝ Ոչ, այլ յուրաքանչյուր մարդասպան, որ քեզանից հետո կլինի, անձի փոխարեն անձը կտա, բայց դու մեկի համար յոթը կտաս: Եվ քանի որ նրա բնությունը չէր համբերում, որ մեկի փոխարեն յոթ պատիժներ ստանար, այն հրամանի զորությունը, որ ասեց, թե՝ յոթը մեկի փոխարեն կտաս, նրա շունչը մարմնին կապեց, որպեսզի մահվան տառապանքն իր կյանքում տեսնի՝ մեկի փոխարեն [հատուցելով] յոթը: Ինչո՞ւ էր այդպես. քանի որ այնտեղ ևս նրա ազատությունը մի արարք էր, ինչը որակելի չէր, ճշարտությունն արտաքսվեց անչափ բարկության հետևանքով. մեկ պատժի փոխարեն, որ պարտավոր էր, նրա վրա յոթ պատիժ դրվեց: Եվ Աստված սա այստեղ դրեց, որպեսզի յուրաքանչյուր ոք, ով աշխարհային մեղքի մեջ համարձակություն և հանդգնություն գտնի, որը նախքան նա անվանված չէր, անչափ պատիժներ ստանա:

   Եվ ո՞ւր է այն խոսքը, որ ասում է. «Ամեն էակ ապականել էր իր  ճանապարհը» (Ծննդ. 6:12), և նրանց ջնջեց ջրհեղեղով: Ե՛վ սոդոմայեցիները, և՛ նրանք, ովքեր աշտարակն էին կառուցում, և՛ Կորխի տունը, որոշ ժամանակ անց նույնիսկ մարդկանց կողմից պաշտվեց: Եվ վրեժի այն նոր հատուցումը, որը ստացան նրանք, ովքեր մեղք գտան, ճշմարիտը չհաստատեց խարդախությունները կանխելուն: Նույնպես և արդարությունը, որ ճշմարիտներից յուրաքանչյուր ոք իր անձի մեջ արդարություն գտավ, ինչը նրանից առաջ չէր երևացել, ստացավ մի հատուցում, որ նրանից առաջ անվանված չէր. Ենովքը, Նոյը, Մելիքսեդեկը, Աբրահամը, Մովսեսը, Եղիան և Դանիելի տունը՝ մյուսներով հանդերձ: Բայց հույնն ասում է. «Կայենին սպանող յուրաքանչյուր ոք, մեկի փոխարեն յոթը կստանա» (Ծննդ. 4:15), այսինքն՝ կհատուցի կամ էլ՝ կվերացնի այն յոթը պատիժները, որոնց նա արժանացել էր յոթը մեղքերի համար. այսինքն՝ առաջինը՝ նախանձը, քանի որ իր մատուցած զոհն ընդունելի չեղավ, ինչպես ընդունելի եղավ իր եղբոր [զոհը], երկրորդ՝ նենգությունը, քանի որ ասաց. «Արի դաշտ գնանք», երրորդ՝ սպանությունը, չորրորդ, քանի որ իր եղբորը սպանեց, հինգերորդ, քանի որ նա եղավ առաջին մարդասպանը, վեցերորդ, նրա ծնողների սուգն ու տրտմությունը, յոթերորդ, քանի որ ստեց Աստծուն: Եվ ահա այս ամենի համար նա յոթը պատիժների արժանացավ: Առաջինը՝ «Անիծյալ լինես դու երկրի վրա», երկրորդը՝ «Քեզ այլևս զորություն չի տրվելու», երրորդ՝ ամենօրյա ահուդողը և երերումը, չորրորդ՝ մարմնի տատանումը, հինգերորդը, քանի որ նա Աստծու մտերմությունից զրկվեց: «Քո երեսից, - ասում է, - թաքնված պիտի մնամ» (Ծննդ. 4:14), վեցերորդը՝ նշանը, որ դրեց նրա վրա, յոթերորդը՝ այն սահմանը, որ եղավ նրա և նրա հայրերի մեջ, քանի որ նա զրկվեց սկզբնական համարձակ մտերմությունից:

   Սակայն, դարձյալ, որպեսզի Կայենը յոթ դար հատուցի, նրան սա ողորմությամբ տրվեց, որպեսզի նրա խրատը յոթ դարից ավել չանցնի, իբրև այն, որ ասում է. «Մինչև երեք և չորս դար կհատուցի իրեն ատողներին», ողորմությունից է: Եթե դա այդպես է, և սա վերաբերում է Կայենին, որպեսզի յոթ դար հատուցի: Եվ Ղամեքը տեղին անսաց նրան, որպեզի նրան ևս յոթանասուն յոթ սերունդներից հետո ողորմություններ լինեն: Եվ այն խոստովանելով իր խոսքի մեջ ասեց. «Գործած մեղքս մեծ է թողության արժանի լինելու համար» (Ծննդ. 4:13), այսինքն՝ նա մեծացրեց իր մեղքերն ավելի, քան Աստծու ողորմությունն է, ցույց տվեց, որ չնայած արդարև նրա հանցանքները ծանր են, սակայն Աստծու ողորմությունից ավելի փոքր են: Եվ ինչո՞վ են մեծ. նրանով, որ մեկի փոխարեն յոթը խնդրեց: Ահա լքել թողել ես դու, ինչպես քո հայրը, ով ըմբոստացավ իմ դեմ, և որովհետև ես այդ նույն օրը հրամայեցի նրան մահանալ, ահա նա ապրում է: Եվ Կայենը նայեց ու տեսավ, որ իմ հորից առավել իմ մեղքերը ծանրացան, իբրև թե մինչ այդ մեծ չէին: Ապա եթե ոչ, այդ դեպքում ինչո՞ւ ասաց՝ ինձ չի ողորմի: Արդ, Ադամն ըմբոստացավ Աստծու դեմ, և Կայենը՝ նրա որդին, Աստծու ծառայի դեմ, իսկ Սեթն արդարների հիմնադիրը եղավ:

   Եվ Կայենի վրա նշան դրեց, որ ոչ ոք չհանդգնի նրան սպանել, նրանք, ովքեր նրան գիտեին, բացի Նայիդ երկրից. դա հենց այն է, որ երերում և տատանվում էր: Եվ այն նշանը, որ դրեց նրա վրա, տարբեր է յոթ պատիժներից: Եթե Կայենը մահանար, ինչպես որ նա խնդրում էր, ինչպե՞ս էր մարդկանց նրանով վախեցնելու, այլ սա ասում ենք, որ եթե յոթը դար ձգվեցին Կայենի մեղքերը, ինչո՞ւ դա հայտնի չդարձրեց, ինչպես այն, որ ասաց Ադամին. «Անիծյալ լինի երկիրը քո պատճառով» (Ծննդ. 3:17), կարող էր նաև ասել Կայենին՝ Անիծյալ լինեն քո ծնունդները քո պատճառով, և այն, որ թողեց Քամին և անիծեց Քանանին, կարող էր նաև անիծել Կայենի սերունդներին՝ Կայենով հանդերձ: Ոչ էլ մենք կարող ենք ցույց տալ, թե նրա պատիժները յոթ դար տևեցին, քանի որ գրված չէ, որ նա հատուցելու է յոթ դարերով իր սերունդներով հանդերձ, այլ ասում է. «Կայենը մեկի դիմաց յոթնապատիկ պատիժ կկրի» (Ծննդ. 4:15): Հենց նա ինքն անիծվեց, նա ինքը երերաց և հենց իր վրա նշան դրվեց, և ոչ թե իր զավակի վրա, հենց այս պատճառով էր, որ ասվեց՝ մեկի փոխարեն՝ յոթը: Քանզի ահավասիկ Հոբելի և Հոբաղի որդիները թեպետ և Կայենից հետո յոթներորդն էին, սակայն քանի որ նրանք ևս ծնեցին, նրանց որդիներն ութերորդը եղան: Բայց, արդ, Ադամով և Կայենով հանդերձ՝ տասներորդն էին, քանի որ սերունդներն այսպիսին են. Ադամ, Կայեն, Ենովք, Դեդադ, Մայիել, Մաթուսաղա, Ղամեք, Հոբել և Հոբաղ և նրանց որդիները՝ ութերորդն են, սակայն նրանց որդիները՝ վրանների բնակիչները, իններորդն էին, իսկ սկայազունները՝ տասներորդները:

   Խափանվեց այն, որ ասում է յոթ. քանի որ ասեց Կայենին՝ մեկի փոխարեն յոթ, ինքը  սա վերցրեց իր վրա, որովհետև եթե առաջին պատժից հետո նա լռելով դադարեր, այդ նշանից և այն բանից հետո, որ ասում էր մեկի փոխարեն յոթը կհատուցի, կշարունակեր նա ապրել: Այլ քանի որ նա իր մահն էր փնտրում, որպեսզի փրկվի  արդարության այն պատիժներից, դրա համար ասաց նրան՝ «Մեկի փոխարեն յոթը», երբ նրա վրա նշան ավելացավ, քանի որ դու մահ էիր խնդրում, դրա փոխարեն յոթը սերունդ կգան և կտեսնեն քո անարգանքների վատթարությունը: Սակայն եբրայերենն [ասում է]. «Եվ Տերը նշան դրեց Կայենի վրա» (Ծննդ. 4:15), այսինքն՝ պատվիրեց Նա, որ ոչ ոք չհամարձակվի նրան սպանել այն յոթ սերունդներից առաջ: Արդ, ոչ թե նրա վրա նշան դրեց, այլ նրան նշան դրեց իր այն պատժով, որ՝ Ոչ ոք նրան չսպանի: «Յուրաքանչյուր ոք, որ ինձ գտնի, կսպանի»: Ոչ,  - ասում է, - ով սպանի՝ կմահանա, իսկ Կայենը մեկի փոխարեն յոթը կհատուցի: Բայց Սիմաքոսն ասում է. «Կայենը յոթ սերունդ դատաստանի կենթարկվի», և Թեոդիտոնն էլ՝ «Կայենը յոթ սերունդ կհատուցի»:

   Սակայն կրկին ասում ենք, որ եթե նրա տոհմը ազգերին խառնված չլիներ, նրա պատիժներն ու նեղությունները տարածված կլինեին նրա յոթ սերունդների վրա, քանի որ հաշվեցին մինչև յոթը և լռեցին. որպեսզի ցույց տան, որ եթե այս սերունդները Կայենին նշան են տալիս, որպեսզի հետո մնան ու փրկվեն Սեթի որդիների անօրենությունից: Եվ այդ պատճառով սրանց վերաբերյալ և նրանց վրա ներողամտություն եղավ, քանի որ եթե ըստ հրամանի դատավճռի լիներ, ապա յոթերորդ դարի վերջին լինելու էր Կայենի որդիների սատակումը: Եվ քանի որ նա փոքր էր և բավական չէր, որ նա միայն ստանար իր մեղքերի պատիժը, այդ իսկ պատճառով նրա վրա յոթ սերունդների պատիժը տարածվեց, այնպես ինչպես Ադամի պատիժները տարածվեցին նրա սերունդների վրա: Եվ ինչպես որ պատիժներ ստացան Նաքովրի կինը, նրա որդիները և նրա ունեցվածքը, Աքայաբի յոթանասուն որդիները, Սավուղի յոթը որդիները, այդպես էլ Կայենը: Թեպետ և այսպես ասվեց, սակայն չեղավ, քանի որ յոթերորդ սերնդի վրա չեկավ նրա հատուցումը, և երբ տասներորդ սերնդին հասավ, Կայենն այլևս կենդանի չէր: Իսկ ինչո՞ւ փրկվեց սպանության գործիչն այն պատիժներից, և նրա հատուցումը հասավ նրանց վրա, ովքեր չգիտեին: Եվ ո՞ւր է նա, ով ասում է, թե Կայենը մեկի փոխարեն յոթն է հատուցելու, քանի որ ըստ Գրքերի՝ նա նրանց հետ հենց իր դարում էր պատժվելու: Արդ, ինչո՞ւ փրկվեց Կայենն այն ջրհեղեղից, այն, որ նրա իսկ պատճառով եղավ, և Սեթի որդիները նրա պատճառով տուժեցին, նրանք, ովքեր նրան չէին ճանաչում: Ապա, եթե տասներորդ սերնդում եղավ ջրհեղեղը, և Կայենն արդեն կենդանի չէր, ապա հայտնի է, որ Սեթի որդիների անօրինության պատճառով մնացին Կայենի երեք սերունդները:

   Խորամանկեց Ղամեքն իր այն խրատով, որը տվեց իր կանանց՝ խառնվել այն ազգերին, որոնք տարբեր էին Կայենի և Սեթի ժամանակներից: Նա տեսավ, որ Կայենը կենդանի է, և Սեթի որդիները նրանց հետ խառնվել չէին կամենում, քանի որ նրանց սերունդները Կայենի պատճառով ծաղր ու ծանակի էին ենթարկվում: Եվ որպեսզի նրանց վրայից վերցնի նախատինքը, ըստ այն [խոսքի], թե հոր [պատճառով] որդին է դողում, այն է՝ «Ցավերի մեջ գտնվող երիտասարդ էր»: Ղամեքը սպանեց Կայենին և նրա կրտսեր որդուն, որ նրան ծնել էր համաձայն իր պատկերի, որպեսզի չհիշեն Կայենին՝ հենց նրա պատճառով, որպեսզի այդ արարքով նա Սեթի որդիներին հաճելի լինի. ահավասիկ, - ասում է, - պահանջվեց Կայենից վրեժ առնել: Եվ ապա նա իր կանանց խրատներ է տալիս իրենց դուստրերին զարդարելու համար, դրանից հետո, - ասում է, - երբ Կայենը մեռնի, այնժամ Սեթի որդիները ձեր դուստրերին կտեսնեն, կկամենան խառնվել նրանց հետ, և նրանց պատճառով կփրկվենք մեր վրա եկող այն բարկությունից, որ լինելու է Կայենի պատճառով:

   

Ա. Լոպուխին

Եվ ասաց Կայենը Տիրոջը. « Իմ պատիժն ավելին է, քան կարելի է կրել։ (Սինոդական թարգ․)[13]
   

    Իմ պատիժն ավելին է, քան կարելի է կրել… Սլավոնական տեքստը, հետևելով հունարեն LXX (Յոթանասունից) թարգմանությանը, այստեղ էլ ունի իր տարբերակը. Գործածս մեղքը մեծ է թողության արժանի լինելու համար։ Սրա առաջացման պատճառը եբրայերեն «ավոն» տերմինն է, որն ունի երկու իմաստ՝ մեղք և պատիժ: Ոմանց կողմից այն ընդունվել է առաջին իմաստով (LXX), իսկ ուրիշների կողմից երկրորդ իմաստով: Բայց տեքստի տվյալ հատվածի կապակցվածության իմաստով առաջին ընթերցումը, որն առկա է ռուսերեն Աստվածաշնչում, առավել նախընտրելի է. Կայենի արձագանքն այստեղ ներկայացվում է մեզ  իբրև մեղսագործի հուսահատության և փոքրոգություն ճիչ, ով չի ցանկանում հնազանդորեն կրել իրեն բաժին ընկած տառապանքները՝ գոնե իր մեղքը մասամբ քավելու համար:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Կայէնն ասաց Աստծուն. «Գործած մեղքս մեծ է թողութեան արժանի լինելու համար:
(Արարատ թարգ․) Եվ Կայենն ասաց Տիրոջը. « Մեծ է իմ մեղքը թողություն ստանալու համար:
(Գրաբար) Եւ ասէ Կային ցՏէր Աստուած. Մե՛ծ է պատիժ իմ քան զթողուլդ զիս։