Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 6:9

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Արդ, այսպե՛ս աղոթեք. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի Քո անունը»»:
   
   Տե՛ս, թե Քրիստոս ինչպե՛ս անմիջապես ոգեշնչեց Իր ունկնդիրներին և հենց սկզբից հիշեցրեց Աստծու բոլոր բարիքները: Իրոք որ, նա, ով Աստծուն անվանում է «Հայր», այդ մեկ անվանմամբ արդեն իսկ ընդունում է մեղքերի թողությունը, պատժից ազատումը, արդարացումը, սրբացումը, փրկագնումը, որդեգրությունը, ժառանգությունը, Միածնի հետ եղբայրությունը և Սուրբ Հոգու պարգևը, քանի որ նա, ով չի ստացել այս բոլոր շնորհները, չի կարող Աստծուն անվանել «Հայր»: Այսպիսով, Քրիստոս երկու եղանակով է ոգեշնչում Իր ունկնդիրներին՝ և՛ «Հայր» կոչվողի արժանավայելչությամբ, և՛ Իր ունկնդիրների ստացած օրհնությունների մեծությամբ: Երբ Հիսուս ասում է՝ «որ երկնքում ես», այդ խոսքով Նա Աստծուն չի սահմանափակում երկնքով, այլ աղոթողին հեռացնում է երկրից և տեղափոխում է ամենավերին օթևաններ և երկնային բնակավայրեր: Ավելին, Իր այս խոսքերով Քրիստոս մեզ սովորեցնում է աղոթել նաև մեր բոլոր եղբայրների համար: Նա չի ասում՝ «Հայր իմ, որ երկնքում ես», այլ՝ «Հայր մեր», և դրանով իսկ մեզ հրամայում է աղոթք բարձրացնել մարդկային ամբողջ ցեղի համար՝ երբեք չմտածելով միայն սեփական շահերի մասին, այլ միշտ ձգտելով գործել հանուն մերձավորի օգտի: Իսկ այդպիսով էլ Հիսուս վերացնում է թշնամանքը, խոնարհեցնում է հպարտությունը, ոչնչացնում է նախանձը և ներմուծում սերը՝ բոլոր բարիքների մայրը: Նա վերացնում է մարդկային անհավասարությունը և ցույց է տալիս արքայի և աղքատի միջև լիակատար հավասարապատվություն, քանի որ ամենավսեմ և անհրաժեշտ գործերում մենք բոլորս էլ հավասարապես մասնակցություն (բաժին) ունենք: Իսկապես որ, ի՞նչ վնաս կարող է լինել ստորին ծագումից, երբ մենք բոլորս միավորված ենք երկնային ազգակցությամբ, և ոչ ոք ոչինչ ավելի չունի մյուսից՝ ո՛չ հարուստն` աղքատից, ո՛չ տերը` ծառայից, ո՛չ առաջնորդը` ենթակայից, ո՛չ արքան` զինվորից, ո՛չ փիլիսոփան` բարբարոսից, ո՛չ իմաստունը` տգետից: Աստված, բոլորին հավասարապես Իրեն «Հայր» անվանելուն արժանի դարձնելով, դրանով իսկ բոլորին միևնույն ազնվականությունն է պարգևել:
   Այսպիսով, հիշատակելով այդ ազնվականության մասին, բարձրագույն պարգևի, պատվի միասնության և եղբայրների միջև սիրո մասին ու Իր ունկնդիրներին երկրից հեռացնելով և երկնքում հաստատելով՝ այնուհետ տեսնենք, թե ինչի´ համար է Հիսուս, ի վերջո, մեզ պատվիրում աղոթել: Իհարկե, Աստծուն «Հայր» անվամբ կոչելն ինքնին բավարար ուսուցում է յուրաքանչյուր առաքինության վերաբերյալ. նա, ով Աստծուն անվանում է «Հայր»` որպես ամենքի (ընդհանուր) Հայր, անպայմանորեն պետք է ապրի այնպես, որ անարժան չդառնա իր ժառանգած ազնվականության այդ կոչմանն ու այդ պարգևին համապատասխան ջանասիրություն ցուցաբերի: Փրկիչը, սակայն, չբավարարվեց այդ անվանմամբ, այլ ավելացրեց նաև մի շարք այլ խոսքեր. «Սուրբ թող լինի Քո անունը», - ասում է Նա: Ոչինչ չխնդրել` երկնային Հոր փառքից առաջ, այլ ամեն ինչ Նրան մատուցվող գովասանքից ավելի ցածր համարել. սա է ա´յն աղոթքը, որը վայել է նրան, ով Աստծուն անվանում է «Հայր»: «Սուրբ թող լինի»` նշանակում է՝ «թող փառավորվի»: Աստված ունի Իր սեփական փառքը, որը լեցուն է ամենառատ վեհությամբ և երբևէ ենթակա չէ փոփոխման: Բայց Փրկիչն աղոթողին պատվիրում է խնդրել, որ Աստված փառավորվի նաև մեր կյանքով: Դրա մասին Նա ավելի վաղ ևս ասել է. «Թող ձեր լույսը փայլի մարդկանց առաջ, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ. 5:16): Սերովբեները նույնպես, փառաբանելով Աստծուն, այսպես են օրհներգում. «Սուրբ, սուրբ, սուրբ» (Ես. 6:3): Այսպիսով, «սուրբ թող լինի»` նշանակում է՝ «թող փառավորվի»: Փրկիչը մեզ կարծես այսպես է սովորեցնում աղոթել. «Արժանացրու մեզ այնքան մաքուր ապրել, որ բոլորը Քեզ փառաբանեն մեր միջոցով: Ամենքի առջև անարատ կյանքով ապրել, որպեսզի յուրաքանչյուր տեսնող գովաբանի Տիրոջը». սա´ է կատարյալ իմաստության նշանը:
   Օ՜, ինչպիսի անսահման մարդասիրություն: Օ՜, ինչպիսի անզուգական պատիվ: Ո՞ր խոսքն ի զորու կլինի երախտագիտություն հայտնել նման բարիքներ պարգևողին: Տե՛ս, սիրելիս, քո և իմ բնության խոնարհությունը, խորասուզվի՛ր դրա ծագումնաբանության մեջ, խորհի´ր այդ հողի, փոշու, ցեխի, կավի ու մոխրի մասին, քանի որ մենք ամենքս էլ ստեղծված ենք հողից և վերջում նորից հող ենք դառնալու: Սա պատկերացնելով՝ հիացի՛ր Աստծու` մեր հանդեպ ցուցաբերած ամենառատ ու անսպառ բարիքներով, ինչի համար էլ որ Քեզ պատվիրվում է Նրան անվանել «Հայր»: Դու, որ երկրային ես, պարտավորվում ես Աստծուն «երկնային» կոչել, մահկանացուդ՝ Նրան կոչել «անմահ», ապականվողդ՝ «անապական», ժամանակավորդ՝ Տիրոջը խոստովանել որպես «հավիտենական, երեկ և նախկինում հողից ստեղծվածդ` խոնարհվել հավիտենությունից էլ առաջ գոյություն ունեցող Աստծուն:
   Դու, սակայն, իզուր չես սովորել արտասանել այդ խոսքը, այլ որպեսզի, երկյուղածություն ցուցաբերելով Հոր անվան հանդեպ, որ արտասանում ես քո սեփական լեզվով, ընդօրինակես Նրա բարությունը, ինչպես ասվում է մեկ այլ տեղում` «նմանվե´ք ձեր երկնավոր Հորը, որովհետև Նա հրամայում է իր արեգակին ծագել և՛ չարերի, և՛ բարիների վրա ու անձրև է բերում և՛ արդարների, և՛ անարդարների վրա» (Մատթ. 5:45 հմմտ. Մատթ. 5:48): Ահա թե ինչու մարդասեր Աստծուն իր «Հայր»-ը կոչել չի կարող նա, ով ունի գազանային և անմարդկային հոգեվիճակ (տրամադրվածություն), քանի որ նա չի ընդօրինակում երկնային Հոր բարության հատկանիշները, այլ վերածվել է գազանային կերպարի և զրկվել է աստվածային արժանապատվությունից, ինչպես ասում է Դավիթը. «Մարդը, որ պատիվ ունի և անմիտ է, նմանվում է կենդանիներին, որոնք կործանվում են» (հմմտ. Սաղմ. 48:21):
   Եվ նկատի՛ր արտահայտության ճշգրտությունը, թե ինչպե՛ս է Հիսուս մեզ հրամայում փոխադարձ սեր ցուցաբերել մեկմեկու հանդեպ և ինչպե՛ս է բոլորին միավորում է ընկերական տրամադրվածությամբ: Նա մեզ չհրամայեց ասել՝ «Հայր իմ, որ երկնքում ես», այլ՝ «Հայր մեր, որ երկնքում ես», որպեսզի, սովորելով ունենալ ընդհանուր Հայր, մենք կարողանանք եղբայրական վերաբերմունք ցուցաբերել միմյանց հանդեպ: Բացի այդ, ցանկանալով մեզ սովորեցնել, որ մենք մի կողմ թողնենք երկիրը և երկրայինն ու չխոնարհվենք դեպի ներքև, այլ հավատի թևեր առնենք և, օդից էլ ավելի վեր բարձրանալով ու եթերից անդին անցնելով, ձգտենք դեպի «Հայր» կոչումն ունեցողը: Ահա թե ինչու Հիսուս մեզ պատվիրում է ասել՝ «Հայր մեր, որ երկնքում ես»` ոչ թե որովհետև Աստված միայն երկնքում է, այլ որպեսզի մեզ, որ «սողում» ենք այս երկրի վրա, ուղղորդի դեպի երկինք ձգտել և, մեզ երկնային բարիքների գեղեցկությամբ լուսավորելով, մեր բոլոր ցանկությունները դարձնի դեպի այնտեղ:

