Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 6:1

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Տե՛սեք, ձեր ողորմությունը մի՛ արեք մարդկանց առաջ, որպեսզի նրանք տեսնեն ձեզ, այլապես վարձ չեք ունենա ձեր Հորից, որ Երկնքում է»։
   
   Վերջապես, Փրկիչը մերժում է ամենակործանարար կիրքը՝ սնափառությունը, ա´յն խելագարությունն ու մոլեգնությունը, որով հաճախ տարվում են նույնիսկ առաքինի մարդիկ: Սկզբում Հիսուս ոչինչ չէր ասում այս կրքի մասին, քանի որ ավելորդ կլիներ, առանց մարդկանց նախապես պատրաստելու (համոզելու)՝ իրենց պարտականությունները կատարելուն` սովորեցնել, թե ինչպես է պետք կատարել դրանք և թե ինչպես է պետք հասնել կատարելության: Բայց երբ Քրիստոս արդեն իսկ ուսուցանել էր բարեպաշտ լինելու ուսմունքը, այդ տեղին ժամանակին Նա ոչնչացնում է նաև այն խոցը, որն աննկատելիորեն վարակում է մարդուն: Այդ հիվանդությունը, իսկապես որ, հանկարծակի չի առաջանում, այլ ա´յն ժամանակ, երբ մենք արդեն իսկ կատարել ենք մեզ հանձնարարված շատ պատվիրաններ: Եվ այսպես, նախ պետք էր արմատավորել առաքինությունը, իսկ հետո միայն` ոչնչացնել այն կիրքը, որը վնասում էր դրա պտղին: Փրկիչն ինչո՞վ է սկսում Իր խոսքը: Նա սկսում է խոսել պահեցողության, աղոթքի և ողորմության մասին, որովհետև փառասիրությունը հիմնականում կապվում է այս առաքինությունների հետ։ Օրինակ, փարիսեցին հպարտացավ ծոմապահությամբ, երբ ասաց. «Շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և տասանորդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից» (Ղուկ. 18:12)։ Եվ նույնիսկ աղոթքի ժամանակ նա սնափառություն էր փնտրում՝ ցուցադրաբար աղոթելով։ Երբ այլևս ոչ ոք չկար, փարիսեցին ջանում էր իրեն ցույց տալ մաքսավորի առջև։ « ես նման չեմ ուրիշ մարդկանց», - ասում է նա, - «ինչպիսին այս մաքսավորն է» (հմմտ. Ղուկ. 18:11
   Հիմա նայի´ր, թե Փրկիչն ինչպես է սկսում Իր խոսքը։ Կարծես թե Նա խոսում է մի ինչ-որ խորամանկ և սարսափելի գազանի մասին, որը կարող է հանկարծակի որսալ այն մարդուն, որը բավականաչափ զգուշություն չի ցուցաբերում։ «Տե՛սեք, - հորդորում է Նա, - ձեր ողորմությունը մի՛ արեք մարդկանց առաջ»: Այսպես է նաև Պողոսն ասում փիլիպպեցիներին. «Զգուշացե´ք շներից» (Փիլ. 3:2)։ Այդ գազանը գաղտնի է մոտենում, և ամեն բարի բան, որ մեր մեջ կա, ծածկաբար ցրում և աննկատելիորեն հեռացնում է մեզնից։
   Այսպիսով, երբ Քրիստոս բավականին ընդարձակ խոսքով անդրադարձավ ողորմությանը` որպես օրինակ բերելով Աստծուն, Որն Իր արևի ճառագայթներն է ուղարկում և´ չարերի, և´ բարիների վրա, ու Իր ունկնդիրներին ամեն կերպ մղելով այս առաքինությանը` համոզեց նրանց առատաձեռնորեն ողորմություն բաշխել, ապա նաև, ի վերջո, արմատախիլ արեց այն ամենը, ինչը կարող էր վնասել այդ բարի «ձիթենուն»։ Այդ պատճառով էլ Նա ասում է. «Տե՛սեք, - հորդորում է Նա, - ձեր ողորմությունը մի՛ արեք մարդկանց առաջ», քանի որ նախորդիվ հիշատակված ողորմությունն Աստծո´ւ ողորմությունն էր։ Եվ ասելով՝ «դա մի´ արեք մարդկանց առջև», այնուհետ էլ ավելացրեց` «…որպեսզի նրանք տեսնեն ձեզ»։ Այս վերջին խոսքերը, թվում է, այն նույն նշանակությունն ունեն, ինչ առաջինները։ Բայց եթե որևէ մեկը ուշադիր զննի, կտեսնի, որ վերջին խոսքերն այլ բան են նշանակում և բովանդակում են մեծ խոհեմություն, անասելի հոգատարություն և պաշտպանություն։ Ամեն դեպքում, մարդկանց աչքի առջև բարիք գործողը նույնպես կարող է դա անել ոչ թե անպայմանորեն այն բանի համար, որ իրեն տեսնեն, և նույն կերպ նաև, մարդկանց աչքի առջև բարիք չգործողն էլ, հնարավոր է, որ հակառակ մտադրությունն ունենա` կամենալով, որ իրականում ամենքն էլ նկատեն իր արած բարի գործը։ Ահա թե ինչու Աստված պատժում կամ պսակում է ո´չ թե մեր գործած արարքը, այլ մեր մտադրությունը։ Եթե այսպիսի ճշգրիտ բաժանում չլիներ, ապա այս պատվիրանը շատերին շփոթության կմատներ ողորմություն տալու հարցում, քանի որ ոչ բոլորը կարող են ամենուրեք գաղտնիաբար ողորմություն տալ։ Ուստի, քեզ այդպիսի անհրաժեշտությունից ազատելով, Փրկիչը պատիժ կամ պարգև է սահմանում ոչ թե արարքի կատարման, այլ այն կատարողի մտադրությա´ն համար։ Որպեսզի դու չասես. «Ինձ ի՞նչ օգուտ, եթե մեկ ուրիշը տեսնի», ուստի Քրիստոս ասում է քեզ. «Ես դա չեմ պահանջում քեզնից, այլ` քո մտածումներն ու գործելու եղանակը»։ Հիսուս կամենում է ուղղել մարդու հոգին և այն ազատել ամեն տեսակի հիվանդությունից։
   Եվ այսպես, արգելելով ողորմություն անել փառասիրության համար և ցույց տալով դրանից բխող վնասը, այդօրինակ ողորմության ունայնությունն ու անօգուտությունը, Քրիստոս կրկին խթանում է Իր ունկնդիրների մտքերը՝ հիշատակելով Հոր և երկնքի մասին, որպեսզի Իր խոսքը չսահմանափակվի միայն վնասի մատնանշմամբ, այլ նաև խրատի Իր Հոր մասին հիշատակությամբ։ «Վարձ չեք ունենա ձեր Հորից, - ասում է Նա, - որ Երկնքում է»։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

«Զգո՛յշ եղէք, որ ձեր ողորմութիւնը մարդկանց առջեւ չանէք, որպէս թէ այն լինէր ի ցոյց նրանց. այլապէս վարձ չէք ընդունի ձեր Հօրից, որ երկնքում է:
   
   Զգո՛յշ եղեք, որ ձեր ողորմությունը մարդկանց առաջ չանեք, ասես նրանց ցուցադրելու համար. գուցե վարձ էլ չստանաք ձեր Հորից, որ երկնքում է:

   Աշակերտներին առաքինության գագաթնակետի մասին սովորեցնելուց հետո զգուշացնում է այն վնասատուի դեմ, որը նրանց վարձատրությանը [կարող է] խանգարել: Խոսքս փառասիրության ու հպարտության ախտի մասին է, որի մասին [Տերը] սկզբում չհայտնեց, քանի որ պետք չկար. այս ախտն առաքինացածների մեջ է զորանում և ո՛չ թե զեխ կյանքով ապրողների: Ուստիև ողորմության, աղոթքի և պահքի [մասին խոսքին] առընթեր է դնում, որովհետև [այն դրանք գործողներին] է ավելի շատ նեղում, ինչպես այն սնապարծ փարիսեցուն, ով աղոթքի ժամանակ փքվելով՝ իր առաքինություններն էր հրապարակում (Ղուկ. 18:10-14): Եվ քանի որ այս կիրքն անոսր է և գողերի ու գայլերի նման սպրդելով է վրա հասնում հոգու դղյակի վրա և նրա շինվածքը քանդում, հատակին հավասարեցնում, այդ պատճառով էլ [Տերն] ասում է.
   «Զգո՛ւյշ եղեք ողորմություն գործելիս», ինչպես որ Պողոսն էր ասում. «Զգո՛ւյշ եղեք այն շներից» (Փիլպ. 3:2): Տերն [ուրիշ] շատ տեղերում էլ է զգուշացնում, որ զգաստ ու սթափ լինենք, կամ ողորմություն գործելիս [զգույշ լինենք], որպեսզի այն միշտ գործենք և այս մեծ առաքինությունը, որով Աստված է անվանվում 1 (Ելք 22:27, 34:6, Բ Օր 4:31, Սաղմ. 102:8, 144:8 և այլն:), ի չիք չդառնա [փառասիրության] ախտը [մեր] մոռանալու պատճառով:

   «Ձեր» ասելը նշանակում է, որ կամ արդար վաստակից պիտի լինի ողորմությունը, կամ էլ՝ որ ձեզ համար է տալը և ոչ թե Իմ: Եվ քանի որ ողորմություն գործելու ժամանակ փառասիրության ախտն առանց ոտնաձայնի է մտնում, ապա որպեսզի, նրա գալուստը ճանաչելով, կարողանաք նրան արտաքսել, [Տերն] այս ախտն արտաքսելու կերպն է սովորեցնում. մի՛ արեք, ասում է, մարդկանց առաջ, այլ Աստծո առաջ և Նրա փառքի համար: Բայց քանի որ անհնար է ամեն ժամ և ամենուրեք այնպես անել, որ [ողորմությունը] մարդկանցից ծածուկ կատարվի, այս տարակույսն էլ է փարատում՝ ասելով՝ «ասես նրանց ցուցադրելու համար»: Այսինքն՝ [ողորմությունը] ոչ գաղտնի գործել եմ պահանջում, ոչ էլ [փառասիրության] կրքով առաչոք բաժանել, քանի որ հնարավոր է [ողորմություն] գործել մարդկանց առաջ և ո՛չ ցուցադրաբար, և ծածուկ տալ, բայց անել ցուցադրաբար, երբ [ողորմություն տվողը] մտքում իրեն գովում ու պսակում է կամ իր գործածը պատմում [ուրիշներին]: Այլ կատարվող գործի համար իբրև պայման եմ պահանջում քո միտքը՝ [ծածուկ] գործելը կամքո՛վ և ոչ թե արտաքնապես:

   «Գուցե վարձ էլ չստանաք ձեր Հորից, որ երկնքում է»: Իսկապես իզուր կլինի ձեր ողորմությունը. սա՛ է հայտնում «գուցե»-ն: Իսկ «էլ»-ը գործածելով՝ «վարձ էլ չստանաք»՝ [Տերը] ցույց է տալիս, որ ոչ միայն ձեր ունեցածից կզրկվեք, այլև վարձատրությունից անմասն կմնաք, նաև ոչ միայն վարձատրությունից կզրկվեք, այլև մերժվելով կհեռացվեք Հորից, Ով վարձատրողն է: [Տերը] սա ասում է ըստ այդ ժամանակի, ինչպես նաև ըստ լսողների տկարության, ովքեր Հորը մեծ էին համարում:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

1-18․ «Զգո՛յշ եղէք, որ ձեր ողորմութիւնը մարդկանց առջեւ չանէք, որպէս թէ այն լինէր ի ցոյց նրանց. այլապէս վարձ չէք ընդունի ձեր Հօրից, որ երկնքում է: Այլ երբ ողորմութիւն անես, փող մի՛ հնչեցրու քո առջեւ, ինչպէս անում են կեղծաւորները ժողովարաններում եւ հրապարակներում, որպէսզի փառաւորուեն մարդկանցից: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը: Այլ երբ դու ողորմութիւն անես, թող քո ձախ ձեռքը չիմանայ, թէ ինչ է անում քո աջը, որպէսզի քո ողորմութիւնը ծածուկ լինի, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս»: «Եւ երբ աղօթես, չլինե՛ս կեղծաւորների նման, որոնք սիրում են ժողովարաններում եւ հրապարակների անկիւններում աղօթքի կանգնել, որպէսզի մարդկանց երեւան. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը: Այլ դու երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, փակի՛ր քո դռները եւ ծածո՛ւկ աղօթիր քո Հօրը, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս: Աղօթք անելիս շատախօս մի՛ լինէք ինչպէս հեթանոսները, որովհետեւ նրանք կարծում են, թէ իրենց շատ խօսքերի պատճառով լսելի կը լինեն: Արդ, նրանց չնմանուէ՛ք, որովհետեւ ձեր Հայրը գիտէ, թէ ինչ է ձեզ պէտք, նախքան որ դուք նրանից մի բան ուզէք: Եւ արդ, դուք այսպէ՛ս աղօթեցէք». «Հա՛յր մեր, որ երկնքում ես. սո՛ւրբ թող լինի քո անունը. քո թագաւորութի՛ւնը թող գայ. քո կա՛մքը թող լինի երկրի վրայ, ինչպէս որ երկնքում է՛. մեր հանապազօրեայ հացը տո՛ւր մեզ այսօր. եւ ների՛ր մեզ մեր յանցանքները, ինչպէս որ մենք ենք ներում նրանց, որ յանցանք են գործում մեր դէմ. եւ մի՛ տար մեզ փորձութեան, այլ փրկի՛ր մեզ չարից. որովհետեւ քո՛նն է թագաւորութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը յաւիտեանս. ամէն: Եթէ դուք մարդկանց ներէք իրենց յանցանքները, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կը ների: Իսկ եթէ դուք մարդկանց չներէք իրենց յանցանքները, ձեր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր յանցանքները»: «Երբ ծոմ պահէք, տրտմերես մի՛ լինէք կեղծաւորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպէսզի մարդկանց այնպէս երեւան, թէ ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը եւ լուա՛ քո երեսը, որպէսզի չերեւաս մարդկանց որպէս ծոմ պահող, այլ քո Հօրը՝ գաղտնաբար. եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ»:
   
   Հիսուսի քարոզչության այս երրորդ մասը սերտորեն կապակցված է նախընթաց երկրորդ մասի հետ. Այդ մասում Հին օրինական պարտավորությունների Նոր Ուխտում ունենալիք առավելություններն է բացատրում, իսկ այս մասում բարեպաշտական գործողությունների ստանալիք առավելություններն են բացատրվում: Այնտեդ մի քանի պատվիրաններ իբրև օրինակ են առաջ քաշվում, և մեկնվում է սովորեցրած սկզբունքի գործադրությունը. այստեղ էլ մի քանի բարեպաշտական գործեր են հիշվում, և պարզաբանվում են նրանց գործածական ձևերը: Առաջ քաշված բարեպաշտական գործերը երեքն են՝ ողորմություն, աղոթք և պահք: Յուրաքանչյուրի մասին հերթականությամբ պիտի խոսենք:
   Ողորմության բաժնի մեջ (Մատթ. 6։1-4) Հիսուսի նկատի առած գլխավոր կետը ցուցամոլությունն է, և ոչ թե պարզապես գաղտնիությունը: Ողորմություն անողի նպատակը ներքին արդյունավետությունը պետք է լինի, և ոչ թե որպես հետևանք՝ արտաքին փառավորությունը: Բոլորովին հակառակն էին անում դպիրներն ու փարիսեցիները իրենց ժամանակին. նրանք ավելի ձգտում էին ողորմած երևալ, քան թե ողորմություն անել: Հիսուսի պատճառաբանությունը հիմնվում է գործից առաջ եկող անձնական օգուտի վրա: Հիսուս ընդունում է, որ ողորմություն անողը պիտի արդյունք ստանա, իր ողորմությունից ինքն էլ պիտի օգուտ քաղի, միայն ողորմություն ընդունող անձի օգուտով հարցը չի փակվում, ողորմություն տվող անձն էլ իր օգուտն ունի և պիտի ունենա և նույնիսկ կարող է փնտրել այդ օգուտը. այս է ողորմության վարձք կոչվածը: Հիսուսի բացատրությամբ այդ օգուտները երկու կողմ ունեն՝ Աստծո կողմից շնորհվելիք օգուտը, և մարդկանց կողմից ստացված օգուտը: Մարդիկ գովում են ողորմություն անողին, հռչակում, ծափահարում ու փառավորում նրան և այդտեղ էլ կվերջանա նրանց անելիքը: Աստված ողորմություն անողին ներքին շնորհներ է պարգևում, ինչպիսիք են մեղքերի թողություն, հոգեկան զորություն, գործերի հաջողություն և հավիտենական երանություն: Ովքեր որ ամբողջ սրտով ցանկանում են, որ ուրիշները տեսնեն իրենց գործերը և գովեն իրենց, նրանք հետամուտ են մարդկանցից ստացվող օգուտին, և միայն այդ էլ կստանան. «Այն իսկ են վարձք նոցա»: Բայց եթե դուք էլ, - ասում է Հիսուս, - այս կերպ վարվեք, մարդկանց գովեստով կվերջանա ձեր օգուտը և Աստծուց ոչինչ չսպասեք. «Գուցէ եւ վարձս ոչ ընդունիցիք ի Հօրէն ձերմէ»:
   Ողորմություն տալու գործողության համար գործածված չափազանցված բացատրություններն են՝ «Մի հարկանի փող առաջի քո», և «Մ՛ի գիտասցե ձախ քո զի՛նչ գործէ աջ քո» նման այն բացատրություններին, որոնցից մի քանիսին հանդիպեցինք, որոնք արևելյան ոճի հետևանքներն են, որին նմանվելով ասված են խստությամբ և ոչ թե տառացի կամ բառացի ճշտությամբ: Հիսուս ցանկանում է ասել. «Մի աշխատիր, որ ողորմածությունդ ամենքին հայտնի դարձնես ու հռչակես, իբրև թե առջևիցդ քայլող մունետիկ կամ փողհար ունես, այլ գոհ եղիր, որ միայն Աստված իմանա արածդ, և եթե հնարավոր է, թող ձախ ձեռքդ իսկ չիմանա աջ ձեռքիդ տվածը: Քանզի մարդկանց գովեստին հետևելիս, այլևս Աստծուց փոխարենը սպասելու իրավունքը չես ունենա, իսկ երբ Աստված ներքին կերպով տեսնի ողորմությունդ, նա թե՛ ներքին և թե՛ արտաքին կերպով քեզ փոխարենը կպարգևի. «Հայր քո, որ տեսանէ ի ծածուկ, հատուսցէ քեզ յայտնապէս»:
   Ողորմության մասին ուշադրության արժանի կետն այն է, թե ի՛նչ է բուն ողորմությունը: Որովհետև պետք չի կարծել, թե ողորմությունը միայն մուրացկանի ձեռքը մի տասանոց կամ աղքատների գանձանակի մեջ դրամ դնելն է, այլ ողորմության տակ, Հիսուսի խոսքերով, հասկացվում են բոլոր բարեգործությունները, ինչպիսիք են քաղցածին հաց տալը, ծարավին ջուր խմեցնելը, մերկին հագցնելը, պանդուխտին օթևան ճարելը, հիվանդին խնամք տանելը, բանտարկյալներին տեսակցության գնալը (Մատթ. 25։37-38), սգավորներին մխիթարելը, գժտվածներին հաշտեցնելը (Մատթ. 4։4-9), անուսներին սովորեցնելը, մոլորյալներին ուղղության բերելը, հուզվածներին հանդարտեցնելը, կարիքավորներին օգնելը, պակասությունները լրացնելը, լքվածին օժանդակելը, անկյալին պատսպարելը և այս ամենը անել ոչ միայն անհատներին ու առանձին մարդկանց, այլև մանավանդ և առավելապես կատարել հասարակության կամ հանրության համար՝ գյուղին կամ քաղաքին, երկրին կամ եկեղեցուն օգնություններ ընծայելով:
   Ուշադրության արժանի կետ է նաև այն, երբ բարեգործությունները ուղեկցվում են հրապարակայնությամբ՝ ծանուցումներով, հիշատակություններով, արձանագրություններով և պես-պես գովաբանություններով, որ սովոր ենք ընծայել բոլոր նրանց, որոնցից երբևէ նպաստ կամ օգնություն ենք ընդունում: Արդյո՞ք այս մարդկային կամ արտաքին այս վարձքով վնաս ենք հասցնում աստվածային կամ ներքին վարձքը ստանալուն: Երբ Հիսուս ողորմություն անողին պատվիրում է մարդկային գովեստների կամ վարձերի հետամուտ չլինել, ողորմություն ընդունողին երբեք չէր արգելում իր երախտագիտությունը հայտնել և իր բարերարի գործի մասին հռչակել: Ուստի, երբ ողորմություն ընդունողներն են արտաքնապես ցուցադրում և ճոխացնում այդ, ամենևին ողորմություն անողը դրանից չի վնասվում և ոչ էլ Աստված իր վարձքն է նվազեցնում: Սակայն մենք հաճախ տեսնում ենք, որ նույնիսկ ողորմություն ու բարերարություն անողները ոչ միայն տարելից աղոթքների, հոգեհանգիստների, հատուկ հիշատակությունների պահանջներ են դնում, այլև գրությունների, արձանագրությունների և հրապարակությունների պայմաններ են դնում: Եթե իրոք այդ պայմանները դնողների ամբողջ նպաակը այդ ցուցամոլությունն է, կասկած չկա, որ Հիսուսի վճռի տակ են ընկնում. «Այն իսկ են վարձք նոցա»: Բայց եթե այս պայմանների մեջ հոգևոր պաշտամունքի, հոգեհանգստյան աղոթքի, բարի օրինակի, հարազատների հիշատակի և այդպիսի անմեղադրելի նպատակներ ունեն և իսկական ու ամբողջական ցուցամոլություն չեն հետապնդում, մենք խիստ չենք լինի մեր գնահատման մեջ, և հուսով ենք, որ Աստված էլ չի խստացնի իր դատաստանի մեջ:
Վերջապես ողորմության չափն օրենք ունի՞ արդյոք: Հիսուս այս մասին այստեղ ակնարկ չի անում, բայց մի ուրիշ տեղ և ուրիշ անգամ այրի կնոջ լուման գովելիս և մեծատունների բազում ինչք տալը չգովելուց հետևեցնում ենք, որ Հիսուսի տեսությամբ ողորմության չափը բացարձակ քանակով չէ, այլ՝ յուրաքանչյուրի ունեցածի հարաբերական համեմատությամբ: Հետևաբար շատ հարուստներ բավականաչափ ողորմություն ու բարերարություն անելուց հետո էլ աստվածային վարձքին չեն արժանանա, եթե ունեցածի և տվածի համեմատությունը արդարադատ չլինի:
