Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 7:21

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Ոչ թե ամեն Ինձ «Տե՛ր, Տե՛ր» ասողն է Երկնքի արքայություն մտնելու, այլ նա, ով կատարում է Իմ երկնավոր Հոր կամքը»։
   
    Ինչո՞ւ Փրկիչը չասաց՝ «այլ նա, ով կատարում է Իմ կամքը»: Որովհետև առաջին անգամվա համար բավական էր, որ այս առաջին միտքն ընդունվեր ունկնդիրների կողմից, իսկ ահա հիշյալ վերջին գաղափարը չափազանց բարձրահունչ կթվար նրանց տկարությանը: Այնուամենայնիվ, առաջին մտքի մեջ բովանդակվում է նաև վերջինը: Բացի այդ, պետք է ասել, որ Որդու կամքը Հոր կամքից տարբեր չէ: Այստեղ, սակայ, ինչպես ինձ է թվում, Փրկիչը հիմնականում դիմում է հրեաներին, որոնք ամեն ինչ անում էին ըստ դոգմաների (օրենքների), իսկ կյանքի մասին բնավ չէին մտահոգվում:

    Այդ պատճառով էլ Պողոսը հանդիմանում է նրանց՝ ասելով. «Ահա և դու, որ հրեա ես կոչվում և հենվել ես օրենքին ու պարծենում ես Աստծով, դու, որ գիտես Նրա կամքը» (Հռոմ. 2:17-18): Սակայն դրանից քեզ համար ոչ մի օգուտ չի լինի, եթե դա չարտացոլվի քո կյանքից և գործերից:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

«Ոչ ամէն մարդ, որ ինձ «Տէ՜ր, Տէ՜ր» է ասում, երկնքի արքայութիւն կը մտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է:
   
    Ո՛չ ամեն ոք, որ Ինձ ասում է՝ Տե՛ր, Տե՛ր, կմտնի երկնքի արքայություն, այլ ով կատարում է Իմ երկնավոր Հոր կամքը:

    Սա սովորեցնելով՝ տակավին նույն բանի շուրջ է խոսում, որպեսզի պարզամիտները չխաբվեն կեղծավորներից: Բայց պետք է հարցնել թե՝ «Տե՛ր, բայց չէ՞ որ մարգարեն ասաց. «Ամեն ոք, ով Տիրոջ անունը կանչի, կփրկվի» (Հովել 2։31)»: Սա՛ է ասում. կանչելը հավատից է, «հավատը՝ լսելուց, լսելն էլ՝ Տիրոջ խոսքից» (հմմտ. Հռոմ. 6։17), երբ [մեկը] կատարում է Հոր կամքը և պահում Նրա պատվիրանները՝ ըստ այսմ. «Եթե Ինձ սիրում եք, Իմ պատվիրանները կպահեք» (հմմտ. Հովհ. 14։23), «ինչպես որ Ես եմ Նրա պատվիրանները կատարում և Նրա սիրո մեջ եմ» (հմմտ. Հովհ. 5։10): [Կարելի է հասկանալ] և այլ կերպ. քանի որ անունը կանչելը միայն բերանով չի լինում, այլ արարածի բնության կողմից գործով ընթերցվում է ասես տախտակի վրա, իսկ Տիրոջ անունը սուրբ է, ինչպես [ասվում է]. «Սուրբ է Նրա անունը» (հմմտ. Սաղմ. 110։9), ուստի [Տիրոջ անունը տալը] Տիրոջ նմանությունն իր մեջ տեսնելն է: Իսկ ի՞նչ է «...որ ասում է Ինձ՝ Տեր, Տեր» [խոսքը]: Կամ [«Տեր» անունը] կրկնելով՝ գթության է Ինձ մղում, կամ ստուգապես խոստովանում, որ Ես Տեր եմ և դատավոր: Կամ էլ՝ «Տեր, Տեր» ասելով՝ ասես Նրանից լավ ճանաչված մեկը՝ մարգարեների՝ Նրան տված անունով է դիմում. «Տե՛ր, Տե՛ր մեր» (Սաղմ. 8։2), և՝ «Այսպես է ասում Ադոնայի Տերը» (Եզեկ. 3։27, 5։5, 7 ևն), ինչը նշանակում է «Տեր, Տեր»: Բայց [այսպես դիմողը], ասում է [Տերը], երկնքի արքայություն չի մտնելու: Ինչո՞ւ: Որովհետև Նա ոչ թե խոսքերն է պսակում, այլ գործերի՛ն հաղթանակ պարգևում: Ուրեմն՝ եթե Նրան առանց գործերի խոստովանողներն [արքայություն] չեն մտնելու, ի՞նչ ասել [Նրան] հայհոյողների մասին:

    «Այլ ով կատարում է [Իմ երկնավոր] Հոր կամքը»: Հոր կամքը մարդկանց փրկությունն է՝ ըստ այսմ. «Չե՛մ կամենում մեղավորի մահը, այլ նրա դարձի գալը» (հմմտ. Եզեկ. 18։32), որպեսզի Որդու հանդեպ հավատի միջոցով, մկրտությամբ ազատվելով մեղքից և Նրա մարմնի և արյան հաղորդությամբ մաքրվելով, ժառանգեն արքայությունը՝ ըստ այսմ. «Եթե մեկը չծնվի ջրից և Հոգուց, [Աստծո] արքայություն չի մտնի» (Հովհ. 3։5), և՝ «Ով Իմ մարմինը չի ուտում և արյունս չի խմում, հավիտենական կյանք իր մեջ չունի» (հմմտ. Հովհ. 6։54-55), քանի որ սա՛ է Իմ Հոր կամքը: Բայց տես, որ չի ասում «Ի՛մ կամքը», այլ «Իմ Հո՛ր կամքը»: Պատճառը նա է, որ դա՛ էր պատշաճ և ընտրված այդ ժամանակվա իրադրության համար, նաև՝ որ [նախ] ընտելացրեց նրանց Հորը դիմելուն, այժմ էլ [Նրան] Իր Հայրն է անվանում՝ ցույց տալով, որ Ինքն էլ է երկնային, և որ Որդին այլ կամք չունի, քան Հոր կամքը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

«Ոչ ամէն մարդ, որ ինձ «Տէ՜ր, Տէ՜ր» է ասում, երկնքի արքայութիւն կը մտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 7:1