Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Ձեզանից ո՞վ կարող է, հոգս անելով, իր հասակի վրա ևս մի կանգուն ավելացնել»։
Աստված մեկ անգամ մեզ հոգին շնորհեց, և այն միշտ մնում է նույնը, իսկ մարմինը օրեցօր աճում է։ Հենց սա ցույց տալու համար, այսինքն՝ հոգու անմահությունն ու մարմնի ապականելիությունը, Փրկիչն Իր խոսքին հավելում է հետևյալը. «Ձեզանից ո՞վ կարող է... իր հասակի վրա ևս մի կանգուն ավելացնել»։ Լռելով հոգու մասին, որը չի կարող «աճ» առնել` Հիսուս խոսում է միայն մարմնի մասին՝ ցույց տալով, որ մարմինը նույնպես սննդով չէ, որ աճում է, այլ Աստծո´ւ հոգածությամբ։ Պողոսը, այս նույն միտքն այլ խոսքերով բացատրելով, ասում է. «Մի բան չէ նա, ով տնկեց, ոչ էլ մի բան է նա, ով ջուր տվեց, այլ՝ Նա, Ով աճեցրեց՝ Աստված » (Ա Կորնթ. 3:7)։ Ահա թե ինչպես էր Փրկիչը վկայում էր խոսքը՝ մեր բնությունից վերցված ապացույցներով։
«Ձեզանից ո՞վ կարող է, — ասում է Փրկիչը, — հոգս անելով, իր հասակի վրա ևս մի կանգուն ավելացնել»։ Տե՛ս, թե Նա ինչպես է, արդեն իսկ ակնհայտ օրինակը բերելով, պարզ դարձնում այն, ինչը կարող էր քեզ անհասկանալի թվալ։ «Ինչպես որ դու, ինչքան էլ որ ամեն տեսակի հոգս անես, միևնույն է, ոչ մի կերպ չես կարող մարմնիդ հասակն ավելացնել, - ասում է Նա, - այդ նույն կերպ էլ չես կարող միայն սեփական ջանքերովդ (առանց Աստծու հոգածության) կերակուր ձեռք բերել, ինչքան էլ որ կարծես, որ դա հնարավոր է։ Այստեղից պարզ է դառնում, որ ոչ թե մեր ջանքերը, այլ Աստծու հոգածությունն է կատարում այն ամենը, ինչը, կարծես թե, մենք ինքներս ենք անում, այնպես որ, եթե Աստված մեզ լքի, ապա ո´չ մեր գործադրած հոգածությունը, ո´չ ջանասիրությունը, ո´չ աշխատանքը, մի խոսքով՝ ոչինչ մեզ չի օգնի, այլ մեր բոլոր ջանքերն ապարդյուն կլինեն։
Ուստի, չկարծե´նք, թե Աստծու պատվիրանները կատարելն անհնարին է. ներկայում ևս շատերը կատարում են դրանք։ Եթե դու դա չգիտես, ապա զարմանալի ոչինչ չկա։ Եղիան էլ մտածում էր, թե միայն ինքն է հավատարիմ մնացել Աստծուն, բայց Տիրոջից լսեց հետևյալը. «Ես Իսրայելացիների մեջ թողել եմ յոթ հազար տղամարդ» (հմմտ. Գ Թագ. 19:18)։ Սրանից երևում է, որ ներկայում ևս կան շատ մարդիկ, որոնք ապրում են առաքելական կյանքով, ինչպես այն ժամանակ` երեք հազար և հինգ հազար հավատացյալները (խոսքը հացի բազմացման պատումի մասին է)։ Եթե մենք դրան չենք հավատում, ապա դա ոչ թե նրանից, որ առաքինի մարդիկ չկան մեր շուրջը, այլ քանի որ մենք ինքներս շատ քիչ բան ենք անում առաքինի լինելու համար։ Հարբեցողը հեշտությամբ չի հավատա, որ կա այնպիսի մի մարդ, որը նույնիսկ ջուր չի խմում, մինչդեռ դա շատ վանականներ կատարում են մեր աչքերի առաջ։ Ցանկասերն անմիջապես չի հավատա, որ հեշտությամբ կարելի է պահպանել կուսությունը, գողը իսկույն չի հավատա, որ կան մարդիկ, որոնք սիրով տալիս են նաև իրենց ունեցածը։ Նույն կերպ նաև, այն մարդիկ, որոնք ամեն օր ջլատվում են անթիվ հոգսերի պատճառով, չեն կարող անմիջապես ընդունել այն ուսմունքը, ըստ որի` հնարավոր է լիովին ազատ լինել կենցցաղային հոգսերից։ Իսկ այն, որ շատ մարդիկ արդեն իսկ իրականացրել են այս պատվիրանը, մենք կարող ենք ապացուցել` որպես օրինակ բերելով ա´յն մարդկանց, որոնք այդպիսի իմաստությամբ ապրում են նաև մեր օրերում։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ արդ, ձեզնից ո՞վ կարող է հոգս անելով՝ իր հասակի վրայ մէկ կանգուն աւելացնել:
Ուրեմն՝ ձեզնից ո՞վ մտահոգվելով կարող է իր հասակին մի կանգուն ավելացնել:
Տես՝ ինչպե՛ս ցույց տվեց, որ ինչպես որ մտահոգվելովդ չես կարող մարմնիդ հասակն ավելացնել, այդպես էլ կերակուր հայթայթել: Իմացիր նաև այն, որ խոսեց թե՛ մարմնի, թե՛ հոգու մասին, բայց այժմ միայն մարմնի համար է օրինակ բերում, որպեսզի ցույց տա, որ հոգին չի աճում էությամբ, այլ միայն ուսմամբ, նաև՝ որ կերակրի պետք չունի, այլ միայն Աստծո խնամքի հոգևոր նպաստների, քանի որ հոգին անմահ է, իսկ մարմինը՝ մահկանացու, և [Աստված] հոգին մի անգամ է տալիս, իսկ մարմինն օրըստօրե զարգացնում է:
[Այս խոսքը] նաև այսպես է հասկացվում. ո՞վ է, որ թե-կուզ երկար ժամանակ հոգա ունեցվածքի մասին և անչափ հարստություն ժողովի, կարող է իր բնության վրա հավելում կատարել, քանի որ մնում է տկար ու մահկանացու, ինչպես և կա: Սողոմոնը գրում է. «Ի՞նչ է մարդու շահն [այն գործերից], որոնցով չարչարվում է արեգակի ներքո» (հմմտ. Ժող. 1։3):
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ արդ, ձեզնից ո՞վ կարող է հոգս անելով՝ իր հասակի վրայ մէկ կանգուն աւելացնել:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 6:19
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: