Ծննդոց գրքի մեկնություն 4:17

Ա. Լոպուխին

Եվ Կայենը մերձեցավ իր կնոջը, սա հղիացավ ու ծնեց Ենոքին։ Կայենը քաղաք կառուցեց և քաղաքը կոչեց իր որդու՝ Ենոքի անվամբ։ (Սինոդական թարգ․)[17]
   

    Կայենը մերձեցավ իր կնոջը ... Ակամայից հարց է առաջանում՝ ո՞վ էր Կայենի կինը: Ակնհայտ է, որ նրա քույրերից մեկը, պարզաբանում են Ս. Հովհան Ոսկեբերանը և Երանելի Թեոդորիտը. «Քանի որ դա սկզբում էր, իսկ այդ ընթացքում մարդկային ցեղին անհրաժեշտ էր բազմանալ, ուստի քույրերի հետ ամուսնությունը թույլատրելի էր»: Հավանաբար, վերջինս Կայենի հետ ամուսնացել էր մինչև Աբելի սպանությունը, որովհետև կասկածելի է, որ որևէ կին հանդգներ իր ճակատագիրը կապել հայտնի եղբայրասպանի հետ: Ուշ ռաբունական ավանդությունը Կայենի հետ միաժամանակ ծնված քրոջն է վերագրում իբրև նրա կին, անվանելով նրան մե՛կ Ազուրա, մե՛կ Սավա:

    Կայենը մերձեցավ իր կնոջը, սա հղիացավ ու ծնեց Ենոքին... Այստեղից սկսվում է նախաստեղծ մարդկության նոր, առանձին ճյուղի հակիրճ պատմությունը կամ, ավելի ստույգ՝ կայենականների ծննդաբանությունը: Այն գրեթե բաղկացած է միայն գլխավոր անունների թվարկումից, որոնք երբեմն ուղեկցվում են բացատրական փոքր նշումներով: Սակայն, նկատի առնելով հին աստվածաշնչյան անունների բացառիկ հատկությունը, արտահայտելու յուրաքանչյուր անձին բնորոշ առանձնահատկություններն ու կարգավիճակը նահապետական գերդաստանում, մենք պետք է հայտնաբերենք (ընթերցենք) նրանց կյանքի պատմությունը հենց իրենց անունների վերծանման մեջ: Այսպես, օրինակ Կայենի առաջին որդու անունը՝ Ենոք, նշանակում է «սրբագործող, ձեռնարկող, վերանորոգող», կարող էր տրվել նրան և իբրև առաջնեկի (հմմ. Ելք. 6:14, Թվեր. 26:5) և իբրև նոր, «քաղաքային» կենսակերպի «նախաձեռնողի», նախկին անհանգիստ թափառական կյանքի փոխարեն: Կայենն իր որդուն անվանակոչելով «ձեռնարկող, վերանորոգող» ըստ երևույթին արտահայտում էր իր այն նվիրական երազանքը, որ որդու ծննդյամբ, երբ զբաղված էին քաղաքի՝ զարգացման որոշակի աստիճանի հասած նստակյաց կյանքի բնակատեղիի կառուցմամբ, սկսվում է նոր, առավել լուսավոր կյանքի մի ժամանակահատված, եթե ոչ անձամբ իր, գոնե իր սերունդների համար, և Ենոքը ծնվելով արդեն ոչ որպես անտուն թափառական, այլ նստակյաց քաղաքացի, կբանա կայենականների պատմության նոր, ավելի երջանիկ ժամանակաշրջան:

    Կայենը քաղաք կառուցեց... կամ, ավելի ճիշտ, եբրայերենից՝ «և նա քաղաք կառուցող էր», այսինքն՝ հիմքը դրեց, դրա հիմնարկեքն արեց, հանձնարարեց քաղաքի բուն կառուցումը հենց Ենոքին և հետագա սերունդներին: Այդ քաղաքը պետք է որ իրենից ներկայացներ մի պարզ ամրացված վայր, հավանաբար խրամատներով գոտևորված և ցցերով պարսպված, վայրի կենդանիների հարձակումներից պաշտպանվելու համար: Նյութական մշակույթի տեսանկյունից նախաստեղծ քաղաքի կառուցումը չափազանց կարևոր իրադարձություն էր, քանի որ այն նշանավորում էր անցումը քոչվորական կյանքից նստակեցության և նույնիսկ վկայում էր վերջինիս ակնհայտ առաջըթնացի մասին:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Կայէնը պառկեց իր կնոջ հետ, սա յղիացաւ ու ծնեց Ենոքին: Կայէնը քաղաք կառուցեց եւ քաղաքը կոչեց իր որդու՝ Ենոքի անուամբ:
(Արարատ թարգ․) Կայենը մտավ իր կնոջ մոտ, և նա հղիացավ ու ծնեց Ենոքին: Նա մի քաղաք շինեց և այդ քաղաքի անունը իր որդու անվամբ Ենոք կոչեց:
(Գրաբար) Եմո՛ւտ Կային առ կին իւր, և յղացաւ և ծնաւ զԵնոք։ Եւ շինէ՛ր քաղաք, և դնէ՛ր անուն քաղաքին յանուն որդւոյ իւրոյ Ենոքայ։