Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 5:32

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Բայց Ես ասում եմ ձեզ. ով արձակում է իր կնոջը` առանց պոռնկության պատճառի, ինքն է նրան մղում շնության, և ով ամուսնանում է արձակված կնոջ հետ, շնություն է անում»։
   
   Բայց քանի որ Փրկիչն արգելել էր ամեն տեսակի զայրույթ՝ թույլ չտալով ոչ միայն սպանությունը, այլև ամեն անհիմն վրդովմունք, Նրան այժմ հեշտ էր հիշատակել նաև ամուսնալուծության մասին օրենքը: Եվ միշտ մեջբերելով Հին Կտակարանի խոսքերը՝ Հիսուս դրանով ցույց է տալիս, որ Ինքն ուսուցանում է ոչ թե դրան հակառակ մի բան, այլ դրանց համապատասխան ուսուցումներ, և միայն ուժեղացնում է հինկտակարանյան խոսքերը, այլ ոչ թե տապալում, ուղղում է, այլ ոչ թե ոչնչացնում հին ուսմունքը: Նկատի´ր, կրկին, թե Քրիստոս ինչպես է ամենուր Իր խոսքն ուղղում հենց ամուսնուն: «Ով ամուսնալուծվում է իր կնոջից, — ասում է Նա, — … նա նրան առիթ է տալիս շնություն գործելու, և ով ամուսնանում է ամուսնալուծված կնոջ հետ, նա շնություն է գործում»: Առաջինը, նույնիսկ եթե մեկ այլ կին չառնի էլ, մեղավոր է դառնում իր կնոջը շնություն գործելու մղելով, իսկ մյուսն էլ շնացող է դառնում, քանի որ ամուսնացել է ուրիշի կնոջ հետ։ Մի´ ասա ինձ, որ վռնդված կինը, թեև վռնդված է, միևնույն է, շարունակում է մնալ նրա կինը, ով վռնդել է իրեն։ Ավելին, որպեսզի ամբողջ մեղքը վռնդողի վրա բարդելով՝ կնոջն ավելի անամոթ չդարձնի, Քրիստոս նրա (կնոջ) համար փակում է մեկ ուրիշի հետ ամուսնության դռները՝ ասելով. «Ով ամուսնանում է ամուսնալուծված կնոջ հետ, նա շնություն է գործում»:
   Այսպիսով, վռնդված կնոջ համար բացառելով մեկ այլ ամուսնու հետ ամուսնանալու ամեն հնարավորություն՝ Քրիստոս ստիպում է նրան, նույնիսկ հակառակ իր կամքի, լինել բարեպաշտ, և դրանով նաև նրան «զրկում» է իր ամուսնուն փոքրոգության առիթ տալու հնարավորությունից: Իմանալով, որ ինքը (կինը) անպայմանորեն պետք է կա՛մ մնա իր առաջին ամուսնու հետ, կա՛մ նրա տնից դուրս գալուց հետո զրկվի ամեն ապաստանից, նա (կինը), նույնիսկ հակառակ իր կամքի, ստիպված կլինի սիրել իր ամուսնուն: Այն, որ Փրկիչը նրան (կնոջը) ուղղակիորեն չի ասում սա, դու չպետք է զարմանաս: Կինը թույլ էակ է: Հետևաբար, նրան ուղղակիորեն այդ մասին չասելով՝ Քրիստոս, ամուսնու վերաբերյալ սպառնալիքով, նրան (կնոջը) էլ է հորդորում անփույթ չլինել: Այս դեպքում Հիսուս վարվում է ճիշտ այնպես, ինչպես կվարվեր մեկը, որն իր անառակ որդուն հանդիմանելու փոխարեն սկսեր հանդիմանել նրա´նց, ովքեր նրան (իր որդուն) այդպիսին են դարձնում, և արգելեր նրանց լինել նրա (իր որդու) հետ կամ մոտենալ նրան: Իսկ եթե Քրիստոսի խոսքերը քեզ ծանր են թվում, հիշի´ր ավելի վերևում ասվածը, ուր Փրկիչը երանելի է կոչում Իր ունկնդիրներին, և այդժամ կտեսնես, որ այդ խոսքերի կատարումը շատ հնարավոր և դյուրին է: Խոնարհը, խաղաղարարը, հոգով աղքատը և ողորմածն արդյոք կվռնդի՞ իր կնոջը: Մի՞թե նա, ով հաշտեցնում է ուրիշներին, ատելություն կցուցաբերի՞ իր կնոջ հանդեպ: Բացի այդ, Քրիստոս ամուսնալուծության վերաբերյալ Իր օրենքը նաև մեկ այլ կերպ է հեշտացրել՝ թույլատրելով այն միայն մեկ պատճառով՝ «բացառությամբ պոռնկության պատճառի»: Բայց նույնիսկ այս դեպքում Հիսուս նպատակ է ունեցել հանգեցնել միևնույն բարեպաշտությանը: Բոլոր դեպքերում, եթե Նա թույլ տար ամուսնուն իր տանը պահել այնպիսի կնոջ, որը նախկինում ապրել էր շատերի հետ, դա դարձյալ շնություն կլիներ:
   Տեսնու՞մ ես, թե ինչպես են այս խոսքերը համաձայնում նախկինում ասվածների հետ: Իրոք, նա, ով ցանկասեր աչքերով չի նայում ուրիշի կնոջը, նաև պոռնկություն չի գործի, իսկ պոռնկություն չգործած կինն էլ առիթ չի տա իր ամուսնուն՝ հեռացնելու իր կնոջը: Ահա թե ինչու Քրիստոս խստորեն սահմանափակում է ամուսնու ազատությունը և նրան վախ է ներշնչում՝ մեծ վտանգի սպառնալիք ներկայացնելով` այն դեպքում, եթե նա (ամուսինը) իրենից հեռացնի իր կնոջը, քանի որ այդ պարագայում նա դառնում է իր կնոջ շնության պատճառը: Եվ որպեսզի դու, լսելով «հանի´ր աչքդ…» (Մատթ. 5:29) խոսքերը, չմտածես, որ դա ասվում է կնոջ մասին, Քրիստոս ճիշտ ժամանակին ցրում է քո այդ տարակուսանքը՝ ամուսնուն թույլատրելով իր կնոջից ամուսնալուծվել բացառապես միայն շնության պատճառով:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ իր կնոջն արձակում է առանց պոռնկութեան պատճառի, նա՛ է, որ նրան շնութեան է մղում. եւ ով որ արձակուածին է առնում, շնանում է:
   
