Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Դրա համար էլ ասում եմ ձեզ. մի՛ մտահոգվեք ձեր կյանքի (հոգու) համար, թե ի՛նչ պիտի ուտեք կամ ի՛նչ պիտի խմեք, ոչ էլ ձեր մարմնի համար, թե ի՛նչ պիտի հագնեք։ Չէ՞ որ կյանքն առավել է, քան կերակուրը, և մարմինն առավել է, քան հագուստը»։
Փրկիչը, վերևում ապացուցելով, որ հարստությունների նկատմամբ արհամարհանքն ունի իր օգուտները, և մասնավորապես՝ պահպանում է հենց հարստությունն ու հոգևոր ուրախություն է պարգևում, նպաստում է իմաստության ձեռքբերմանը և անսասան է պահում բարեպաշտությունը, — այժմ էլ ապացուցում է, որ Իր այդ պատվիրանը հնարավոր է կատարել։ Լավագույն օրինատվությունը միայն այն չէ, որ ցույց տա օգտակարը, այլ հատկապես ա´յն, որ այդ օգտակարը ձեռք բերելու գործընթացը հեշտությամբ իրագործելի դարձնի։ Ահա թե ինչու Փրկիչը նաև ավելացնում է. «Մի՛ մտահոգվեք ձեր կյանքի (հոգու) համար, թե ի՛նչ պիտի ուտեք»։ Բայց, գուցե, ոմանք ասեն. «Այդ ինչպե՞ս, մի՞թե կարող ենք ամեն ինչ թողնել։ Այդ դեպքում ինչպե՞ս ենք ապրելու»։ Այս առարկություններին Փրկիչը նախապես է պատասխանում։ Եթե Նա սկզբից ասեր. «Մի՛ մտահոգվեք...», ապա Նրա պատվիրանը դժվարիրագործելի կթվար։ Քրիստոս, սակայն, սկզբից ևեթ ցույց տվեց արծաթասիրության վնասը, և դրանով իսկ իր ներկայիս խրատը լիովին ընդունելի դարձրեց։ Ահա թե ինչու Հիսուս այժմ արդեն ոչ թե պարզապես ասաց. «մի՛ մտահոգվեք», այլ Իր պատվիրանին ավելացրեց նաև դա անելու հիմնավորումը։ Այն բանից հետո, երբ Նա ասաց. «Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային» (Մատթ. 6:24), այնուհետ էլ հավելում է. «Դրա համար էլ ասում եմ ձեզ. մի՛ մտահոգվեք», — այսինքն՝ այս պատվիրանի նպատակը մեծ վնասից խուսափելն էր։
Ոչ միայն հարստություն ձեռք բերելու մասին մտատանջությունն է ձեզ համար վնասակար, այլ նաև վնասաբեր է ամենաանհրաժեշտ բաների մասին ավելորդ հոգածությունը, քանի որ դրանով խաթարվում է ձեր փրկությունը. այն ձեզ հեռացնում է ձեզ Ստեղծած, ձեր մասին հոգ տանող և ձեզ սիրող Աստծուց։ «Դրա համար էլ ասում եմ ձեզ. մի՛ մտահոգվեք»։ Ցույց տալով հարստության նկատմամբ կախվածության մեծագույն վնասը՝ այնուհետ Քրիստոս Իր պատվիրանն ավելի է ընդլայնում։ Նա ոչ միայն պատվիրում է արհամարհել հարստությունը, այլև արգելում է հոգ տանել նույնիսկ կենսական անհրաժեշտության կերակուրի մասին՝ ասելով. «Մի՛ մտահոգվեք ձեր կյանքի (հոգու) համար, թե ի՛նչ պիտի ուտեք»։ Քրիստոս սա չի ասում այն պատճառով, որ, իբրև թե, հոգին կերակուրի կարիք ունի, — քանի որ այն անմարմին է, — այլ այսկերպ է արտահայտվում` մարդկանց կողմից ընդունված խոսելաձևին համապատասխան։ Ի վերջո, թեև հոգին կերակուրի կարիք չունի, բայց չի կարող մնալ մարմնում, եթե այն չսնվի կերակրով։ Եվ այս խրատը տալով` Քրիստոս չի