Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 7:6

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Սուրբ բանը շներին մի՛ տվեք և ոչ էլ ձեր մարգարիտները խոզերի առաջ գցեք, որպեսզի դրանք ոտնակոխ չանեն ու շրջվելով ձեզ պատառոտեն»։
   
   «Սուրբ բանը շներին մի՛ տվեք և ոչ էլ ձեր մարգարիտները խոզերի առաջ գցեք» - Այնուհետև էլ Հիսուս ասում է. «Ինչ լսում եք ականջով, քարոզե´ք տանիքներից» (հմմտ. Մատթ. 10:27), սակայն այս վերջինը բնավ չի հակասում նախորդին, քանի որ այստեղ ոչ թե բոլորին է հրամայվում խոսել, այլ միայն նրանց, ովքեր խոսելու պարտավորություն ունեն, պատվիրվում է խոսել լիակատար ազատությամբ:

   «Շներ» անվան ներքո Հիսուս այստեղ նկատի է ունեցել նրանց, ովքեր ապրում են անբուժելի ամբարշտությամբ՝ առանց ուղղվելու որևէ հույսի, իսկ «խոզեր» անվան տակ՝ նրանց, ովքեր միշտ ապրում են անժուժկալությամբ: Ըստ Փրկչի խոսքի՝ այդպիսի մարդիկ արժանի չեն լսելու վսեմագույն վարդապետությունը: Նույն գաղափարն արտահայտել է նաև Պողոսը՝ ասելով. «Ոչ հոգևոր մարդը Աստծու Հոգուց եկած ճշմարտությունները չի ընդունում, որովհետև այդ հիմարություն է նրա համար» (Ա Կորնթ. 2:14):

   Շատ այլ տեղերում նույնպես Հիսուս մարդկային կյանքի ապականությունը համարում է պատճառ, որ ամենակատարյալ ուսմունքը չի ընդունվում այդօրինակ (ապականված) մարդկանց կողմից: Ահա թե ինչու Հիսուս հրամայում է այդպիսի մարդկանց առջև սեփական տան դռները չբացել, քանի որ քաջ գիտի, որ այդպիսիք գնալով էլ ավելի անամոթ են դառնում: Իսկ երբ փրկչական այս ուսմունքը բացվում է երախտապարտ և բարեմիտ մարդկանց առաջ, նրանք հարգանքով են վերաբերվում դրան, իսկ անբարո մարդիկ ավելի են հարգում այս վարդապետությունը` առանց այն ճանաչելու: Ուստի, քանի որ իրենց բնույթով չարամիտ այդ մարդիկ չեն կարող ճանաչել փրկչական ուսմունքը, թող այն թաքնված մնա նրանցից, - կարծես ասում է Փրկիչը, - որպեսզի, գոնե, նրանք հարգեն այն իրենց անտեղյակությա´ն պատճառով:

   Նաև, խոզը չգիտի, թե մարգարիտն ինչ է, իսկ եթե չգիտի, թող նաև չտեսնի, որպեսզի չտրորի այն, ինչը չի ճանաչում: Այդպիսի տրամադրվածություն ունեցող մարդկանց համար, թեկուզ եթե նրանք լսեն էլ այդ ուսմունքը, բացի էլ ավելի մեծ վնաս կրելուց որևէ օգուտ հաստատ չի լինի: Այդպիսիք ծաղրում են սրբությունը՝ չճանաչելով այն, և էլ ավելի են գոռոզանում ու զինվում մեր դեմ: Սա է Քրիստոսի խոսքերի իմաստը. «…Որպեսզի դրանք ոտնակոխ չանեն ու շրջվելով ձեզ պատառոտեն»: Բայց գուցե ասես՝ սրբությունը պետք է այնքան ամուր լինի, որ նույնիսկ ճանաչվելուց հետո մնա անպարտելի և ուրիշներին առիթ չտա մեզ վնասելու համար: Ո´չ, սրբությունն ինքնին մեզ վնասելու առիթ չի տալիս, այլ վնասի պատճառն այն է, որ սրբությունն ընդունողները խոզեր են: Այդ նույն կերպ էլ մարգարիտը, երբ տրորվում է, տրորվում է ոչ թե այն պատճառով, որ արժանի է արհամարհանքի, այլ որովհետև հայտնվել է խոզերի ոտքերի առջև: Եվ լավ է ասված՝ «շրջվելով ձեզ պատառոտեն»: Իրոք որ, սկզբում նրանք հեզություն դիմակ են հագնում, որպեսզի «բացահայտեն» ճշմարիտ ուսմունքը, իսկ հետո, երբ բացահայտում են, բոլորովին այլ կերպարանք առնելով` ծաղրում են, հայհոյում, ծիծաղում մեզ վրա ու մեզ վերաբերվում են ինչպես խաբվածների: Այդ պատճառով էլ Պողոսը Տիմոթեոսին ասում է. «Նրանից դո՛ւ էլ զգուշացիր, որովհետև մեր խոսքերին շատ հակառակվեց» (Բ Տիմ. 4:15): Եվ մեկ այլ տեղում էլ. «Այդպիսիներից հեռո´ւ մնա» (հմմտ. Բ Տիմ. 3:5): Ու նաև. «Հեռացի՛ր հերձվածող մարդուց՝ մեկ կամ երկու անգամ նրան խրատելուց հետո» (Տիտ. 3:10):

   Այսպիսով, սրբության թշնամիներին մեր դեմ զինում է ոչ թե սրբությունն ինքը, այլ այդ հակառակորդների խելացնորությունը, որից դրդված նրանք, սրբությունը ճանաչելով հանդերձ, լցվում են հպարտությամբ: Ահա թե ինչու մեծ օգտակարություն ունի սրբության թշնամիների` անտեղյակության մեջ մնալը: Այս պարագայում նրանք չեն արհամարհի այն: Մինչդեռ եթե իմանան սրբության մասին, ապա դա կրկնակի վնաս կլինի նրանց համար. նախ` իրենք ոչ մի օգուտ չեն ստանա, իսկ բացի դա էլ` առավել մեծ վնաս կկրեն և քեզ անթիվ անհանգստություններ կպատճառեն: Թող սա լսեն նրանք, ովքեր առանց որևէ ամոթի շփվում են ամենքի հետ` առանց խտրականության, և արհամարհանքի առարկա են դարձնում այն, ինչն արժանի է ամենայն հարգանքի: Այդ պատճառով էլ մենք, երբ եկեղեցական խորհուրդներ են կատարում, փակում ենք դռները և արգելում ենք չլուսավորվածներին մուտքը՝ ոչ թե որովհետև մենք մերժում ենք կատարվող խորհուրդների վավերականությունը, այլ որովհետև շատերը դեռևս բավարար չափով պատրաստված չեն դրանց: Ահա թե ինչու Քրիստոս հրեաներին շատ խոսքեր խոսեց առակների միջոցով, «որովհետև նրանք նայելով՝ չէին տեսնում» (հմմտ. Մատթ. 13:13): Այդ իսկ պատճառով էլ նաև Պողոսը հրամայեց. «…որպեսզի դուք իմանաք, թե ինչպե՛ս պետք է պատասխան տաք յուրաքանչյուրին» (Կող. 4:6):

   Երբ դու լսես այստեղ հիշատակվող խոզերի մասին, մի՛ համարիր, թե դրանք անխոս կենդանիներին վերաբերող մատնանշումներ են, և երբ լսես շների մասին, մի՛ կարծիր, որ այդ խոսքերը շներին են վերաբերում: Սուրբ Գիրքը «խոզեր» է անվանում անառակությամբ ապրողներին, իսկ «շներ»՝ նրանց, ովքեր անմտորեն մոլեգնում են Տիրոջ դեմ:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Մի՛ տուէք սրբութիւնը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք, որպէսզի դրանք ոտքի կոխան չանեն եւ դառնալով ձեզ չպատառոտեն:
   
   Սրբությունը շներին մի՛ տվեք և ձեր մարգարիտը խոզերի առաջ մի՛ գցեք, որպեսզի ոտնակոխ չանեն դրանք և շրջվելով՝ ձեզ չպատառոտեն:

Հապա ինչո՞ւ ասաց. «Ինչ որ ականջի տակ եք լսում, տանիքների վրա՛ քարոզեք» (Մատթ. 10։27). պարզ է ուրեմն, որ արժանավորների՛ն` ըստ այսմ. «Ձեզ եմ ասում, որ լսում եք» (Ղուկ. 6։27): Իսկ ի՞նչն է «սրբություն» կոչում: Ինձ թվում է՝ [աստվածային] անճառելի տնտեսությունը, որով Ինքը գործեց աշխարհում աստվածության և մարդկության լրմամբ՝ ըստ այսմ. «Ում Հայրը սրբագործեց և ուղարկեց աշխարհ» (Հովհ. 6։36), և որի օրինակը Եկեղեցում Նրա մարմինն ու արյունն են, որ քավում են մեղքերը: Նաև վերին փառքի գիտությունն է «սրբություն» և «մարգարիտ» անվանում՝ ըստ այսմ. «Մեր մեղքերի սրբությունը գործելով» (Եբր. 1։3), և թե՝ «Նա է մեր սրբությունը» (հմմտ. Ա Կոր. 1։30) և «անխոս մարգարիտը» 1, նաև՝ «Փնտրում է գեղեցիկ մարգարիտներ և գտնելով մի պատվական մարգարիտ» (Մատթ. 13։ 45): Սրա խորհրդակատարներին [Տերն] արգելում է [այն] տալ անսուրբներին:

   Իսկ «շուն» է կոչում չարիքների մեջ անդարձներին և ամբողջապես ամբարիշտներին, և «խոզ»՝ տղմասեր հանցավորներին, որոնց առաջ պետք չէ բանալ խորհրդի դռները: Ինչո՞ւ. որովհետև է՛լ ավելի կմեղանչեն, երբ խորհուրդի մասին իմանան. պարկեշտները լսելով՝ առավել են օգուտ ստանում, իսկ անմիտները մոլեգնելով կատաղում են՝ ըստ Իմաստունի թե՝ «Անմիտին պետք չէ գիտությունը, որովհետև առավել է ապրում անմտությամբ» (հմմտ. Առակ. 18։2), և Տերն [ասում է]. «Լավ չէ մանուկների հացն առնել ու շներին գցել» (Մատթ. 15։26): Որովհետև տգիտության մեջ լինելով՝ գոնե ամաչում են, իսկ խորհրդի մասին տեղեկանալով՝ լրբանում են և օգուտ ստանալու փոխարեն՝ իրենց և շնորհի հանդեպ վնաս գործում, ինչպես [այստեղ է ասվում]. «Նոր գինին չեն լցնում հին տիկերի մեջ, քանի որ [վերջիններս] պատռվում են, գինին հեղվում է, և տիկերը՝ անպետքանում» (Մատթ. 9։17): Ահա սա՛ է ասելը, թե շրջվելով կպատառոտեն ձեզ 2: Կամ էլ՝ նախ կեղծավորություն են անում ուսանելու ընթացքում, իսկ հետո ոտնակոխ անում և ծաղրի ենթարկում՝ ըստ այսմ. «Շնչավոր մարդը չի ընդունում [Աստծո Հոգունը], որովհետև այն հիմարություն է նրա համար» (Ա Կոր. 2։14), բայց սա սրբությունը չի գործում, այլ նրանց խոզությունը: Ուստի [Տերը] խրատում է [սրբությունը] չտալ [նրանց], այլ ինչպես շունը, որ բնությամբ անգիտակից է սրբությանը, և խոզը՝ մարգարտի պայծառությանը, այդպես թող նրանք ևս տգիտության մեջ մնան, որպեսզի չկոխոտեն, մինչև որ գիտություն փափագելով՝ [այն] փնտրելու կելնեն, ինչպես ասում է հաջորդ [ավետարանական խոսքը]: Իսկ եթե [սրբությունը] ցրիվ ես տալիս, ասում է, իմացի՛ր, որ կրկնակի հանցանք ես գործում. առաջին՝ որ վնաս ես պատճառում նրան, [ում տալիս ես], և երկրորդ՝ ինչպիսին քանքարը թաքցնողն է, այդպիսին է նաև անտեղի վատնողը, որովհետև նենգությամբ թաղել-թաքցնելն ու շռայլությամբ ցրելը նույն բանն են համարվում. գովեստի արժանի է արժանավորներին բաշխելը:

   Նաև «սրբություն» է կոչում [Տերը հոգևոր] օրենքը՝ ըստ այսմ. «Տիրոջ խոսքերը սուրբ են» (հմմտ. Սաղմ. 11։7), և թե՝ «Օրենքը սուրբ է, և պատվիրանը՝ սուրբ» (Հռոմ. 7։12), և նրանով մաքրվելով՝ արդարանում ենք օրենքի կատարմամբ, իսկ հանցանք գործելով Տիրոջ սուրբ խոսքերի հանդեպ՝ անարգում ենք Աստծուն՝ ըստ առաքյալի (Հռոմ. 2։23): Այս հանցանքի հետևանքով նախ շնամիտներն ու խոզաբարոները, հայհոյիչներն ու չարագործները արհամարհում են Տիրոջ ուսմունքը, ինչպես և գրված է. «Ձեր պատճառով Իմ անունը հայհոյվում Է հեթանոսների» (Ես. 52։5)՝ շների մեջ, և ապա դրանից հետո շրջվելով՝ [վերջիններս] նաև մեզ են հանդիմանական խոսքերով նախատում մեր հանցանքների պատճառով: Կարելի է հասկանալ նաև այսպես. [Տերը] «սրբություն» Է կոչում Ավազանի սրբարար շնորհը, և «մարգարիտ»՝ Տիրոջ մարմնի և արյան հաղորդությունը: Ուրեմն՝ ասում է, որ սրանք չտանք հեթանոս շներին ու հանցավոր խոզերին, որպեսզի ոտնակոխ չանեն և ձեզ չպատառոտեն: Ինչո՞ւ. քանի որ կարծում են, թե սրանք անկարևոր բաներ են, սպասավորներն էլ՝ անարժան, ինչպես իրենք, որ անարժանությամբ են մոտենում [դրանց]: Սրա մասի՛ն է ասում առաքյալը. «Նոր ուխտի արյունն անսուրբ են համարում» (հմմտ. Եբր. 10։29), և՝ «Վերստին խաչում են Աստծո Որդուն» (հմմտ. Եբր. 6։6):

   Իսկ այլաբանորեն՝ սրբություն է աստվածային կյանքը, մշտապես Աստծո կամքին բարեպաշտությամբ հպատակվելը՝ ըստ [աստվածային] գերազանց խոսքի, և միայն բարին կամենալը: Նույնը նաև մարգարիտ է՝ պայծառ փառքի պատճառով, որը Տերը զգուշացնում է չտալ շներին, քանի որ շատերը, սկսելով այսպիսի կյանքով ապրել և վերին փառքի հույսով թեթևանալով, այս կյանքի աղտեղի ծովի խորքերից բարձրացան երկինք, սակայն արագորեն նորից հետ դառնալով՝ ամեն անկումից ավելի ծանր անկմամբ տապալվեցին: Այդ պատճառով էլ ասվեց. «Ավելի լավ էր, որ արդարության ճանապարհը չիմանային, քան որ իմացան և հետ կանգնեցին, և նրանց պատշաճեց ճշմարիտ առակը, թե շունն իր փսխածին է վերադառնում, և լվացված խոզը՝ թավալվում տիղմի մեջ» (հմմտ. Բ Պետ. 2։21-22), որով ճիվաղ դևերի կողմից ծանակվում է և ամբարիշտ մարդկանց կողմից ծաղրվելով արհամարհվում:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Մի՛ տուէք սրբութիւնը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք, որպէսզի դրանք ոտքի կոխան չանեն եւ դառնալով ձեզ չպատառոտեն:
   
   «Մի՛ տվեք սրբությունը շներին և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք»:

   «Սրբություն» և «մարգարիտ» աստվածային վարդապետությանն է ասում: «Շուն» կոչում է լիրբ ու անամոթ մարդկանց և անօգուտ բանավիճողներին, ովքեր չեն կամենում ուսանել, այլ՝ միայն հաղթել ուսուցանողին: Իսկ «խոզ» անվանեց նրանց, ովքեր ընկղմված թավալվում են անգիտության խավարում և ամենևին չեն կարողանում ընտրել և զատորոշել ողջախոհ վարդապետությունը սուտ վարդապետությունից, ինչպես այդ կենդանին չի կարող տարբերել մարգարիտը և պատվական քարերը անպիտան քարերից և փայտից:

   Այսպիսի մարդկանց առաջ, որոնց «շուն» և «խոզ» անվանեց, հրամայում է չգցել սուրբ և մարգարիտ վարդապետությունը: Քանի որ «շներ» անվանվածներն անգամ եթե իմանան, սակայն լրբության և անամոթության պատճառով չեն ընդունի, իսկ «խոզեր» կոչվածները, ովքեր սկզբից ևեթ հիմարացած են և անգիտության մեջ ընկղմված, չեն հասկանա:
«Որպեսզի ձեզ չպատառոտեն»:
   Այսինքն չպատառոտեն ճշմարտությունը և ձեզ կսկիծ պատճառեն:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Մի՛ տուէք սրբութիւնը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք, որպէսզի դրանք ոտքի կոխան չանեն եւ դառնալով ձեզ չպատառոտեն:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 7:1