ԳՈՀՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔ

Մինչ դպիրները երգում են «Լցաք ի բարութեանց քոց»-ը,  քահանան  վերադառնում  է դեպի Սուրբ Սեղանը, և վարագույրը կրկին փակվում է: Պատարագիչ քահանան ճաշակում է սկիհի մեջ մնացած Մարմինն ու Արյունը, մաքրում է սկիհը, սրբում և սքողում՝ ծածուկ ասելով գոհունակության հետևյալ աղոթքը.

«Գոհանամք զքէն, Հա՛յր ամենակալ, որ պատրաստեցեր մեզ նաւահանգիստ սուրբ զեկեղեցի՝ տաճար սրբութեան, ուր փառաբանի Սուրբ Երրորդութիւնդ: Ալէլուիա: Գոհանամք զքէն, Քրիստոս թագաւոր, որ պարգեւեցեր մեզ կենդանութիւն կենարար Մարմնով եւ Արեամբ քով սրբով. շնորհեա՛ զքաւութիւն եւ զմեծ զողորմութիւն: Ալէլուիա: Գոհանամք զքէն, Հոգի՛դ ճշմարիտ, որ նորոգեցեր սուրբ զեկեղեցի. անարատ պահեա՛ հաւատով Երրորդութեանդ յայսմհետէ մինչեւ յաւիտեան: Ալէլուիա»: (Գոհանում ենք քեզանից, ով Հայր ամենակալ, որ մեզ համար նավահանգիստ պատրաստեցիր Սուրբ Եկեղեցին՝ սրբության տաճարը, որտեղ փառաբանվում է Սուրբ Երրորդությունդ: Ալելուիա: Գոհանում ենք քեզանից, ով Քրիստոս թագավոր, որ կենարար Մարմնովդ և սուրբ Արյունովդ մեզ կենդանություն պարգևեցիր. շնորհիր քավություն և մեծ ողորմություն: Ալելուիա: Գոհանում ենք քեզանից, Հոգիդ ճշմարիտ, որ նորոգեցիր սուրբ եկեղեցին, անարատ պահիր Երրորդությանդ հավատքով, այսուհետև մինչև հավիտյան: Ալելուիա):

«Լցաք»-ից հետո սարկավագը հրավիրում է ժողովրդին իր գոհաբանության զգացումը հայտնելու՝ այս սուրբ և անապական խորհուրդը հավատքով ճաշակած լինելու համար:

«Եւ եւս հաւատով ընկալեալք յԱստուածային, սուրբ, երկնային, անմահ, անարատ եւ յանապական խորհրդոյս, զՏեառնէ գոհացարո՛ւք»: (Դուք ևս գոհացեք Տիրոջից, որ հավատով ընդունվեցիք Աստվածային, սուրբ, երկնային, անմահ, անարատ ու անապական խորհրդի մեջ):

Եվ իսկապես, ժողովուրդը և դպիրները անմիջապես ձայնակցում են. «Գոհանամք զքէն, Տէ՛ր, որ կերակրեցեր զմեզ յանմահական Սեղանոյ քո: Բաշխելով զՄարմինդ եւ զԱրիւնդ ի փրկութիւն աշխարհի եւ կեանք անձանց մերոց»: (Գոհանում ենք քեզանից, ով Տեր, որ կերակրեցիր մեզ քո անմահական սեղանից՝ Մարմինդ ու Արյունդ բաշխելով իբրև փրկություն աշխարհի և կյանք՝ մեր անձերի համար):

Այս սրտառուչ երգերի ժամանակ քահանան շարունակում է իր գոհության աղոթքը. «Գոհանամք զքէն, Քրիստոս Աստուած մեր, որ զայսպիսի ճաշակումն բարութեան շնորհեցեր մեզ ի սրբութիւն կենդանութեան. սովիմբ պահեա՛  զմեզ սուրբս եւ անարատս»: (Գոհանում ենք քեզանից, Քրիստոս Աստված մեր, որ այսպիսի բարության ճաշակում շնորհեցիր մեզ կենդանության սրբության համար: Սրանով պահիր մեզ սուրբ և անարատ…):

Գոհության աղոթքներն ու երգերը վերջացնելով՝  քահանան  լվանում  է  ձեռքերը, սաղավարտը դնում գլխին և իր պաշտոնը արդեն վերջացած լինելով՝ պատրաստվում է հեռանալ Սուրբ Սեղանից:

 

Նախորդ գլուխը՝

ՃԱՇԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 

Հաջորդ գլուխը՝

ԱՂՈԹՔ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԵՋ