Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Հիսուս, տեսնելով Իրեն շրջապատող ժողովրդի մեծ բազմությունը, աշակերտներին կարգադրեց [ծովի] մյուս կողմն անցնել»։
Տեսնո՞ւմ ես, թե Հիսուս ինչպես նորից ու նորից զերծ մնում փառասիրությունից: Մյուս ավետարանիչներն ասում են, որ Նա դևերին արգելում էր ասել, թե Ինքն Ով է, իսկ Մատթեոսն ասում է, որ Քրիստոս հեռացնում էր ժողովրդին Իրենից: Հիսուս սա անում էր մի կողմից՝ մեզ համեստություն սովորեցնելու համար, մյուս կողմից էլ՝ հրեաների նախանձը զսպելու և մեզ վստահեցնելու համար, որ ոչինչ չարժե անել փառասիրությունից դրդված:
Քրիստոս ոչ միայն բուժում էր մարմինները, այլև շտկում էր հոգիները՝ բարեպաշտություն ուսուցանելով: Հիսուս ցույց էր տալիս Իր Ով լինելը թե´ նրանով, որ բուժում էր հիվանդությունները, և թե´ նրանով, որ ոչինչ չէր անում փառասիրությունից դրդված: Արդարև, շատերը, սիրուց և Փրկչի հանդեպ հիացմունքից ոգեշնչված, մշտապես ցանկանալով վայելել Նրա ներկայությունը, անընդհատ մնում էին Հիսուսի մոտ: Եվ, իսկապես որ, ո՞վ կհեռանար այդպիսի հրաշքներ Գործողից: Ո՞վ չէր ցանկանա պարզապես նայել Փրկչի դեմքին և բերանին, որն այդպիսի խոսքեր էր արտասանում:
Հիսուս արժանի է հիացմունքի ո´չ միայն Իր հրաշքների համար, այլ նույնիսկ Նրա միայն տեսքն էր մեծ հիացմունք առաջացնում, ինչը մատնացույց է անում մարգարեն՝ ասելով. «Գեղեցիկ բոլոր մարդկանց որդիներից…» (Սաղմ. 44:3): Իսկ երբ Եսային ասում է` «Ո՛չ տեսք ուներ Նա և ո՛չ էլ գրավչություն» (հմմտ. Ես. 53:2), նա դա ասում է կա՛մ Աստվածության անըմբռնելի և անասելի փառքի վերաբերությամբ, կա՛մ էլ այն առնչությամբ, ինչ Քրիստոսի հետ պատահեց տառապանքի ժամանակ, մասնավորապես՝ այն անպատվության մասին, որը Նա կրեց խաչելության ժամանակ, կա՛մ էլ, գուցե, մարգարեն նկատի ուներ Հիսուսի խոնարհությունը, որը Նա ցուցաբերում էր ամեն ինչում՝ Իր ամբողջ կյանքի ընթացքում: Ավելին, Փրկիչն Իր աշակերտներին չպատգամեց ծովակի մյուս կողմն անցնել այնքան ժամանակ, քանի դեռ չէր բժշկել մարդկանց հիվանդությունները: Հակառակ դեպքում ժողովուրդը չէր կարող «հանդուրժել» դա: Ինչպես լեռան վրա նրանք Քրիստոսի հետ մնացին ոչ միայն այն ժամանակ, երբ Նա քարոզում էր, այլ նաև հետևեցին Հիսուսին այնժամ, երբ Նա լռում էր, այդպես էլ այստեղ մարդիկ Փրկչին հետևում էին ոչ միայն այն ժամանակ, երբ Նա հրաշքներ էր գործում, այլ նաև` երբ դադարում էր հրաշքներ գործելուց, և նույնիսկ Հիսուսի դեմքին նայելուց իսկ մեծ օգուտ էին ստանում: Իրոք որ, եթե Մովսեսն ուներ փառավորված դեմք, իսկ Ստեփանոսը՝ հրեշտակի դիմագծեր, ապա պատկերացրու, թե ինչպիսին պետք է լիներ ամենքի Տիրոջ տեսքը:
Հավանաբար, շատերն են այրվում Հիսուսի պատկերը տեսնելու ցանկությամբ, բայց եթե մենք ցանկանանք, ապա կտեսնենք շատ ավելի լավ պատկեր: Եթե մենք հույսով անցկացնենք մեր այս ներկա կյանքը, ապա Փրկչին կտեսնենք ամպերի վրա՝ Նրան հանդիպելով Իր անմահ և անեղծ մարմնով: Տե՛ս, թե ինչպիսի խոհեմությամբ է Փրկիչն Իրենից հեռացնում ժողովրդին, որպեսզի չվախեցնի նրանց: Հիսուս չի ասում՝ «հեռացե՛ք», այլ աշակերտներին կարգադրում է ծովակի մյուս կողմն անցնել՝ խոստանալով, որ Ինքը ևս անպայմանորեն կգնա այնտեղ:
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Յիսուս իր շուրջը բազում ժողովուրդ տեսնելով՝ հրամայեց միւս կողմ գնալ:
Հիսուսը, Իր շուրջ շատ ժողովուրդ տեսնելով, հրամայեց գնալ մյուս կողմ:
Որովհետև սիրահարվել էին Նրա վարդապետությանը՝ ըստ այսմ. «Ինձ լսելով՝ անսում էին և խնդությամբ լցվում, երբ խոսում էի նրանց հետ» (հմմտ. Հոբ 29։21-22), ինչպես նաև հրճվում էին Նրա բժշկության հրաշքներով և Նրա աստվածային գեղեցկությունը տեսնելով, թե մարդկանց բոլոր որդիներից որքա՜ն գեղեցիկ էր (Սաղմ. 44։3) և ընտրված բյուրավորների միջից (Երգ 5։10): Եթե Մովսեսի [դեմքը] փառավորվեց (Ելք 34:35), և Ստեփանոսինը հրեշտակի դեմքի փոխվեց (Գործք 6։15), ապա մտածիր, թե ամենքի Տերն ինչպիսի՛ դեմքով պիտի երևար, թեպետ Եսային ասում է. «Նա տեսք չուներ» (Ես. 53։2). դա ասաց կամ Նրա անճառ փառքի, կամ մահվան չարչարանքների, կամ էլ աղքատ ու գծուծ կերպարանքի պատճառով, որը Նա ամենքից ավելի ցույց տվեց: Ուստիև բնավ չէին կամենում հեռանալ Նրանից, և Նա հրամայեց գնալ ծովի մյուս կողմը: Սա ավելի առաջ [չարեց], որովհետև չէին համաձայնի, այլ հրաշքներ գործելուց հետո՝ երեք պատճառով: Նախ՝ որպեսզի խաղաղ վայրում նրանց հավաքելով՝ կյանքի խոսքն ուսուցաներ նրանց. երկրորդ՝ խույս տվեց հրեաների նախանձից, որպեսզի չասեին, թե շատերին է Իր շուրջ հավաքել, ինչպես այստեղ՝ «Ամբողջ աշխարհը գնաց Նրա հետևից» (Հովհ. 12։19). և երրորդ՝ խոնարհության չափն է սովորեցնում, մանավանդ հրաշագործության ժամանակ, որովհետև հրաշքներ էր գործում, բայց փառքից հրաժարվում, որպեսզի չկարծեին, թե ցուցադրաբար է գործում, և մտքով չհիվանդանային:
Իսկ այլաբանորեն՝ կանչեց դեպի հանդերձյալ կյանքը նրանց, ովքեր Նրա մարմինը (Հռոմ. 12։4-5, Ա Կոր. 12։27, Եփես. 1։22-23) դարձան և հավատքի կապով միացան Նրա հետ. սա՛ է «Նրա շուրջ»-ը [նշանակում]՝ ըստ այսմ. «Դե՛, եկեք գնա՛նք այստեղից» (Հովհ. 14։31): Եվ «մյուս կողմ գնալ»-ն այժմ մտքով [է լինում]՝ ըստ առաքյալի. «Վերի՛նը խորհեք» (Կող. 3։2), իսկ հետո [կլինի] հոգով, մարմնով ու մտքով:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Յիսուս իր շուրջը բազում ժողովուրդ տեսնելով՝ հրամայեց միւս կողմ գնալ:
Առաջին անգամն է, որ Ավետարանիչները խոսում են Հիսուսի Գալիլիայի ծովակի արևելյան կողմն անցնելու մասին: Առաջին անգամվա հիշատակությունն ամենևին չի պարտադրում ասել, թե ուրիշ անգամ չէր անցել, որովհետև ավետարանիչները շեշտում են ոչ թե Գալիլիայի հանդիպակաց ափն անցնելու նորությունը, այլ նրանք մատնանշում են անցնելու ընթացքում տեղի ունեցած ալեկոծությունը և վերջինիս հրաշքով հանդարտվելը: Գալիլիո ծովակի արևելյան կողմում գտնվում է Դեկապոլիս գավառը, որ նշանակում է Տասնքաղաքյան գավառ: Այն կազմեց Պոմպեոսը` այդ կողմերը հռոմեացիներին հնազանդեցնելուց հետո: Տասնքաղաքները կատարյալ ճշտությամբ որոշված չեն, որովհետև հետզհետե այլ քաղաքներ ևս մտան այդ կազմավորման մեջ, սակայն Դեկապոլիս անունը մնաց անփոփոխ: Երկիրը մեծամասամբ ասորիների աշխարհի մի մասն էր, սակայն ստվար քանակությամբ հրեա գաղթականներ էին բնակություն հաստատել այդ կողմերում: Հիսուս Գալիլիայից Դեկապոլիս էր անցնում` նրանց քարոզելու մտադրությամբ:
Երեկոյան կողմ էր, «Իբրեւ ընդ երէկս լինէր», երբ Հիսուս Իր աշակերտներին հրամայեց Կառափնայումից նավարկել դեպի հանդիպակաց ծովեզերքը: Ինքն առաջինը նավ մտավ, Իրեն հետևեցին աշակերտները, այսինքն` Տասներկուսը, բայց ոչ բոլորը մի նավի մեջ: Մարկոսը բացահայտորեն ընդգծում է. «Առնուն զնա նաւաւն հանդերձ, եւ զայլ եւս նաւսն որ էին ընդ նմա»: Այդ նավերը հատուկ վարձված չէին, այլ պատկանում էին ձկնորս առաքյալներին, որ միշտ, անհրաժեշտության դեպքում, իրենց տերերի տրամադրության տակ էին և իրենց մերձավորների ու վարձկանների միջոցով էին գործածվում: Սովորաբար ենթադրվում է, նաև նկարագրվում, թե մեկ նավակում էին գտնվում և՛ Հիսուս, և՛ տասներկու առաքյալները և թիավարներն ու առագաստ գործածողները հենց իրենք` առաքյալներն են: Բարոյական նշանակության համար այս ձևը հարմարագույնն է, բայց ավելի պատմական կլինի, եթե մեկից ավելի նավերի առկայությունը և վարձկանների ծառայությունն ընդունենք, իսկ որոշ առաքյալների` որպես նավապետ կամ գլխավոր նավավարի, որովհետև ոչ ձկնորս առաքյալներ ևս կային:
Արդեն գիշեր էր, երբ ճանապարհ ընկան: Ամպամած էր: Երկինքը մթագնում էր և հակառակ կողմից սաստիկ քամի էր փչում: Ալիքներն ուռչում ու մեծանում էին: Նավը դառնում էր կոհակների խաղալիքը և ջուրն սկսում էր լցվել նավակի մեջ, և առագաստի գործածությունը դառնում էր անհնար: Ղեկը չէր կարողանում պահել նավի ուղղությունը և թիավարները չէին կարողանում դիմադրել ալիքների զորությանը: Նավակը մատնվել էր քամուն ու ալիքներին, մնացել բախտի քմահաճույքին: Ակներև էր ընկղմվելու վտանգը:
Նավում եղողներն իրար էին անցել, վերջին ճգնաժամի մեջ ամեն ջանք ու ճարտարություն գործադրելով: Միայն Հիսուս, անցուդարձին անտեղյակ ու ծովի ալեկոծության նկատմամբ անտարբեր, գիշերային քունն էր վայելում նավախելում, այսինքն` նավի ետևի կամ ղեկի կողմում, բարձի կամ մինդարի վրա պառկած: Աշակերտները չէին կամենում Հիսուսին անհանգստացնել, նրա անուշ քունը խանգարել, և որպես հինավուրց ձկնորսներ և հմուտ նավավարներ, վստահելով իրենց հմտությանը, մի պահ ձայն չէին հանում: Բայց, ի վերջո համոզվելով, որ իրենց ճիգերն ապարդյուն են անցնում և նավը ալիքների մեջ մտնելով ու ելնելով ջրով էր լցվում, նավակողերն էլ կոհակների զորությանը տեղիք էին տալիս, վերջին հուսահատության մեջ սկսում են բղավել. «Վարդապե՛տ, վարդապե՛տ, ոչինչ է քեզ փոյթ` զի կորնչիմք աւասիկ. Տէ՛ր, փրկեա՛ զմեզ` զի կորնչիմք»: Ավետարանիչների խոսքերը միմյանց հարակցելով` գտնում ենք, որ առաքյալների ասածների մի մասը զարմանքի և բողոքի իմաստ ունի. ինչպե՞ս է, որ նման սարսափելի վայրկյանին նա կարողանում է հանգիստ քնել, մինչ թե՛ Իրեն և թե՛ առաքյալներին սպառնում էր խեղդվելու վերահաս վտանգը: Իսկ մյուս մասն աղաչանքի և պաղատանքի իմաստ է արտահայտում` խնդրելով Հիսուսին հեռացնել վտանգը: Առաքյալներն անշուշտ Հիսուսից նավապետի վարպետություն չէին ակնկալում, քանի որ հմուտ չէր իրենց արհեստին, այլ միմիայն հրաշքի, ինչպես ուրիշ փորձյալներին էր հասնում օգնության:
Հիսուս արթնացավ, նայեց չորս կողմը, տեսավ առաքյալների շփոթությունը, նկատեց ծովի վիճակը և, միանգամից ոտքի կանգնելով, հրամայական շեշտով Իր խոսքը դեպի քամին ու ծովն ուղղելով, բարձրաձայն ասաց. «Դադարեա՛, կարկեա՛ց»: Իսկույն իրենց սաստկությունը թողեցին թե՛ ծովը և թե՛ քամին: Հանդարտվեցին և համատարած խաղաղություն տիրեց: Երբ առաքյալները զարմանքով, իրենց սպասածից էլ ավելին տեսնելով, հայտնված զորությունից հիանում էին, Հիսուս հանդիմանական շեշտով սկսեց նրանց մեղադրել. «Թերահավատներ, ինչո՞ւ եք այդպես վատսիրտ. այդքան զորություններ ու հրաշքներ տեսաք, բայց տակավին ինձ վրա պետք եղած հավատքը չունեցաք. ո՞ւր է այն հավատքը, որ ստեպ խոսքով շտապում էիք հայտնել. արդյոք այսպիսի պարագաներում չէ՞, որ պիտի զորավոր հավատք դրսևորեք, և քանի որ ես ձեզ հետ եմ, հուսահատության չմատնվեիք»:
Ավետարանիչները միաձայն պատմում են, թե առաքյալները նորօրինակ զարմանք ապրեցին այդ առիթով: Հիվանդների, վարակվածների և դիվահարների բժշկություններ հարյուրներով էին տեսել: Հավատացած էին Հիսուսի Աստվածային կարողություններին: Սակայն ծովին ու քամուն իշխելը, այդ հրաշքների հետ բաղդատելիս, տարբերվում էր, քանի որ իրենց արհեստի փորձառությամբ գիտեին, թե քամուն ու ծովին դեմ գնալը, քամին ու ծովը հանդարտեցնել մարդկային կարողությունից դուրս են: Ուստի Հիսուսին որպես խոստացված Մեսիա ճանաչած լինելով հանդերձ` տակավին միմյանց հարցնում էին. «Ո՞ արդեօք իցէ սա. Ո՞րպիսի ոք իցէ սա»:
Նրանք, որ մանր-մունր բաների հետևից ընկնելու սովորութունն ունեն, փորձում են պարզել, թե Հիսուս այդ շփոթության մեջ արդյոք քնա՞ծ էր, թե` քնած էր ձևացնում: Ինչո՞ւ ալեկոծությունը հենց սկզբից չէր կանխում կամ գուցե ցանկանալո՞վ էր ալեկոծություն առաջացրել: Քամին ու ծովը միանգամից, թե՞ աստիճանաբար հանդարտվեցին: Այս և նմանատիպ խնդիրների շուրջ խորհելը ավելորդ ենք համարում` բավարարվելով Ավետարանի գրածներն իբրև եղելություններ ընդունելով ճիշտ այնպես, ինչպես որ գրված են:
Ծովի ալեկոծության և խաղաղեցման բոլոր պարագաները գեղեցիկ կերպով համեմատվում են կենաց պայքարի հուզումների հետ, երբ ոչ թե մեր զորությամբ, այլ Աստուծո օգնությամբ կարող ենք յադ պայքարում անվտանգ մնալ: Այդ առակավոր մեկնությունը սիրով է գործածվում քարոզիչների կողմից, ինչպես շատ պատմական եղելություններ օրինակ են դառնում խրատական և բարոյական սկզբունքների համար:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: