Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 5:22

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Բայց Ես ասում եմ ձեզ. ամեն ոք, ով իզուր բարկանում է իր եղբոր վրա, դատաստանի կենթարկվի. ով իր եղբորն ասի «հիմար», ատյանի ենթակա կլինի. իսկ ով ասի «անմիտ», գեհենի կրակին կարժանանա»։
   
   Դու տեսնու՞մ ես կատարյալ իշխանությունը: Տեսնու՞մ ես այն գործելաոճը, որը վայել է Օրինադրին: Մարգարեներից ո՞վ էր երբևէ այսպես խոսել: Կամ թե` արդարների՞ց որևէ մեկը, կամ էլ` պատրիարքների՞ց: Ոչ ոք: «Այսպես է ասում Տերը»,- ասում էին նրանք: Որդին (Քրիստոս), սակայն, այդպես չի խոսում: Նրանք (մարգարեները, արդարներն ու պատրիարքները) հռչակում էին Տիրոջ խոսքերը, իսկ Ինքը` Աստվածորդին, Իր Հոր խոսքերը: Այդուհանդերձ, Հոր խոսքերը նույնպես Որդու խոսքերն են. «Ինչ որ Իմն է, բոլորը Քոնն է, և ինչ որ Քոնն է, այն Իմն է» (Հովհ. 17:10),- ասում է Քրիստոս:
Մարգարեները, արդարներն ու պատրիարքներն օրենքներ էին տալիս իրենց նման ծառաներին, իսկ Քրիստոս՝ Ի´ր ծառաներին: Հիմա հարցնենք նրանց, ովքեր մերժում են օրենքը. «Մի՛ բարկացիր» պատվիրանը հակասու՞մ է արդյոք «մի՛ սպանիր» պատվիրանին: Թե՞, ընդհակառակը, այդ առաջին պատվիրանը կատարելագործում և հաստատո´ւմ է այս վերջինը: Ակնհայտ է, որ առաջինը լրացնում է երկրորդը և, հետևաբար, էլ առավել կարևոր է: Ով չի տրվում զայրույթին, անկասկած, չի համարձակվի սպանություն գործել. ով զսպում է իր բարկությունը, վստահաբար, ձեռքերին ազատություն չի տա: Սպանության արմատը բարկությունն է: Ուստի, ով արմատախիլ է անում այն, անկասկած, կտրում է նաև ճյուղերը, կամ, ավելի ճիշտ, նույնիսկ թույլ էլ չի տալիս, որ դրանք առաջանան:
   Այսպիսով, Քրիստոս նոր օրենք տվեց ո´չ թե հին օրենքը խախտելու, այլ այն ավելի ամրապնդելու համար: Իրոք որ, հին օրենքն ի՞նչ նպատակով էր սահմանել այս պատվիրանը: Մի՞թե ոչ նրա համար, որ ոչ ոք չսպանի իր մերձավորին: Ուրեմն, ով սպանություն էր գործում, այդպիսով ապստամբում էր օրենքի դեմ, քանի որ սպանելը հակասում էր «մի՛ սպանիր» պատվիրանին: Իսկ ահա երբ Քրիստոս նույնիսկ բարկանալն է արգելում, դրանով էլ ավելի է հաստատում այդ հին օրենքի պահանջը, քանի որ սպանությունից զերծ մնալն ավելի դժվար է նրա համար, ով մտքում ունի միայն «մի´ սպանիր»-ը, քան թե նրա´ համար, ով իր միջից վերացրել է նույնիսկ բարկության ախտը: Այս վերջին տեսակին պատկանող մարդը շատ ավելի հեռու է սպանություն գործելու արարքից:
   Իսկ որպեսզի նաև այլ եղանակով հերքենք մեր հակառակորդներին, եկեք քննե´նք նրանց բոլոր առարկությունները: Ի՞նչ են նրանք ասում: Նրանք ասում են, թե այն Աստված, որ ստեղծել է աշխարհը և արևին հրամայում է փայլել չարերի և բարիների վրա ու անձրև է տեղացնում արդարների և անարդարների համար, մի ինչ-որ չար էակ է: Իսկ նրանցից ավելի չափավորները, թեև այդպես չեն պնդում, բայց, այնուամենայնիվ, Աստծուն «արդար» անվանելով հանդերձ՝ Նրան չեն ընդունում որպես բարի Աստված: Նրանք Քրիստոսին «տալիս» են մեկ այլ հայր, որն, իբրև թե, գոյություն իսկ չունի և ոչինչ չի ստեղծել: Աստված, Որին այս հակառակորդները «բարի» չեն անվանում, մնում է Իր տիրույթում և պահպանում է միայն այն, ինչ Իրենն է, իսկ բարի Աստված մտնում է օտար տիրույթներ և առանց որևէ հիմքի ցանկանում է դառնալ Փրկիչն այն ամենի, ինչի ստեղծողն Ինքը չի եղել:
   Տե՞սնում ես, թե ինչպես են սատանայի զավակները խոսում իրենց հոր (սատանայի) ուսուցանածի համաձայն՝ արարչագործությունն օտար համարելով Աստծուն՝ հակառակ Հովհաննեսի խոսքերի, թե «Յուրայինների մոտ եկավ», և թե՝ «աշխարհը Նրանով եղավ» (Հովհ. 1:11, 10): Ավելին, քննելով հին օրենքը, որ հրամայում է հանել աչքը` աչքի դիմաց, և ատամի դիմաց փոխհատուցել ատամով, նրանք (հակառակամարտները) անմիջապես առարկում են` ասելով, թե ինչպե՞ս կարող է բարի լինել այն Աստված, Որն այդպես է խոսում: Ուրեմն ի՞նչ պետք է պատասխանենք նրանց: Ա´յն, որ այդ ամենը, ընդհակառակը, Աստծու մարդասիրությա´ն մեծագույն նշանն է: Տերն այդ օրենքը սահմանել է ոչ թե նրա համար, որ մենք հանենք միմյանց աչքերը, այլ որպեսզի չվնասենք ուրիշներին՝ վախենալով, որ նույն (համապատասխան) վերաբերմունքի կարժանանանք նրանց կողմից: Ինչպես Նինվեին կործանումով սպառնալով հանդերձ, իրականում, սակայն, Աստված չէր ցանկանում կործանել նրանց (քանի որ եթե ցանկանար, պետք է լռեր, ու ոչ թե բարձրաձայներ այդ մասին), այլ միայն ցանկանում էր սարսափ առաջացնելով` նինվեացիներին ավելի լավը դարձնել, և այդուհետ էլ զսպել նրանց նկատմամբ Իր զայրույթը:
   Այս նույն կերպ էլ Աստված պատիժ էր սահմանել բոլոր նրանց համար, ովքեր այնքան համարձակ են, որ պատրաստ են մինչև իսկ հանել ուրիշների աչքերը,: Այսօրինակ պատժի նպատակը, բնականաբար, այն էր, որ եթե նրանք իրենց բարի կամեցողությունից դրդված չցանկանան զսպել իրենց դաժանությունը, այդժամ գոնե վա´խը խանգարեր նրանց խլել մերձավորի տեսողությունը: Եթե հին օրենքի այս պատվիրանն Աստծու կողմից դաժանության դրսևորում դիտարկենք, ապա դաժանություն պետք է կոչենք նաև, առհասարակ, սպանությունն արգելելը, շնությունը արգելելը: Բայց այդպես խոսել կարող են միայն խելագարները, որոնք հասել են խելացնորության վերջին աստիճանին: Ես այնքան եմ վախենում այդ օրենքները «դաժան» անվանելուց, որ պատրաստ եմ դրանց հակառակ օրենքները անօրինական որակել՝ դատելով առողջ մարդկային բանականությամբ:
   Դու ասում ես, թե Աստված դաժան է, որովհետև հրամայել է հանել աչքը` աչքի դիմաց. իսկ ես կասեմ, որ եթե Աստված այդպիսի հրաման չտար, ապա շատերն ավելի հիմնավոր պատճառներ կունենային Տիրոջը համարել այնպիսին, ինչպիսին դու ես անվանում: Ենթադրենք, որ ամեն օրենք կորցրել է իր նշանակությունը, և ոչ ոք չի վախենում օրենքով սահմանված պատժից. ուրեմն բոլոր չարագործներին, շնացողներին, մարդասպաններին, գողերին, երդմնազանցներին և հայրասպաններին թույլատրված է ապրել առանց վախի՝ իրենց չարամիտ հակումները գործադրելու «հնարավորությամբ»: Այդ դեպքում, սակայն, արդյո՞ք ամեն բան իրար չէր խառնվի, արդյո՞ք քաղաքները, շուկաները, տները, ցամաքը, ծովը և ամբողջ տիեզերքը չէր լցվի անթիվ-անհամար չարագործություններով և սպանություններով: Սա ակնհայտ է բոլորի համար էլ: Եթե օրենքների, վախի և սպառնալիքների առկայությամբ չար մտադրությունները հազիվ են զսպվում, ապա եթե այդ արհեստական խոչընդոտն էլ հանվեր, ի՞նչը կխանգարեր մարդկանց չարիքներ գործելու հարցում: Ի՞նչ աղետներ ասես, որ չէին ներխուժի մարդկային կյանքից ներս: Դաժանությունը ոչ միայն այն է, երբ չարերին թույլ են տալիս անել, ինչ ցանկանում են, այլ նաև ա´յն, երբ անմեղորեն տառապողին, որը ոչ մի անարդարություն չի գործել, առանց պաշտպանության են թողնում:
   Ասա՛ ինձ, եթե ինչ-որ մեկը հավաքեր բոլոր չար մարդկանց, սրերով զիներ նրանց և հրամայեր քայլարշավի ելնել ամբողջ քաղաքով մեկ՝ սպանելով բոլոր հանդիպողներին, արդյո՞ք կարող էր դրանից ավելի անմարդկային բան գտնվել: Ընդհակառակը, եթե մեկ ուրիշը կապեր այդ զինված մարդկանց և ուժով բանտարկեր նրանց, իսկ մահվան սպառնալիքի տակ գտնվողներին էլ փրկեր վերոնշյալ անօրենների ձեռքերից, արդյո՞ք կարող էր դրանից ավելի մարդասիրական քայլ լինել: Այժմ այս օրինակները կիրառի´ր օրենքի վրա: Նա, ով հրամայում է հանել աչքը` աչքի դիմաց, այդ վախով, ասես ամրակուռ շղթաներով, կապանքում է անբարո հոգիներին և նմանվում է այն հիշյալ մարդուն, որը կապել էր զինված չարագործներին: Մինչդեռ նա, ով ոչ մի պատիժ չէր սահմանի հանցագործների համար, վերջիններիս կզիներ սանձարձակ հանդգնությամբ և ինքն էլ կնմանվեր ա´յն մարդուն, որը չարագործների ձեռքը սրեր բաժանելով` նրանց ցրել էր ամբողջ քաղաքով մեկ:
   Տե՞սնում ես, որ Աստծու պատվիրանները ոչ միայն դաժան չեն, այլ նաև լեցուն են մեծագույն մարդասիրությամբ: Եթե դու դրա «պատճառով» Օրինադրին դաժան և խստաբարո ես անվանում, ապա ասա՛ ինձ, ի՞նչն է ավելի դժվարին և ծանր՝ չսպանե՞լը, թե՞ նույնիսկ չբարկանալը: Ո՞վ է ավելի խիստ՝ նա՞, ով պատիժ է սահմանում մարդասպանության համար, թե՞ նա, ով պատիժ է սահմանում նույնիսկ բարկությա´ն ախտի համար: Նա՞, ով պատժում է շնացողին` մեղքը գործելուց հետո, թե՞ նա, ով պատժում է նույնիսկ շնանալու ցանկությա´ն համար, և այն էլ՝ պատժում է հավիտենական պատժով: Տեսե´ք, թե մենք ինչպես հասանք այն եզրակացությանը, որը լիորեն հակառակ է հերետիկոսների թյուրընթաց մտածողությանը:
   Հին օրենքի Աստված, Որին նրանք (վերոնշյալ հերետիկոսները) դաժան են անվանում, իրականում խոնարհ և մեղմ Աստված է, իսկ նոր օրենքի Աստված, Որին նրանք բարի են համարում, իրենց անմտության պատճառով խիստ և դաժան է թվում: Բայց մենք խոստովանում ենք մեկ Օրենադրի՝ Հին և Նոր Կտակարաններում, Նրա´ն, Ով ամեն բան կարգավորել է, ինչպես պետք էր, և ժամանակների փոփոխությանը համապատասխան` սահմանել է երկու տարբեր օրենքներ: Ուստի, ո´չ հինկտակարանյան պատվիրաններն էին դաժան, ո´չ էլ նորկտակարանյան պատվիրանները` ծանր և ճնշող, այլ թե´ մեկը, և թե՛ մյուսը ցուցաբերում են միևնույն հոգատարությունն ու սերը: Իսկ այն, որ հին օրենքը նույնպես տվել է Ինքը՝ Աստված, այդ մասին լսի´ր, թե ինչ է ասում մարգարեն, կամ ավելի ճիշտ՝ ինչ է ասում Աստված Ինքը՝ մարգարեի միջոցով. «Ես նոր ուխտ եմ կնքելու Իսրայելի տան հետ և Հուդայի տան հետ. ո´չ այնպիսի ուխտ, ինչպիսին կնքեցի նրանց հայրերի հետ» (հմմտ. Երեմ. 31:31-32):
   Իսկ եթե մեկը, վարակված լինելով մանիքեական անօրինությամբ, չի ընդունում այս խոսքերը, թող լսի Պողոսին, որ նույնն է ասում. «Աբրահամն ուներ երկու որդի՝ մեկը աղախնից, մյուսը՝ ազատից… Սրանք երկու ուխտեր են» (հմմտ. Գաղ. 4:22,24): Ինչպես այնտեղ երկու տարբեր կանայք են, բայց ամուսինը մեկն է, այդպես էլ այստեղ՝ երկու ուխտեր են, բայց Օրենսդիրը մեկն է: Եվ որպեսզի դու իմանաս, որ երկուսում էլ դրսևորվում է նույն մարդասիրությունը, դրա համար այնտեղ Նա ասաց. «Աչք` աչքի դիմաց», իսկ այստեղ՝ «Ով ապտակի քո աջ այտին, մյուս կո՛ղմն էլ նրան դարձրու» (Մատթ. 5:39): Ինչպես այնտեղ Աստված մարդուն հեռու է պահում ուրիշներին վնասելուց` պատժի վախով սպառնալով, նույն կերպ էլ այստեղ: Այդ ինչպե՞ս, - կասես, - երբ Նա մեզ հրամայում է դարձնել նաև մյուս այտը: Ի՞նչ կա որ: Այդպիսի պատվիրան տալով ՝ Աստված մեզ չի ազատում վախից, այլ միայն հրամայում է դիմացինին ազատություն տալ՝ լիովին արտահայտելու իր զայրույթը: Տերը չի ասում, թե վիրավորողը կմնա առանց պատժի, այլ միայն արգելում է քեզ, որ դու ինքդ պատժես նրան, և այդպիսով, ինչպես հարվածողի վրա ավելի մեծ սարսափ է բերում, եթե նա մնա իր բարկության մեջ, այդպես նաև մխիթարում է նրան, ով հարված է ստացել: Բայց այս ամենը ես ասել եմ, այսպես ասած, անցողակիորեն խոսելով ընդհանուր առմամբ բոլոր պատվիրանների մասին: Հիմա պետք է վերադառնանք մեր թեմային և հերթականությամբ բացատրենք վերոհիշյալ ամենը:
   «Ամեն ոք, ով առանց պատճառի բարկանում է իր եղբոր վրա, դատաստանի է արժանի»,- ասում է Քրիստոս: Այս խոսքերով Նա բարկությունը բոլորովին չի վերացնում. նախ՝ որովհետև մարդը չի կարող լիովին ազատ լինել կրքերից. նա կարող է զսպել դրանք, բայց դրանք բոլորովին չունենալն իր իշխանության տակ չէ: Երկրորդ՝ որովհետև բարկության կիրքը կարող է օգտակար լինել, եթե միայն մենք կարողանանք այն օգտագործել ճիշտ ժամանակին: Օրինակ, նայի´ր, թե որքան բարիք է բերել Պողոսի բարկությունը կորնթացիների դեմ: Նա նրանց ազատել է մեծ վնասից: Նույն կերպ, բարկության միջոցով նա դարձի է բերել նաև հավատուրաց գաղատացի ժողովրդին և շատ ուրիշներին: Իսկ ե՞րբ է բարկանալու համար պատեհ ժամանակը: Ա´յն ժամանակ, երբ մենք վրեժ չենք լուծում մեզ համար, այլ զսպում ենք անամոթներին և անփույթներին ուղղում ենք դեպի ճիշտ ճանապարհը: Իսկ ե՞րբ է բարկությունը անտեղի: Ա´յն ժամանակ, երբ մենք բարկանում ենք՝ վրեժ լուծելու մեզ համար, ինչն արգելում է նաև Պողոս առաքյալը՝ ասելով. «Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ թո՛ւյլ տվեք, որ Աստծու բարկությունը կատարի այն» (Հռոմ. 12:19): Ա´յն ժամանակ է անտեղի բարկությունը, երբ մենք վիճում ենք փողի համար, ինչն առաքյալը նույնպես չի թույլատրում՝ ասելով. «Ինչո՞ւ ինքներդ զրկանք չեք կրում և առավել ևս ինքներդ նեղություն չեք քաշում» (Ա Կորնթ. 6:7):
Ինչպես որ այդ վերջին բարկությունն ավելորդ է, այնպես էլ առաջինը անհրաժեշտ է և օգտակար: Շատերը, սակայն, հակառակն են անում: Նրանք կատաղում են,    երբ իրենց են վիրավորում, բայց անտարբեր և թույլ են մնում, երբ տեսնում են, թե ինչպես է մեկ ուրիշը վիրավորվում: Երկուսն էլ հակասում են ավետարանական օրենքներին: Ուստի, օրենքի խախտումը հենց բարկությունը չէ, այլ անժամանակյա´ բարկությունը, որի մասին մարգարեն ասել է. «Եթե բարկանաք՝ մի՛ մեղանչեք» (Սաղմ. 4:5):
   «Ով իր եղբորն ասի «հիմար», ատյանի ենթակա կլինի» («Ով իր եղբորն ասի «ռակա», սինեդրիոնի (ժողովի, դատարանի) ենթակա կլինի»: «Ատյան» ասելով՝ Տերն այստեղ նկատի ունի հրեական դատարանը: Հիսուս հիմա խոսում է դրա մասին, որպեսզի հրեաները չմտածեն, թե Ինքն ամեն ինչում ինչ-որ նոր և աննախադեպ բան է ներմուծում: «Ռակա» բառն ինքնին մեծ վիրավորանք չէ ներկայացնում իրենից. այն արտահայտում է միայն որոշակի արհամարհանք կամ անհարգալից վերաբերմունք այն արտաբերողի կողմից: Ինչպես մենք, ծառաներին և ցածր դիրքի մարդկանց ինչ-որ բան հանձնարարելով, ասում ենք` գնա՛ այնտեղ, ասա՛ նրան, այդպես էլ ասորերեն խոսողները «ռակա» բառն օգտագործում են «դու» բառի փոխարեն: Բայց մարդասեր Աստված, մեծ վիրավորանքները կանխելու համար, ցանկանում է վերացնել նույնիսկ ամենափոքրերը՝ պատվիրելով մեզ միմյանց նկատմամբ փոխադարձ հարաբերություններում պահպանել պարկեշտություն և մեկմեկու հանդեպ պատշաճ հարգանք:
«Իսկ ով ասի «անմիտ», գեհենի կրակին կարժանանա»։ Քրիստոս դատաստանի է ենթարկում առանց պատճառի բարկացողին՝ ասելով. «Ով բարկանա…դատաստանի է արժանի», իսկ նրան, ով ասի «ռակա», Հիսուս հանձնում է ատյանի դատին: Այս պատիժները, սակայն, դեռ այդքան էլ մեծ չեն, քանի որ դրանք կիրառվում են այստեղ: Իսկ նրա´ն, ով մեկ ուրիշին անմիտ է անվանում, Հիսուս սպառնում է գեհենի կրակով: Այստեղ Քրիստոս առաջին անգամ է օգտագործում «գեհեն» բառը: Սկզբում Նա խոսում էր Արքայության մասին, իսկ հետո հիշատակում է գեհենը՝ ցույց տալով, որ առաջինին մենք արժանանում ենք Իր մարդասիրությամբ և կամքով, իսկ վերջինին մեզ վրա ենք պատուհասում մեր անփութության պատճառով: Տե՛ս, թե Հիսուս ինչպես է փոքր պատիժներից աստիճանաբար անցնում մեծերին և դրանով կարծես «արդարանում» քո առաջ՝ ցույց տալով, որ Ինքը բոլորովին չէր ցանկանա այդպիսի սպառնալիքներ օգտագործել, բայց մենք ինքներս ենք Նրան ստիպում նման դատավճիռներ արձակել:
   «Ես քեզ ասացի, - ասում է Քրիստոս, - մի՛ բարկացիր առանց պատճառի, որովհետև դատաստանի ես արժանանալու: Դու անտեսեցիր այդ առաջին նախազգուշացումը: Տե՛ս, թե ինչ ծնեց քո այդ բարկությունը: Այն անմիջապես ստիպեց քեզ վիրավորել մեկ ուրիշին: Դու քո եղբորը ասացիր «ռակա»: Դրա համար Ես քեզ ենթարկեցի մեկ այլ պատժի՝ ատյանի դատին: Եթե դու, սա ևս արհամարհելով, քո անամոթությամբ ավելի առաջ գնաս, Ես այլևս այդպիսի չափավոր պատիժներ չեմ կիրառի քեզ վրա, այլ քեզ կենթարկեմ գեհենի հավիտենական տանջանքներին, որպեսզի, ի վերջո, դու չհամարձակվես սպանություն գործել: Իսկապես որ, ոչինչ, ոչինչ այդքան անտանելի չէ, որքան վիրավորանքը, քանի որ ոչինչ այդքան չի խայթում մարդու հոգին: Եվ որքան ավելի սուր են վիրավորական խոսքերը, այնքան ավելի ուժեղ է բորբոքվում կրակը: Ուստի, աննշան բան մի՛ համարիր մեկ ուրիշին անմիտ անվանելը: Երբ դու քո եղբորից խլում ես այն, ինչով մենք տարբերվում ենք անբան արարածներից, և այն, ինչը հատկապես մեզ մարդ է դարձնում, այսինքն՝ միտքն ու բանականությունը, դրանով իսկ դու նրան զրկում ես ամեն ազնվությունից: Ուստի, մենք պետք է ուշադրություն դարձնենք ոչ միայն խոսքերին, այլ նաև արարքներին ու կրքին՝ հաշվի առնելով, թե ինչ հարված կարող է հասցնել և ինչ վնաս կարող է պատճառել խոսքը: Ահա թե ինչու Պողոսը Արքայությունից դուրս է մղում ոչ միայն շնացողներին և պոռնիկներին, այլ նաև վիրավորողներին: Եվ դա շատ արդար է: Իրոք, վիրավորողը քանդում է սիրով կառուցված բարիքը, իր մերձավորին ենթարկում է անթիվ դժբախտությունների, անդադար թշնամություններ է առաջացնում, խզում է Քրիստոսի անդամների միջև կապը, ամեն օր վտարում է Աստծուն սիրելի խաղաղությունը և իր վիրավորանքներով ընդարձակ բնակավայր է պատրաստում սատանայի համար ու նպաստում է նրա զորացմանը: Այդ պատճառով Քրիստոս, նրա ուժը թուլացնելու համար, սահմանեց այս օրենքը: Նա մեծ հոգածություն է ցուցաբերում սիրո հանդեպ, քանի որ սերը բոլոր բարիքների մայրն է, Նրա աշակերտների տարբերակիչ նշանը. այն միայնակ բովանդակում է մեր բոլոր կատարելությունները: Հետևաբար, Քրիստոս արդարացիորեն է այդպիսի զորությամբ վերացնում թշնամության արմատներն ու աղբյուրները, որոնք ոչնչացնում են սերը:
   Ուստի, մի՛ կարծիր, թե Քրիստոսի խոսքերում չափազանցություն կա, այլ, խորհելով այն բարիքների մասին, որոնք բխում են այս օրենքներից, հիացի´ր դրանց մեղմությամբ: Քանի որ Աստված ոչնչի մասին այնքան չի հոգում, որքան ա´յն մասին, որ մենք ապրենք միասնության և միմյանց հետ միության մեջ: Այդ պատճառով թե´ Տերն Ինքն անձամբ և թե´ Իր աշակերտների միջոցով, թե՛ Նոր, թե՛ Հին Կտակարաններում բազմիցս է խոսում այս պատվիրանի մասին և Իրեն դրսևորում է որպես խիստ վրիժառու և պատժող Աստված բոլոր նրանց համար, ովքեր անտեսում են այս պատվիրանը:
Ոչինչ այդքան չի նպաստում ամեն տեսակի չարիքների ներմուծմանն ու արմատավորմանը, որքան սիրո վերացումը, ինչի մասին ասվում է, որ երբ անօրենությունը շատանա, «շատերի մեջ սերը կսառչի» (հմմտ. Մատթ. 24:12): Այդպես Կայենը դարձավ եղբայրասպան, այդպես Եսավն ու Հովսեփի եղբայրները դաժանություն գործեցին, այդպես սիրո պակասից անթիվ չարիքներ ներխուժեցին աշխարհ: Ահա թե ինչու է Քրիստոս ամենայն խնամքով վերացնում է այն ամենը, ինչը կործանում է սերը
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Իսկ ես ձեզ ասում եմ, թէ՝ ամէն մարդ, որ զուր տեղը բարկանում է իր եղբօր վրայ, ենթակայ կը լինի դատաստանի, եւ ով որ իր եղբօրն ասի՝ յիմար, ենթակայ կը լինի ատեանի, եւ ով որ իր եղբօրն ասի՝ ապուշ, ենթակայ կը լինի գեհենի կրակին:
   
   Իսկ Ես ձեզ ասում եմ, որ ամեն ոք, ով անհարկի բարկանում է իր եղբոր վրա, դատաստա նի ենթակա կլինի:

   «Ես» բառը դերանուններից մեկն է և [այս խոսքում] մի տեսակ իշխանություն է արտահայտում, որովհետև հասկանալ է տալիս, որ նախորդնե րից ոչ ոք այս պես չի խոսել, այլ [ասում էին]. «Այս պես է ասում Տրը» (Ելք 4:22, 8:1, Ա Թագ. 2:27 ևն), կամ՝ «Տիրոջ խոսքը հայտնվեց ինձ» (Ա Մն. 22:8, հմմտ. Ա Թագ. 15:10, Գ Թագ. 6:11 ևն): Որովհետև նրանք հայտնում էին Տիրոջ [պատգամները] և խոսում ծառայակիցների հետ, իսկ Սա Իր Հոր [պատգամներն] է իշխանաբար ուսուցանում ծառաներին: Ասում է. «Ե՛ս եմ ասում ձեզ». եթե նախկինում ասվածները կատարյալ չէին՝ ո՛չ ըստ Ասողի, այլ ըստ լսողների անկատարության, ապա Ես կատարյալն ու օգտակարն եմ ասում, որ ամեն ոք, ով անհարկի բարկանում է իր եղբոր վրա, [դատաստանի ենթակա կլինի]:

   Մարդու կազմությունը երկու գոյացությունից է առաջացել՝ հոգուց ու մարմնից, և [մարդը] երկուսով էլ սխալ գործեց դրախտի կյանքը [վայելելուց] հետո: Ուստի մեր բնության ստեղծիչ ու ճարտարապետ Բժիշկը երկուսի բժշկության համար էլ սպեղանիներ պատրաստեց. մարմնի հիվանդությունը Հին Օրենքով դաստիարկելով բժշկեց, իսկ խորհուրդների հարձակումներն այս Նոր Կտակարանով արգելեց ու խափանեց, որպեսզի մարդը վերստին Աստծո պատկեր դառնա: Ուստի սրտից բխող չարության արմատը [Տերը] հատում է այս խոսքով. որովհետև եթե չարիքների աղբյուրը սրտում չլինի, [մարդն] արտաքին մարմնով էլ չի գործակցի [չարին]: Նախկին [օրենքներից] սովորեցիր, ասում է, չսպանել, այժմ խրատվեցիր չբարկանալ. որովհետև ամեն ոք, ով բարկանում է, ենթակա կլինի [դատաստանի]:

   Բարկությունը մի ախտ  1 է, որի դեպքում սրտի շուրջ արյունը եռում է՝ փոխադարձաբար տրտմեցնելու համար: Բայց երբ ինքն իրենով և անգործ է մնում, որևէ մեղք չի գործում՝ ըստ այսմ. «Բարկանում եք, բայց մի՛ մեղանչեք» (Սաղմ. 4:5): Իսկ եթե մեկը գործով է արտահայտում [այն] և միտում դեպի թշնամանք ու սպանություն, ենթակա կլինի, ասում է [Տերը], այն նույն դատաստանին, որին [ենթակա է] սպանողն ըստ նախկին [օրենքի]: Ին չո՞ւ: Որովհետև բարկությունը նույնպես մահացու մեղք է, ինչպես սպանությունը: Նաև՝ որովհետև Աստված բարկությունն իբրև մի զենք է դրել մեր մարդկային բնության մեջ, որ մարտնչենք մեղքի և սատանայի դեմ, իսկ ե թե մեկն այն շեղում է և մարտը դեպի եղբայրներն ուղղում, այնպիսի բան է անում, որ ասես իր սրով հենց իրեն է խոցոտում: Այդ պատ ճառով էլ [Տերն] ասում է՝ «իր եղբորը»: Եղբայր պետք է հասկանալ ոչ միայն կրոնկիցներին, այլև նրանց, ովքեր հոգով ու մարմնով են բնությամբ [իրար] հաղորդակից:

   Չափազանց վայելուչ է նաև այս խոսքի լրացումը՝ «անհարկի»: Որովհետև սրանով չի արգելում բարկությունն ընդհանրապես, նախ՝ որ անհնար է լիովին ազատագրվել կրքերից, թեև կարելի է մեղմել [դրանք], և երկրորդ՝ որ բարկությունն օգտակար է, երբ պատշաճ ժամանակի է պատահում և այս կիրքը շարժվում է մեղանչածներին պատժելու համար, ինչպես Պողոսինը՝ կորնթացիների հանդեպ, Տիրո ջինը՝ լումայափոխների, Փենեհեսինը՝ Բելփեգովրին հետևածների  (Ա Կոր. 3-5, Մատթ. 21:12, Թվեր 25): Նրանք ոչ թե իրենց անձի, այլ Աստծո և ընկերոջ վրեժն էին խնդրում: Այս պատճառո՛վ [Տերն] ասաց, որ եղբոր վրա, անհարկի՛, չի կարելի բարկանալ, և եթե մեկը գազանի նման է կատաղում այս կրքով, ենթակա կլինի, ասում է, Աստծո բարկությանը, որը «հայտնվելու է մարդկանց [ամեն տեսակ] ամբարշտության ու անիրավության վրա» (Հռոմ. 1:18):

   Եվ ով իր եղբորը կոչի «հիմար», ենթակա կլինի ատյանի:

   Աշակերտներին սակավ առ սակավ բարձրացնում է առաքինության աստիճաններով: Նախ թելադրեց չբարկանալ, իսկ այժմ՝ տգեղ ու խոցող բառեր էլ չշպրտել եղբոր հասցեին, քանի որ սա էլ է բարկության ծնունդ ու սատանայի սերմանածը: «Հիմար»-ը անմիտ, անբան կամ անզգա է նշանակում: Ուստի ոմանց խիստ թվաց այս պատվիրանը, որ մի փոքր խոսքի դիմաց այդպիսի պատիժ ենք կրելու: Ոմանք էլ [կարծում են], թե [այս խոսքը] չափազանցությամբ է ասվել՝ ասես վախեցնելու համար: Բայց իրո՛ք որ խոսքերով են արդարանում և կամ դատապարտվում, որովհետև խոսքն է լինում բազմաթիվ մեղքերի սկիզբն ու պատճառը՝ ուրացության, հայ հոյության, սուտ վկայության և այլն, առավել ևս՝ այսպիսի՛ խոսքը, որով [մեկը] ցոփ բերանով արհամարհում է եղբորը, քանի որ Աստծո նմանությամբ ստեղծվածին հավասարեցնում է բանականություն չունեցողներին և համացեղին զրկում այն բանից, որով ենք տարբերվում անասուններից: Սրանից մեծ ի՞նչ անիրավություն կարող է լինել, որի դիմաց [Տերն] իրավամբ է գեհեն սպառնում, ո՛չ Իր կամքով, որը կյանքն է՝ ըստ մարգարեի (Սաղմ. 29:6), և արքայությունը, այլ մեր իսկ կամքից [բխած] ծուլության, անուղղա խոսքերի և գործերի պատճառով:

   Եվ ով իր եղբորը կոչի «մորոս», ենթա կակլինի գեհենի կրակին:

[Տերը] մարդկանց հողեղեն բնությունն ամբողջապես է բարձրացնում դեպի կատարելություն, որպեսզի ինչ առաքինություն որ Աստված բնությամբ ունի, մարդը ձեռքբերի ազատ կամքով և նմանվի Նրան: Իսկ «մորոս»-ը գավառական բառ է  2, ընդհանրապես գործածվում է իբրև թշնամանքի [խոսք՝ ուղղված] հարազատներին, իսկ եբրայերեն կլինի «ռակա», որն իբրև մեծ ու ծանր նախատինք է ընկալվում լսողների կողմից և արհամարհանք արտահայտում, ինչպես որ մենք, երբ ծառաներին կամ վատ մարդկանց սաստում ենք, հանդիմանելով ասում ենք. «Տո՛ մարդ, քե՛զ եմ ասում»: Ուստի մարդասեր ու խաղաղարար Աստված մանր [մեղքերը] ևս արգելում է և ստիպում համացեղների հետ սիրով վարվել:

   «Ատյան» է կոչում եբրայեցիների [գերագույն դատարանը]  3. որպեսզի Իր վարդապետությունը բոլորովին օտար չկարծեն, այնտեղ է ուղարկում: Կամ էլ [այդպես է կոչում] ահեղ [դատաստանի] բեմը, որում խոսքով՝ խոսքը և գործով գործն է պատժելու: Իսկ «գեհեն» է անվանում մշտաբորբոք ու հարակեզ հնոցը, որն իր մեջ գցված նյութը լափում է հարատևորեն՝ ըստ առաքյալի. «Այնպես կմնա, ասես կրակի մեջ է» (Ա Կոր. 3:15): Հապա ուրեմն ի՞նչ տեղ են ժառանգելու Աստծուն և ուղղափառ հավատը թշնամանողներն ու հայհոյողները:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Իսկ ես ձեզ ասում եմ, թէ՝ ամէն մարդ, որ զուր տեղը բարկանում է իր եղբօր վրայ, ենթակայ կը լինի դատաստանի, եւ ով որ իր եղբօրն ասի՝ յիմար, ենթակայ կը լինի ատեանի, եւ ով որ իր եղբօրն ասի՝ ապուշ, ենթակայ կը լինի գեհենի կրակին:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:17