Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր»։
Ի՞նչ է նշանակում` «մեր հանապազօրյա հացը»: Նշանակում է` «ամենօրյա´ հացը»: Քանի որ Քրիստոս ասաց` «Քո կամքը թող լինի երկրի վրա այնպես, ինչպես երկնքում է» (Մատթ. 6:10), իսկ Նա խոսում էր մարմնեղեն մարդկանց հետ, որոնք ենթակա են բնության անխուսափելի օրենքներին և չեն կարող ունենալ հրեշտակային անկրքություն, ուստի, թեև Հիսուս այստեղ հրամայում է մեզ այնպես կատարել պատվիրանները, ինչպես հրեշտակներն են կատարում դրանք, այնուամենայնիվ, ներողամտաբար է վերաբերվում մեր մարդկային բնության տկարության հանդեպ և կարծես թե այսպես է ասում. «Ես ձեզանից պահանջում եմ հրեշտակներին հավասար խստակենցաղություն, սակայն, այդուհանդերձ, չեմ պահանջում անկրքություն ցուցաբերել, քանի որ դա չի թույլատրում ձեր բնությունը, որն ունի կերակրի անհրաժեշտ կարիքը»: Այնուամենայնիվ, տե՛ս, թե որքան հոգևորություն կա նաև մարմնական կյանքում: Փրկիչը պատվիրում է աղոթել ո´չ թե հարստության, ո´չ թե հաճույքների, ո´չ թե թանկարժեք հագուստների ու ո´չ էլ նմանօրինակ այլ բաների համար, այլ միայն` հացի, և այն էլ` հանապազօրյա´ հացի համար, այնպես որ մենք չանհանգստանանք վաղվա օրվա համար: Ահա թե ինչու է Հիսուս ավելացնում «մեր հանապազօրյա հացը» խոսքը՝ նկատի ունենալով ամենօրյա հացը:
Նույնիսկ այս խոսքով էլ Քրիստոս չի բավարարվում, այլ դրան հաջորդող ևս մեկ խոսք է հավելում` ասելով «տո´ւր մեզ այսօր», որպեսզի մենք չտառապենք գալիք օրվա մասին մտատանջություններով: Իրոք որ, եթե դու չգիտես, թե արդյոք կտեսնես վաղվա օրը, ապա ուրեմն ինչո՞ւ ես անհանգստացնում քեզ այդ վաղվա օրվա մասին հոգս անելով: Սա Փրկիչը պատվիրում է նաև հետագայում` Իր քարոզի մեջ. «Մի՛ մտահոգվեք, - ասում է Նա, - վաղվա օրվա մասին» (Մատթ. 6:34): Նա ցանկանում է, որ մենք միշտ գոտեպնդված և հավատով թևավորված լինենք ու մեր մարդկային բնությանը չզիջենք ավելին, քան մեզանից պահանջում է կարիքի անհրաժեշտությունը:
Քանի որ Հիսուս հիշատակեց երկրի մասին, իսկ այն էակները, որոնք ստեղծվել են դրանից (խոսքը մարդկանց մասին է, որոնք ստեղծվել են հողից), ապրում են հենց այդ երկրի վրա ու «զգեստավորված» են երկրային մարմնով, կարիք ունեն համապատասխան կերակուրի, ուստի Նա անհրաժեշտաբար ավելացնում է «մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր» խոսքը: Քրիստոս պատվիրում է խնդրել «հանապազօրյա» հացը՝ ո´չ թե ճոխ խրախճանքի համար, այլ գեթ որպես սնունդ, որը լրացնում է մարմնի սպառված պաշարները և հեռու է վանում սովամահությունը: Ուստի Իր այս խոսքով Հիսուս նկատի չունի ո´չ շքեղագույն սեղանները, ո´չ էլ բազմատեսակ կերակուրները, խոհարարների ստեղծագործություններն ու հրուշակագործների «հնարքները», անուշահամ գինիները և նմանատիպ այլ կերակուրներ, որոնք թեպետ հաճույք են պատճառում լեզվին, սակայն ծանրացնում են ստամոքսը, մթագնում են միտքը, օժանդակում են մարմնին` ապստամբելու հոգու դեմ, և ձիու այդ ձագին ասես անհնազանդ նժույգ են դարձնում: Փրկչի այս պատվիրանը մեզ չի ուսուցանում խնդրել վերոթվարկյալները, այլ միայն` «հանապազօրյա հաց», այսինքն՝ այն, ինչը վերածվում է բնական մարմնի և ունակ է դառնում պահպանելու այդ մարմինը: Ընդ որում, մեզ պատվիրվում է նույնիսկ այդ հացը խնդրել ոչ թե բազմաթիվ տարիների համար, այլ այնքան, որքան անհրաժեշտ է ներկայիս օրվա համար:
«Մի՛ մտահոգվեք, - ասում է Տերը, - վաղվա օրվա մասին» (Մատթ. 6:34)»: Եվ վաղվա օրվա համար ինչո՞ւ պետք է մտահոգվի նա, ով, գուցե, չի էլ տեսնելու այդ վաղվա օրը, ով ջանքեր է գործադրում, բայց չի հնձելու բերքը: Հույսդ դիր Աստծո´ւ վրա, Որը «կերակուր է տալիս ամեն մարմնի» (հմմտ. Սաղմ. 135:25): Նա´, Ով քեզ մարմին է տվել ու հոգի է ներշնչել, քեզ դարձրել է բանական արարած և քեզ համար պատրաստել է բոլոր բարիքները դեռևս քեզ ստեղծելուց էլ առաջ, ինչպե՞ս կարող է անտեսել քեզ՝ արարվածիդ, եթե «հրամայում է Իր արեգակին ծագել և՛ չարերի, և՛ բարիների վրա ու անձրև է բերում և՛ արդարների, և՛ անարդարների վրա» (Մատթ. 5:45): Ուստի, հույսդ դնելով Նրա վրա, կերակուր խնդրիր միայն ներկա օրվա համար, իսկ վաղվա մասին հոգածությունը թող Նրան, ինչպես ասում է երանելի Դավիթը. « Քո հոգսերը Տիրո՛ջը հանձնիր, և Նա կպահպանի քեզ» (հմմտ. Սաղմ. 54:23):
Հովհաննես Ծործորեցի (†1338)
մեր հանապազօրեայ հացը տո՛ւր մեզ այսօր.
Մեր հանապազօրյա հացը տո՛ւր մեզ այսօր:
Մարմնավորներիս մեջ էլ կան հոգևորներ, որովհետև [մարմնի] սակավապետությունը [մեզ] հավասար է դարձնում [հրեշտակային] անկարիք բնությանը: Հրեշտակն Աստծուց հացի մատակարարություն չի խնդրում, իսկ մարդկանց հրամայվեց հայցել դատարկության լրացման և մարդկային հոսանուտ ու անցավոր այս կյանքի բնության [պահպանման] համար: Ուստի [Տերն] անհրաժեշտից ավելի ոչինչ չի հրամայում խնդրել, որով [մարդը] հեռու չի մնում հրեշտաsկային վարքից: Եվ մարմնի բնության պահպանության համար հրամայվեց հաց խնդրել՝ Աստծուն ասելով. «Տուր մեզ ո՛չ շքեղություն կամ իշխանություն, կամ երկրի առատություն, քաղաքներին ու ազգերին՝ պետություն, կամ ձիերի ու արջառների հույլեր, ստրուկների բազմություն կամ այլ նման բան, որով հոգին ցած իջնելով՝ Աստծուց հեռանում է, այլ հա՛ց»: Սրանով սովորեցնում է՝ դադարե՛ք, ո՛վ մարդիկ, դատարկ բաներով հրապուրվելուց, թողե՛ք այդ չարչարանքները, ձեր մարմնի կարիքները շատ չեն, իսկ դուք շատ բաներով եք զբաղված, ինչպես ասաց Տերը Մարթային (Ղուկ. 10։41): Այդպես էլ այստեղ [է ասում]. մեր հա՛ցը տուր մեզ, այսինքն՝ Քեզնից է իմ կյանքը, թող Քեզնից էլ լինի ապրելուս պատճառը, իսկ մենք մեր արդար վաստակից կերակուր առնենք, ասում է, և ոչ թե ուրիշների արցունքներից շահ ստանանք. կամ [ընդունենք] այնքանը, ինչքանը մեզ բավական է՝ ըստ իմաստունի. «Կշռի՛ր ինձ համար արժանին բավարար չափով» (Առակ. 30։8), Հակոբն էլ [ասում է]. «Ուտելու հա՛ց տուր ինձ» (հմմտ. Ծննդ. 28։20), Պողոսն էլ՝ «Ունենք կերակուր և հագուստ, դրանցո՛վ բավարարվենք» (Ա Տիմ. 6։8):
Իսկ ի՞նչ է «հանապազօրյա»-ն: Քանի որ մարդկանց մասին է խոսքը, ովքեր մարմին ունեն և քանի դեռ մարմնի մեջ են, հնարավոր չէ, որ իրենց մեջ ունենան հրեշտակների անկրքությունը, ուստի այս մարմնի կենդանության [պահպանման] համար [այս աղոթքը] հաց է խնդրում և դա՝ ամեն օր: Եվ սա բավական չի համարում, այլ ավելացնում թե՝ «տուր մեզ այսօ՛ր», որպեսզի նրանց, ովքեր առաջ մտահոգվելով էին աշխատում, անհոգ դարձնի՝ ցույց տալով, որ այս կյանքը միօրյա է, անհայտ գալիքի համար պետք չէ չարչարվել, որովհետև «բավական է օրվան իր հոգսը» (Մատթ. 6։34): Ասես ասում է. Ով պարգևում է օրը արևի ծագմամբ, երկնքի շարժմամբ, ցերեկվա ու գիշերվա բաժանմամբ, նաև օրվա պետքերը կշնորհի քեզ: Եվ «հաց» ասելով՝ մարմնի բոլո՛ր պետքերը նկատի ունի:
«Մեր հանապազօրյա հացը,- ասում է,- տո՛ւր մեզ այսօր»: Հաց խնդրելով նաև ո՛չ այս դյուրասպառ, այլ երկնայի՛ն [հացն է խնդրում], որը Դավիթը «հրեշտակների [հաց]» (Սաղմ. 77։25) կոչեց. 1 այն ուտվելիս չի սպառվում և խմվելիս չի նվազում, ուտողին հագեցնում է և ինքն իր մեջ ամբողջա կան մնում: Ասում է «մե՛ր հացը», որովհետև ժամանակին հրեշտակային մտածությունների կերակուրը նաև մերն էր, այն ժամանակ, երբ երանալից դրախտում քաղում էինք այն: Չարը նախանձեց սրան և մեզ համար իբրև կերակուր պատրաստեց վայրի բանջարը այդ հացի փոխարեն, որը էակներիս Նորոգիչն ու մեր բնությունը վերստին Ձուլողը դարձյալ խնդրել է սովորեցնում: Ասում է «մեր հացը», որը իմաստության փափագն է և մեր Տիրոջ սերը ճանաչելը Նրա մարմնի և արյան հաղորդության միջոցով՝ ըստ այսմ. «Եկեք կերե՛ք Իմ հացից» (Առակ. 9։5), և՝ «Հացս կերա իմ մեղրով» (Երգ 5։1), նաև՝ «Կուշտ վայելե՛ք երկնային հացը» (հմմտ. Ես. 66։11): Սա սիրտն ամրացնող է, որովհետև ովքեր ճաշակեցին [այն], քաղցրացան նրանով՝ ըստ սաղմոսի. «Քաղցր են իմ քիմքում Քո խոսքերը, ավելի, քան մեղրը՝ իմ բերանում» (Սաղմ. 118։103), և [Տերը] նրանց հրավիրեց դարձյալ ուտելու այս հացը Հոր սեղանից, երկնքի արքայությունում, և նրանք հայտնվեցին այնտեղ, ուր Աստված էր, և կերան ու խմեցին:
«Տուր մեզ,- ասում է,- այսօ՛ր»: «Այսօր» է կոչում մեր ամբողջ կյանքը, որում պանդխտում ենք՝ ըստ առաքյալի. «Քանի դեռ այսօր է» (Եբր. 3։13): Ուրեմն՝ ասում է, որ երբ մարմնից ելնենք և աշխարհից դուրս գանք, անաշխատ ու անխափան կվայելենք այդ [հացը]՝ երկնայինների նման, իսկ քանի դեռ մարմնի մեջ ենք, շատ հակառակորդներ կան այդ աստվածային հացի ճաշակմանը, ուստի օգնի՛ր մեզ այժմ Քո զորությամբ և տո՛ւր մեզ վայելել այսօր իմաստությանդ անսպառ ու մշտահոս գանձերի պարգևները:
Ստեփանոս Սյունեցի (†735)
մեր հանապազօրեայ հացը տո՛ւր մեզ այսօր.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 6:9
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
մեր հանապազօրեայ հացը տո՛ւր մեզ այսօր.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 6:1
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: