Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 9:37

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Այդ ժամանակ Նա Իր աշակերտներին ասաց. «Հունձքը շատ է, բայց մշակները՝ քիչ»»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:36
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

37-38. Այն ժամանակ իր աշակերտներին ասաց. «Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակաւ: Արդ, աղաչեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի իր հնձի համար»:
   

    Այդժամ ասաց Իր աշակերտներին. «Հունձքն առատ է, իսկ մշակները՝ սակավաթիվ: Ուրեմն աղաչե՛ք հունձքի Տիրոջը, որ Իր հունձքի համար մշակներ հանի»: Ինչպես արարչագործության ժամանակ [Աստված] նախ ճոխ թագավորությունը պատրաստեց և ապա մարդուն նրա մեջ թագավոր կարգեց, այդպես էլ այս երկրորդ արարչության ժամանակ է նույնը տնօրինում, որպեսզի ցույց տա, որ Նա, Ով աշխարհն արարեց, հենց Ինքն է, որ այժմ նորոգում է այն: Որովհետև նախ մարդկանց իմաստնացրեց Իր ուսմունքով ու հրաշքներով, այժմ էլ Սաղեմում թագավորածներին նրանց վրա հովիվ և վերակացու է կարգում: «Հունձքն առատ է,-ասում է,- իսկ մշակները՝ սակավաթիվ»: «Հունձք» է կոչում արքայության որդիներին, ինչպես և այլուր ասաց. «Բարձրացրե՛ք ձեր աչքերն ու տեսե՛ք արտերը, որ սպիտակացել են և հունձքին հասել» (Հովհ. 5։35). նրանք՝ իբրև հավատով ու գործերով բազմապատկված ցորենի խրձեր, վերին շտեմարաններում են հավաքվում: Իսկ «մշակներ» են տասներկու առաքյալները, ինչպես որ այլուր [Տերը նրանց] «փոքրիկ հոտ» էր կոչում (Ղուկ. 12։32):

    Բայց ի՞նչ է սա. ոչխարին հովիվ է պետք, ոչ թե հնձող: Այսպե՛ս հասկացիր. հովիվն ու առաջնորդը ինչ-որ առումով ժողովրդի մշակ է և հոգացող ու դարմանող, երբ Աստծուց է կարգված, իսկ մշակն ուրիշ կերպ չի լինում, քան հնձող, քանի որ անհրաժեշտ է նաև նրա համար, որ չար գործերը հատի խոսքի մանգաղով և վախ ներշնչող սպառնալիքներով: Նաև քանի որ վերակացության գործը ծանր է, որպեսզի [հոգևոր առաջնորդները] չմեծամտանան ու չհպարտանան՝ կարծելով, թե ամբողջա պես իրենք են [հոտի] փրկության պատճառը, [Տերը] սա ասում է, որպեսզի աշակերտներին հոժարեցնի [միայն հնձելու՝ ասելով] թե՝ սերմանելո՛ւ չեմ ուղարկում ձեզ, այլ հնձելու՝ ըստ այսմ. «Ուրիշներն աշխատեցին, և դուք նրանց վաստակի մեջ մտաք» (Հովհ. 5։38), այսինքն՝ անցել են մեծ ջանք թափելն ու դժվարությունը, երբ սերմանողներն արտասվում էին, և այժմ հաճելին է առջևում՝ ցնծությամբ ժողովելը  (Սաղմ. 125։6), ո՛չ օտարինը, այլ հենց Իմ սերմանածը:

    «Ուրեմն աղաչե՛ք հունձքի Տիրոջը», կամ՝ «աղաչեցին», բայց չգրվեց [այսպես]: Սակայն ինչո՞ւ է ասում աղաչել այն, ինչն Ինքն էր տալու: Որպեսզի ցույց տա, որ առանց խնդրելու ոչ ոք Աստծուց պարգևներ չի ստանում, որպեսզի չկորցնի. որովհետև հեշտությամբ գտնվածը հեշտությամբ էլ արհամարհվում է, իսկ աշխատությամբ ընդունվածը թե՛ պահվում է, թե՛ պատվվում վարձատրությամբ. որովհետև մեզ համար ենք աղաչում և ոչ թե Նրա, ինչպես որ սիրելու մասին ասաց  1: Կամ էլ՝ քանի որ [աստվածային տնօրենության] իրողությունների սկիզբն էր, նախքան նրանց խնդրելը [պարգևներ] տվեց նրանց, որպեսզի հիշեցներ հեծանոցի, կալի, ցորենի ու հարդի մասին Հովհաննեսի ուսուցանածը (Մատթ. 3։12)՝ այն, որ Ինքն էր մշակն ու հունձքի տերը:

    «Որ Իր հունձքի համար մշակներ հանի», այսինքն՝ հունձքի չափով մշակներ շատացնի՝ կա՛մ թվով, կա՛մ զորությամբ ու շնորհներով, և քանի որ Տվողն Ինքն է, ձեռնադրություն տա՝ ըստ հաջորդ [ավետարանական խոսքի]:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Այն ժամանակ իր աշակերտներին ասաց. «Հունձքը առատ է, իսկ մշակները՝ սակավ։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:36
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Այն ժամանակ իր աշակերտներին ասաց. «Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակաւ:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:35