Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Եվ երբ Նա նավ մտավ, Նրա աշակերտները գնացին Նրա հետևից»։
Ղուկասը, առանց ժամանակային հաջորդականությունը հետազոտելու, ասում է այսպես. «Մի օր Ինքը նավակ նստեց Իր աշակերտների հետ» (Ղուկ. 8:22): Նույն կերպ է ասում նաև Մարկոսը:
Բայց Մատթեոսն այդպես չի վարվում. նա այստեղ պահպանում է նաև դեպքերի հաջորդականությունը: Ոչ բոլոր ավետարանիչներն են ամեն ինչի մասին միանման եղանակով գրել, - ինչի մասին ես ավելի վաղ խոսել եմ, - որպեսզի ոչ ոք առկա բացթողումներից չեզրակացնի, թե ավետարանիչների միջև հակասություն կա:
Ուրեմն, Քրիստոս նախ հեռացրեց ժողովրդին, իսկ աշակերտներին վերցրեց Իր հետ, ինչպես նրանք իսկ վկայում են այդ մասին: Հիսուս Իր հետ վերցրեց նրանց ո´չ թե առանց նպատակի և կամ առանց մտադրության, այլ որպեսզի Իր աշակերտներին դարձնի ա´յն հրաշքի դիտորդները, որը պետք է կատարվեր: Քրիստոս, որպես երեխաների լավագույն դաստիարակ, Իր աշակերտներին սովորեցնում էր, որ, մի կողմից, նրանք անվախ լինեն դժբախտությունների մեջ, իսկ մյուս կողմից՝ խոնարհվեն պատիվների արժանանալու ժամանակ: Ուստի, որպեսզի աշակերտները չհպարտանային նրանով, որ Փրկիչը, մյուսներին Իրենից հեռացնելով, նրանց Իր մոտ պահեց, նախ` Իր այս նպատակի և, միաժամանակ նաև` Իր աշակերտներին փորձությունները քաջությամբ հաղթահարելու ուսուցումը փոխանցելու համար` Հիսուս թույլ տվեց, որ նրանք տարուբերվեն ալիքներից:
Թեև, իհարկե, մեծ էին նաև նախկին հրաշքները, բայց այս հրաշքն իր մեջ բովանդակում էր մի ոչ փոքր պատգամ, և միաժամանակ նաև այն մի հրաշք էր` նման հնում կատարված հրաշքներին: Այս իսկ պատճառով էլ Փրկիչն Իր հետ վերցնում է միայն աշակերտներին: Որտեղ միայն հրաշքներ էին կատարվելու, այնտեղ Քրիստոս թույլ էր տալիս, որ ժողովուրդն էլ ներկա լիներ, բայց որտեղ սպասվում էին նաև փորձություններ և սարսափազդու իրադարձություններ, այնտեղ Նա Իր հետ վերցնում էր միայն այս աշխարհի մարտիկներին, որոնց Նա ցանկանում էր փոխանցել Իր ուսուցումը:
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Երբ նա նաւակ մտաւ, նրա յետեւից գնացին իր աշակերտները:
Երբ նավ մտավ, Նրա աշակերտները հետևեցին Նրան:
Ղուկասը հոգ չի տանում ժամանակը նշելու, այլ միայն [ասում է]. «Օրերից մի օր», այդպես էլ Մարկոսը (Ղուկ. 8։22, Մարկ. 4։35), իսկ Մատթեոսը, թեպետ [սովորաբար] նույնպես է [վարվում], սակայն այստեղ նշում է. «Երբ նավ մտավ»: Նախ ժողովրդին [ծովի] մյուս կողմն ուղարկեց, այժմ էլ աշակերտներին Իր հետևից տանելով՝ թույլ է տալիս, որ ծովն ալեկոծվի, որպեսզի դրանով աշխարհում [բնակվող] վարդապետներին ժուժկալություն սովորեցնի՝ փորձությունների մեջ համբերատար լինելու: Այստեղ ուշադրություն դարձրու նաև աշակերտների՝ [Նրա հետ] մտերմությանը, թե ինչպես էին ամեն տեղ գնում [Նրա հետևից], այնքան, որ նույնիսկ ծովի երկյուղը չէր նահանջեցնում նրանց:
Ստեփանոս Սյունեցի (†735
23-24․ Երբ նա նաւակ մտաւ, նրա յետեւից գնացին իր աշակերտները: Եւ ահա ծովի վրայ մեծ փոթորիկ առաջացաւ, այնքան, որ նաւակը ծածկուեց ալիքներից: Իսկ ինքը ննջում էր:
«Եվ երբ նա նավակ մտավ, նրա ետևից գնացին իր աշակերտները: Եվ ահա ծովի վրա մեծ փոթորիկ առաջացավ, այնքան, որ նավակը ծածկվեց ալիքներից: Իսկ ինքը ննջում էր»:
Աներևույթ Աստվածությամբ սաստելով ծովի տեսանելի հողմերը մեծ խաղաղություն արեց, որպես ամենքի Արարիչ և Տեր: Փոթորիկն ու խռովությունը հոգիների խռովության ու ալեկոծության խորհրդանիշն են, որ լինում են սատանայից: Այդպիսի հոգիների համար Քրիստոս ննջած է ասվում, և չի ներգործում ու ազդում, մինչև որ աշակերտներն եկան և քարոզությամբ ու աղաչանքներով արթնացրին Քրիստոսին՝ մարդկային սերնդի փրկության համար, Ով էլ Իր մարդասիրությամբ գալով այս երևելի աշխարհը՝ ամբարշտությամբ ու կռապաշտությամբ հուզված և ալեկոծված ծովը, դադարեցրեց անաստվածության մոլորությունից ու ալեկոծությունից:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
23-27․ Երբ նա նաւակ մտաւ, նրա յետեւից գնացին իր աշակերտները: Եւ ահա ծովի վրայ մեծ փոթորիկ առաջացաւ, այնքան, որ նաւակը ծածկուեց ալիքներից: Իսկ ինքը ննջում էր: Եւ աշակերտները մօտենալով՝ վեր կացրին նրան ու ասացին. «Տէ՛ր, փրկի՛ր մեզ, որովհետեւ կորչում ենք»: Նրանց ասաց. «Ինչո՞ւ էք վախկոտ, թերահաւատնե՛ր»: Այն ժամանակ, վեր կենալով, սաստեց հողմերին եւ ծովին, ու մեծ խաղաղութիւն եղաւ: Եւ մարդիկ զարմացան ու ասում էին. «Ինչպիսի՜ մէկն է սա, որ հողմերն ու ծովը հնազանդւում են սրան»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 8:18
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: