Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Եվ ների՛ր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին»։
Քանի որ մարդիկ մեղանչում են նաև Մկրտության ավազանից վերածնվելուց հետո, ուստի Փրկիչը, ցանկանալով նաև այս պարագայում ցույց տալ Իր մեծ մարդասիրությունը, մեզ պատգամում է մոտենալ մարդասեր Աստծուն՝ մեր մեղքերի թողություն խնդրելու աղաչանքով, և ասել այսպես. «Եվ ների՛ր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին»: Տեսնո՞ւմ ես Աստծու ողորմության խորությունը: Այդքան չարիքներ ոչնչացնելուց և արդարացման անասելի մեծ պարգևը մեզ շներհելուց հետո Նա մեղանչողներին կրկին արժանացնում է թողության: Իսկ որ այս աղոթքը վերաբերում է հավատացյալներին, վկայում են տալիս թե՛ Եկեղեցու կանոնները, թե՛ հենց Տիրոջ աղոթքի սկզբնահատվածը: Հավատով չլուսավորվածը չի կարող Աստծուն անվանել «Հայր»: Եթե Տերունական աղոթքը վերաբերում է հավատացյալներին, և եթե այն հրամայում է նրանց աղոթել մեղքերի թողության համար, ապա ակնհայտ է, որ նույնիսկ Մկրտությունից հետո էլ չի անհետանում ապաշխարությունը մեր բարիքի համար գործածելու հնարավորությունը: Եթե Քրիստոս չցանկանար մատնացույց անել այս իրողությունը, ապա չէր էլ պատգամի այս կերպ աղոթել: Երբ Նա նշում է մեղքերի մասին, պատվիրում է թողություն խնդրել դրանց համար և սովորեցնում է, թե ինչպես կարող ենք արժանանալ այդ թողությանը և դրանով իսկ մեզ համար դյուրացնում է այն (մեղքերի թողությունը) ձեռք բերելու ճանապարհը: Կասկածից վեր է, որ Հիսուս այս աղոթքի պատգամը մեզ տվել է, որովհետև Ինքը լիովին գիտեր և մեզ նույնպես ցանկանում էր սովորեցնել, որ նույնիսկ Մկրտությունից հետո ևս կարելի է մաքրվել մեղքերից:
Մեղքերի մասին հիշատակությամբ Քրիստոս մեզ ուսուցանում է խոնարհություն ունենալ, ուրիշներին ներելու հրամանով վերացնում է մեր միջի հիշաչարությունը, իսկ դրա դիմաց մեզ ներում խոստանալով՝ մեր մեջ ամրապնդում է բարեհույս ակնկալիքներն ու սովորեցնում է խորհել Աստծու անճառելի մարդասիրության մասին:
Հատկապես ուշագրավ է, որ վերոհիշյալ յուրաքանչյուր խնդրանքում Հիսուս ներառել է բոլոր առաքինությունները, իսկ այս վերջին խնդրանքով նաև ընդգրկում է հիշաչարությունը: Իսկ այն, որ մեր միջոցով սրբացվում է Աստծու անունը, կատարյալ կյանքի անհերքելի ապացույց է: Եվ դա է վկայվում նաև այն ժամանակ, երբ կատարվում է Նրա կամքը: Իսկ այն, որ մենք Աստծուն անվանում ենք «Հայր», անարատ կյանքի նշանակն է:
Այս ամենն արդեն իսկ մեզ խորհել են տալիս այն մասին, որ մենք պետք է մեզնից հեռու վանենք զայրույթը` ուղղված մեզ վիրավորողներին դեմ: Փրկիչը, սակայն, այսքանով չբավարարվեց, այլ, ցանկանալով ցույց տալ, թե Ինքը որքան հոգատարություն ունի մեր` մարդկանց միջև հիշաչարությունը վերացնելու համար, առանձնահատուկ խոսում է այդ մասին և աղոթքից հետո հիշատակում է ոչ թե մեկ ուրիշ պատվիրան, այլ ներման մասին միևնույն պատվիրանը` ասելով. «Որովհետև եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների» (Մատթ. 6:14):
Այսպիսով, այդ ներմանը (թողությանը) արժանանալը սկզբում կախված է հենց մեզանից, և մեզ առնչվող այդ դատաստանը մեր իշխանության տիրույթում է: Որպեսզի որևէ անմիտ մարդ, մեծ կամ փոքր հանցանքի համար դատապարտվելով, իրավունք չունենա բողոքելու իր դատավճռից, Փրկիչը քեզ՝ մեղավորիդ, ինքդ քեզ վրա դատավոր է դարձնում և կարծեք թե ասում է. «Ինչպիսի դատաստան տեսնես դու ինքդ քո նկատմամբ, նույնպիսի դատաստանի էլ Ես կարժանացնեմ քեզ. եթե ներես քո ընկերոջը, Ինձնից էլ նույն բարիքին կարժանանաս, չնայած այն հանգամանքին, որ այս վերջինն (Աստծուց թողություն ստանալը) իրականում շատ ավելի կարևոր է, քան առաջինը: Դու ներում ես մեկ ուրիշին, որովհետև ինքդ էլ ներման կարիք ունես, իսկ Աստված ներում է՝ Ինքն Իր համար որևէ մի բանի կարիք չունենալով. դու ներում ես քեզ ծառայակից եղողին, իսկ Աստված՝ ծառայիդ: Դու մեղավոր ես անթիվ մեղքերով, իսկ Աստված անմեղ է:
Մյուս կողմից էլ, Տերը ցույց է տալիս Իր մարդասիրությունը նրանով, որ, թեև կարող էր առանց քեզնից պահանջվող այդ վարվունքի էլ քեզ ներել քո բոլոր մեղքերը, սակայն ցանկանում է նաև այստե´ղ բարերար լինել քո նկատմամբ` ամեն ինչում քեզ առիթներ ընձեռելով և խթաններ տալով հեզություն ու մարդասիրություն ցուցաբերելու համար: Տերը քեզանից վանում է գազանությունը, մարում է քո միջի զայրույթը և ամեն կերպ ցանկանում է քեզ միացնել քո անդամակիցներին: Ի՞նչ կարող ես ասել այս մասին: Արդյո՞ք այն, որ դու անարդարորեն ես ինչ-որ չարիք կրել քո մերձավորից: Եթե այդպես է, ապա, իհարկե, քո մերձավորն է մեղանչել քո դեմ, իսկ եթե դու արդարացիորեն ես տառապանք կրել, ապա այդ դեպքում նրա վարմունքը մեղավորություն չի պարունակում: Բայց չէ՞ որ դու էլ ես մոտենում Աստծուն՝ նմանօրինակ և նույնիսկ շատ ավելի մեծ մեղքերիդ ներում ստանալու մտադրությամբ: Դրան գումարած՝ չէ՞ որ դու դեռևս ներումից էլ առաջ քիչ բան չես ստանում, երբ արդեն իսկ ուսանած ես լինում քո մեջ անաղարտ պահել մարդկային հոգին և հեզաբարո վարք դրսևորել: Բացի այդ, վերջին հաշվով ապագայում քեզ մեծ պարգև է սպասում, քանի որ այն ժամանակ քեզանից հաշվետվություն չի պահանջվելու քո ոչ մի մեղքի համար: Ուրեմն, ինչպիսի՞ պատժի կարժանանանք մենք, եթե նման իրավունքներ ստանալուց հետո ևս անտեսենք մեր փրկության հարցը: Տերը կլսի՞ մեր խնդրանքները, երբ մենք ինքներս էլ մեզ չենք խնայում այնտեղ, որտեղ ամեն բան մեր իշխանության ներքո է:
«Եվ ների՛ր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին» - Այս խոսքերով միաժամանակ երեք բարիք է տրվում. նրանց, ովքեր հասել են առաքինությունների բարձրակետին, Քրիստոս խոնարհամտություն է սովորեցնում և հորդորում է չապավինել իրենց սխրանքներին, այլ վախենալ, դողալ և հիշել իրենց նախկին մեղքերը, ինչպես վարվում էր նաև աստվածային առաքյալ Պողոսը, որն իր գործած բազմաթիվ հոգևոր սխրանքներից հետո էլ ասում էր. «Քրիստոս Հիսուսն աշխարհ եկավ՝ փրկելու մեղավորներին, որոնցից առաջինը ես եմ» (Ա Տիմ. 1:15): Նա չասաց՝ «ես էի», այլ՝ «ես եմ»` այդպիսով ցույց տալով, որ անդադար հիշում էր իր գործած մեղքերը: Ուստի, առաքինությունների բարձրակետին հասածներին Տերն Իր այս խոսքերով անվտանգություն է տալիս` խոնարհամտության մեջ հաստատելով, իսկ սուրբ Մկրտության շնորհը ստանալուց հետո սայթաքածներին (մեղանչածներին) թույլ չի տալիս իրենց փրկության հարցում հուսահատության գիրկն ընկնել, այլ սովորեցնում է ներման բժշկությունը խնդրել հոգիների Բժշկից: Բացի այդ, այս խոսքերը մարդասիրություն են ուսուցանում: Տերը ցանկանում է, որ մենք հեզաբարո լինենք մեղավորների հանդեպ, անհիշաչար լինենք մեր դեմ մեղանչողների նկատմամբ, նրանց ներելու միջոցով ներում ձեռք բերենք հենց մեզ համար և ինքներս մեզ համար նախասահմանենք մարդասիրության չափը, քանի որ մենք խնդրում ենք մեզ տալ այնքան, որքան ինքներս ենք տալիս մեր մերձավորներին, և մեզ համար խնդրում ենք այնպիսի ներում, որը մենք ենք շնորհում մեր պարտապաններին
Հովհաննես Ծործորեցի (†1338)
եւ ների՛ր մեզ մեր յանցանքները, ինչպէս որ մենք ենք ներում նրանց, որ յանցանք են գործում մեր դէմ.
Եվ թո՛ղ մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք թողնում մեր պարտապաններին:
Այս խոսքից թող ամաչի՛ Նովատիանոսը 1, ով ապաշխարության շնորհի մեծ և անհամեմատ պարգևներից զրկում է մարդկանց՝ ասելով, թե ապաշխարությունը նախքան մկրտությունն է ընդունելի, իսկ մկրտությունից հետո՝ ոչ: Ահա նախ այստեղ Ավազանով մկրտությամբ որդիանալուց հետո՛ համարձակվեցին Աստծուն Հայր կոչել՝ ըստ այսմ. «Ովքեր ընդունեցին Նրան, նրանց իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու, ովքեր ո՛չ արյունից և ո՛չ մարդու կամքից, այլ Աստծուց ծնվեցին» (Հովհ. 1։12-13): Հետևաբար մկրտությունից և բազմապատիկ չարիքները ջնջելուց հետո է, որ [Աստված] մարդասիրաբար դարձյալ պարգևներ է տալիս՝ հանցանք գործածներին թողության արժանի դարձնելով: Որովհետև եթե սա չկամենար, օրենք չէր սահմանի այսպիսի աղոթք մատուցել՝
«Թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք թողնում մեր պարտապաններին»: Բայց տես, թե բարեփառության ինչպիսի՛ աստիճանի է հանում աղոթողին. ոչ միայն առաքինությամբ խոսակցել Աստծո հետ, այլ ինչ-որ առումով նաև աստված լինել, որովհետև Աստծուց բացի ուրիշ ոչ ոք չի կարող մեղքերի պարտքերը թողնել: Ուստի քեզ՝ պատժապարտիդ, տեր ու դատավոր դարձրի, ասում է, վճիռ սահմանելով, որ ինչպես դու կդատես քո ծառայակցին, նույն կերպ էլ Ինձնից քո դատաստանը կգտնես:
Իսկ ի՞նչն է անվանում «պարտք»: Նախ՝ այն, որ հեռացանք [մեր] իսկական Տիրոջից և հակառակորդին միացանք: Եվ երկրորդ՝ որ ընտրեցինք [աստվածային] կերպարանքից օտարանալն ու չար մեղքերին ծառայությունը՝ ինքնիշխան ազատության փոխարեն, ուստի վտարվեցինք [Աստծո] սեղանից, վատնվեց [մեր] պատվական հարստությունը, և այլ այսպիսի [պատիժների արժանացանք], քանի որ Սուրբ Գիրքը մեզ Աստծո պատիժներին պարտապան է համարում, և այդ պարտքի տակ է ընկնում ամեն ոք, թեկուզ մեծամեծերից ու արժանավորներից լինի: Որովհետև ո՞վ է մեղքի աղտից մաքուր, թեկուզ նրա կյանքը միօրյա լինի երկրի վրա, էլ չեմ խոսում նրա մասին, ով հոգով էլ, մտքով էլ, զգայարաններով էլ գլորվել է [մեղքի մեջ] և անաչառ դատավոր խղճի կողմից կշտամբվելով դատվում է:
Արդ՝ սա Աստծո՛ հանդեպ պարտքն է, իսկ մե՞ր [հանդեպ պարտքն] ինչ է: Մի փոքր գումարի հաշիվ, անարգական խոսք, թշնամանքի պատճառներ կամ մարմնավոր մահվան [վտանգ սպառնացող] նենգություն. և սրանց պատճառով վրեժխնդիր ենք լինում և սրտով խռովելով՝ զայրանում: Սա դատապարտելով՝ Տերը մի ուրիշ տեղ առակ է պատմում այն մասին, որ երբ մի թագավոր, իր ծառաներին դատի կանչելով, հաշիվ էր պահանջում, մոտեցավ տասը հազար քանքարի պարտապան և քանի որ հատուցելու ոչինչ չուներ, մարդասիրության արժանացավ, որովհետև [թագավորի] առաջ ընկնելով՝ աղերսեց. բայց հետո դուրս եկավ և իր մի ծառայակցի գտնելով՝ խեղդում էր ոչ մեծ պարտքի համար: Սրա վրա զայրանալով՝ նրա տերը հրամայեց դահիճներին տանջել [նրան], մինչև արժանի պատիժը ստանա: Ուրեմն՝ որպեսզի սա չլինի, [Տերն] ասում է.
«Թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք [ենք թողնում մեր պարտապաններին]»: Ի՞նչ է նշանակում «ինչպես մենք ենք թողնում»-ը: Կամ՝ երբ մեր պարտքերը թողնում ես, սովորելով բարերար Տիրոջիցդ՝ որպես երկնավոր Ուսուցչից՝ մենք էլ ենք մեր [պարտապաններին] շնորհում [իրենց պարտքը], կամ էլ՝ մեզ նման նաև Դո՛ւ թող, որովհետև եթե մենք, որ աղքատ ենք ամեն ին հանցանքները, որքա՛ն առավել Դու, որ բնությամբ հարուստ ու բարի ես, կթողնես մեզ, ասում է, մեր պարտքերը:
Նայիր նաև այս աղոթքի [խոսքերի] կարգին: Որովհետև [Տերը] 2 չսովորեցրեց նախ մեղքերը ներել և ապա՛ Աստծո հետ խոսել, ինչպես մարդկանց սովորությունն է, որ թագավորից նախ ներում ենք խնդրում և ապա՛ բարիքներ հայցում: Իսկ այստեղ այդպես չէ, այլ հակառակը. [Տերը] նախ պարգևները խնդրեց և ապա՛ ներումը՝ սովորեցնելով, որ թեկուզ չարիքների խորքն էլ հասնենք, մեր հանցանքները զիջում են այն խաղաղությանը, գթությանն ու գերաբուխ մարդասիրությանը, որ Աստված ունի մեր մարդկային բնության հանդեպ՝ ըստ այսմ. «Որքա՜ն մեծ է Քո ողորմությունը, Աստվա՛ծ» (Սաղմ. 35։8): Ուստի [սովորեցրեց] աղոթելով խնդրել նախ կարևորն ու մեծը, որն ունենալուց հետո Նրա բարերար կամքից դյուրավ կստանանք մարդկորեն սայթաքման ներումը: «Թո՛ղ մեզ մեր պարտքերը»,- ասում է: Իսկապե՛ս պարտք. որովհետև այսքան շնորհներ ենք վայելում հոգով ու մարմնով և ապերախտ գտնվում, ինչպես հին Իսրայելը, ուստի արդարացիորեն ենք պարտապան դառնում: Բայց ինչո՞ւ է ասում.
«Թող մեզ մեր պարտքերը»: Որովհետև մարմնավոր ենք, որովհետև մեր դյուրապատիր կամքով խաբվում ենք, որովհետև այս խավար կյանքում ենք շրջում, որովհետև ունենք մտքի օրենքին հակառակ բնական օրենք, որը գերում է [մեզ] դեպի մեղքի օրենքը (Հռոմ 7:23) : Ուստի Քեզ վայել է ներելն ու շնորհելը, ինչպես բարերարը՝ տկարին, կամ ողորմածը՝ կարոտյալին:
«Ինչպես մենք ենք թողնում»: Մեկը կարող է հարցնել. «Ես՝ հողեղեն մարդս, ինչպե՞ս կարող եմ Աստծուն նմանվել կամ իմ անձը Նրան իբրև օրինակ ընծայել»: Պետք է իմանալ, որ մեր օրենքի Ուսուցիչ Քրիստոսն Իր ստեղծած մեր բնությանը հակասող ձևով չէր մեզ դաստիարակում կամ [դրան] հակառակ օրենք սահմանում: Որովհետև մարդկանցից ո՞վ է, որ սերը չի կամենում կամ թշնամությունից չի նեղվում, քանի որ մարդը բնությամբ մտերմություն ու բարություն սիրող է: Ուստիև [Տերն] ասում է՝ ամբարտավանությունդ, որ հակառակ է Աստծուն, և թշնամությունդ, որ բնությանդ դեմ է, հեռացրո՛ւ քեզնից և ապա՛ մոտեցիր ու պահանջիր Ինձնից: Իսկ եթե դու չես կարողանում բնությանդ գործը [կատարել], ապա ինչպե՞ս ես Ինձ ստիպում դա [անել]: Երկուսն էլ մեր օգտի համար են. որովհետև ընկերոջը ներելը խաղաղություն է մեզ համար, կյանքի առիթ ու Տիրոջ օրենք, իսկ մեր ներելու հետևանքով Աստծո ներելը [մեզ]՝ անվախճան կյանքի կարապետ է դառնում: Իսկ եթե սրանցից վրիպում ենք ոխակալությամբ, ինքներս ենք մեզ դավաճանում:
Ստեփանոս Սյունեցի (†735)
եւ ների՛ր մեզ մեր յանցանքները, ինչպէս որ մենք ենք ներում նրանց, որ յանցանք են գործում մեր դէմ.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 6:9
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
եւ ների՛ր մեզ մեր յանցանքները, ինչպէս որ մենք ենք ներում նրանց, որ յանցանք են գործում մեր դէմ.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 6:1
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: