Ծննդոց գրքի մեկնություն 4:26

Ա. Լոպուխին

Եվ Սեթն ունեցավ որդի և նրա անունը դրեց Ենոս։ Այդ ժամանակ նրանք սկսեցին կանչել Տեր Աստծո անունը։ (Սինոդական թարգ․)[26]

   

   Ենոս ... Այս նահապետի անունը, ըստ եբրայերեն բառացի թարգմանության, նշանակում է «թույլ, տկար, անզոր, մահկանացու», որտեղից էլ առաջացել է «մարդ» գոյականը, որի բնութագրական գծերն են հատկապես նրա բնության վերոնշյալ հատկությունները  (Սաղմ. 8:5, 143:13): Արդեն իսկ միայն այս անունը բավարար է վկայելու Աստծո առջև այն հլու հնազանդության ոգու մասին, որը տարբերակում էր բարեպաշտ սեթյաններին գոռոզ, ինքնահավան կայենականներից:

   Այն ժամանակ նրանք սկսեցին կանչել Տեր Աստծո անունը։Սլավոնական(Հունարենից թարգմանված) տեքստն այստեղ ունի իր տարբերակը, մասնավորապես՝ «այն ժամանակ ... սկսեցին»-ի փոխարեն՝ «հուսալով»-ը: Սա տեղի է ունեցել եբրայերեն նմանահունչ երկու բառերը շփոթելուց, որոնցից մեկը նշանակում է «սկսել», իսկ մյուսը՝ «բարձրանալ, հուսալ»: Այս պարագայում նախապատվությունը պետք է տալ ռուսերեն(եբրաերեն բնագրից) թարգմանությանը:

   Իսկ ինչ վերաբերում է սուրբգրային այս արտահայտությանը, ապա այն առաջին հերթին խոսում է Ենոսի օրերին Աստծո անունը հանդիսավորապես կանչելու, այսինքն՝ հանրային աստվածապաշտության սկզբնավորման մասին (Ելք. 34:5, Գ Թագ. 18:24, Երեմ. 10:25): Երկրորդ, ինչպես Եկեղեցու հայրերից ոմանք են կարծում (Ոսկեբերան, Թեոդորիտ, Եփրեմ Ասորի), այն ցույց է տալիս, որ բարեպաշտ սեթյաններն Աստծո հանդեպ ունեցած իրենց նախանձախնդրությամբ, Նրա անունը հանդիսավոր կերպով փառաբանելու համար սկսեցին անվանվել «Աստծո անունով», «Աստծո հետևորդներ» (Ես. 45:3): Այս ամենը, հատկապես առանձնացնում էր բարեպաշտ սեթյաններին՝ Աստծո ջերմեռանդ հետևորդներին, և նրանց իրավունք էր տալիս կոչվելու «Աստծո որդիներ», որոնց հետ մենք հանդիպում ենք ավելի ուշ (Ծննդ. 6:2): Ուրեմն, մինչ կայենականները քաղաքի հիմնադրման, աշխարհիկ արհեստների և արվեստների հայտնագործման միջոցով դնում էին մարդկային հզորության առաջին քարը, սեթյանների ցեղը, միահամուռ Աստծո անունը կանչելով, հիմնում էր Աստծո թագավորությունը երկրի վրա, այսինքն Եկեղեցին, իբրև մարդկանց հանրություն, միավորված առ Քավիչն (Աստված) ունեցած հավատքով և Նրա շնորհիվ փրկվելու հույսով:
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) էթն ունեցաւ որդի եւ նրա անունը դրեց Ենոս: Նա յուսալով կանչում էր Տէր Աստծու անունը:
(Արարատ թարգ․) Եվ Սեթին էլ մի որդի ծնվեց, և նա նրա անունը Ենոս դրեց: Այն ժամանակ սկսեցին կանչել Տիրոջ անունը:
(Գրաբար) Եւ Սեթայ եղև որդի, և անուանեաց զանուն նորա Էնո՛վս. նա յուսացաւ կոչել զանուն Տեառն Աստուծոյ։