Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 9:16

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Եվ ոչ ոք հին հագուստի վրա նոր կտորից կարկատան չի գցի, որովհետև կարվածը կպատռվի հնից, և է՛լ ավելի վատ պատռվածք կառաջանա»։
   
    Փրկիչն այստեղ նույնպես վարվում է այնպես, ինչպես վարվել էր նախկինում: Ինչպես նախկինում նրա՛նց, ովքեր ջանում էին Իրեն մեղադրել մեղավորների հետ ուտելու համար, Հիսուս ապացուցեց հակառակը, այսինքն՝ որ Իր վարմունքը ոչ միայն մեղադրանքի արժանի չէ, այլև, ընդհակառակը, արժանի է գովասանքի, այդպես էլ այժմ նրա՛նց, ովքեր ցանկանում էին հանդիմանել Իրեն Իր աշակերտներին խրատել չիմանալու համար, Քրիստոս ցույց է տալիս, որ այդպես խոսողները ոչ այլ ոք են, եթե ոչ առանց որևէ պատճառի ուրիշներին չարախոսողներ և իրենց իսկ հետևորդների հանդեպ ճշմարիտ վերաբերմունք ցուցաբերելու անընդունակ անձինք: «Եվ ոչ ոք, — ասում է Հիսուս, — հին հագուստի վրա նոր կտորից կարկատան չի գցի»: Փրկիչը կրկին հաստատում է Իր խոսքերը համընդհանուր ճանաչում ունեցող ապացույցներով: Նրա խոսքերի իմաստը հետևյալն է. աշակերտները դեռևս հաստատուն կանգնած չեն իրենց ոտքերի վրա (այսինքն՝ դեռևս բավականաչափ անհողդողդ չեն իրենց համոզմունքներում) և առավել մեծ ներողամտության կարիք ունեն. նրանք դեռ հոգով չեն նորոգվել և նրանց այդ վիճակում չպետք է նրանց վրա դնել ծանր պատվիրանների բեռը: Սա ասելով՝ Քրիստոս Իր աշակերտների համար օրենք և կանոնակարգ սահմանեց, որպեսզի նրանք նույնպես, երբ իրենց աշակերտների թիվը համալրեն ամբողջ տիեզերքում սփռված հավատացյալներով, մեծ հեզությամբ վարվեն նրանց հետ:
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Ոչ ոք չօգտագործուած կտաւի կտորը հնացած ձորձի վրայ չի կարկատի, քանի որ այն իր լրիւ չափով կը պատռի կը հանի զգեստից, եւ պատռուածքը աւելի վատ կը լինի:
   

    Ոչ ոք հնացած ձորձի վրա անթափ կտոր չի կարում, որովհետև հագուստից կպոկի, և ավելի վատ պատռվածք կառաջանա:

    Այս առակը կամ Իր աշակերտների վերաբերյալ պատմեց, թե տակավին չեն զորացել, ուստի կարիքը պահանջում է նրանց մակարդակին իջնել. որովհետև երբ մեկն անթափ, այսինքն՝ չլվացված, կարկատան է անում հին ձորձի վրա, նորը, հնի վրա ծանրանալով, ավելի մեծ պատռվածք է առաջացնում և օգուտի փոխարեն վնաս տալիս. այդպես էլ [աշակերտներին], քանի որ Հոգով նորոգված չեն, այս հրամաններով չպետք է ծանրաբեռնել, որպեսզի չգայթակղվեն: Կամ էլ՝ [Տերը] «հնացած ձորձ» է կոչում հրեաներին ու փարիսեցիներին (ինչպես որ Երեմիան մեղքերով փտած ժողովրդին նմանեցնում է առիգածի 1 Երեմ. 13։1-11 ), որովհետև չեն ընդունում ավետարանական այս վարդապետության նոր ուսմունքի լուրը, անհավանությամբ հնացած լինելով և Հին օրենքով ներկված՝ չեն հանդուրժում Նորը, այլ չար պատառմամբ պատռվում են, այսինքն՝ այն ուրանում: Սրանով [Տերն] ուրիշ բան էլ է ցույց տալիս. այն, որ խաչի զորությամբ նորոգելու էր հին մարդուն և Հոգու նորոգությամբ խափանելու էր հին գիրը:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Ոչ ոք չօգտագործուած կտաւի կտորը հնացած ձորձի վրայ չի կարկատի, քանի որ այն իր լրիւ չափով կը պատռի կը հանի զգեստից, եւ պատռուածքը աւելի վատ կը լինի:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:14
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Ոչ ոք չօգտագործուած կտաւի կտորը հնացած ձորձի վրայ չի կարկատի, քանի որ այն իր լրիւ չափով կը պատռի կը հանի զգեստից, եւ պատռուածքը աւելի վատ կը լինի:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:9