   Բայց Ես ասում եմ ձեզ. ամեն ոք, ով իր կնոջն արձակում է առանց պոռնկության պատճառի, նա՛ է նրան շնանալ տալիս, և ով արձակվածին է առնում, շնանում է:

   Հեզերի ու նոր աշակերտների համար ամբողջապես է վերացնում [կնոջն] արձակելու պատճառը, որպեսզի ոչ ոք չհամարձակվի ատելության պատճառով իր կնոջը դուրս հանել և նրա փոխարեն ուրիշին բերել տուն, որովհետև այն [հրամանը հրեաների] խստասրտության պատճառով գրվեց, իսկ այժմ, ում Աստված միացրել է, մարդը չի կարող հեռացնել. [դա կարող է անել միայն] Նա, Ով միացրեց և բաժանելու է մահվամբ: Այն պատճառով է [Տերն] ասում, որ ով արձակում է իր կնոջը, նա՛ է նրան շնանալ տալիս, որ ամեն կողմից փակի բաժանման ճանապարհը: Որովհետև նույնիսկ եթե մարդն ուրիշ կին չի առնում, միևնույն է՝ պատժապարտ է, քանի որ արձակելով՝ կնոջը շնության է դրդում: Իսկ եթե մի ուրիշն է արձակված կնոջն առնում՝ համարելով, թե [դրանից] իրեն վնաս չկա, նրան էլ է [Տերը] շնացող կոչում, որովհետև կինը նրանը չէ, այլ արձակողինը: Ուստի առաջին խոսքով ամուսնուն է զգաստացնում, երկրորդով՝ կնոջը, որպեսզի վերջինս, իմանալով, որ ուրիշ մարդու գնալ չի կարող, ամուսնուն հնազանդ լինի, իսկ ամուսինն էլ, որպեսզի [կնոջն] արձակելու պատճառով պատժապարտ չհամարվի, իր կնոջ հետ սիրով վարվի:

   «Առանց պոռնկության պատճառի» խոսքով էլ ցույց է տալիս արձակելու և չարձակելու պատճառը. եթե սա չկա, անհնար է արձակել: Իսկ եթե [շնության] վկայություն կա, պե՛տք է արձակել: Ինչո՞ւ: Նախ՝ որովհետև [կինն] ինքը բաժանեց իրեն իր ամուսնու սիրուց և գործնականորեն սիրեկան պահեց, ուստի խոսքով նույնպես հարկ է [նրան] բաժանել, որպեսզի չլինի թե շնության զավակները հարազատ զավակների ժառանգությանը տիրանան: Եվ երկրորդ՝ որպեսզի չլինի թե ամուսինը խանդելով վրեժխնդիր լինի կնոջից և նրա սեղեխից, որովհետև «խիստ է ամուսնացած կնոջ հանդեպ խանդը և բարկության օրը չի հանդուրժում» (հմմտ. Առակ. 6:34):

   Նկատիր նաև այն, թե ինչպես է սա նախորդ [խոսքի] հետ միաբանվում. որովհետև ով ցանկասիրությամբ չի նայում, չի շնանում, իսկ ով չի շնանում, իր կնոջը չի արձակում, որ մի ուրիշ մարդու գնա, և եթե արձակում էլ է, [Տերը] չի հրամայում ուրիշի առնել, քանի դեռ կինը ողջ է, ինչպես հրամայում է առաքյալը  (Հռոմ. 7:3):
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ իր կնոջն արձակում է առանց պոռնկութեան պատճառի, նա՛ է, որ նրան շնութեան է մղում. եւ ով որ արձակուածին է առնում, շնանում է:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:17