   Երկրորդ բարեգործությունը, որ Հիսուս իբրև օրինակ բերում է՝ աղոթքն է (Մատթ. 6։5-15): Աղոթքի մեջ Հիսուս մի քանի տարբեր կետեր է նկատի առնում. աղոթքի տեղը, այսինքն՝ հրապարակայնորեն կամ առանձին, աղոթքի երկարաբանությունը կամ դատարկաբանությունը, աղոթքի մեջ խնդրելու կետերը կամ բանաձևը, աղոթքի համար պետք եղած ներքին զգացումը կամ ներողամտությունը: Սրանցից բոլորն էլ մի համեմատական ոճի տակ է դնում, ինչպես որ ողորմության համար էր արել: Դպիրների ու փարիսեցիների գործած կեղծավոր ձևերը որակում է որպես հին արդարության ձև, իսկ իր հրահանգած ձևերը՝ որպես Նոր Ուխտի կամ Ավետարանի կամ Երկնքի Արքայության նոր արդարության ձև:
   Տեղի համար Հիսուս խրատում է չնմանվել կեղծավորներին, որոնք ժողովարաններում հայտնի տեղերում և հրապարակներում անցուդարձի անկյուններում աղոթքի են կանգնում, որպեսզի բոլորը տեսնեն, որովհետև նրանց նպատակը աղոթքը չէ, այլ երևալն է, իսկ վարձերն էլ՝ տեսնողների գովեստը: Ընդհակառակն, աղոթելու համար միտքը պետք է Աստծուն ուղղված լինի, իսկ նպատակը՝ խնդրանքն Աստծուն լսելի դարձնելը, և եթե մեկը իր սենյակը մտնի և դուռը ծածկի ու առանց տեսնվելու որևէ մեկից՝ աղոթի Աստծուն, Աստված այն ծածուկ տեղից էլ նրա աղոթքը կլսի ու կընդունի և հայտնի ու իրական կերպով խնդրանքը կիրագործի, և մարդն էլ իր բարեգործության հատուցումը կստանա: Այս կետում պետք չէ, որ Հիսուսի խոսքերը տառացիորեն հասկանաք, իբր թե Հիսուս արգելում է ժողովարաններում կամ եկեղեցիներում աղոթել կամ թե հասարակաց և ընդհանուր աղոթքները ներելի չեն և պետք է միայն փակված սենյակի մեջ միայնակ աղոթել: Հիսուսի նպատակն է կեղծավորությունը, լոկ երևալն ու ցուցամոլությունը դատապարտել, և դրա համար էլ ամենից խիստ և չափազանցված օրինակներ է գործածում, ցանկանում է հասկացնել ու համոզել, որ աղոթքի մեջ արտաքին հանդերձանքն ու երևույքը երբեք արժեք չեն ունենում, այլ աղոթքի ուժը Աստուծո հետ ներքին միավորությունն է: Արդ, այս ներքին միավորությունը ընդհանուր աղոթքի մեջ էլ կարող է գտնվել, մանավանդ մեր եկեղեցու տեսությամբ՝ ճիշտ այդ ներքինը զորացնելու նպատակով արտաքին ձևեր, ծեսեր ու համախմբություններ են կազմակերպվում: Առանձին մնալով մարդը թուլանում ու ձանձրանում է, և ընդհակառակն, ընկերակցությամբ ու միաբանությամբ և արտաքին հրապույրների ու գրգիռների ներքո ավելի աշխույժ ու ավելի ոգևորված կզգա և ավելի եռանդով կարող է աղոթել: Ինչպես նաև միաբանությամբ եղած աղոթքի մեջ, արժանավորների արդյունքը մատուցված ընդհանուր աղոթքի վրա ազդելով, կարող է բոլորի վրա էլ տարածվել, և մեկը մյուսի արդյունքով կարող են օգտվել: Երբեք Հիսուսի նպատակը չէ աղոթքի արտաքին պայմանների վրա կանոններ դնել, այլ՝ պարզապես ցանկանում է հասկացնել և աշակերտներին ու հետևորդներին համոզել, որ աղոթքի արժանիքն ու արդյունքը ներքին պատրաստության և Աստուծո հետ ներքին միավորության վրա է հիմնված, և ոչ երբեք արտաքին երևույթների վրա, որոնք եթե առանձին մնան, առանց ներքին պայմանների, աղոթքը պարզապես անպտուղ կդարձնեն:
   Երկրորդ կետը. «Մի՝ շատախօս լինիք» բնավ աղոթքի երկարության մասին չէ: Ով որ երկար ժամանակ իմաստալից ճառ է ասում, կամ հմտորեն խնդիր է բացատրում կամ շահագրգիռ խոսակցություն է վարում, երբեք շատախոս չի կոչվում, այլ շատախոս է նա, ով ի ցույց է պոռոտախոսում, կամ անիմաստ շաղակրատում և կամ անիմաստ դատարկաբանում է: Այս շատախոսությունն է, որ Հիսուս քննադատում և մեղադրում է, երբ աղոթքի մեջ ո՛չ սիրտ կա, ո՛չ հոգի, ո՛չ միտք և ո՛չ իմաստ, այլ միայն ունայն խոսքերն են դուրս գալիս բերանից, աննպատակ խնդրանքներ անում, անօգուտ աղաչանքներ, անհարմար խնդրանքներ են ուղղում, մտածելով, որ աղոթքի արժանիքը միայն բազում խոսքն է, և ոչ թե մտքի ու սրտի սրբությունը, ուղղությունը, կամքի համեստությունը, աստվածահաճո զգացումը և Աստծո հետ միավորությունը: Եթե այդպես չլիներ, ինչպե՞ս բացատրենք, որ ինքը՝ Հիսուս «Հանէր զգիշերն ի գլուխ յաղօթսն Աստուծոյ» (Ղուկ. 6։12), իսկ մյուս կողմից պատվիրում է, թե «Պարտ է յամենայն ժամ կալ նոցա յաղօթս եւ մի՝ ձանձրանալ» (Ղուկ. 12։1):
   Աղոթքի բանաձևը Հիսուս ավանդեց տերունական աղոթքով, որ ամեն քրիստոնյա սկզբից է սովորում՝ ամեն օր մի քանի անգամ կրկնելով, այն պաշտոնապես սովորեցնում է եկեղեցին, և որը մինչև կյանքի վերջն է տևում, և ահա այդ օրից մինչև այսօր 1900 տարի է անցել, բայց միևնույն թարմությամբ ու ուժգնությամբ է գործածվում: «Հայր մեր» աղոթքը ծանոթ է բոլորին, և բոլորի համար մխիթարություն է: Թեպետ Հիսուս ասում է. «Այդպէս կացէք դուք յաղօթս», սակայն, երբեք պետք չէ այսպես-ը տառացիորեն հասկանալ, թե այդ աղոթքը միայն այդ բառերով և այդ չափով ու կերպով պիտի գործածել, այլ պետք է հասկանալ իմաստի զորությամբ, որ միայն այդ կետերը լինեն մեր աղոթքի նյութն ու նպատակը: Ղուկասն էլ, թեպետ Լեռան Քարոզից դուրս՝ 11 գլխում (Մատթ․ 5։3-16) հիշատակում է տերունական աղոթքի ուսուցման մասին: Երբ Հիսուս աղոթքի վերաբերյալ սկզբունքներ էր պարզում և երբ նախընթաց գիշերը բովանդակ աղոթքով էր անցկացրել, աշակերտներից մեկը ընդմիջում է Հիսուսի խոսքը և խնդորւմ, որ աղոթելու ձևը սովորեցնի, ինչպես նախօրոք Հովհաննես Մկրտիչն էր իր աշակերտներին աղոթքի կերպը սովորեցրել: Բայց ոչ Ավետարանը և ոչ էլ ավանդությունը մեզ չեն պատմում, թե Հովհաննեսն ինչ ձևով է սովորեցրել իր աշակերտներին: Հիսուսի շուրթերից ասվածը, որ մեզ է ներկայացնում Ղուկասը, Մատթեոսի միևնույն մեջբերածն է՝ մի քիչ համառոտ կերպով: Հեշտության համար իրար դիմաց դնելով ներկայացնում ենք աղոթքի երկու ձևորը, դրանք բաժանելով սովարաբար ընդունված տասը մասերի:
   
Ըստ Մատթոսի
1․ Հայր մեր․ որ յերկինս․
2․ Սուրբ եղիցի անուն քո․
3․ Եկեսցէ արքայութիւն քո
4․ Եղիցին կամք քո որպէս յերկինս եւ յերկրի․
5․ Զհած մեր հանապազորդ տուր մեզ այսօր․
6․ Եւ թող մեզ զպարպիս մեր․
7․ Որպէս եւ մենք թողումք մերոց պարտապանաց
8․ Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն․
9․ Այլ փրկեա զմեզ ի չարէն
10․ Զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս․ ամէն։
   
Ըստ Ղուկասի
Հայր մեր․
Սուրբ եղիցի անուն քո․
Եկեսցէ արքայութիւն քո
Զհած մեր հանապազորդ տուր մեզ զօրըստօրեն․
Եւ թող մեզ զպարպիս մեր․
Զի եւ մենք թողումք ամենայնի որ պարտիցին մոզ․
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն․

   Պարզ ակնարկով երևում է Հայր մեր-ի երկու խմբագրությունների նույնությունը, քանզի Ղուկասի մոտ պակասող մասերը բնավ չեն այլափոխում նյութը: Առաջին հատվածի «որ յերկինս» բառերը զորությամբ ընդգծված են Աստծուն կոչելու ձևի մեջ, չորրորդ հատվածի իմաստը ընդլայնոումն է երրորդ հատվածի, ինչպես նաև իններորդը՝ ութերորդ հատվածի, իսկ վերջին հատվածը փակման օրհնաբանություն է: Այսուհանդերձ Մատթեոսի ներկայացրած ձևը ընդունվում է որպես ավելի լուսաբանված և ավելի լիակատար և գործածական է եկեղեցու մեջ, իսկ Ղուկասի ներկայացրած ձևը գործածության մեջ չի մտել:
    Հայր մեր-ի տասը հատվածներով բացատրված և մեր աղոթքի հիմքն ու նպատակը ներկայացնող կետերը լուսաբանում ենք հետևյալ կերպ.
1. Աստծուն ընդունել որպես Հայր և վստահորեն դիմել նրան:
2. Ամեն ինչ նրա անվանն ու փառավորությանը նվիրել:
3. Ինքներս մեզ Նոր Ուխտի բոլոր գերազանց սկզբունքներին ենթարկել:
4. Աստծո բարի կամքի հետ նույնացնել անձնական կամքն ու հաճությունը:
5. Անհրաժեշտ արտաքին պետքերը խնդրել նրանից. այս բանն ավելի հստակ է ներկայացնում Ղուկասի նշած օրըստօրէ բառը:
6. Մեղքերի ներում և թողություն խնդրել:
7. Աստծուց ներման արժանանալու համար ընկերոջը ներել:
8. Աղաչել բարոյական փորձություններից չհաղթվելու համար:
9. Խնդրել զերծ մնալ զանազան ձախորդություններից ու տառապանքներից:
10. Ամեն բանից առավել Աստծուն փառքի համար նախանձախնդիր լինել:
   Հայր մեր-ի մեկնությունները շատ անգամ շատերն են տվել, իսկ մենք մեկնիչի դեր ստանձնելու ծրագիր չունենք: Միայն ուշադրություն ենք հրավիրում, որ տերունական աղոթքի մեջ պետք է հատուկ ուշադրություն դարձնել 7-րդ հատվածի վրա, այն է ներել ընկերոջը՝ Աստծուց ներում գտնելու համար, քանի որ Հիսուս էլ միայն այդ կետին է անդրադառնում՝ բացարձակապես սպառնալով, որ մարդ չպետք է Աստծուց ներման հույս ունենա, եթե նախօրոք իր ընկերներին ներած չլինի։ Այս էլ ընկերոջ հանդեպ քեն պահելով՝ զոհ մատուցելու մասին գրվածի կրկնումն է (Մատթ․ 5։17-48):
Երրորդ բարեգործությունը պահքն է (Մատթ. 6։16-18), որի մասին արդեն բավական խոսեցինք: Այդ կետի մեջ էլ Հիսուս պահանջում է, որ մարդկանց առջև սուրբի և օրինապահի համբավ ձեռք բերելու համար պահեցողն իրեն պահեցող ցույց չտա, այլ մանավանդ՝ հետևի, որ իր պահեցողությունը միայն Աստված գիտենա և մարդիկ չիմանան: Դրա համար է ասում, որ չլվացվելը և չօծվելը պահքի պայմաններ չեն, ընդհակառակը, պահքի օրն էլ մարդ կարող է լվացվել և գլուխը անուշահոտություններով օծել, և հետևել, որ մարդիկ իր պահքի մասին չիմանան: Այստեղ էլ «Օծ զգլուխ քո եւ լուա՛ զերեսս քո» հրամայական չէ և ոչ էլ հրահանգ է, որ պահեցողներն անպայման լվացվեն և օծվեն, այլ միևնույն սկզբունքն է, որ բարի գործի ներքին իսկությանը պետք է հետևել, և ոչ արտաքին ցուցամոլության. բարի գործը Աստված պետք է իմանա և ընդունի, և ոչ թե՝ մարդիկ տեսնեն ու գովեն. արտաքին առաքինությունը Հին Օրենքի պաշտպանների կեղծավորությունն էր, ներքին առաքինությունը՝ Նոր Օրենքի հետևողների կատարելությունը պետք է լինի:
   Այն, ինչ որ ողորմության, աղոթքի և պահքի վրա իբրև օրինակ բացատրվեց, պետք է ընդարձակել ու տարածել բոլոր բարեգործությունների ու առաքինությունների վրա, և իբր հիմնական ու ավետարանական սկզբունք ընդունել, թե պետք է ներքին իսկությանը նախանձախնդիր լինել և ոչ թե՝ արտաքին երևույթին: Աստված վարձատրում է ներքինը, որ չեն իմանում մարդիկ, իսկ մարդիկ գովում են արտաքինը, որն անարգում է Աստված: