Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 6:8

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Նրանց մի՛ նմանվեք, որովհետև ձեր Հայրը գիտի, թե դուք ինչի կարիք ունեք, նախքան Նրանից ձեր որևէ բան խնդրելը»։
   
   Իսկ եթե Նա գիտի, թե մենք ինչի կարիք ունենք, ապա այդ դեպքում գուցե ինչ-որ մեկը հարցնի, թե ինչո՞ւ պետք է աղոթել: Ո´չ թե Նրան քո կարիքները ցույց տալու համար, այլ Նրան երկրպագելու համար, որպեսզի անդադար աղոթքի միջոցով միանաս Նրան, որպեսզի խոնարհվես Նրա առջև, որպեսզի հիշես քո գործած մեղքերը:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Արդ, նրանց չնմանուէ՛ք, որովհետեւ ձեր Հայրը գիտէ, թէ ինչ է ձեզ պէտք, նախքան որ դուք նրանից մի բան ուզէք:
   
   Ուստի մի՛ նմանվեք նրանց, որովհետև ձեր Հայրը գիտի՝ ձեզ ինչ է հարկավոր նախքան ձեր որևէ բան խնդրելը Նրանից:

   Որովհետև ում նմանվում եք, նրանց էլ պտուղն եք ըմբոշխնում՝ «ձեր աղաղակելն ու Իմ չլսելը» (հմմտ. Ես. 58:4), քանի որ ձեր Հայրը գիտի, ասում է, ձեզ ինչ է հարկավոր: Արդ՝ եթե գիտի, ասում են ոմանք, էլ ինչո՞ւ ենք աղոթում: Նախ սա ասենք նրանց. աղոթում ես, ոչ թե որ [Նրան] սովորեցնես, [թե քեզ ինչ է հարկավոր], այլ որպեսզի աղաչանքի միջոցով խոնարհեցնես [դեպի քեզ], ինչպես մանուկը, որ լաց է լինում, ոչ թե որ մայրը չգիտի, որ նա կուրծք է ուզում, այլ որպեսզի լալու միջոցով մորն արագ դրդի գթալու [իրեն]: Եվ երկրորդ՝ թեկուզ դու Աստծո կամքին հակառակ և քեզ համար անօգուտ բան էլ խնդրես, Նա գիտի՝ քեզ ինչ է հարկավոր և դա՛ կշնորհի՝ ըստ առաքյալի. «Գիտես մեր պետքերն ու կարիքները առավել, քան մեր խնդրածն ու գիտեցածը» (հմմտ. Եփես. 3:20): Տերն էլ [ասում է]. «Ո՞վ է այն հայրը, որից նրա զավակը եթե ձուկ խնդրի, օձ կտա նրան, կամ հաց՝ և քար կտա նրան» (Մատթ. 7:9-10): Այսինքն՝ եթե երեխան, անհաս տարիքի պատճառով, օձ տեսնելով՝ այն ձուկ համարի, մի՞թե հայրն [այդ օձը] նրա ձեռքը կտա, կամ եթե [երեխան] քարը հացի տեղ դնի, մի՞թե [հայրն] այն կտա նրան. չէ՞ որ մեկը խայթում ու վիրավորում է, մյուսը՝ լինդերը քրքրում ու ատամները փշրում: Այս պատճառով էլ [Տերն] ասում է. «[Հայրը] գիտի՝ ձեզ ինչ է հարկավոր»:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Արդ, նրանց չնմանուէ՛ք, որովհետեւ ձեր Հայրը գիտէ, թէ ինչ է ձեզ պէտք, նախքան որ դուք նրանից մի բան ուզէք:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 6:1