Ծննդոց գրքի մեկնություն 4:20

Սրբ. Եփրեմ Ասորի

20-23․ Ադդան ծնեց Յոբէլին: Սա խաշնարածների վրաններում բնակուողների նախահայրն է: Նրա եղբօր անունը Յոբաղ է: Նա է յօրինել երգն ու քնարը: Սէլլան ծնեց Թոբէլին, որը պղնձի ու երկաթի հմուտ դարբին էր: Թոբէլի քոյրը Նոյեման էր: Ղամէքն ասաց իր կանանց՝ Ադդային ու Սէլլային. «Լսեցէ՛ք իմ խօսքը, Ղամէքի կանայք, ակա՛նջ դրէք իմ ասածին: Ես մի երիտասարդ մարդ սպանեցի, որովհետեւ նա ինձ վիրաւորել եւ հարուածել էր:

    
   Երբ որ ասում է. «Ադդա և Սելլա, լսեցեք իմ խոսքը», մի՞թե ակնհայտ չէ, թե ինչպես մեկը, ով հավանում է և հորդորում ինչ որ արարք գործել և դա հայտնի է դարձնում իր խոսքով, որ ասում է՝ «Լսեք իմ ձայնին և ականջ դրեք իմ ասածներին», այսինքն, որպեսզի զարդարեն և գեղեցկացնեն իրենց դուստրերին և նրանց սովորեցնեն երգեր ու պիղծ մոլություններ: Քանի որ Հոբելը ստեղծեց վրանները. «Նա է, - ասում է, - բոլոր վրանաբնակների և խաշնարածների հայրը»: Եվ Հոբաղը ... երգեր սովորեցրեց. «Նա դարձավ, - ասում է, - բոլոր քնարահարների, տավղահարների հայրը»: Եվ Թոբելը պղնձից և երկաթից ամեն տեսակի գործիքներ էր պատրաստում. «Նա եղավ, - ասում է, - պղնձյա և երկաթյա ամեն իրերի ճարտարապետը»: Եվ Նոյեմանը նրանց դուստրերին զարդեր և հյուսքեր հարդարելու արվեստը սովորեցրեց, և մնացին նրանք Ղամեքի խրատների համաձայն, ինչպես մադիանացիները, և գերվեցին:

   Եվ քանի որ Սեթի որդիներն Աստծու որդիներ էին կոչվում, ուստի սկսեցին, - ասում է, - Տիրոջ անունը կանչել, իբրև նա, որ ասում է. «Ասացի թե աստվածներ եք»: Եվ Կայենի որդիները մարդ կոչվեցին, սակայն Աստված արդարների ազգի մեջ է: Եվ երբ խորամանկեցին, ... և դրդեցին հորդորեցին Սեթի որդիներին և իրենց կին առան ամենքից, որ ընտրեցին, այս պատճառով ջնջվեցին նրանք վերին և ներքին ջրերով, ինչպես ասվում է. «Խորխորատների խորքից քեզ կանչեցին» (Սաղմ. 129:1): Եվ քանի որ նրանք օտար աղբյուրներից խմեցին, օտար ջրերով հագեցան: Այդ պատճառով՝ «Քո աղբյուրների ջրերից դու ջուր կըմպես, և քո վտակներից կհոսեն քո ջրերը», և Դավիթն ասում է. «Փորձեցի քեզ հակառակութեան ջրերի վրայ» (Սաղմ. 80:8), այսինքն՝ Հովսեփն իր տիկնոջ ձեռքով: ... Ղամեքը պատմեց ... իր զղջալու մասին: Եվ երբ նրան իր կանայք դա որպես մեղք էին մատնացույց անում, նրանց ասում է, թե կայենը արդարին սպանեց՝ յոթ սերունդ տուժեց, ես, որ սպանողին սպանեցի, յոթանասուն յոթ անգամ եմ տուժելու (Ծննդ. 4:24):

   

Ա. Լոպուխին

20-22․ Ադան ծնեց Հոբելին։ Սա վրանաբնակ խաշնարածների նախահայրն է։ [20] Նրա եղբոր անունը Յոբալ է։ Նա է հայրը քնարահարների և սրնգահարների: Սելլան ծնեց թոբել-կայենին ( Թոբելին), որը պղնձե ու երկաթե գործիքների դարբին էր։ Եվ Թոբելի քույրը Նոյեման էր։ (Սինոդական թարգ․)

   

   Այս հատվածի առաջին երեք անունների մեկնությունը տրված է հենց տեքստում, ինչն էականորեն դյուրացնում է դրանց բանասիրական իմաստի սահմանումը: Այսպես, Ադայի առաջին որդու անունը՝ Հոբել, նշանակում է «քոչվոր, հոտեր առաջնորդող», և Աստվածաշնչում ևս նա անվանվում է վրանաբնակ խաշնարածների հայրը, այսինքն հիմնադիրը կամ, ավելի ճիշտ, հովվական-քոչվորական ապրելակերպի կազմակերպիչը: Ադայի երկրորդ որդու անունը՝ Յոբալ, որ ծագում է «Յոբել» (հոբելյան) բառից և որը նշանակում է փողային գործիքից հնչած ծորուն երաժշտական ձայն, ցույց է տալիս որ նա «լարային և փողային» գործիքներ հայտնագործողն է, ինչի մասին ուղիղ կերպով խոսվում է նաև աստվածաշնչյան տեքստում: Վերջապես, Ղամեքի երրորդ որդին՝ ծնված արդեն մյուս կնոջից, կրում էր Թոբել-Կայեն անունը (ըստ հունարեն Յոթանասնից թարգմանության՝ Թոբելա): Սուրբ Գիրքը մեզ չի բացատրում այս նահապետի անվան նշանակությունը, սակայն լավագույնս սահմանում է նրա դերը՝ որպես տարբեր տեսակի պղնձե և երկաթե գործիքներ հայտնգործողի, որոնք պահանջվում էին երկրագործության, անասնապահության, որսորդության, պատերազմի և երաժշտության համար: Ծննդոցի հեղինակի համառոտ գրառումն այս ամենի մասին հընթացս մատնանշում է նաև պատմամշակութային հույժ կարևոր մի հանգամանք, որը նշանավորում է անցումը քարե դարից երկաթե դար: Ընդ որում, հատուկ ուշադրության է արժանի հետաքրքրական այն մանրամասնությունը, որ Աստվածաշունչը ևս լիովին համահունչ մշակույթի դրական պատմությանը, «պղնձի» մշակումը համարում է ավելի վաղ, քան «երկաթի» վերամշակումը:

   ԵՎ Թոբելի քույրը Նոյեման էր... Ահա, հիմա արդեն Սուրբ Գիրքն առաջին անգամ առանձին հիշատակում է կնոջ մասին, - ասում է Ոսկեբերանը, - «երանելի մարգարեն դա պատահականորեն և առանց հիմքի չի անում, այլ որպեսզի մեզ ցույց տա ինչ-որ գաղտնի խորհուրդ»: Քանի որ Նոյեմա անունը նշանակում է «սիրունատես, չքնաղ», ապա գիտնական մեկնիչները ենթադրում են, որ նա իր եղբայրների նման նույնպես եղել է յուրատեսակ մի գյուտարար և, մասնավորապես, սկզբնավորել է հայտնի հասարակական հաստատությունը, բնորոշ այլասերված կայենականների համար: Նույնիսկ կարծում են, թե հենց սա է գլխավորել «մարդկանց դուստրերին», ովքեր «Աստծո որդիներին» տանում էին անկման և հենց դրանով անբարոյականություն սերմանում երկրի վրա:
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Ադդան ծնեց Յոբէլին: Սա խաշնարածների վրաններում բնակուողների նախահայրն է:
(Արարատ թարգ․) Եվ Ադդան ծնեց Հոբելին, որը եղավ վրանաբնակների և խաշնարածների հայրը:
(Գրաբար) Եւ ծնաւ Ադդա զՅովբէլ. նա՛ է հայր այնոցիկ որ բնակեալ են ի վրանս խաշնարածաց։