   Այնուհետև Քրիստոս ավելացնում է Իր երկրորդ խոսքը՝ ասելով. «Սուրբ թող լինի Քո անունը»: Այնուամենայնիվ, թող ոչ ոք անմիտ մտքով չկարծի, թե «սուրբ թող լինի Քո անունը» խոսքերն ավելացնում են Աստծու սրբությունը: Նա սուրբ է, կատարելապես սուրբ, ու սրբերից էլ ամենասուրբը: Եվ սերովբեները Նրան այսպիսի մի օրհներգություն են մատուցում՝ անդադար աղաղակելով. «Սուրբ, սուրբ, սուրբ է Զորությունների Տերը, և երկինքն ու երկիրը լի են Նրա փառքով» (Ես. 6:3): Ինչպես նրանք, որ գովաբանում են թագավորներին և անվանում են նրանց «թագավորներ» ու «ինքնակալներ», այդպիսով, սակայն, վերջիններիս չեն տալիս այն, ինչ նրանք չունեն, այլ փառաբանում են այն, ինչ նրանք ունեն, այդպես էլ մենք Աստծուն սրբություն չենք հաղորդում` կարծես թե Նա դա չունենար, երբ ասում ենք. «Սուրբ թող լինի Քո անունը», այլ փառաբանում ենք այն, ինչ Նա ունի, քանի որ այստեղ «թող սուրբ լինի» խոսքն ասվում է «թող փառավորվի» խոսքի փոխարեն: Այսպիսով, այս խոսքի միջոցով սովորենք առաքինի կյանք վարել, որպեսզի մարդիկ, տեսնելով դա, փառավորեն մեր երկնավոր Հորը, ինչպես որ Հիսուս է ասում մեկ այլ տեղում. «Այդպես էլ թող ձեր լույսը փայլի մարդկանց առաջ, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ. 5:16):
   …Հոգևոր բարիքները թող որ լինեն մեր առանձնահատուկ հոգածության ներքո: Ինչո՞ւ: Որովհետև, երբ կան հոգևոր բարիքներ, մարմնական բարիքների բացակայությունից ոչ մի վնաս չի լինում: Իսկ եթե դրանք չկան, ապա ի՞նչ հույս, ի՞նչ մխիթարություն կարող է լինել մեզ համար: Ուստի միշտ պետք է Աստծուն խնդրանք ուղղել, որպեսզի ստանանք դրանք, և պետք է աղոթել դրանց համար: Քրիստոս նույնպես մեզ սովորեցնում է աղոթել դրանց համար: Եվ եթե մենք խորասուզվենք այդ աղոթքի մեջ, ապա դրանում ոչ մի մարմնական բան չենք գտնի, քանի որ այնտեղ ամեն ինչ հոգևոր է: Նույնիսկ այն չնչին մարմնականը, որ խնդրում ենք այդ աղոթքի մեջ, խնդրանքի ձևի պատճառով դառնում է հոգևոր: Արդեն միայն այն հորդորը, ըստ որի` ոչինչ ավելի չպետք է խնդրենք, բացի «հանապազօրյա», այսինքն՝ «ամենօրյա հացից», ինքնին հոգևոր և իմաստուն մտքի դրսևորում է: Բայց տե՛ս, թե ինչն է նախորդում սրան. «Սուրբ թող լինի Քո անունը, Քո արքայությունը թող գա, Քո կամքը թող լինի երկրի վրա այնպես, ինչպես երկնքում է»: Իսկ այնուհետև էլ, խոսելով մարմնականի (զգացականի) մասին, Հիսուս անմիջապես շրջվում և դարձյալ վերադառնում է հոգևոր ուսմունքին՝ ասելով. «Ների՛ր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին»:
   Քրիստոս ոչինչ [չասաց] կառավարելու, հարստության, փառքի, իշխանության մասին, այլ աղոթքի մեջ ներառեց այն ամենը, ինչը ծառայում է հոգու օգտին՝ երկրային ոչինչ, այլ ամեն բան` երկնային: Այսպիսով, եթե մեզ պատվիրված է ձեռնպահ մնալ կենցաղային և այսաշխարհային բաներից, ապա մենք որքա՜ն դժբախտ և ողորմելի կլինենք, եթե Աստծուց խնդրենք այն, ինչը Նա մեզ հրամայել է մերժելի համարել` նույնիսկ եթե դա մենք ունենք էլ` հանուն այն բանի, որպեսզի մեզ ազատենք մեր հոգսերից, իսկ այն, ինչ Նա պատվիրել է խնդրել, դրա մասին ոչ մի հոգածություն չունենանք կամ նույնիսկ չցանկանանք էլ դա ունենալ… Իսկապես, դա կնշանակի ունայն խոսքեր ասել: Այդ իսկ պատճառով է, որ թեև մենք աղոթում ենք, սակայն հաջողություն չենք ունենում:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ արդ, դուք այսպէ՛ս աղօթեցէք».«Հա՛յր մեր, որ երկնքում ես. սո՛ւրբ թող լինի քո անունը.
   
   Ուրեմն՝ այսպե՛ս աղոթեք. «Հայր մեր, որ երկնքում ես:
Այն, ինչ անարժան էր խնդրել, արգելեց և ներկայացնում է արժանավոր աղոթքն ըստ գոյացության՝ միաժամանակ ըստ որակի և ըստ քանակի: Ասում է. «Հայր մեր, որ երկնքում ես»: Բայց պետք է գիտենալ նախ, որ «Հայր» կոչումը գործածվում է երեք կերպ. մեկը՝ Հոր անձի համար, երկրորդը՝ Որդու, և երրորդը՝ ընդհանուր Երրորդության: Ուրեմն՝ նախ միայն Հոր անձն է՝ Որդուն հավիտենական ճշմարիտ ծնունդ տալու պատճառով. Եսային ասում է. «Նրա ազգատոհմի մա սին ո՞վ կպատմի» (Ես. 53։8), Դավիթն [ասում է]. «Արուսյակից առաջ ծնեցի Քեզ» (Սաղմ. 109։3), Սողոմոնն էլ՝ «Նախքան բոլոր բլուրները ծնեց ինձ» (Առակ. 8։25):

   Երկրորդ՝ միայն Որդու անձն է «Հայր» կոչվում, որ Նրա փրկագործությանն է [վերաբերում]. Եսային ասում է. «Դու, Տեր, մեր Հայրն ես, և Քո անունը հավիտյան Փրկիչ է» (հմմտ. Ես. 33։22): Հայրության այսպիսի կերպը միայն Որդուն է վերագրվում, որովհետև Նրա մահվամբ փրկվեցինք՝ ըստ Տիրոջ. «Մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու և Իրեն իբրև փրկանք տալու» (Մատթ. 20։28):

   Իսկ երրորդ՝ [Հայր կոչումը վերաբերում] է ընդհանուր Երրորդությանը, որին հատուկ են հայրության [հետևյալ] ձևերը: Առաջին՝ ըստ հրավերի, ինչպես ասում է առաքյալը. «Խաղաղություն ձեզ Հորից» (հմմտ. Փիլիմ. 1:3), Ով «հրավիրեց ձեզ» (հմմտ. Հռոմ. 8։29) [որդեգրության]: Երկրորդ՝ ըստ ստեղծման՝ համաձայն հետևյալի. «Մի՞թե սա քո Հայրը չէ, Ով ստեղծեց քեզ» (հմմտ. Բ Օր. 32։6): Երրորդ՝ ըստ վերստին ծննդյան, ինչպես գրում է Պետրոսը. «Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, Ով մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար» (հմմտ. Ա Պետ. 1։3). Պողոսն էլ [ասում է]. «Առանք որդեգրության հոգին, որով աղաղակում ենք՝ Աբբա, Հայր» (Հռոմ. 8։15): Չորրորդ՝ ըստ հավատքի ուսման՝ համաձայն հետևյալի. «Ովքեր ընդունեցին Նրան, նրանց իշխանություն տվեց լինելու Աստծո որդիներ, ովքեր հավատում են Նրա անվանը» (Հովհ. 1։12): Հինգերորդ՝ ըստ փառքի պարգևի, ինչպես ասում է Պողոսը. «Ուրեմն ծառա չես, այլ որդի, և եթե որդի, ապա նաև Աստծո ժառանգ» (Գաղ. 4։7):

   Այսպիսով՝ գլխավորապես երեքն են «Հայր» կոչվելու կերպերը, ինչպես ասացինք, և առաջինը [հատուկ] է միայն Հորը, երկրորդը՝ Որդուն, և երրորդը՝ Երեք Անձերին: Եվ քանի որ Երրորդության գործերը հավասար և անբաժանելի են, ուստի թվում է, թե խնդրո առարկա խոսքն էլ՝ «Հայր մեր, որ երկնքում ես», հավասարապես [վերաբերում է Երեք Անձերին]: Մեծ Մովսեսը, երբ Սինա լեռան վրա հին Իսրայելին Աստծուն էր մոտեցնում, երեքօրյա սրբագործություն էր կատարում՝ ջուր ցանելով ողողում ու մաքրում էր նրանց, և ապա՛ Աստծուն ներկայացնում, և տեսնում էին Նրան կրակով ու մեգով, փայլատակմամբ ու շեփորի [ձայնով], որից զարհուրում ու ահաբեկվում էին և Մովսեսին իբրև միջնորդ հայցում (Ելք 19): Իսկ մեր օրենսդիր Հիսուս Քրիստոսը, կամենալով Նոր Կտակարանի սպասավորներին առ Աստված բարձրացնել, ոչ թե լեռներ, այլ երկինք է հանում, ոչ թե ահեղագոչ ձայնով սովորեցնում, այլ հեզ ու քաղցր ձայնով սովորեցնում է աղոթել՝ Հորը հանդիպելու համար, և ոչ միայն աստվածային զորության ականատես է դարձնում, այլև աստվածային էության հատուկ հաղորդակից և ազգակից:

   «Ուրեմն՝ այսպե՛ս աղոթեք. «Հա՛յր մեր, որ երկնքում ես»: Նախ՝ հրամայում է այս բոլոր տարերքների շարժուն ու փոփոխելի բնությունը թողնել, բարձրանալ երկնքից ու անմարմին զորություններից էլ վեր և հպվել անշարժ ու հաստատուն Բնությանը, ինչով բոլորը մտքի սլացմամբ միանում են Անճառելիին և ապա համարձակվելով ասում. «Հա՛յր մեր, որ երկնքում ես»: Նաև այս աղոթքի սկզբում արթնացնում է լսողներին և հիշեցնում [մեզ համար Աստծո արած] բոլոր երախտիքները, որպեսզի ով որ [Աստծուն] «Հայր» է կոչում, այս մեկ բառով հիշի նաև իր մեղքերի թողությունը, տանջանքներից թեթևացումը, Միածնին եղբայրանալը և Հոգու պարգևները, որովհետև չի կարող Աստծուն «Հայր» կոչել նա, ով այս բոլոր բարիքներին չի հասել: Այլև՝  1 ով Նրան Հայր է խոստովանում, իրեն Նրա որդու կարգավիճակի մեջ է դնում, իսկ սրանց միջև ոխ ու թշնամություն չի արմատանում, և եթե որդին ստահակություն է թույլ տալիս, հայրը բնական գութով ու իմաստությամբ ներում է և դրանով միշտ նրան [Իր] ենթակայության տակ պահում: Այս հայրական կամքի մեծահոգությանը ծանոթ է նաև որդին, ուստի սիրո կապը հուսահատությամբ չի խզում: Հապա ի՞նչ. երբ որպես մանուկ մեղանչում է, դարձյալ դիմելով՝ «հայր» անունն է խոստովանում, և [հայրը] ներողամտությամբ նրան իր թևերի մեջ առնում գրկախառնվում է: Իսկ ծառաների հանդեպ այս սովորական վերաբերմունքը չունի, որովհետև տերն ու ծառան բնական սիրով շաղկապված չեն, ուստի երբ [ծառան] մեղանչում է, զարհուրում է, իսկ [տերը]՝ պատժում: Բայց Քրիստոսի Եկեղեցին Հայր Աստծո համար ծառայության կարգում չէ, այլ որդեգրության՝ ըստ առաքյալի  (Հռոմ. 8։15, Գաղ. 4։5-6), և Տերն էլ [ասում է]. «Իմ Հոր և ձեր Հոր [մոտ]» (Հովհ. 20։17): Ուստի մեղքերով ապստամբելու դեպքում [որդին] չի զարհուրում, այլ բնական գութը հիշելով՝ աներկյուղ պատկառանքով դիմելով Հորը՝ ասում է. «Հա՛յր մեր, որ երկնքում ես»:

   Սակայն [այս խոսքը] պահանջում է քննել, թե ի՛նչ է Հայր Աստծո բնությունը: Ուրիշ ի՞նչ, եթե ոչ՝ սրբություն, բարություն, արդարություն, մշտնջենավորություն և այլ նույնպիսի [հատկություններ], որովհետև այսպես ենք սովորել [Սուրբ] Գրքից: Ուրեմն՝ եթե կամենում ես Նրան Քո Հայրը կոչել, որպես հարազատ որդի՝ Նրա նման պիտի դառնաս, որպեսզի Սուրբը սրբիդ Հայրը լինի, Արդարը՝ արդարիդ, և Բարին՝ բարուդ: Իսկ եթե այսպիսին չես, այլ մաքուր միտքդ աղտեղվել է և հանդգնաբար նույն խոսքով ես դիմում՝ «Հայր մեր, որ երկնքում ես», երկու սխալ ես գործում: Նախ՝ ես աղոթք չեմ համարում դա, այլ Աստծուն լուտանք ու թշնամանք ես հասցնում, որովհետև «հայր» բառը [հորից] գոյություն ստացածի պատճառն է ցույց տալիս, ուստի եթե մեկն այնպիսին է, որ մտքի չար խղճմտանք ունի, և ասում է, թե Աստված իր Հայրն 7, ինձ թվում է՝ սա ուրիշ բան չէ, քան այն, որ նա իբրև իր չար գործերի առաջնորդ ու պատճառ [Աստծուն] է մատնանշում: Եվ երկրորդ՝ [Աստված քո աղոթքը] երբեք չի լսի, որովհետև բնությամբ Բարին չի կարող հայր լինել չար կամք [ունեցողիդ], և ճշմարիտ Կյանքը՝ մեղքերով մեռածիդ, քանի որ լույսը խավարի հետ չի հաղորդվում, ինչպես ասում է առաքյալը (Բ Կոր. 6։14), և կամ բարի ծառը չար պտուղ չի տալիս  (Մատթ. 7։18): Ուստի [Աստված] ձայնում է քեզ, թե՝ ստո՛ւմ ես և ոչ թե աղոթում. Ե՛ս չեմ քո հայրը, այլ մեկ ուրիշը, ում սանդարամետական կերպարանքն ունես մեջդ դրոշմած, քանի որ նա է մեղքն ու մեղքի հայրը, սուտն ու ստի ծնողը, ում վարքը նաև դու ես սովորել:

   Ուրեմն իմացանք, որ երբ Տերը հրամայում է Աստծուն մեր Հայրը կոչել, ուրիշ բան չի անում, քան որ բարձրագույն վարքով մեզ Նրան ընտանի է դարձնում, որից հետո է [հնարավոր] համարձակվել ու ասել. «Հայր մեր, որ երկնքում ես»: «Մեր» ասելով խրատում է աղոթել ոչ միայն մեր անձերի, այլև բոլոր եղբայրների համար, որովհետև չի ասում՝ «Հայր իմ», այլ՝ «Հայր մեր»: Սրանով նաև թշնամությունն է վերացնում, հպարտությունը ցածրացնում, հաստատում մեր մեջ բոլոր բարիքների մորը՝ սերը, և թագավորներին ու տնանկներին հավասար պատվով ցույց տալիս, որովհետև եթե մեծամեծ ու կարևոր բաներում ամենքը հավասար են և վերևներում՝ միմյանց հաղորդակից, ըստ առաքյալի՝ ոչ ծառա են, ոչ ազատ, այլ ամենքս մեկ ենք ի Քրիստոս  (Ա Կոր. 12։13) աղոթքի մատուցման միջոցով, ապա երկրավոր ազնվականությունից ի՞նչ վնաս կարող է լինել. կարծում եմ՝ ոչ մի:

   Իսկ «երկնքում» ասելը ոչ թե [Աստծուն] այնտեղ է պարփակում, այլ խորհրդանշաբար սա՛ է ցույց տալիս. թեպետ «երկինքն ու երկիրը լի են փառքով ու զորությամբ»՝ ըստ մարգարեի (հմմտ. Ես. 6։3), և «ամեն տեղ է Նրա տերությունը» (Սաղմ. 102։22), սակայն անհաս էությանդ Ինքնությունը Իր սեփական աթոռին՝ երկնքում է բազմում՝ ըստ սաղմոսերգուի. «Տերը երկնքում է՝ Իր աթոռին» (Սաղմ. 10։5), և այլուր՝ «Նստում ես քերովբեների վրա և նայում անդունդներին» (Սաղմ. 98։1), լսի՛ր իմ հառաչանքն այդտեղ, ուր և մեր մարմնակից Եղբայրը՝ Քո Որդին, մտավ իբրև մեզ համար քահանա ու բարեխոս և սովորեցրեց մեզ այս աղոթքն անել  2: [Տերն այս բառով] նաև ցույց է տալիս, որ երկնավոր է Հայրը, Ում դու՝ երկրավորդ, արժանացար որդեգրվելու: [«Երկնքում ես»] է ասում նաև, որպեսզի աղոթողի միտքը երկրավոր բաներից բարձրացնի և հանի վերև՝ երկնքի բնա-կավայրը՝ հիշել տալով, որ դա է նրա հայրենիքը, որից հեռացավ անառակի նման. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի հանդեպ» (Ղուկ. 15։21): [Տերն այստեղ] երբեք չէր հիշի երկինքը, եթե այն չհիշեցներ քո հայրենիքը, որպեսզի բարի գործերի փափագն առավել ուժեղ վառեր քո մեջ և այնտեղ տանող ճանապարհի վրա [քեզ] ավելի արագ հաստատեր:

   Թող անունդ սո՛ւրբ լինի:
   Նախ «Հայր» ասաց, և որպեսզի ոչ ոք [Նրան] չհամարի այնպիսին, ինչպիսին մեր՝ կրքերի ենթակա հայրերն են, ավելացնում է. «Թող անունդ սուրբ լինի», այսինքն՝ մեզ սրբությամբ ծնեցիր. նախ՝ արարչությամբ, այժմ էլ՝ մկրտությամբ՝ Սուրբ Հոգու միջոցով և ոչ թե տարածված պատկերացմամբ: Նաև՝ այս խոսքը ոչ միայն կարգով է խնդրանքների մեջ առաջինը, այլև զորությամբ, որովհետև այս աղոթքի բոլոր խոսքերն ընթացքի կարգ ունեն, ինչպես պատրաստվում ենք սովորել: Քանզի բարեկարգության Աղբյուրն այստեղ ինչպե՞ս Իր սովորությունից կվրիպեր, ուստի նախ սա՛ սովորեցրեց Հորից խնդրել  3՝ Նրա անվան սրբությունն ու փառավորումը, որովհետև թեև Նա Իր փառքը լիակատար կերպով միշտ ունի, բայց կամենում է նաև մեր խնդրանքներով փառավորվել: Սակայն կարող է մեկը տարակուսել, թե սա ի՞նչ կապ ունի իմ խնդրանքների նպատակի հետ. ես մեղքերին վաճառված մարդ եմ, շրջապատված-պաշարված եմ թշնամիների գնդերով, ուստի այնպիսի աղոթք պիտի մատուցեմ, որ մեղքերիցս մաքրվեմ և [թշնամիների] որոգայթներից ազատվեմ, ինչպես Դավիթն է աղոթում. «Օգնությո՛ւն հասցրու ինձ նեղությանս մեջ» (հմմտ. Սաղմ. 59։13), և՝ «Փրկի՛ր ինձ իմ թշնամիներից» (Սաղմ. 58:2), «Ողորմի՛ր ինձ, Աստված, [Քո] մեծ ողորմությամբ, իմ մեղքերից մաքրիր ինձ ու լվա՛, և ձյան պես կսպիտակեմ» (հմմտ. Սաղմ. 50։3, 4, 9):

   Մենք այս տարակուսանքը կփարատենք հետևյալ կերպ: Մեր մարդ կային բնությունը տկար է ինքնուրույն կերպով բարին ձեռք բերելու համար, ուստի իբրև մարտակցի` կանչում է Հորը, որ բարուն մեր մեջ ընթացք տա: Իսկ առաջին բարին ու բոլոր բարությունների գլուխը հենց այն է, որ Աստված փառավորվի մեր կյանքով: [Հասկանալու համար], թե սա ինչպես է լինում, դրա ներհակը տեսնենք` երջանիկ մարգարեի նախաձայնությունը մեջբերելով, որ ասում է. «Վա՛յ ձեզ, որովհետև ձեր պատճառով Իմ անունը հայհոյվում է հեթանոսների մեջ» (հմմտ. Ես. 52։5), քանի որ ոմանք հավատքի անունով պարծենում են, մինչ նրանց վարքն այդ անվան հակառակն է ցույց տալիս. կամ ագահությամբ կռապաշտ են, կամ էլ գիջության տիղմում խոզի նման թավալ են տալիս: Անհավատներն արդեն իսկ պատրաստ են այսպիսինին ամբաստանելու. չեն չարախոսում, թե նրա կամքի հոժարությունն է չարը գործել, այլ իբր նրա կրոնն է սովորեցնում դա անել: Եվ այսպիսի հայհոյությունը վերաբերում է Աստծուն, Ով այդ կրոնը տվողն է. այս պատճառո՛վ ավաղեց մարգարեն: Ուրեմն` ով այս կամքին հակառակ` պարկեշտ կյանք է վարում և համարում, որ դա ոչ թե իր անձի կարողության շնորհիվ է, այլ Աստծո օգնության, ինչպես ասում է առաքյալը. «Ո՛չ ես, այլ Աստծո` ինձ հետ եղած շնորհը» (Ա Կոր. 15։10), հիրավի ամեն ինչից առաջ աղոթում է, որ իր կյանքում Աստծո անվան հայհոյության պատճառ չգտնվի, ինչպես ասում է մարգարեն. «Զորությունների Տիրոջը սո՛ւրբ արեք» (Ես. 8։13): Եվ այսպիսի ողջախոհ ընթացքը տեսնելով` նախապես հայհոյողները փոխարենը փառավորում են Աստծուն` համաձայն այս խոսքի. «Կտեսնեն ձեր բարի գործերը և կփառավորեն ձեր երկնավոր Հորը» (հմմտ. Մատթ. 5։16), ինչի մասին այստեղ ասվում է. «Թող անունդ սո՛ւրբ լինի». այսինքն` թող Քո գործակցությամբ լինեմ արդար ու անարատ, ամեն չարիքից հեռացած, որպեսզի ինձ տեսնելով` Քո անվանը բարեբանություն մատուցեն:

   Իսկ «անուն» [ասելով՝ Տերը] նկատի ունի «Հայր»-ը: [Որպես թե ասում ենք]. «Քանի որ [Հորդ] շնորհով որդիացա և Քո օգնությամբ [որդի] կոչումը արժանավոր գործերի միջոցով բարձր եմ պահում, թող դարձյալ խորթ [զավակ] չդառնամ՝ Քո սուրբ անունը պղծելով»:

   «Թող անունդ,- ասում է,- սուրբ լինի»:Ինձ թվում է՝ [Տերն] այս խոսքով շատ ավելի նուրբ իմաստ է արտահայտում, և  4 այդ խորհրդի գիտությունը չենք կարող մեկ այլ տեղից իմանալ, քան հենց Տիրոջ վարդապետությունից: Թերևս [Նրա] խոսքերը միմյանց հետ համեմատելով՝ կարողանանք սրա իմաստի կայծը մեզ համար փայլեցնել: Երբ Քրիստոսն աղոթում էր Հորը առաքյալների համար և նրանց հետ միաժամանակ՝ ամբողջ աշխարհի, սա էլ ավելացնելով Հորն ուղղեց. «Ինչպես Ինձ ուղարկեցիր աշխարհ, Ես էլ նրանց ուղարկեցի և նրանց համար Ես Ինձ մաքուր (սուրբ) եմ դարձնում, որպեսզի նրա՛նք էլ մաքրվեն ճշմարտությամբ» (Հովհ. 15։18-19): Իսկ Պողոսը եփեսացիների երեցներին իր մասին ասում էր. «Ես մաքուր եմ ձեր արյունից, որովհետև չխուսափեցի օգտակարը պատմելուց» (հմմտ. Գործք 20։26-27): Ուրեմն՝ աշակերտների համար Քրիստոսի մաքուր դառնալն այն էր, որ ամենայն իմաստությամբ նրանց սովորեցրեց ու վարժեցրեց, ինչից հետո և աղոթեց նրանց համար. եթե դրանից հետո հանցանք գործեին, իրենք էին իրենց դատապարտողը: Այդպես էլ Պողոսը, եթե [եփեսացիներին] զգուշացրած չլիներ, Աստված նրանց արյունը նրա ձեռքից էր պահանջելու. իսկ զգուշացնելուց հետո մաքրվեց:

   Ըստ այս խորհրդի էլ հասկանանք նաև այս աղոթքի իմաստը:  5 Քանզի Դու, ասում է, Հա՛յր, մեզ վրա տեսուչ ես և ամենատես աչքերովդ միշտ տեսնում ես չարի փորձանքները, որ սերմանում է մեր տկար բնության մեջ, գիտես նաև հանցանքների պատճառով [հասանելիք] Քո պատիժների որքանությունը: Իսկ մենք, մարմնով զբաղված լինելու պատճառով մտքով խավարած լինելով, չենք տեսնում նրա նենգությունը կամ Քո դատապարտությունը: Ուստի աղաչում ենք, մաքրի՛ր Քո անունը Քո ժողովրդի արյունից՝ արթնացնելով մեզ դեպի Քո փառքի հանդեպ սերն ու պատժիդ հանդեպ երկյուղը, թշնամու գաղտնի նետերի գիտությունը և տալով պատերազմելու զորություն, ինչպես Հոբին: Որովհետև եթե սա ունենալով՝ մեղանչում ենք, թող Քո անունը սրբվի մեր վրայից, ինչպես Քրիստոսինը՝ Հուդայից՝ այնքան մեծ խնամքից հետո, և Քոնը՝ եբրայական ցեղից՝ Օրենքի և պարգևված երկրի տվչությունից հետո:

   Իսկ «թող լինի» ասելը նշանակում է, որ ո՛չ այսօր կամ վաղը, այլ միշտ և շարունակ ես հայրական խնամքդ նույն սովորությամբ մատակարարում: Կամ էլ [նշանակում է]՝ «ճշմարտապե՛ս կատարիր՝ առանց հետ դառնալու», որովհետև «թող լինի»-ն հավասարազոր է «ճշմարիտ»-ին:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

9-13. Եւ արդ, դուք այսպէ՛ս աղօթեցէք». «Հա՛յր մեր, որ երկնքում ես. սո՛ւրբ թող լինի քո անունը. քո թագաւորութի՛ւնը թող գայ. քո կա՛մքը թող լինի երկրի վրայ, ինչպէս որ երկնքում է՛. մեր հանապազօրեայ հացը տո՛ւր մեզ այսօր. եւ ների՛ր մեզ մեր յանցանքները, ինչպէս որ մենք ենք ներում նրանց, որ յանցանք են գործում մեր դէմ. եւ մի՛ տար մեզ փորձութեան, այլ փրկի՛ր մեզ չարից. որովհետեւ քո՛նն է թագաւորութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը յաւիտեանս. ամէն:
   
   «Հա՛յր մեր, որ երկնքում ես. սուրբ թո՛ղ լինի քո անունը. Քո թագավորությունը թող գա. Քո կամքը թո՛ղ լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է, մեր հանապազօրյա հացը տո՛ւր մեզ այսօր և ների՛ր մեզ մեր հանցանքները, ինչպես որ մենք ենք ներում նրանց, որ հանցանք են գործում մեր դեմ, և մի՛ տար մեզ փորձության, այլ փրկի՛ր մեզ չարից, որովհետև քո՛նն է թագավորությունը և զորությունը և փառքը հավիտյանս. ամեն»:

   Նախ ուսուցանեց, թե ինչպես պետք է աղոթել, իսկ այժմ նաև աղոթքի խոսքերն է ասում: Իսկ ասելով՝ ձեր աղոթքներում մի եղեք շատախոս (տե՛ս Մատթ. 6։7), արգելում է [աղոթել] երկրավոր հոգսերի և զբաղմունքների [մասին] և [ուսուցանում է] այն աղոթքը, որը երկնային է ու հոգևոր:

   «Հա՛յր մեր, որ երկնքում ես». երկնքում բնակվելու [մասին] ասում է այն պատճառով, թեպետև [ներկա] է ամբողջ տեսանելի աշխարհում ոչ միայն զորությամբ, այլ նաև բնությամբ, քանզի աշխարհի պատվականագույն և հրաշափառագույն մասն է երկինքը:

   Բայց ի՞նչ [ասել] է «սուրբ թող լինի քո անունը», մի՞թե միշտ սուրբ չէ: Այո՛, միշտ սուրբ է, բայց մեր անարժան գործերի [պատճառով], ասվում է, որ պղծվում է Նրա սուրբ անունը, ինչպես ասաց մարգարեն. «Դուք պղծում եք Իմ անունը այն ազգերի մեջ, որոնց մեջ մտաք» (հմմտ. Եզեկ. 36։22): Իսկ երբ կատարում ենք բարի գործեր, ասվում է, որ դրանից Նրա անունը սուրբ է լինում:

   Արդ, այդ ասվածը, թե «թող սուրբ լինի քո անունը», ոչ այլ ինչ է նշանակում, եթե ոչ այս՝ թե թո՛ղ սուրբ լինեն մեր գործերը, և Քո առաջ արդար լինենք:

   Նույնը հայտնում է նաև հետևյալ [խոսքում]. «Քո թագավորությունը թո՛ղ գա», քանզի Նա մշտապես է Արքա և Դատավոր, բայց այժմ մեր վրա թագավորելու [համար] է ասում: Երբ կատարում ենք Նրա կամքը, այնժամ ասում ենք` թագավորեց Նա մեզ վրա:

   Իսկ ովքեր չեն կատարում Նրա պատվիրանները, նրանց համար չի ասվում, թե թագավորեց նրանց վրա: Այլ [նրանք] լսելու են այն [խոսքը], որ ասվեց. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռո՛ւ կացեք Ինձանից» (Մատթ. 7։23), քանզի ում չի ճանաչում և չգիտի, այնպիսիների համար ինչպե՞ս կասի թագավորել:

   «Քո կա՛մքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է»:

   Նրա կամքը կատարվում է երկնավորների՝ սերովբեների, քերովբեների, աթոռների, պետությունների, իշխանությունների, հրեշտակապետների և հրեշտակների մոտ, իսկ երկրում միայն նրանք են կատարում Նրա կամքը, ովքեր ըստ Նրա հրամանի են ընթանում:

   Արդ, հրամայում է աղոթել, որպեսզի Հայր Աստծու կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա, որպեսզի երկրայիններս լինենք, ինչպես երկնայինները:

   «Մեր հանապազօրյա հացը տո՛ւր մեզ այսօր»: Հացը, ինչպես ինձ է թվում, այն չէ, որ կերակրում է տեսանելի մարմինը, քանի որ Ինքն ասաց փորձչին, թե ոչ միայն հացով է կերակրվում մարդ, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից (տե՛ս Մատթ. 4։4), այլ «հաց» ասաց կենդանիության Խոսքին, որ իջավ երկնքից. «Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած» (Հովհ. 6։51): Արդ, հրամայում է ամեն օր աղոթել, կերակրելու համար մեր հոգիները այդ հացով:
Եվ ների՛ր մեզ մեր հանցանքները, ինչպես որ մենք ենք ներում նրանց, որ հանցանք են գործում մեր դեմ»: Այս ասելով՝ ոչ այլ ինչ է ուսուցանում, եթե ոչ այս՝ թե մեր դեմ հանցանք գործածներին արժանացնենք ներման, որպեսզի և Դու՝ Հա՛յր երկնավոր, ներես մեզ: Որովհետև Ինքն իսկ՝ Փրկի՛չը, քիչ հետո այս մեկնելով, ասաց. «Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների: Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր հանցանքները» (Մատթ. 6։14):

   «Եվ մի տար մեզ փորձության»: Ինչո՞ւ է հրամայում աղոթել՝ չտարվելու համար փորձության, և ինչո՞ւ է ասում՝ «Իր կողմից փորձության տարվել», ինչպես Աբրահամի մասին գրված է. «Աստված փորձեց Աբրահամին» (Ծննդ. 22։1):

   Այս մասին պետք է ասել, թե կա երկու փորձություն, մեկը, որ Աստծուց է լինում, Իր սրբերի քաջությունը հայտնի դարձնելու համար, որպեսզի ցույց տա մարդկանց, թե ինչպիսին են, և [սրբերի] քաջությունը ցույց տալով՝ խրատի նաև այլ մարդկանց, ինչպես եղավ Աբրահամի և Հոբի պարագային, որ ասվեց, թե այլ ինչ մեծագույն բարիք կարվեր քեզ, քան այն, որ քո համբերությունը և քաջությունը ցույց տրվեցին քեզ, սատանային և բոլոր մարդկանց: Այսպիսի փորձությունը բարի և Աստվածային է:

   Իսկ մյուս փորձության [դեպքում], որ դժնդակ հանցանքների և Աստծու Խոսքը արհամարհելու պատճառով է [լինում], [մարդիկ] անտեսվում և մեկուսացվում են Աստծու նախախնամությունից ու մարդասիրությունից, և դրա համար պես-պես տանջանքներով փորձվում են բանսարկուից ու մարդկանցից: Հրամայում է այսպիսի փորձության մեջ չընկնել, [այլ] աղոթել և փրկվել չարից՝ աներևույթ թշնամուց և չար գործերից, որոնք կատարվում են ըստ նրա կամքի:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ արդ, դուք այսպէ՛ս աղօթեցէք». «Հա՛յր մեր, որ երկնքում ես. սո՛ւրբ թող լինի քո անունը.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 6:1