Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
5-7. «Երբ Հիսուս Կափառնաում մտավ, Նրան մոտեցավ մի հարյուրապետ, և աղաչում էր նրան»: «Տե՛ր, ծառաս անդամալույծ պառկած է տանը և սարսափելի տառապում է»։ «Հիսուս նրան ասաց. «Ես կգամ ու կբժշկեմ նրան»»։
Բորոտը մոտեցավ Հիսուսին այն ժամանակ, երբ Հիսուս իջավ լեռից, իսկ ահա այս հարյուրապետը՝ երբ Քրիստոս եկավ Կափառնայում: Ինչո՞ւ ո´չ մեկը, ո´չ մյուսը (այսինքն` ո´չ բորոտը, ո´չ էլ հարյուրապետը) չբարձրացան լեռը: Անշուշտ, ոչ իրենց անփութության պատճառով, քանի որ երկուսն էլ ունեին բոցավառ հավատ, այլ որպեսզի չընդհատեին Փրկչի քարոզությունը: Հարյուրապետը, մոտենալով, ասաց. «Ծառաս անդամալույծ պառկած է տանը և սարսափելի տառապում է»: Ոմանք ասում են, որ հարյուրապետը, ի պաշտպանություն իրեն, ներկայացրեց նաև այն պատճառը, թե ինչու իր ծառային չէր տարել Հիսուսի մոտ: «Անհնար էր, - կարծես թե արդարանում է նա, - որ ինձ հետ բերեի այդ անդամալույծին, որը տանջվում և գտնվում էր հոգեվարքի մեջ: Իսկ այն, որ պատանի ծառան իր հոգեվարքի մեջ էր, սա վկայում է Ղուկասը՝ «մեռնելու մոտ էր» (մահամերձ էր) խոսքով (Ղուկ. 7:2): Իմ կարծիքով, սակայն, սա ցույց է տալիս հարյուրապետի մեծ հավատը, որ նույնիսկ շատ ավելի մեծ էր այն հավատից, որն ունեին նրանք, ովքեր [անդամալույծին] տանիքով իջեցրին Հիսուսի մոտ: Քանի որ այս հարյուրապետը հստակ գիտեր, որ բավական է միայն մեկ հրամանը, որպեսզի պառկածը վեր կենա. ահա թե ինչու հարյուրապետն ավելորդ համարեց իր ծառային Հիսուսի մոտ բերելը: Իսկ ի՞նչ է անում Հիսուս: Այն, ինչ նախկինում ոչ մի տեղ չէր արել: Բոլոր այլ դեպքերում Փրկիչն ընդառաջում էր Իրեն դիմողների խնդրանքին, իսկ այստեղ Ինքն է նախօրոք կանխում հարյուրապետի ցանկությունը և խոստանում է ոչ միայն բուժել, այլև գնալ նրա տուն:
Եվ Հիսուս այս կերպ է վարվում ա´յն բանի համար, որպեսզի մենք ճանաչենք հարյուրապետի առաքինությունը: Եթե Հիսուս սա չխոստանար, այլ միայն ասեր՝ «Գնա՛, և քո ծառան թող բժշկվի», - ապա մենք բոլորովին չէինք իմանա հարյուրապետի առաքինության մասին: Նույնը, թեև հակառակ կերպով, Հիսուս արեց նաև փյունիկեցի կնոջ պարագայում: Այստեղ արդեն, առանց հրավերի, Ինքն Իր կամքով խոստանում է գնալ տուն, որպեսզի դու ճանաչես հարյուրապետի հավատն ու մեծ խոնարհությունը: Իսկ փյունիկեցի կնոջը մերժում է պարգև տալ և կարծես չի բավարարում նրա սպասումները: Որպես փորձառու և խորաթափանց բժիշկ՝ Քրիստոս գիտի, թե ինչպես «հակառակից» ստանալ «հակառակը»:
Այսպես, այստեղ Հիսուս բացահայտում է հարյուրապետի հավատը՝ ինքնակամ խոստանալով գնալ նրա տուն, իսկ այնտեղ բացահայտում փյունիկեցի կնոջ հավատը՝ երկարատև հետաձգումով և մերժումով: Այդպես Նա վարվեց նաև Աբրահամի հետ՝ ասելով. «Մի՞թե ես Իմ ծառա Աբրահամից գաղտնի պիտի պահեմ այն, ինչ անելու եմ» (Ծննդ. 18:17), - որպեսզի դու ճանաչես նրա սերը և հոգատարությունը սոդոմացիների հանդեպ: Նույն կերպ նաև, Ղովտի մոտ ուղարկվածները հրաժարվում են նրա մոտ գնալ, որպեսզի դու ճանաչես այդ արդարի մեծ հյուրասիրությունը (տե´ս Ծննդ. 3:19 - «Ղովտը նրանց շատ ստիպեց, և նրանք դարձան նրա կողմը ու մտան նրա տունը):
Հովհաննես Ծործորեցի (†1338)
5-6. Կափառնայում մտնելիս նրան մօտեցաւ մի հարիւրապետ. աղաչում էր նրան եւ ասում. «Տէ՛ր, ծառաս տանը անդամալոյծ ընկած է եւ չարաչար տանջւում է»:
Երբ մտավ Կափառնաում, Նրան մի հարյուրապես մոտեցավ, աղաչում էր Նրան և ասում. «Տե՛ր, երեխաս անդամալույծ ընկած է տանը՝ չարաչար տանջվելով»:
[Տերն] ամենուրեք շրջում էր, որպեսզի ամեն տեղ արքայության հույսը տարածեր, բայց տե՛ս, որ երբ լեռից իջավ, բորոտն ընդառաջ ելավ, և երբ Կափառնաում մտավ, հարյուրապետը մոտեցավ: Սրանցից ոչ ոք լեռը չբարձրացավ. ո՛չ ծուլության պատճառով, քանի որ ջերմ հավատ ունեին, այլ որպեսզի չխանգարեին Նրա ուսուցանմանը: Իսկ Ղուկասն ասում է (Ղուկ. 7։3-5), որ [հարյուրապետը] ծերեր և բարեկամներ ուղարկեց, ովքեր գնացին և ասես ծառայություն մատուցելով՝ [հարյուրապետի մասին ասում էին]. «Սիրում է մեր ազգը», և չգիտեին ինչպես գովել: Որովհետև պետք էր ասել թե՝ «Ինքը կամեցավ գալ ու աղաչել, բայց չհամարձակվեց, մանավանդ որ մենք էլ արգելեցինք՝ տեսնելով նրա վիշտն ու ցավը», բայց այսպես չասացին, որովհետև նախանձից չէին կամենում հայտնել այդ մարդու հավատը: Իսկ Մատթեոսն ասում է, որ [հարյուրապետն] ինքը գնաց: Արդ՝ կամ տարբեր են այս հարյուրապետերը, կամ էլ [հարյուրապետը] նախ ծերերին ուղարկեց և երբ իմա ցավ, որ [Հիսուսն] իր տուն է գալիս, ինքն ընդառաջ ելավ և աղերսելով ասաց. «Տե՛ր, երեխաս [անդամալույծ] ընկած է [տանը]»: Ոմանք ասում են, որ սրանով հայտնում է երեխային [Հիսուսի մոտ] չտանելու պատճառը, թե՝ ինչպե՞ս էր հնարավոր մերձիմահ հիվանդին վերցնել բերել: Բայց ես սա համարում եմ մեծ հավատի նշան, առավել, քան նրանցը, ովքեր [անդամալույծին] ձեղունից կախեցին (Ղուկ. 5։18-25): Որովհետև [հարյուրապետը] ստույգ գիտեր, որ [Հիսուսի] միայն հրամանը բավական է տառապողին ոտքի կանգնեցնելու, ուստիև ավելորդ էր նրան բերելը: Այլև, երեխայի դժբախտության մասին պատմելով, մաղթում է, որ [Տիրոջ] գութը խոնարհվի դեպի իր տունը: Սա երևում է հետևյալ պատասխանից:
Ստեփանոս Սյունեցի (†735)
Կափառնայում մտնելիս նրան մօտեցաւ մի հարիւրապետ. աղաչում էր նրան
«Կափառնայում մտնելիս Նրան մոտեցավ մի հարյուրապետ. աղաչում էր Նրան և ասում...» և այլն:
Ըստ Մատթեոսի, այս երկրորդ նշանն [էր, որ] բժշկեց հարյուրապետի ծառային՝ նրանից հեռու գտնվելով, քանի որ հարյուրապետը ասաց, թե արժանի չեմ, որ Դու իմ հարկի տակ մտնես (Մատթ. 8։8): [Եվ Հիսուս] զարմացավ հարյուրապետի հավատքի և ասածի վրա, թե ես էլ իշխանության տակ եղող մարդ եմ, [ինձ ենթակա զինվորներ ունեմ], սրան ասում են՝ գնա՛, և գնում է, և ուրիշին, թե՝ ե՛կ, և գալիս է․ և իր ծառային, թե՝ արա՛ այս, և անում է (Մատթ. 8։9): Ինչպես բոլոր նրանք, ովքեր Իմ իշխանության տակ են, -ասում է հարյուրապետը, -կատարում են Իմ բոլոր հրամանները, նույնպես և բոլոր զորությունները, հրեշտակների դասերը, և այլ աներևույթ արարածները, որոնք կարգված են Քո իշխանության տակ, հնազանդվում են Քեզ: Հրամայելով առաքիր Քո ծառաներից՝ հրեշտակներից մեկին, որպեսզի գալով՝ բժշկի իմ ծառային:
Արդ, զարմանում է ոչ միայն հարյուրապետի ասածի վրա, թե արժանի չեմ, որպեսզի Դու իմ հարկի տակ մտնես, այլև նրա հավատքի վրա, քանի որ Նրան Արարիչ և բոլոր արարածների՝ երևելիների և աներևույթների Տեր ճանաչեց, ինչպես ինքն էր իր բոլոր ծառաների տերն ու իշխանը: Այդ իսկ պատճառով ճշմարտապես վկայվեց Քրիստոսից, որ ամբողջ Իսրայելի մեջ չգտնվեց այսպիսի հավատ (Մատթ. 8։10):
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
5-13․ Կափառնայում մտնելիս նրան մօտեցաւ մի հարիւրապետ. աղաչում էր նրան եւ ասում. «Տէ՛ր, ծառաս տանը անդամալոյծ ընկած է եւ չարաչար տանջւում է»: Յիսուս նրան ասաց. «Ես կը գամ եւ կը բժշկեմ նրան»: Հարիւրապետը պատասխանեց եւ ասաց. «Տէ՛ր, ես արժանի չեմ, որ դու իմ յարկի տակ մտնես. այլ խօսքո՛վ ասա, եւ իմ ծառան կը բժշկուի. քանի որ ես էլ իշխանութեան տակ եղող մարդ եմ, ինձ ենթակայ զինուորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, եւ գնում է, եւ մի ուրիշին, թէ՝ ե՛կ, եւ գալիս է. եւ իմ ծառային, թէ՝ արա՛ այս, եւ անում է»: Երբ Յիսուս այս լսեց, զարմացաւ եւ իր հետ գնացողներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայէլի մէջ իսկ այսպիսի հաւատ չգտայ երբեք: Բայց ասում եմ ձեզ, որ արեւելքից եւ արեւմուտքից շատերը պիտի գան ու երկնքի արքայութեան մէջ սեղան պիտի նստեն Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի հետ. իսկ արքայութեան որդիները պիտի ելնեն արտաքին խաւարը. այնտեղ պիտի լինի լաց եւ ատամների կրճտում»: Եւ Յիսուս հարիւրապետին ասաց. «Գնա՛, եւ ինչպէս հաւատացիր, այնպէս թող լինի քեզ»: Եւ այդ նոյն ժամին նրա ծառան առողջացաւ:
Հիսուսի Կափառնայում հասնելու լուրը ուրախացրեց քաղաքի հիվանդներին ու ուխտավորներին, որոնք արդեն որերորդ օրվանից զրկված էին հրաշագործ բժշկի ներկայությունից, և նա բոլորի սրտերի մեջ վառեց մոտալուտ առողջության հույսը: Մինչև հիմա միայն հրեաներն էին, որ դիմում էին Հիսուսին, և կարող էր կարծիք ստեղծվել, որ Հիսուսը միայն իրեններին, իր հավատքին ու կրոնին պատկանողներին է բավարարում: Բայց այնքան ընդարձակված էր Հիսուսի բարությունն և բոլոր ուխտավորների վրա հավասարապես ցույց տված կարեկցությունը, որ կրոնապաշտ հռոմեացիներն սկսեցին հուսալ, որ Հիսուսն իրենց հիվանդներին կբժշկի:
Կափառնայումում հռոմեացի պահակ զինվորների մի ջոկատ կար, թեպետ քաղաքը պատկանում էր Գալիլիայի չորրորդապետությանը,սակայն Հռոմեական կայսրության իշխանության ներքո էր, և սահմանագլուխների պաշտպանությունն և քաղաքում կարևորություն ներկայացնող կետերը պահվում էին հռոմեացիների կողմից: Հռոմեական ջոկատի հարյուրապետը մի սիրելի ծառա ուներ. ծառա բառը պետք է հասկանանք իր խիստ նշանակությամբ: Իր տիրոջ սեփական և հարազատ որդու պես սիրել ընդոծին, գերի մի տղա: Մատթեոսը նրան «մանուկ» է անվանում, որ պետք չէ որդի հասկանալ, այլ «ծառայ»` ինչպես ասում է Ղուկասը, որովհետև իր տիրոջ զավակի չափ սիրելի էր: Այդպիսի մանուկների գոյությունը հայտնի է պատմություններից և փորձառություններից: Ուրմեն` այդ տղան ծանր հիվանդացել էր, հարյուրապետի խնամքն ու դարմաններն ապարդյուն էին անցել,ախտը սաստկացել և բժշկությունը անհուսալի էր դարձել: Ավետարանները հիվանդության անունը չեն տալիս:
Հարյուրապետը լսեց Հիսուսի քաղաք վերադառնալու մասին և մտածեց, թե արդյո՞ք հնարավոր չէ օգտվել այդ առիթից` տղային բժշկելու համար: Բայց ինքը հեթանոս էր և Հիսուս հեթանոսների համար դեռ ոչինչ չէր արել: Նա իր որոշումը հայտնեց հրեաների գլխավորներից մի քանիսին, որովհետև ամենալավ հարաբերություններով էր կապված նրանց հետ: Նա սիրում էր ժողովրդին, նրանց հետ օրենքով և սիրով էր վարվում, նրանց օգնում էր, մինչև իսկ ժողավարանի շինության պաշտպանությունն էր կազմակերպել և ծախսերին էր նպաստել: Հրեաների գլխավորները չմերժեցին հարյուրապետի խնդրանքն և հանձն առան գնալ Հիսուսի մոտ` աղաչել և միջնորդել. Հարյուրապետն էլ հավանություն տվեց այդ առաջարկին և հրեաների գլխավորներից մի քանիսին ուղարկեց Հիսուսին տեսնելու և նրա հետ խոսելու համար:Սրանք եկան, ներկայացան Հիսուսին, աղաչեցին, թախանձեցին և մեկ առ մեկ պատմեցին հարյուրապետի կատարած բարիքների մասին. ուզում էին ասել, որ եթե բուն հրեա չէ, սակայն հրեայից ավելի օգտակար է եղել հրեությանը, և հնարավոր բան է հարյուրապետի խնդրանքը կատարել նույնիսկ հրեության օգտի տեսակետից: Ավետարանը չի ասում, որ Հիսուս դժկամություն ցույց տվեց, բայց «աղաչէին զնզ ստեպ» ցույց է տալիս, որ Հիսուս միանգամից հավանութուն չտվեց: Ոչ թե շնորհ անելու դժկամություն ուներ, այլ հրեաների թախանձանքները ավելացնել տալով. Ցանկանալով փարիսեցիների և դպիրների հակառակության առաջն առնել, որոնք կռապաշտներին մոտենալը կարող էին ամբաստանության պատճառ դարձնել: Առանց այդ էլ Հիսուսին անծանոթ չէին հարյուրապետի արժանիքն էլ, հավատքն էլ և նրա հիվանդին բժշկելու դժվարություն չուներ: Վերջապես Հիսուս տեղի տալով հրեաների աղաչանքներին, ճամփա դուրս եկավ` հիվանդի մոտ գնալու համար:
Լուրը հասավ հարյուրապետին, նա շատ ուրախացավ, շփոթվեց: Նա գիտեր, որ հրեաները հեթանոսի տուն չեն մտնում, որպեսզի չպղծվեն և Հիսուս էլ ուրիշ կերպ չէր կարող վարվել, հետևաբար նա Հիսուսին չէր կարող իր տուն` հիվանդի մոտ տանել բժշկելու համար: Չիմանալով ինչ անել, նա իր բարեկամներից ոմանց աղաչեց` որ ելնեն Հիսուսին դիմավորեն, երբ նա բավականին մոտեցել էր տանը. «Իբրեւ ոչինչ կարի հեռի էի ի տանեն» և հայտնեն, որ ինքը արժանի չէ Հիսուսին իր տունը ընդունել և դրա համար էլ ինքն անձամբ չներկայացավ և միջնորդներ ուղարկեց, բայց դա արգելք չէ բժշկություն շնորհելու համար, որովհետև ինքը հավատում է, որ Հիսուս հեռվից էլ կարող է բժշկություններ կատարել, և որ հիվանդությունները Հիսուսին են հնազանդվում, ինչպես զինվորները հարյուրապետին: Ինչպես որ զինվորներից մեկին հարյուրապետի «արի՛» ասելուց հետո զինվորը գալիս է, կամ, երբ ասում է «գնա՛», զինվորը գնում է, նույնպես, եթե Հիսուսը տղայի հիվանդությանն ասի «գնա՛» , հիվանդությունը կհնազանդվի և կգնա. ահա այս է հարյուրապետի հավատքը: Հիսուսը այս հայտարարությունը լսելուց հետո կրկնում է, որ ուզում է գալ և բժշկել հիվանդին: Հարյուրապետը կրկին մեծ շփոթմունքի մեջ է ընկնում. Հիսուս պետք է զգուշանա հեթանոսի տուն մտնելուց, և եթե բժշկությունն էլ նրա գալու հետ կապ ունի` բժշկությունը չպետք է կատարվի, պետք է, որ Հիսուս բարեհաճի հեռվից բժշկել, որպեսզի գործի հաջողությունը ապահովվի: Այս անգամ ինքն էլ անձամբ տնից ելնում և Հիսուսին ընդառաջ է գնում, բարեկամներին ասված խոսքը ինքն էլ է կրկնում, ավելի ազդու շեշտով և անկեղծ հավատքով: Զինվորի կամ ծառայի` հարյուրապետի հանդեպ հնազանդության օրինակը, հիվանդությունների Հիսուսին հնազանդվելու հետ է նորից բաղդատվում, և պաղատում է` որ Հիսուս տնից դուրս էլ տան մեջ եղած հիվանդը բժշկի: Հիսուսին աղաչող հրեաներ և ուրիշ ներկաներ, հավանաբար նույնիսկ աշակերտներն էլ սաստկացնում են միջնորդությունները. Վերջապես Հիսուս ընդառաջում է. «Այսպիսի հավատ, - ասում է, - հրեաների մեջ ամենևին չհանդիպեցի, բայց այսպես էլ պիտի լինի: Արևելքից, արևմուտքից և աշխարհի ամեն կողմերից հրեա չեղողները իմ քարոզած վարդապետությունը պիտի ընդունեն, և իմ հաստատած Ավետարանին պիտի հետևեն և Երկնքի Արքայության մասնակից պիտի լինեն, իբրև Աբրահամի, Իսահակի և Հակոբի` հավատացյալ նահապետների զավականեր: Իսկ նրանք, որ այդ նահապետների բուն զավակներն են իրենց կարծում, պիտի զրկվեն իրենց իրավունքից, լուսավոր օթևաններից դուրս պիտի վռնդվեն և խավարի մատնվեն ու սրտի ցավերից պիտի լաց լինեն և ողբան ու առաջինների բարեբախտության վրա ատամները պիտի կրճտեն»:
Այս խոսքերից հետո Հիսուս դառնում է հարյուրապետի և նրա պատգամավոր բարեկամների կողմը և ասում. «Լավ, ուրեմն ինչպես որ հավատում ես, այնպես էլ թող լինի. վստահությամբ տուն դարձիր, հիվանդդ բժշկվեց այս վայրկյանին»: Հարյուրապետը սպասում էր այդ հրամանին, վստահ լինելով` թե Հիսուսի կամքն ու հրամանը բավական են: Բոլորը միասին վերադառնում են տուն, և ահա հիվանդ տղան ողջ և առողջ դիմավորում է նրանց:
Հարյուրապետի ծառայի բժշկության պատմությունը կազմեցինք միացնելով Մատթեոսի և Ղուկասի պատմությունները: Սակայն չպիտի մոռանալ, որ երկու ավետարանիչները, թեպետև նմանօրինակ բժշկության մասի են պատմում, սակայն բավականին տարբեր պարագաներ ունեն: Մատթեոսի մոտ հիվանդը հարյուրապետի մանուկն է, մինչ Ղուկասի մոտ` հարյուրապետի ծառան, թերևս նրա սիրելին կամ պատվելին: Մատթեոսի ավետարանում հարյուրապետը միանգամից ներկայանում է Հիսուսին և խոսում. մինչ Ղուկասի մոտ` սկզբից միջնորդության են գալիս հրեից ծերերը կամ գլխավորները, հետո խոսում են հարյուրապետի բարեկամները կամ պատգամավորները, իսկ հարյուրապետը անձամբ չի երևում: Նույնիսկ Գալիլիայում, Հերովդես Անտիպաս հրեա չորրորդապետի իշխանության ներքո,մի հեթանոս հարյուրապետի ներկայությունը խնդրո առարկա է եղել, և Հերովդես Անտիպասի մեծամեծերից թագավորազնի որդու բժշկությունը, որը պատմում է Հովհաննեսը (Յովհ. 4։46-52 ), հարյուրապետի պատմությանը բավականին նման կետեր ունի:
Այդ դիտողությունների հետևությամբ մեկնիչների միջև գոյացել են կարծիքների տարբերություններ, և երբ ոմանք մի կողմից Մատթեոսի, Ղուկասի և Հովհաննեսի պատմությունները ուզում են մեկ բժշկություն համարել, մյուս կողմից ուրիշներն էլ ոչ միայն Հովհաննեսի, այլ Մատթեոսի և Ղուկասի պատմածներն էլ իրարից զատելով ուզում են երեք տարբեր բժշկությունների բաժանել: Մենք, դիտելով որ Հովհաննեսի պատմածը ժամանակով և այլ պարագաներով ներկայացնում է հիմանական տարբերությունը, այն արդեն առանձնացրեցինք (Հովհ․ 4։46-54), իսկ Մատթեոսի և Ղուկասի պատմածները այնչափ նույնություններ ունեն, որ զատելն անհնարին է: Հրեա ծերերի միջնորդելը մի պարագա է, որ Մատթեոսը չի հիշում, իսկ հարյուրապետի բարեկամների խոսքերը, որոնք Մատթեոսը նույնիսկ հարյուրապետին է վերագրում, հավանաբար միևնույն խոսքերը թե՛ առաջինների և թե՛ վերջինների կողմից ասված և կրկնված են, ինչպես մենք էլ ասացինք: Բոլորովին անհավանական չէ նաև նրանց կարծիքը, որ ասում են, թե պատգամավորի ասածը ուղարկողի ասածն է, և պատգամավորի խոսքը ուղարկողին վերագրելը, բոլորովին իրողությունը փոխել չէ, որով ուզում են բացառել հարյուրապետի ներկայանալը, բայց մենք այդ նախադասելի չենք համարում:
Իսկ հեթանոս հարյուրապետի հրեա իշխանի սահմանների մեջ գտնվելու կարծիքները տարբեր են, քանի որ Ավետարանները այդ մասին ամենևին չեն ակնարկում: Ըստ ոմանց` բոլոր Հերովդեսներն էլ իրենց ծառայության մեջ ունեին նաև հեթանոս պաշտոնյաներ, իսկ ըստ այլոց` հռոմեացիները նույնիսկ Հերովդես Անտիպասի գավառների մեջ` տեղ- տեղ պահակագնդեր էին դրել ի ապահովություն և ի պաշտպանություն կայսերական սահմանների: Հարյուրապետը, թեև պաշտոնապես հեթանոս, սակայն երևում է թե հեթանոսների այն խմբին է պատկանել, որոնք միաստվածությունը և անտեսանելի աստվածությունը ընդունել են սրտով և հարգում էին հրեաների կրոնը: Մեկնիչներից ավելի առաջ գնացողներն էլ կան, որոնք այս հարյուրապետին նույնացնում էին Կոռնելիոսի հետ, որ Իտալացի կոչված լեգեոնի տասը հարյուրապետերից մեկն էր, և որ «իր ամբողջ ընտանիքով բարպաշտ և աստվածավախ լինելով` շատ ողորմություններ էր անում ժողովրդի մեջ և միշտ Աստծուն աղոթում էր» (Գործ. 6։2): Այս նկարագիրը շատ նման է Ավետարանի հարյուրապետի նկարագրին, իսկ պահնորդ սպայի համար, Կափառնայումում պաշտոնավարելուց հետո, որոշ ժամանակ անց Պաղեստինի Կեսարիա անցած լինելը բնական է և համաձայն է զինվորական գնդերի պարբերաբար տեղափոխությունների մասին ընդունված սովորության:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: