Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 6:34

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Արդ, մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին, որովհետև վաղվա օրն ինքը կհոգա իր մասին. յուրաքանչյուր օրվա հոգսերն իրեն բավական են»։
   
    «Սակայն այդ ինչպե՞ս, – կհարցնես դու, – մի՞թե Քրիստոս մեզ չպատվիրեց հաց խնդրել»: Բայց չէ՞ որ Նա ավելացրեց՝ «հանապազօրյա», և դրան էլ հավելեց՝ «այսօր»: Նույնը Նա հաստատում է նաև այստեղ՝ ոչ թե պարզապես ասելով. «մի՛ մտահոգվեք», այլ՝ «մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին»: Այսպիսով, Հիսուս միաժամանակ մեզ ազատություն է շնորհում և մեր հոգին ուղղում է դեպի առավել անհրաժեշտ կարիքների բավարարումը: Եվ եթե Նա պատվիրում է աղոթել, ապա դա ոչ թե այն պատճառով է, որ Աստված մեր հիշեցումների կարիքն ունի, այլ որպեսզի մե´նք գիտենանք, որ այն ամենը, ինչ անում ենք, իրագործում ենք միայն Նրա օգնությամբ, և որպեսզի նաև անդադար աղոթքի միջոցով էլ ավելի հաճելի դառնանք Աստծուն: Տեսնո՞ւմ ես, թե Փրկիչն այստեղ ինչպե՛ս է վստահեցնում Իր ունկնդիրներին, որ նրանք անպայմանորեն արժանանալու են ներկա կյանքի բարիքներին: Նա, Ով տալիս է ավելի մեծը, առավելաբար նաև փոքրը կտա: «Ես ձեզ չեմ արգելել մտահոգվել և խնդրանքներ հղել` այն բանի համար, – ասում է Նա, – որպեսզի դուք կարիքի մեջ լինեք կամ մերկ մնաք, այլ որպեսզի ամեն ինչ առատապես ունենաք»: Եվ սրանով Քրիստոս առավելաբար կարող էր Իր կողմը գրավել Իրեն ունկնդրողներին: Ուստի, ինչպես ողորմություն տալու ժամանակ է Հիսուս արգելում դա անել ի ցույց մարդկանց՝ «համոզելով» հատկապես այն խոստումով, ըստ որի` ծածուկ արված ողորմությունն ավելի մեծ պատվի արժանանալու պատճառ է դառնում (համաձայն այն խոսքի, որ ասաց. «Քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ հայտնապես կհատուցի» (Մատթ. 6:4)), այդպես էլ այստեղ, Իր ունկնդիրներին հեռու պահելով ներկա կյանքի բարիքների փնտրտուքից, Հիսուս դարձյալ ասես «համոզում» է հատկապես Իր այն խոստումով, համաձայն որի՝ այդ բարիքներն առատորեն տրամադրվելու են նրանց, եթե նրանք չփնտրեն դրանք: «Ես արգելում եմ փնտրել, – ասում է Հիսուս, – ո´չ թե այն բանի համար, որ դու չստանաս, այլ որպեսզի ստանաս առատորեն, և ստանաս այնպես, ինչպես քեզ վայել է ստանալ՝ քո իրական օգտի համար, որպեսզի այդ բարիքների մասին հոգսատանջությամբ և տառապալի մտահոգությամբ դու անարժան չդառնաս ոչ միայն դրանց, այլ նաև հոգևո´ր բարիքներին, ու որպեսզի ավելորդ տառապանք չբերես քեզ վրա և ինքդ քեզ չզրկես քո իսկ ցանկացած բարիքներից»:

    «Մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին. յուրաքանչյուր օրվա հոգսերն իրեն բավական են», այսինքն՝ տվյալ օրվա կարիքն ու տրտմությունը: Մի՞թե քեզ բավական չէ միայն այն, որ դու երեսիդ քրտինքով վաստակես քո հացը: Ինչո՞ւ ես քեզ ենթարկում նաև այլ տառապանքի, որը ծնվում է քո հոգսատանջություններից` այն դեպքում, երբ դու պետք է ազատ լինեիր նաև քո այդ առաջին չարչարանքից:

    Ըստ մեկ այլ ձեռագրի` Փրկիչն այստեղ ասում է. «Յուրաքանչյուր օրվա չարիքն իրեն բավական է»: Հիսուս «չարիք» է համարում ոչ թե խորամանկությունը, – ո՛չ, բնա´վ, – այլ տառապանքը, չարչարանքն ու դժբախտությունը: Այդպես նաև մեկ այլ տեղում է ասվում. «Քաղաքում չարիք կպատահի՞, եթե Տերը չի արել այն» (Ամոս 3:6): Այստեղ «չարիք» բառի ներքո հասկացվում են ո´չ թե կողոպուտները, ո´չ ագահությունը, և ո´չ էլ նմանօրինակ մեկ այլ բան, այլ ի վերուստ ուղարկված պատիժները: Եվ դեռ ասվում է նաև. «Ես եմ, որ խաղաղություն եմ անում և դժբախտություններ բերում» (հմմտ. Ես. 45:7): Եվ այստեղ խոսքը ոչ թե բառիս բուն իմաստով չարիքի մասին է, այլ սովի և ժանտախտի, որոնք շատերի համար չարիք են թվում, և շատերն այդպես էլ անվանում են դրանք: Այդ կերպ նաև հինգ քաղաքների քրմերն ու կախարդները (երբ երինջներին` առանց հորթերի, լծեցին սայլին, իսկ ուխտի տապանակն էլ դրեցին այդ սայլի վրա` թույլ տալով, որ երինջները գնան, ուր կկամենան – տե´ս Ա Թագ. 6:7-9) «չարիք» էին անվանում թե´ ի վերուստ ուղարկված պատիժները, և թե´ դրանցից առաջացած վիշտն ու տխրությունը (տե´ս Ա Թագ. 6:9): Ահա թե ինչու այստեղ այդ նույն իմաստը նաև Փրկիչն է մատնանշում «չարիք» բառի կիրառությամբ՝ ասելով. «Յուրաքանչյուր օրվա չարիքն (հոգսը) իրեն բավական է», քանի որ ոչինչ այնքան չի հյուծում հոգին, որքան հոգսն ու մտատանջությունը:

    Նմանապես նաև, Պողոսը, խրախուսելով կուսությունը, առաջարկում է ընդունել հետևյալ խորհուրդը. «Այլ ուզում եմ, որ դուք առանց հոգսի լինեք» (Ա Կորնթ. 7:32): Երբ Քրիստոս ասում է, որ «վաղվա օրն ինքը կհոգա իր մասին», Նա դա ասում է ոչ թե այն պատճառով, որ օրը բառացիորեն ինքն իր մասին է հոգում, այլ քանի որ Հիսուս խոսում էր պարզ ժողովրդի հետ, ուստի, ցանկանալով Իր խոսքերն ավելի արտահայտիչ դարձնել, անձնավորում է «ժամանակ» («օր») հասկացությունը՝ համաձայն տվյալ ժամանակաշրջանում գործող համընդհանուր սովորության: Այստեղ Փրկիչն առաջարկում է սա գեթ որպես խորհուրդ, բայց հետագայում` ժամանակի ընթացքում, այն արդեն օրենքի է վերածում՝ ասելով. «Մի՛ ունեցեք ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ և ո՛չ էլ պղինձ դրամ՝ ձեր գոտիների մեջ» (Մատթ. 10:9): Սկզբում գործով, իսկ հետո նաև` խոսքով Քրիստով հաստատում է նոր, ամրակուռ մի օրենք, որի պատճառով էլ Նրա խոսքը, նախապես հաստատված լինելով Իր իսկ գործերով, հեշտությամբ ընդունելի էր դառնում: Իսկ այն, որ Հիսուս երկրային ամեն ինչի նկատմամբ անտարբերություն ցուցաբերելու մասին Իր ուսմունքը հավաստագրեց Իր իսկ գործերով, այդ մասին լսի՛ր, թե ինչ է ասում Ինքը` Փրկիչը. «Մարդու Որդին մի տեղ չունի, որ Իր գլուխը դնի» (Մատթ. 8:20): Եվ Հիսուս չի բավարարվում միայն Իր սեփական օրինակով, այլ նաև աշակերտներին հասցեագրված ուսուցմամբ էլ է վկայում այս նույն ճշմարտությունը, երբ նրանց նույնպես հորդորում է չհոգալ երկրային բարիքների մասին, բայց և, միևնույն ժամանակ, նրանց որևէ բանի կարոտ չի թողնում:

    Ուրեմն, տե՛ս, որ Քրիստոսի հոգատարությունը գերազանցում է հայրական ամեն հոգածության: «Ես սա պատվիրում եմ, – ասում է Նա, – ոչ թե այլ բանի համար, քան միայն` ձեզ ավելորդ հոգսերից ազատելու համար, որովհետև եթե դու այսօր մտահոգվես վաղվա օրվա մասին, ապա նույն կերպ նաև վաղն էլ նորից պետք է մտատանջության մեջ ընկղմվես: Այս դեպքում ինչո՞ւ կրել այդ ավելորդ ծանրությունը: Ինչո՞ւ ես ջանում նախատեսվածից ավելի ծանրացնել ներկա օրդ: Ինչո՞ւ ես ներկա օրվադ վրա դնում նաև գալիք օրվա բեռը: Այդ հավելադրմամբ դու չես կարող թեթևացնել հաջորդող օրվա ծանրությունը, այլ միայն ցուցադրած կլինես ավելորդ աշխատանքների հանդեպ քո «ագահությունը»: Քրիստոս, որպեսզի ավելի խորը ներազդի Իր ունկնդիրների վրա, անձնավորում է հենց ժամանակն ու այն ներկայացնում է որպես վիրավորված և բողոքող մի անձ, որը խոցվել է մարդկանց անտեղի մտատանջություններից ծնված վիրավորանքից: Դու օր ես «ստացել», որպեսզի հոգ տանես այն ամենի մասին, ինչը պատկանում է այդ օրվան: Ինչո՞ւ ես նրա վրա դնում նաև մյուս օրվա հոգսը: Մի՞թե քո մասին հոգալը բավարար բեռ չէ տվյալ օրվա համար: Ինչո՞ւ ես հարկ եղածից ավելի ծանրացնում այդ օրը: Բայց երբ սա ասում է մեր Օրինադիրը և ապագայի Դատավորը, մտածի՛ր, թե ինչպիսի մխիթարական հույսեր է Նա տալիս մեզ, երբ Ինքն իսկ մեր կյանքը բնութագրում է այնքան դժբախտ և դժվարին, որ նույնիսկ մեկ օրվա հոգսը կարող է դառնացնել ու կոտրել մեզ:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Այսուհետեւ հոգ մի՛ արէք վաղուայ մասին, որովհետեւ վաղուայ օրը իր մասին կը հոգայ. օրուայ հոգսը բաւ է օրուայ համար»:
   
    Այսուհետև մի՛ հոգացեք վաղվա մասին, որովհետև վաղն իր մասին կհոգա. օրվան իր հոգսն էլ բավական է:

    Մի՞թե [ունեցածդ հոգսը] բավական չէ քեզ, ասում է, որ երեսի քրտինքով ուտելու հրաման ստացար, որ է՛լ ավելի ես նեղվում ու տառապանքիդ վրա հոգս ավելացնում: Եվ եթե մտահոգվում ես, ի՞նչ կարող ես անել դու, որ անձիդ տերն էլ չես, որովհետև միայն գործի սկիզբն է քոնը, իսկ ավարտին հասնելը կատարվում է Աստծո տեսչությամբ և ո՛չ թե քեզնով, ինչ պատճառով և [Տերն այս խոսքով] ամբողջն Աստծուն հանձնեց: Սա ասելով՝ կամենում է, որ ամբողջապես ազատվենք վշտերից, որովհետև եթե այսօր վաղվա համար ես մտահոգվում և վաղը՝ մյուս օրվա, սա անհուն տանջանքի է քեզ մատնում, իսկ անհուն [տանջանքից] օգուտ չկա: Ուստի ավելացնում է, որ այսօրվա մտահոգությունն ու առանձին խնդիրները բավական են. որ չարչարվում եք հոգեկան վշտերից և նեղություն կրում մարմնական կարիքներից, վերքի վրա վերք մի՛ ավելացրեք: Իսկ «հոգս» է կոչում չար կրքերը, որոնցով բռնված՝ մարդիկ առավոտից երեկո չարչարվում են անպիտան գործերի համար:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Այսուհետեւ հոգ մի՛ արէք վաղուայ մասին, որովհետեւ վաղուայ օրը իր մասին կը հոգայ. օրուայ հոգսը բաւ է օրուայ համար»:
   
    «Այսուհետև հոգ մի՛ արեք վաղվա մասին, որովհետև վաղվա օրն իր մասին կհոգա. օրվան բավական է իր չարիքը»:

    Արդյոք ինչո՞ւ է ասում, թե վաղը իր մասին կհոգա, քանզի «վաղը» օր է նշանակում, իսկ օրը արեգակի [մեկ] անգամյա շրջագայությունն է: Արդ, ինչպե՞ս կհոգա անշունչ և անբան օրը:

    Ինձ թվում է՝ այսպես ասելը՝ «վաղը իր մասին կհոգա», նշանակում է՝ վաղվա և այլ առաջիկա ժամանակների Տերն ու Արարիչը կհոգա ամենքի պետքերը առաջիկա ժամանակներում:

    «Օրվան բավական է իր չարիքը»:

    Ի՞նչ է նշանակում՝ «օրվան բավական է իր չարիքը»:

    Ինչպես [այս մասին] ամենուր ասվել է սուրբ հայրերի միջոցով, երևելի աշխարհը հաստատված է չարի վրա, որից և գոյացավ այս աշխարհի իշխանը՝ վիշապը, բոլոր չարիքների գլուխը: Սրա համար էլ ասվեց. «Օրվան բավական է իր չարիքը»: Այսինքն՝ հոգալ, թե ինչ է սպասվում չարից, [այն դեպքում] երբ չգիտենք [անգամ]՝ թե ինչ է սպասվում առավոտից մինչև վեցերորդ ժամը և վեցերորդից մինչև տասներկուերորդը, այլև մինչև տասներկուերորդի ավարտը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Այսուհետեւ հոգ մի՛ արէք վաղուայ մասին, որովհետեւ վաղուայ օրը իր մասին կը հոգայ. օրուայ հոգսը բաւ է օրուայ համար»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 6:19