բավականանում, այլ այստեղ ևս ապացույցներ է բերում՝ դրանք վերցնելով մեր իսկ բնությունից և այլօրինակ վկայություններից։ Մեր բնությունը որպես օրինակ վերցնելով` ասում է. «Չէ՞ որ կյանքն (հոգին) առավել է, քան կերակուրը, և մարմինն առավել է, քան հագուստը»։ Այսինքն՝ Նա, Ով ավելին է տվել, չի՞ տա արդյոք նաև դրանից պակասը։ Նա, Ով ստեղծել է կերակուրի կարիք ունեցող մարմինը, չի՞ տա արդյոք կերակուր` այդ մարմնի համար։ Ահա թե ինչու Հիսուս ոչ թե պարզապես ասում է. «Մի՛ մտահոգվեք...թե ի՛նչ պիտի ուտեք կամ ի՛նչ պիտի խմեք», այլև ավելացնում է` «մարմնի և հոգու համար…», — քանի որ այսօրինակ համեմատության միջոցով Փրկիչը կամենում էր փաստարկել Իր ասածը։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
«Դրա համար ասում եմ ձեզ. ձեր կեանքի համար հոգ մի՛ արէք, թէ ի՛նչ պիտի ուտէք կամ ի՛նչ պիտի խմէք, եւ ոչ էլ ձեր մարմնի համար, թէ ի՛նչ պիտի հագնէք. չէ՞ որ կեանքը աւելին է, քան կերակուրը, եւ մարմինը՝ քան զգեստը:
Այդ պատճառով էլ ասում եմ ձեզ. մի՛ մտահոգվեք ձեր հոգու մասին, թե ինչ եք ուտելու կամ ինչ խմելու, և ոչ ձեր մարմնի մասին, թե ինչ եք հագնելու:
Ինչո՞ւ չասաց՝ մի մտահոգվեք կերակրի և հագուստի մասին, այլ թե՝ ձեր հոգու և մարմնի, թե ինչ են ուտելու կամ հագնելու: Քանի որ օրինակը դրանցից էր ցույց տալու, ըստ այդմ էլ խոսքն է կազմում: Պետք է իմանալ, որ քանի որ նախ շատ ունեցվածք [ունենալուց] հրաժարվել տվեց, ապա որպեսզի ոչ ոք չկարծի, թե չմեռնելու համար պետք է մտահոգվել գոնե անհրաժեշտ բաների մասին, որոնք կերակուրն ու հագուստն են, նաև այս [մտահոգությունից] է ազատում: Բայց ի՞նչ է [նշանակում] «Այդ պատճառով էլ ասում եմ ձեզ» [խոսքը]. ասես ասում է. հենց դա՛ է այն պատճառը, որ ձեզ հեռացնում է Աստծո ծառայությունից, ուստիև ասում է. «Մի՛ մտահոգվեք ձեր հոգու մասին»: Ոչ թե հոգին կերակուր է ընդունում, քանի որ անմարմին է և կերակրի անկարոտ՝ կերակրվելով միայն Աստծո խոսքով, այլ [Տերը] սա ասում է կամ ժողովրդի համար սովորական խոսքով, կամ որովհետև, թեև հոգին չի ուտում, սակայն առանց կերակրի չի կարող մնալ մարմնում, կամ էլ սա ասում է անասնական շնչի մասին:
«Եվ ոչ ձեր մարմնի մասին, թե ինչ եք հագնելու»: Կամենում է մարդկային կյանքը վերադարձնել առաջին [վիճակին], երբ Ադամն ու նրա կինը մերկ էին, ծածկված չէին և առանց ամաչելու շրջում էին դրախտում, անարհեստ կյան քով, իսկ նրանց հանցանք գործելուց հետո այս կյանքի մեջ մտավ արհեստագործությունը՝ նրանով, որ կարկատուն տերևով սքողեցին իրենց ամոթույքը և կաշվե հագուստով ծածկեցին մերկությունը: Այս տանջալից հոգսերից է, որ մեզ ազատել է կամենում մեր բնության Նորոգիչը և սովորեցնում նայել ա՛յն կյանքին: Սրանով [Տերը] նաև մի ուրիշ բան նկատի ունի. ոչ թե գործ անելն է արգելում, այլ հոգսն է հոգուց հեռացնում, որովհետև ով [մեր] բնության կարիքներն է ստեղծել, Նա էլ պակասը լրացնում է՝ ըստ այսմ. «Քո հոգսերն Աստծո՛ւն հանձնիր, և Նա կկերակրի քեզե (Սաղմ. 54։23), որովհետև առանց վերին խնամքի՝ քո հոգալով ի՞նչ կարող ես անել: Ուստի դատարկ մտահոգություններիցդ ազատվի՛ր, ասում է, և մի՛ չարչարվիր սնոտի նեղություններով, այլ միայն մշակի՛ր՝ ըստ այսմ. «Քո ձեռքի վաստա՛կը կերե (Սաղմ. 127։2) և պտուղ տալու վերջը Նրան ընծայիր, Ով կարող է սերմանողին սերմ տալ և հաց՝ որպես կերակուր: Իսկ սա կատարվում է, երբ մեր հույսն Աստծո վրա ենք դնում՝ ըստ առաքյալի. «Մենք մեզ համար մահվան վճիռ ընդունեցինք, բայց ինքներս մեզ չապավինեցինք, այլ Աստծուն, Ով մեռելներին հարություն է տալիսե (հմմտ. Բ Կոր. 1։9): Եվ Աստծո հիշատակը մեր մտքի մեջ հաստատենք նաև նրանով, որ միշտ Աստծուն հաճելին մտածենք և անհագ հոժարությամբ ջերմ ու արագ լինենք Տիրոջ պատվիրանները [կատարելու], որոնցով ենք ի վիճակի ազատագրվելու մարմնավոր պետքերի համար հոգսերից: Ուստի, որպեսզի ոչ ոք չվհատվի, [Տերն] ասում է.
Մի՞թե հոգին առավել չէ, քան կերակուրը, և մարմինը՝ քան հագուստը: Ով մեծն ու պատվականը տվեց՝ հոգին, փոքրն ու վատթարը՝ կերակուրը, ինչպե՞ս չի շնորհի. ով արգանդից մերկ մարմին ստեղծեց՝ ըստ Հոբի (Հոբ 1:21), մարմնի ծածկույթը՝ հագուստը, ինչպե՞ս չի պարգևի. և եթե կանխապես քո մասին հոգալով՝ նախ քո պետքերը պատրաստեց և հետո՛ քեզ լույս աշխարհ բերեց, դու ինչո՞ւ ես, ասում է, տառապում:
Նաև հոգին կերակրից առավել է անմահության պատճառով, և մարմինը հագուստից առավել՝ ճգնության պատճառով: Սրանով ցույց է տրվում, որ ժամանակավորապես են սրանց կարիքն ունենում, իսկ հետո անապականության մեջ են մտնելու և անմահություն հագնելու, որովհետև ինչպես որ այժմ անկարիք հոգին մարմնին լծակցված լինելու պատճառով կերակրի կարիք ունի, այդպես էլ ճգնող մարմինը հրաժարվում է զգեստներից անմահ Հոգու լուսեղեն փառքի համար:
Ստեփանոս Սյունեցի (†735)
«Դրա համար ասում եմ ձեզ. ձեր կեանքի համար հոգ մի՛ արէք, թէ ի՛նչ պիտի ուտէք կամ ի՛նչ պիտի խմէք, եւ ոչ էլ ձեր մարմնի համար, թէ ի՛նչ պիտի հագնէք. չէ՞ որ կեանքը աւելին է, քան կերակուրը, եւ մարմինը՝ քան զգեստը:
«Դրա համար ասում եմ ձեզ. ձեր կյանքի համար հոգ մի՛ արեք, թե ի՛նչ պիտի ուտեք կամ ի՛նչ պիտի խմեք, և ոչ էլ ձեր մարմնի համար, թե ի՛նչ պիտի հագնեք»:
Եվ պատճառն է վրա բերում. «Ո՞վ կարող է հոգս անելով իր հասակի վրա մեկ կանգուն ավելացնել» (Մատթ. 6։27): Բայց հոգալը երկու տեսակ է լինում. առաջինը [այն է], որ հաճո չէ Աստծուն: Եվ ինքն իրեն հոգալով՝ ոչ ոք չի կարող ամուլ մեկին որդեծին դարձնել, թեկուզ և ծախի իր ինչքերը նրանց համար, ովքեր խոստանում են նրա անզավակությունը որդեծնության վերածել:
Եվ դարձյալ, ովքեր սերմանում, տնկում և հոգում են անձրևի [հույսով], թե արդյո՞ք վաղը և կամ մյուս օրը կանձրևի: Այսպիսի և սրա նման այլ հոգսերի համար չհրամայեց հոգալ նույնիսկ առաքյալներին և կատարյալներին, ինչպես նաև բոլոր աստվածապաշտներին, ըստ մարգարեի խոսքի. «Հոգսդ դի՛ր Տիրոջ վրա, ու Նա քեզ կկերակրի» (Սաղմ. 54։23): Իսկ երկրորդի՝ վաղվա կերակուրի և զգեստի մասին չհրամայեց հոգալ կատարյալներին, ինչպես [և արեցին] Հովհաննեսը, Եղիան, առաքյալները և նրանց նման մարգարեները, ովքեր ո՛չ վարում, ո՛չ հնձում և ոչ էլ ձգտում էին [այդ ամենին]: Իսկ արդար աշխարհականների՝ Աբրահամի, Իսահակի, Հակոբի, Հոբի և այլ նմանների մեծագույն [ունեցվածքների] համար եթե ասես, ովքեր ստացան հանդեր և հոտեր, [ասենք, որ] առավել ևս պետք չէ այդպիսի հոգսեր հոգալ:
Իսկ փոքր կարիքները, որոնք անհրաժեշտ են մարդուն, որոնցով կերակրվում և զգեստավորվում ենք, անհնարին է վերացնել, ապա թե ոչ ավելորդ կլինեին սերմերից, ծառերից, հոտերից և հանդերից եղած ստացվածքները: Եվ ինչը մարդ կարող է իր համար անել, [այն պետք չէ անտեսել], ինչպես վաղվա զգեստի [հոգսը], որ երանելի Պողոսը գրում է աշակերտին. «Տրովադայում թողեցի վերարկուն, Կարպոսի մոտ. երբ գնաս, հետդ բե՛ր այն» (Բ Տիմ. 4։13):
Այսպիսով՝ հայտնի եղավ, թե [այն] հոգատարությունը, որ մարդ կարող է իր նկատմամբ տածել չափավոր կերակրի և ըմպելիքի առումով, չհրամայեց մի կողմ թողնել, այլ [միայն] այն, որը մարդ ի վիճակի չէ կատարել, ինչը միայն Աստծուն է կարելի, ինչպես որդեծնության և անձրևների, զանազան զգեստների և կերակուրների, որոնց մասին, ինչպես ասվեց, Աստված չհրամայեց հոգալ, քանի որ դրանց մի մասն անհնարին է մարդկանց համար կատարել, իսկ մյուս մասը՝ ավելորդ, անգամ եթե կատարվեն ջանացողության և տանջանքի շնորհիվ:
«Ձեր կյանքի համար հոգ մի՛ արեք, թե ի՛նչ պիտի ուտեք կամ ի՛նչ պիտի խմեք, և ոչ էլ ձեր մարմնի համար, թե ի՛նչ պիտի հագնեք»:
Մեկն իրավամբ կհարցնի. եթե հոգին առանց մարմնի չի կերակրվում տեսանելի կերակուրներով, և առանց հոգու մարմնի համար էլ անպիտան են զգեստները, ապա ինչո՞ւ կերակուրը և ըմպելիքը հոգիների համար ասվեց, իսկ զգեստները՝ մարմինների:
Այս մասին [ասենք], որ զգալի զորությունները, որոնցով կերակրվում են կենդանիները, այսինքն՝ հոտոտելիքը, ճաշակելիքը և շոշափելիքը, հոգու ազդեցություններ են և ո՛չ մարմնի, դրանից ելնելով էլ եզրակացնում ենք, թե ինչու կերակուրը և ըմպելիքը հոգու համար ասվեց:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
«Դրա համար ասում եմ ձեզ. ձեր կեանքի համար հոգ մի՛ արէք, թէ ի՛նչ պիտի ուտէք կամ ի՛նչ պիտի խմէք, եւ ոչ էլ ձեր մարմնի համար, թէ ի՛նչ պիտի հագնէք. չէ՞ որ կեանքը աւելին է, քան կերակուրը, եւ մարմինը՝ քան զգեստը:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 6:19
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: