Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 7:7

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

7-8 «Խնդրե՛ք, և կտրվի ձեզ, փնտրե՛ք և կգտնեք, բախե՛ք, և ձեզ կբացվի»: «Որովհետև ով խնդրում է, ստանում է, և ով փնտրում է, գտնում է, և ով բախում է, նրան բացվում է»։
   
    Վերևում Փրկիչն առաջադրել էր մեծ և հրաշալի պատվիրաններ, հրամայել բոլոր կրքերից վեր բարձրանալ, Քրիստոս Ինքը մեզ մոտեցրել է բուն երկնքին և հորդորել նմանվել ո´չ թե հրեշտակներին կամ նույնիսկ հրեշտակապետերին, այլ, որքան հնարավոր է, ամենքի Տիրոջը: Իսկ աշակերտներին էլ պատգամել է, որ ոչ թե միայն իրենք կատարեն այդ ամենը, այլ նաև ուղղորդեն ուրիշներին և տարբերակեն չարերին` բարիներից, շներին՝ ոչ շներից (քանի որ մարդկանց հոգու խորքում շատ բան է թաքնված), որպեսզի մարդիկ չասեն, թե Աստծու կամքը կատարելը դժվարին և անհնար է: Քանի որ, իսկապես, հետագայում ինքը` Պետրոսն էլ նման մի բան է ասում. «Իսկ ո՞վ կկարողանա փրկվել»: Եվ նաև. «Եթե այդպիսին է պարագան մարդու և կնոջ համար, լավ է չամուսնանալ» (Մատթ. 19:25, 10):

    Ուստի, որպեսզի այժմ էլ նման բաներ չասեն, Փրկիչը նախօրոք ցույց է տալիս Իր սահմանած պատվիրանների կատարելիությունը՝ վկայաբերելով մի շարք համոզիչ ապացույցներ և, վերջապես, ներկայացնում է, այսպես ասած, այդ կատարելիության գագաթնակետը, մասնավորապես՝ անդադար աղոթքների զորավիգ օգնությունը, որոնք մեծ մխիթարություն են բերում մեր ջանքերն ի կատար ածելիս:

    Հիսուս ասում է, որ պետք է ոչ միայն ինքներս ջանանք, այլև ի վերուստ օգնություն հայցենք, օգնությո´ւն, որն անպայմանորեն կգա, կժամանի և կթեթևացնի մեր ստանձնած սխրանքների ծանր բեռը, և ամեն ինչ դյուրին կդարձնի մեզ համար: Ահա թե ինչու Փրկիչը մեզ պատգամում է խնդրել և Ինքն էլ խոստանում է, որ մեր այդ խնդրանքները կկատարվեն: Քրիստոս, սակայն, պարզապես չի պատվիրում խնդրել, այլ պատգամում է հայցել մեծագույն խնամքով և ջանասիրությամ, ինչը և արտահայտվում է «փնտրեք» բառով: Իրոք որ, ով փնտրում է, նա, իր փնտրածից զատ մնացյալ ամեն ինչ իր մտքից դուրս վանելով, իր ուշադրությունը լարում է միայն ա´յն բանի վրա, ինչ փնտրում է, և բնավ չի մտածում ներկայի մասին: Իմ խոսքերը լավ կհասկանան բոլոր նրանք, ովքեր, կորցնելով իրենց ոսկին կամ ծառաներին, այնուհետ սկսում են փնտրել կորսվածը: Հենց դա´ է մատնանշում Փրկիչն Իր «փնտրեք» բառով:

    Իսկ ասելով՝ «բախեք», ցույց է տալիս, որ Աստծուն պետք է մոտենալ ուժով և ջերմ մտքով: Ուստի, ով մարդ, մի՛ հուսահատվիր, առաքինության համար շատ ավելի քիչ ջանքեր մի´ գործադրիր, քան ջանում ես հարստության հասնելու համար: Հարստությունը հաճախ չէ, որ կարող ես ձեռբ բերել, թեև բազմիցս փորձես փնտրել (գտնել) այն: Եվ, այդուամենայնիվ, չնայած այն հանգամանքին, որ գիտես` միշտ չէ, որ կարող ես գտնել այն, ամեն դեպքում, բոլոր միջոցներն օգտագործում ես այն ձեռք բերելու համար: Իսկ առաքինության պարագայում, թեև խոստում ունես, որ անպայմանորեն օգնություն կստանաս այն ձեռք բերելու հարցում, սակայն, այդուհանդերձ, չես ցանկանում նույնիսկ մի չնչին ջանք գործադրել այն ձեռք բերելու համար: Եթե անմիջապես չես ստանում, այդ դեպքում նույնպես մի՛ հուսահատվիր: Քրիստոս հենց այս իսկ պատճառով է ասում «բախեք»` ցույց տալու համար, որ, եթե նույնիսկ անմիջապես դուռը չբացվի, միևնույն է, պետք է սպասել դրան:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Խնդրեցէ՛ք Աստծուց, եւ նա կը տայ ձեզ, փնտռեցէ՛ք եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացուի ձեր առաջ.
   
    Խնդրե՛ք, և կտրվի ձեզ, փնտրե՛ք, և կգտնեք, բախե՛ք, և կբացվի ձեր առաջ:

    Նախապես նշված բարձր խորհուրդները ոչ ոք չի կարող այլ կերպ կատարել, քան աղոթքի օգնությամբ, որով անընդհատ, օր ու գիշեր, պետք է դեգերել Աստծո խնամքի դռան առաջ: Եվ ճիշտ է այն, որ [Տերն] այս պատվերը երեքի բաժանեց՝ խնդրել, փնտրել և բախել: Որովհետև կամ աղոթողի միտքը բարձրացրեց դեպի Երրորդության գիտությունը, կամ էլ այսպես է անհրաժեշտ. նախ պետք է խնդրել, այսինքն՝ որոնել, թե ինչ խնդրես, և խնդրելու միջոցով այն գտնելուց հետո հայցել կամեցածը: Իսկ երբ Նա հետաձգում է տալը, դա փափագն աճեցնելու համար է, և որպեսզի հեշտությամբ գտնելով [ուզածը]՝ [մարդը] հեշտությամբ չարհամարհի [այն], ասում է, բախի՛ր, այսինքն՝ պաղատանքով աղաչի՛ր՝ ըստ այսմ. «Աղաչի՛ր Տիրոջը սրտիդ խնդրանքներով» (հմմտ. Սաղմ. 36։4), և թե՝ «Եթե բարեկամության պատճառով չտա, վեր կկենա ու կտա աղաչելու պատճառով» (հմմտ. Ղուկ. 11։8): Որովհետև մարդիկ ձանձրանում են խնդրելուց, իսկ Աստված զայրանում է, երբ չեն աղաչում, բայց երբ աղաչում են, բացում է Իր գութն ու Իր առատ կամքով լցնում: Եվ որ սա այսպես է, այս խոսքն ինքն է երաշխավոր լինում [հետևյալ] շարունակությամբ:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

7-8․ «Խնդրեցե՛ք, և կտրվի ձեզ, փնտրեցե՛ք և կգտնեք, բախեցե՛ք, և կբացվի ձեր առաջ, որովհետև ով որ խնդրի, կստանա, ով որ փնտրի, կգտնի, և ով որ բախի, նրա առաջ կբացվի»:
   

    Խնդրեցեք այն փնտրելին, որը պետք է ձեզ գտնել, ինչպես նախապես ասաց. «Նախ խնդրեցեք Աստծու արքայությունը և Նրա արդարությունը, և այդ բոլորը [Աստված] ձեզ ավելիով կտա» (Մատթ. 6։33): Իսկ եթե խնդրենք [այնպես], ինչպես պետք չէ խնդրել, այնժամ չեք ստանա, ինչպես և ասվեց. «Խնդրում եք և չեք ստանում, որովհետև չարամտորեն եք խնդրում» (Հակոբ. 4։3):

    Արդ, եթե խնդրենք, որպես հարկն է, և բախենք, ինչպես արժանի է՝ ողորմություններով և առաքինի վարքով անելով, այնժամ կբացվի մեզ: Իսկ եթե մեկը չունենա ողորմածություն, այնպիսինին չի բացվի, այլ կլսի [այն խոսքը], որը լսեցին հիմար կույսերը Փեսայից, քանզի չունեին ողորմածություն, այլ մեծամտացած էին լոկ կուսությամբ. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում, հեռացե՛ք ինձնից» (Մատթ. 25։12):

    Սրանից հետո հորդորելով աղոթել և խնդրել, մեջ է բերում այն որդու օրինակը (Մատթ. 7։8), ով իր հորից [հաց] խնդրեց, և հայրը նրան բարիքով պարգևեց և ոչ թե հակառակությամբ: Իսկ եթե մարդիկ, որոնց մտքերը մշտապես գտնվում է չարի ազդեցության տակ, գիտեն իրենց որդիներին բարիքներ պարգևել, որչափ ևս առավել երկնավոր Հայրը, Ով անբավ է մարդասիրությամբ, բարիքներ կպարգևի նրանց, ովքեր արժանապես կխնդրեն և կբախեն:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Խնդրեցէ՛ք Աստծուց, եւ նա կը տայ ձեզ, փնտռեցէ՛ք եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացուի ձեր առաջ
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 7:1