Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Ժողովրդի բազմությունը, տեսնելով դա, զարմացավ և փառավորում էին Աստծուն, որ մարդկանց այդպիսի իշխանություն է տվել»։
Եվ, այնուամենայնիվ, վկաների միտքը դեռևս դեպի վար է սողում: «Ժողովրդի բազմությունը, տեսնելով դա, — ասում է ավետարանիչը, — զարմացավ և փառավորում էին Աստծուն, որ մարդկանց այդպիսի իշխանություն է տվել»: Մարմինը «խանգարում» էր նրանց բարձրանալ վեր: Մինչդեռ Փրկիչը չի հանդիմանում նրանց, այլ շարունակում է Իր գործերով ներկաներին արթնացնել քնից և նրանց միտքը բարձրացնել դեպի վեր: Եվ սա էլ արդեն քիչ չէր, որ նրանք (վկաները) Հիսուսին բոլոր մարդկանցից վեր էին դասում և Նրան համարում էին Աստծուց եկած մեկը: Եթե այս գաղափարը պատշաճ ընդունելություն գտներ հրեաների մտքում, ապա նրանք, վերջապես, աստիճանաբար կգիտենային նաև, որ Քրիստոս Աստծու Որդին է: Բայց նրանք սրա հստակ գիտակցումը չունեցան, ուստի չկարողացան նաև գնալ դեպի Քրիստոս: Հետագայում նրանք (հրեաները) կրկին ասում էին` «Այդ Մարդը Աստծուց չէ» (Հովհ. 9:16), և հաճախ շահարկում էին սույն միտքը, որպեսզի սրանով պաշտպանության տակ առնեին իրենց մեղավոր կրքերը:
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Երբ ժողովուրդը այս տեսաւ, զարմացաւ. եւ փառաւորում էր Աստծուն՝ մարդկանց այսպիսի իշխանութիւն տուողին:
Երբ ժողովուրդը տեսավ, զարմացավ և փառավորում էր Աստծուն՝ մարդկանց այդպիսի իշխանություն տվողին:
Տես, թե [Տերն] ինչ միջոցներով է հաստատում այս կամ այն բանը. ոչ միայն բարեկամների միջոցով, այլև թշնամիների. բարեկամների, ինչպես բորոտի և հարյուրապետի (Մատթ. 8։2-9), և թշնամիների՝ այն հայհոյիչների, ովքեր, տեսնելով հրաշքները, զարմացան՝ մտքում քննելով [և ասելով], թե գուցե Աստված է Նա, ով սա անում է, Ում մասին նախ ասում էինք, թե հայհոյում է: Եվ այսպես փառավորում էին Աստծուն, որովհետև թեպետ կատարելապես չճանաչեցին [Հիսուսին], սա-կայն սակավ առ սակավ մոտենում էին հավատալու՝ այժմ մտածելով, որ [Հիսուսն] Աստծուց է և բոլոր մարդկանցից առավել է ընդունել իշխանություն մարդկանց կրքերի վրա, և կարճ ժամանակ անց [Նրան] Աստծո Որդի [էին խոստովանելու]:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Երբ ժողովուրդը այս տեսաւ, զարմացաւ. եւ փառաւորում էր Աստծուն՝ մարդկանց այսպիսի իշխանութիւն տուողին:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:2
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: