Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 7:24

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Արդ, ամեն մեկին, որը լսում է Իմ այս խոսքերն ու դրանք կատարում, կնմանեցնեմ մի իմաստուն մարդու, որն իր տունը կառուցեց ժայռի վրա»։
   
    Այսպիսով, Փրկիչն Իր խոսքն ավարտին է հասցնում և, մանրամասնորեն ներկայացնելով առաքինության մասին ուսուցումը, միաժամանակ ցույց է տալիս, թե ինչպիսի տարբերություններ կան իսկապես առաքինի մարդկանց ու նրա´նց միջև, ովքեր կեղծավորաբար միայն առաքինության դիմակն են կրում և, օրինակ, մարդկանց առջև երևալու համար են ծոմ պահում ու աղոթում, կամ էլ` ներկայանում են ոչխարի մորթով, իսկ երրորդներն էլ, որոնց Հիսուս անվանեց «խոզեր» և «շներ», իրենց գործերով ապականում են առաքինությունը: Եվ, վերջապես, ցույց տալով, թե առաքինությունը որքան օգտակար է այս կյանքում, և թե որքան վնասակար է մեղքը, Քրիստոս ասում է. «Ամեն մեկին, որը լսում է Իմ այս խոսքերն ու դրանք կատարում, կնմանեցնեմ մի իմաստուն մարդու»:

    Դուք լսեցիք, թե ինչ պատիժ են կրելու նրանք, ովքեր չեն պահում Փրկչի խոսքերը, նույնիսկ եթե տեսակ-տեսակ հրաշքներ էլ գործեն: Այժմ հարկ է, որ դուք իմանաք նաև, թե ոչ միայն գալիք ժամանակաշրջանում (հավիտենական կյանքում), այլև ներկայում ինչ բարիքների են արժանանալու նրանք, ովքեր հնազանդվում են Քրիստոսի բոլոր խոսքերին. «Ամեն մեկին, - ասում է Հիսուս, - որը լսում է Իմ այս խոսքերն ու դրանք կատարում, կնմանեցնեմ մի իմաստուն մարդու»: Տեսնո՞ւմ ես, թե Հիսուս ինչպիսի զանազանություն է մտցնում Իր խոսքի մեջ: Նախ ասում է. «Ոչ թե ամեն Ինձ «Տե՛ր, Տե՛ր» ասողը», և դրանով իսկ բացահայտում է Ինքն Իրեն (ա´յն, որ Քրիստոս Ինքը Տերն է), իսկ այնուհետ էլ ասում է. «Այլ նա, ով կատարում է Իմ Հոր կամքը», և դարձյալ Իրեն ներկայացնում է որպես Դատավոր. «Այն օրը շատերն ինձ կասեն. «Տե՛ր, Տե՛ր, չէ՞ որ Քո անունով մարգարեացանք», - և Ես նրանց կասեմ՝ «ձեզ երբեք չեմ ճանաչել»:

    Վերջապես, այստեղ Հիսուս կրկին ցույց է տալիս, որ Ինքն իշխանություն ունի բոլորի վրա, ուստի ասում է. «Ամեն մեկը, որը լսում է Իմ այս խոսքերը»: Քանի որ Փրկիչն արդեն իսկ ամեն ինչ ասել էր ապագայի վերաբերյալ` հիշատակելով և´ արքայությունը, և´ հավիտենական պարգևները, և´ մխիթարությունը, և´ այլ նման բաներ, ուստի դրանից հետո, ցանկանալով նաև այստեղ Իր ունկնդիրներին ցույց  տալ սպասվող պտուղները, Քրիստոս մատնանշում է, թե որքան զորեղ է առաքինությունը նաև ներկայի´ս կյանքում: Ո՞րն է, ուրեմն, առաքինության այդ զորությունը: Ա´յն, որ առաքինություն ունեցողներն ապրում են ապահովության մեջ, չեն սասանվում ոչ մի դժբախտությունից, բոլոր հալածողներից ավելի վեր են կանգնած մնում: Ի՞նչը կարող է համեմատվել սրա հետ: Այս ամենը չի կարող ձեռք բերել անգամ թագավորական թագով զարդարված մեկը, մինչդեռ առաքինի մարդը հասնում է դրան: Միայն առաքինի մարդը կարող է մեծ առատությամբ ձեռք բերել հիշյալ ապահովությունը` իր ներկա կյանքի բոլոր ծալքերում վայելելով այդ մեծ խաղաղությունը: Եվ իրոք, զարմանալի բան է, որ առաքինի մարդը ոչ միայն խաղաղ եղանակին, այլ նաև սաստիկ փոթորկի ժամանակ, մեծ խռովքի ու չդադարող փորձությունների մեջ բնավ չի սասանվում:

    «Արդ, ամեն ոք, ով լսում է Իմ այս խոսքերն ու դրանք կատարում, կնմանեցնեմ մի իմաստուն մարդու, որն իր տունը կառուցեց ժայռի վրա» - Տեսնո՞ւմ ես, թե Հիսուս ինչպես է ցանկանում, որ մենք ոչ միայն լսենք, այլև կատարենք և գործերով ցույց տանք այն, ինչ ունկնդրում ենք: Ուստի Փրկիչն «իմաստուն» է անվանում նրան, ով գործում է Իր խոսքերին համապատասխան, իսկ ահա «անխելք» է կոչում նրան, ով չի հետևում Իր խոսքերին: Եվ սա բոլորովին արդարացի է, որովհետև այդ վերջինը, - ինչպես ասում է Տերը, - «իր տունը կառուցեց ավազի վրա», ինչի պատճառով էլ այն չկարողացավ դիմակայել քամիների հարվածներին, այլ անմիջապես կործանվեց (Մատթ. 7:26-27): Այդպիսին են այն անփույթ հոգիները, որոնք չեն հաստատվել հոգևոր ժայռի վրա: [Տիրոջ խոսքերում] խոսքը ոչ թե շինության և տան մասին է, այլ հոգիների´, որոնք տատանվում են նույնիսկ մի չնչին փորձությունից: Քամու, անձրևի և գետերի պատկերների ներքո Տերը ցույց է տալիս փորձությունների ազդեցությունը մեզ վրա: Հաստատակամ, արթուն և սթափ մարդն այդ փորձություններից էլ ավելի ամրացած է դուրս գալիս, և որքան բազմանում են նրա վշտերը, այնքան ավելի է աճում նրա խիզախությունը: Իսկ ահա անփույթ և անտարբեր մարդը, հենց որ իր վրա է փչում փորձության թեթևասահ զեփյուռը, անմիջապես տատանվում և ընկնում է՝ ոչ թե փորձությունների բնույթի, այլ իր կամքի թուլությա´ն պատճառով:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

24-25. Ով որ լսում է իմ այս խօսքերը եւ կատարում է դրանք, կը նմանուի մի իմաստուն մարդու, որ իր տունը շինեց ժայռի վրայ. անձրեւները թափուեցին, եւ գետերը յորդեցին, հողմերը փչեցին եւ զարկեցին այդ տանը, բայց չկործանուեց, որովհետեւ ժայռի վրայ էր հաստատուած:
   

    Ամեն ոք, ով լսում է Իմ այս խոսքերը և կատարում դրանք, կնմանվի իմաստուն մարդու, ով իր տունը կառուցեց վեմի վրա: Անձրևներ թափվեցին, գետեր հոսեցին, քամիներ փչեցին և այդ տանը բախվեցին, սակայն չփլավ, քանի որ վեմի վրա էր հաստատված:

    Խիստ համապատասխան կնիք դրեց [Տերն] Իր այս վարդապետության վրա՝ երկու պատճառով: Նախ՝ որպեսզի ցույց տա, որ ոչ թե օրենքը լսողներն են արդարանում, այլ կատարողները: Երկրորդ՝ ոչ միայն հավատն ունի կարողություն փրկելու, ինչպես նախապես ասաց, այլև գործերը, ինչը հաստատելու համար ասաց այս խոսքը:

    Թեպետ [Տերն ընդամենը] օրինակ է բերում, սակայն դրանով ճշարտությունն է հայտնում. «իմաստուն» է անվանում նրանց, ովքեր հստակ տեսողությամբ անվրեպ տեսնում են ապագան, ինչպես նահապետերն ու մարգարեները, առաքյալներն ու նրանց հետևորդները: «Տուն» է կոչում առաքինության բնակարանը՝ ըստ այսմ. «Մեր տան գերանները նոճուց են» (հմմտ. Երգ 1։16), իսկ «վեմ»՝ հաստատուն հավատը, աներկբա հույսը և Իր ամուր վարդապետությունը: Ուստի ով հաստատուն հավատով ձեռնարկում է բարի գործերի և հավատի հիմքի վրա ոսկի, արծաթ ու թանկարժեք քարեր (Ա Կոր. 3։12) շարում, նմանվում է ճշմարիտ Իմաստունին, Ով Հայր Աստծուց մեզ համար եղավ իմաստություն, մեզ համար կոչվեց Մարդու Որդի և Ով ողորմությամբ և Իր խոսքի զորությամբ նախ կառուցեց աշխարհը հաստատուն վեմի վրա՝ ըստ այսմ. «Ո՞վ անկյունաքար դրեց նրա մեջ» (Հոբ 38։6), ապա նաև՝ սուրբ Եկեղեցին՝ առաքյալների և մարգարեների հիմքի վրա  (Եփես. 2:20) որին դժոխքի դռները չեն կարող հաղթել (Մատթ. 16։18):

    «Անձրևներ թափվեցին,- ասում է,- գետեր հոսեցին»: Այս ձևով ներկայացնում է չարի փորձությունները՝ ըստ այսմ. «Անձրևը հեռացավ» (հմմտ. Երգ 2։11), և՝ «Փրկի՛ր ինձ բազում ջրերից» (Սաղմ. 143։7): Սրանով ցույց է տալիս, որ ոչ միայն անարժաններին է [չարը] փորձությամբ մոտենում, այլև արժանավորների հետ մաքառում, ինչպես Հոբի կամ նույն Ինքը Խոսքի, որովհետև Աստված է թույլ տալիս պատերազմել իմաստուն ճարտարապետ կառուցողների հետ: Որովհետև սա՛ է [նշանակում] «թափվել»-ը՝ մի քանի պատճառով: Առաջին՝ որպեսզի նրանց առաքինությունը հրապարակվի, երկրորդ՝ երբ նահատակությամբ լավ են պատերազմում, պսակները շատանում են, և երրորդ՝ գործնականորեն չարի տկարությունը խայտառակվում է և նրա տգիտությունը՝ հանդիմանվում: Իսկ «անձրև»-ը, «գետ»-ն ու «քամի»-ն այդ մարտի տեսակ-տեսակ տարափներն են, որոնք [դևերի] լեգեոնյան բազմությունները, հոգեկան մարտով կամ մարմնական պատերազմով մերկընդմերկ  1 տեղալով արդարի վրա, վտանգի են մատնում [նրան], որպեսզի [նրա] առաքինության տունը, որը մեծ ցավ է նրանց պատճառում, կարողանան խարխլել: Բայց չեն կարողանում փլեցնել, թեպետ «բախում են», այսինքն՝ գայթակղեցնում: Ինչո՞ւ: Որովհետև, ասում է [Տերը], «վեմի վրա էր հաստատված», այսինքն՝ [արդարների] հույսը երկնքում է՝ ըստ առաքյալի. «Մեր առաքինությունը երկնքում է» (Փիլպ. 3։20): Ուստի բազում վշտերի համբերելով և նեղություններն իբրև ծաղիկ իրենց մեջ կրելով՝ դրվել և մնում են որպես ալեկոծության ժամանակ ծովի եզերքին հաստատված վեմ և դեռ իրենք խոցոտում [դևերին]: Որովհետև ով ադամանդին հարվածում է, ինքը կհարվածվի, և ով արդարին վնաս է հասցնում, ինքն է չարչարվում՝ ըստ այսմ. «Նզովված է նա, ով նզովում է քեզ» (հմմտ. Ծննդ. 27։29):
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

24-25․ Ով որ լսում է իմ այս խօսքերը եւ կատարում է դրանք, կը նմանուի մի իմաստուն մարդու, որ իր տունը շինեց ժայռի վրայ. անձրեւները թափուեցին, եւ գետերը յորդեցին, հողմերը փչեցին եւ զարկեցին այդ տանը, բայց չկործանուեց, որովհետեւ ժայռի վրայ էր հաստատուած:
   
    «Ով որ լսում է իմ այս խոսքերը և կատարում է դրանք, կնմանվի մի իմաստուն մարդու, որ իր տունը շինեց ժայռի վրա. անձրևներ թափվեցին, և գետերը հորդեցին, հողմերը փչեցին...»  և այլն:
Ով իր առաքինությամբ տուն է շինում Քրիստոսի վեմի վրա, նա չպիտի սասանվի անձրևի գալուց, գետերի հորդելուց և հողմերի փչելուց: «Անձրևը» չար բանսարկուն է, չարագործության հրավիրողը, «գետերը» այս անձրևից առաջացած նեռերն են, «հողմերը»՝ բոլոր չար հոգիները: Եվ այս «վեմի» վրա չեն երևում Սողոմոնի ասած օձի հետքերը (հմմտ. Առակ. 30։19):
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Ով որ լսում է իմ այս խօսքերը եւ կատարում է դրանք, կը նմանուի մի իմաստուն մարդու, որ իր տունը շինեց ժայռի վրայ.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 7:1