ԴԵՊԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

Սեպտեմբերի երկրորդ օրը` երկու շաբթի առավոտյան, ժամերգությունից հետո Կոլոտը հեռացավ վանքից: Ուզում էր մայրաքաղաք հասնել երկու ամիս Անատոլիայում շրջելուց հետո: Իր ճամփորդության ընթացքում նա անցավ անթիվ գյուղերով, ավաններով ու քաղաքներով: Ամեն տեսակ մարդու հանդիպեց ու հյուրասիրվեց: Ամեն տեսակի փոխադրամիջոցից օգտվեց. ձիակառք, ձի, ջորի, էշ և Աստծո տված երկու ոտքերը: Զարմացած էր, որ հայերը տարածվել էին ողջ Անատոլիայով մեկ և ամեն անկյունում կարելի էր հայի հանդիպել: Ողջ ճամփորդության ընթացքում ոչ մի անգամ օտարություն չզգաց. միշտ մի հայ տանիք ծածկում էր  նրա գլխա վե րևը: Ուր եկեղեցի կար, պատարագեց ու քարոզեց: Ըստ սովորության զրուցեց բոլոր խավերի մարդկանց հետ: Ականատես եղավ իր ժողովրդի ցավերին` քաղաքական ու կրոնական խտրությանը, կաշառակերությանն ու աղքատների կեղեքումին հարուստների կողմից: Որոշ տեղերում ցավով տեսավ կաթոլիկ քարոզչության պառակտիչ արդյունքները` բաժանված ընտանիքներ, միմյանց զրպարտող հոգևորականներ, անտեղի բանավեճեր ու կուսակցություններ: Տեսավ համայնքներ առանց եկեղեցու և եկեղեցիներ` առանց եկեղեցականի, ուր ժողովուրդը պաղատում էր նրան մի օր ավելի մնալ իրենց հետ: Տեսավ մզկիթ դարձած եկեղեցիներ և եկեղեցիներ` լքված ու կիսափուլ:

Այս ճանապարհորդությունը հոգնեցրեց նրա հոգին. այնքա՜ն քիչ բան կարող էր անել հազարավոր խնդիրների դիմաց, եթե նույնիսկ հազար կտոր լիներ: Եվս մեկ անգամ  համոզվեց, որ խնդրի լուծումը ազգի համար կրթված եկեղեցականներ և ուսուցիչներ պատրաստելն էր: Հասկացավ, որ ոչ թե տարիների, այլ դարերի ծրագրեր էին հարկավոր ազգային ու կրոնական շոշափելի զարգացում արձանագրելու համար: Վայրկյան առաջ Սուրբ Կարապետ վերադառնալ էր ուզում, որպեսզի զարկ տար աշակերտներ պատրաստելու  գործին և նոր ուժգնությամբ աշխուժացներ կրթական գործունեությունը:

Հանգանակությունը լավ էր գնում` գերազանցելով իր ակնկալիքները: Երեք բան խթանում էին այս հաջողությանը` Սուրբ Կարապետ վանքի անունը, Վարդան վարդապետի տարածված հռչակը և Կոլոտի ճարտասանությունը: Մշո Սուլթան վանքը անխտիր բոլոր հայերի բաղձալի գլխավոր ուխտավայրերից մեկն էր: Անշուշտ, բոլորի համար մատչելի չէր Սուրբ Կարապետ այցելելը, և ահա, Սուրբ Կարապետ վանքը եկել էր իրենց ոտքը: Ուզում էին մասնաբաժին ունենալ նրա կարիքներին իրենց մեծ ու փոքր նվիրատվություններով և արժանանալ Սուրբ Գրիգորի և Սուրբ Կարապետի բարեխոսությանը: Կոլոտը արձանագրում էր նրանց անունները, որպեսզի վանքի մեջ հոգհանգիստ կատարվեր նրանց ննջեցյալների համար:

Կոլոտին ամենից շատ զարմացնում էր Վարդան Վարդապետի հռչակը, որն ամենուր այսքան մեծ տարածում էր գտել: Իր ամբողջ կյանքը վանքում անցկացրած մեկի համար սա փոքր նվաճում չէր: Երբ Կոլոտն ասում էր` «Ես Վարդան Բաղիշեցու աշակերտն եմ», մարդկանց նայվածքը հանկարծ փոխվում էր, և հիացմունքով լի մի ժպիտ էր սփռվում նրանց դեմքերին:

– Ասա՛ մեզ, իրո՞ք մեռելներին հարություն էր տալիս:  Ճշմարի՞տ է, որ կարողանում էր քառասուն օր քաղցած  մնալ: Ոմանք տեսել են, որ օդում կարողանում էր թռչել: Ուզած տեղում կարող էր հայտնվել ու հանկարծ անհայտանալ:  Դու տեսե՞լ ես ձյան վրա նրա ոտաբոբիկ քայլելը:

Այսպիսի հարցերին պատասխանելը դժվար էր, որովհետև,  երբ Վարդանի կյանքից որևէ դրվագ էր պատմում, անպայման ուզում էին ավելին լսել: Նրանց համար դրանք լսելը  հաճելի ժամանց էր` հեքիաթի նման: Իսկ ամենից դժվարը` նույն հրաշքները, գոնե փոքրագույնները, ակնկալում էին տեսնել նրա աշակերտից: Կոլոտը հրաշագործ մի վարդապետի աշակերտ էր, բայց ինքը դժբախտաբար հրաշագործ չէր: Հեշտ չէր նաև այս ամենը գոհացուցիչ կերպով բոլորին բացատրել: Մի քահանայի հետ այս նյութի շուրջն ամբողջ գիշեր զրուցելուց հետո Կոլոտը չկարողացավ քնել: Իսկապես տարօրինակ էր մի բան. ինչու՞ իրենք, այսքան մոտ լինելով հանդերձ, միաժամանակ այսքան տարբերվում էին Վարդանից: Միշտ զգում էին, որ անկամրջելի մի անդունդ կար նրա վեհության և մյուսների միջև: Հին հուշերն արթնացան, և Վարդան վարդապետի գեղեցիկ ժպիտը գծագրվեց  նրա աչքերի առջև: Մի օր աշակերտները նեղել էին վարդապետին իրենց խիզախ հարցումներով: Վարդանն ինքն էր նրանց այդպես հարցաքննելու սովորեցրել, իր անձը` նույնպես: Տարին չորս անգամ նա «Ճշմարտության դատաստան» էր կազմակերպում, որի ժամանակ իր աշակերտների հետ որևէ նյութի շուրջ ճշմարտությունն էին ուսումնասիրում` վիճաբանության խիստ ոճով: Վարդապետներ, աբեղաներ, սարկավագներ և ավագ աշակերտներ` հիսուն– վաթսուն հոգի շրջանաձև նստում էին հավասար իրավունքներով: Վարդանը նույնպես նստում էր նրանց մեջ` նրանց հա վասար: Ժողովի ընթացքում չէր կարելի գործածել դիմելու «Դուք», «Ձեզ» ձևերը. բոլորը հավասարապես «դու» էին, ներառյալ Վարդանը, որ քաջալերում էր աշակերտներին, որպեսզի ոչ մի բան չթաքցնեն, խոսեն սրտի խորքից. հատկապես իրենց ուղղված հարցումների ժամանակ լինեն անկեղծ` մի կողմ դնելով քաղաքավարությունը և խոսեն այնպես, կարծես խոսում են իրենք իրենց հետ առանձնության մեջ: Միայն մի պայման էր դրել. ինքն էլ կարող էր նույնն անել` նրանց սիրտը կոտրելու աստիճան սուր և մերկ:

– Հիսուսը միշտ գործածում էր այս հնարը իր աշակերտներին կրթելիս: Բայց դուք չեք կարող հանդուրժել այն տարին չորս անգամից ավելի, – ասում էր Վարդանը:

«Դատաստանից» լացելով հեռացողներ էին լինում: Այս ժողովները միայն մի նյութ ուսումնասիրելու համար էին. արտոնված չէր այդ նյութից մի այլ նյութի անցնել: «Դատաստանը» տևում էր երբեմն մի քանի ժամ, իսկ երբեմն էլ` օրեր: Այդ օրվա «Դատաստանի» թեման Վարդանի հրաշքներն էին:

– Այդ ինչպե՞ս է, որ քո մասին ժողովուրդը ավելին գիտի, քան մենք: Ինչու՞ չես պատմում մեզ քո հրաշքների մասին, ինչպե՞ս ես անում դրանք:

– Եթե չեմ պատմում, ուրեմն պետք չէ: – Բայց քո մասին մեզ են հարցնում, և չէ որ մենք քո աշակերտներն ենք և իրավունք ունենք իմանալ:

– Եթե իրավունք ունենայիք, կառնեիք:

– Վիրավորում ես մեզ, մենք քո վարդապետներն ենք:

– Հարցն էլ հենց այդ է: Իմ աշակերտներն եք և ամբողջ կյանքում այդպես էլ պիտի մնաք ու մեռնեք: Դեռ Քրիս տոսի աշակերտը չեք դարձել:

– Քիչ առաջ մեզ վիրավորեցիր, իսկ հիմա հայհոյում ես, շնորհակալ ենք:

– Ճշմարտության լեզուն վիրավորող է: «Վա՛յ ձեզ դպրաց ու փարիսեցվոց կեղծավորաց». հիշեցի՞ք, թե ով է խոսողը: Դուք տառերի վարդապետ դարձաք, իսկ հրաշքների դպրոցը այլ է, որին նույնիսկ չեք դիմել:

– Քեզ դիմեցինք, ամբողջ տարիներ մանկությունից ի վերքո ծնկնրի տակ նստե ցինք, և մեզ միայն տառերը սովորեցրիր, մեղավորը  դու ես: Եթե Ամրդոլի մեջ հրաշքների դպրոց հինեիր, մենք էլ կհաճախեինք ու Վարդան վարդապետի կեղծավոր վարդապետները չէինք լինի: Վարդանն սկսեց ծիծաղել` ձեռքերը շոյելով: – Շատ լավ, շատ լավ, շարունակե՛ք, գտնենք ճշմարտությունը:

– Բայց հարցին չպատասխանեցիր: Ինչու՞ տառերի, գրքերի դպրոց հիմնեցիր և ոչ թե հրաշքների: Խույս մի տուր պատասխանից:

– Որովհետև այբուբենի տառերը չի մացողը գրել– կարդալ չի կարող սովորել, բայց նաև բոլոր գրել–կարդալ իմացողները գիրք հեղինակել չեն կարող, և պետք էլ չէ, որ բոլորը  գիտնականներ դառնան: Հոգևոր կյանքի բարձունքները ևս ստորոտներ ունեն: Ուսումնասիրել Սուրբ Գիրքը, այսինքն` սովորել աստվածագիտության տարերքը, փիլիսոփայություն, տրամաբանություն և այլ գիտություններ, դեպի հոգևոր կատարելություն տանող առաջին քայլերն են: Ես էլ հոգևոր նախակրթարան բացեցի Ամրդոլի մեջ, որ մեր լեզվով «համալսարան» է հորջորջվում: Սասովորեցիք և «վարդապետ» կոչվեցիք: Դուք գոհ եք, ժողովուրդը գոհ է, և ինչու՞ չէ, Աստված նույնպես գոհ է: Ուրեմն խնդիր չկա, որովհետև ես էլ գոհ եմ:

Նորից Վարդանը լռեցրեց բոլորին: Բայց և այնպես քսան վարդապետ և քառասուն աշակերտ կային իր առջև: Հարցումների տարափը չէր դադարում:

– Ինչու՞ մեզ չես առաջնորդում դեպի հոգևոր ավելի բարձր մակարդակներ, երևի նախանձում ես, ուզում ես մենակ մնալ այդ բարձունքների վրա: Ինչպիսի՞ն է մեզ վերևից նայելու հաճույքը, վարդապե՛տ:

– Եթե ուզում ես իմանալ, արի այստեղ և դիտիր:

– Մենք ուզում ենք գալ, բայց դու հազար ու մի արգելք  ես դնում մեր առջև: Ահա խնդրում ենք քեզ, որ առաջնորդես մեզ հրաշքների աշխարհը, բայց փոխարենը միայն ճառ ենք լսում քե զա նից:

– Դուք կարծում եք, որ վերևում` մի տեղ, հրաշքների  խանութ կա, ուր պիտի առաջ նոր դեմ ձեզ, և դուք էլ պիտի գնեք ձեր ուզածը ու, այսպիսով, ձեր համբավը իմի նման պիտի տարածվի, և դուք ձեզ հեգևոր կյանքում սնափառորեն հառաջացած զգաք: Ես ձեր մանկամտության գործիքը չեմ դառնա: Այո՛, ես առանձին եմ մնալու այս բարձունքի վրա: Եթե կարող եք, մագլցելով եկեք: Համեցե՛ք: Հոգևոր կյանքի գագաթները իմ ապրանքները չեն:

– Անանուն Սուրբը քեզ առաջնորդեց դեպի կատարները: Դու ինչու՞ ես այդքան ժլատ Աստծո արքայության գաղտնիքները մեզ հետ բաժանելիս:

– Եթե ձեր մտքում եղածը կատարեի, Ամրդոլը աղանդավորների բույն կդառնար և ոչ թե ուղղափառ մի վանք:  Գիտե՞ք, ինչ է հոգևոր կյանքի ոսկե ցանկապատը: «Ինչ որ Աստված չի կամենում ցուցադրել աշխարհին, դու էլ պետք չէ ցանկացող լինես այդ ուղղությամբ»: Այս ցանկապատից դուրս սատանան և դևերը սպասում են ձեզ գրկաբաց:

– Բայց մենք մեր ամբողջ կյանքը հոգևոր զարգացմանը զոհեցինք: Գրքերից Բացի ուրիշ բան չու նե՞ս մեզ տալու: Քեզնից հաց ենք ուզում, և դու մեզ քա՞ր ես տալիս: Ինչու՞ չես կիսում մեզ հետ Սուրբ Հոգուց ժառանգածդ:

– Ձեզ հետ կիսում եմ այն ամենը, ինչը ձեզ համար օգտակար է, և դուք կարող եք ընկալել: Եթե ավելին անեմ, ձեր կործանման պատճառը կդառնամ: Ես ձեզ բոլորիդ ճանաչում եմ: Ձեր մեջ դեռ չկա Անանուն Սրբին աշակերտող մեկը: Ձեզ մի առակ պատմեմ. մի գորտ թռչել էր ուզում, որպեսզի ձեզ նման բարձունքներից դիտի աշխարհը: Շատ է աղաչում– պաղատում թռչուններին, որ օգնեն իրեն: Գորտը մի փայտիկ է բռնում բերանով, և երկու թռչուններ էլ, իրենց կտուցներով դրա ծայրերից բռնած, միասին թռչում են վեր: Երբ մյուս թռչունները տեսնում են թռչող գորտին,  հիացած զարմանում են: «Ո՞վ է, – ասում են, – այս հանճարեղ միտքը հորինել, ո՞վ հղացավ այսպիսի մի հրաշալի բան»: Գորտն այլևս չի կարողանում դիմանալ այս գովասանքներին, ու բերանը բացելով` հպարտորեն աղաղակում է. «Ե՜ս, ե՜ս, ե՜ս», և գետին ընկնելով` ջարդուփշուր լինում: Պատճառը մի հրաշք չեղա՞վ, որ հսկա Մովսեսը Խոստացյալ Երկիրը չմտնի: Որովհետև չկարողացավ հրաշագործել առանց արտասանելու այդ անիծյալ բառը. «Ե՛ս, ե՛ս, ե՛ս ձեզ ջուր տամ»: Եվ հիմա դուք ուզում եք, որ ձեզ գաղտնիքներ սովորեցնեմ կամ ուժեր փոխանցեմ, որպեսզի դուք նույնպես հրաշքներ գործեք: Դուք նման եք այն մարդուն, որ ուզում է վիրահատել սովորել նախքան բժիշկ դառնալը: Վարդանն առյուծի պես պաշտպանում էր իր դիրքերը: Սակայն հարցումների արշավանքը կանգ չէր առնում, և արդեն մոնղոլական հարձակումներ էին սկսել:

– Ես սկսում եմ կասկածել, որ Անանուն Սուրբը գոյություն է ունեցել: Ես քո հրաշքներից ոչ մեկը չեմ տեսել: Այն, ինչ ժողովուրդը պատմում է, կարող են չափազանցված  առասպելներ լինել: Թերևս դու էլ հրաշագործ չես, այլ պարզապես զրույցների արդյունք մի առասպել:  Այս քանն արդեն շատ էր: Մի աղմուկ բարձրացավ վերջին արտահայտության և դրա Տիրոջ դեմ: Հասցեատերը ավագ աշակերտներից մեկն էր: Վարդապետներից շատերն անմիջապես սկսեցին Վարդանին պաշտպանել: – Եստեսել եմ, որ նա ի ծնե կույրի աչքերը բացեց, և այդ մարդը դեռ ապրում է Դեղնառատ գյուղում:

– Ես էլ վերջերս խոսել եմ մի մարդու հետ, որ պատմում էր, թե ինչպես է վարդապետն իրեն արթնացրել մահաքնից: Մարդը ծառից ընկնելուց հետո մի ամբողջ շաբաթ քնած է  եղել:

– Սրանից վեց տարի առաջ Ամրդոլում համաճարակ էր սկսվել, և երկու միաբան մեռել էին: Վարդապետը հեռու մի տեղ էր գնացել: Երբ վերադարձավ, հավաքեց բոլորիս եկեղեցում և սանձեց հիվանդությունը, որն անհետ կորավ մեր վայրերից:

– Սպասե՛ք, սպասե՛ք մի րոպե, – ասաց Վարդանը` ձեռքերը բարձրացնելով: – Դուք խախ տում եք «Դա տաս տա նի» մի սկզբուն քը: Վա խեց նում եք հար ցադ րո ղին: Նա իր սրտից անցածն ասաց քաջաբար: Թողե՛ք շարունակի և վերջացնի իր խոսքը:

– Ներողությու՛ն, վարդապետ, եթե ակամա չափն անցա: Նպատակս ձեզ վիրավորելը չէր:

– Վիրավորված չեմ: Մինչև հիմա շատ գոհ եմ հարցումիցդ: Իսկ եթե շարունակես քաղաքավարությունդ, դուրս կնետվես, օրենքները գիտես: Ուրեմն վերջացրու խոսքդ:

– Ամեն ինչ Անանուն Սրբի մասին քո պատմածների վրա է հիմնվում: Ըստ քեզ` այս տարի նրա մահվան յոթերորդ տարելիցն է: Մենք թերևս իրավունք չունենք տիրանալ Արքայության գաղտնիքներին, սա հասկանալի է` ըստ քո բերած պատճառաբանությունների: Սակայն դու պնդում ես, որ պատմական իրականություն է Անանուն Սուրբը: Եթե այդպես է, ապա նրա քարայրը այս աշխարհում մի տեղ պետք է լինի, և նրա ոսկորներն էլ պիտի հանգչեն գերեզմանի մեջ: Եթե այդպես է, մենք կարող ենք այցելել նրա գերեզմանը և վերցնել նրա ճկույթը` որպես նշխար: Այս բոլորի ստուգաբանությունը քեզնից իմանալու իրավունքը ունենք, կարծում եմ:

Այս անգամ գնահատանքի ծափահարություններ բարձրացան: Վարդանը փախչելու տեղ չուներ:

– Այո՛, – ասաց, – ձեր իրավունքն է իմ ասածների մասին պատմական փաստեր պահանջելը, որը  պիտի ստանաք: Վաղը կգնանք:

Վանքում տոնական մթնոլորտ էր տիրում: Բոլորն ուզում էին գնալ: Բայց Վարդանն ընտրեց միայն ինը հոգու` աբեղաներից ու վարդապետներից` չորսին, սարկավագներից` երեքին և ավագ աշակերտներից միայն Կոլոտին ու հարցադրող Դավիթին` որպես վարձատրություն: (Դավիթի անունը ձեռնադրության ժամանակ փոխվեց Եղիայի: Նա Կոլոտի համագյուղացին, տարեկիցն ու դասակիցն էր: Ուշիմ, խելացի, լավ վարքով և հոգևոր ձգտումներով լի օրինակելի աշակերտ ու վանական էր նա` ջերմ նկարագրով: Բնականաբար Կոլոտի հետ լավ ընկերներ ու համախոհներ էին: Սակայն Վարդանի մահից հետո նրանց ծանոթ Եղիան հեռացել էր, կարծես մի սատանա էր եկել նրա փոխարեն: Ինչպե՞ս կարող էր մեկն հանկարծ այսքան փոխվել: Ստերով ու ինտրիգներով դարձավ Ամրդոլի վանահայրը:)

Չորս օր տևեց, մինչև հասան ծերունու քարայրը: Գերեզմանի վրա, որպես սիրո դրոշակ, փռված էր Արջ եղբոր մորթին: Այնտեղ մեռել էր Հավատարիմ եղբայրը: Հարգանքով մի կողմ դրեցին մորթին: Աղոթեցին, հոգեհանգստի տարելից կատարեցին և սկսեցին ու շադրությամբ և երկյուղով հեռացնել քարերը, մինչև հասան փայտերին, որոնք քարերի անմիջական հպումից մարմինը պահպանելու համար էին դրված: Դուրս եկան` մարմինը բացելու գործը թողնելով Վարդանին: Վարդանը հուզմունքից լալիս էր: Իջավ գերեզման և սկսեց հեռացնել փայտերը: Բերանից մի սուրճիչ դուրս թռավ, ու նա գերեզմանից դուրս ցատկեց:

– Մարմինը չի փտել, նույնությամբ մնում է:

Դողը պատեց բոլորին: Նայեցին փոսին. այնտեղ քնած մարդ կար` պառկած: Շվարեցին, պլշած աչքերով իրար նայեցին: Հանկարծ քարայրն ամբողջովին լցվեց վարդի անուշահոտությամբ, և մի տարօրինակ ներկայություն զգացին մինչև իրենց ուղնուծուծը: Մշուշի նման մի բան սկսեց շրջել քարայրում: Սկզբում հիացան, ու եղածը նրանց դուր եկավ, բայց հետո դողը պատեց նրանց: Բոլորն էլ, ծնկի իջած, սարսափահար դողում էին: Չէին կարողանում դիմանալ կատարվածի զորությանը: Աղաչում էին Վարդանին. – Մի բան արա, վարդապե՛տ, որ վերջ գտնի այս վիճակը, Այլևս չենք դի մանում:

– Սրբի ներկայությունն է դա: Ձեզ համար եկավ և ողջունում է ձեզ:

– Բա վական է այսքան ողջույնը, վարդապե՛տ, թող գնա, թե ոչ` կմեռնենք:

– Ո՛չ, ո՛չ, – ասաց կանգնած Վարդանը, – եղբայրս մնալու է, դուք պիտի գնաք, հեռացեք և երեք ժամ անց եկեք:

Բոլորն էլ սահմռկած ու ահաբեկված անմիջապես դուրս խուժեցին ու փախան քարայրից: Ներքև վազեցին մինչև շունչները կտրվելը: Չհասկացան` ի՞նչ էր պատահել: Զարհուրեցին կատարվածից, լեզուները կապ էին ընկել: Մեկ ժամ անց միայն սկսեցին միմյանց հետ խոսել: Իրենց քաջությունը հավաքած` նորից դեպի քարայրը քայլեցին: Հեռվից տեսան, որ մի լույս էր իջել դրա վրա: Երեք ժամ հետո Վարդանը դուրս եկավ և ձեռքի շարժումով նրանց իր մոտ կանչեց: Ոչ մեկը պատրաստ չէր ևս մեկ անգամ այնտեղ մտնել: Վարդանը նորից ներս մտավ: Մի ժամ հետո վերադարձավ նրանց մոտ:

– Իր խոստացածի համաձայն միայն ճկույթն էր չորացել: Արտոնեց, որ այն վերցնեմ որպես նշխար: Նայեցե՛ք:

Արծաթյա մի տուփ բացեց Վարդանն ու ցույց տվեց Սրբի չորացած մասունքը: Բոլորը ծնրադրեցին և երկյուղով համբուրեցին Վարդանի ձեռքի սրբատուփը:

– Ես նախկինի պես փակեցի գերեզմանը: Այժմ կարող եք այցելել դրախտային պարտեզը: Եկեք գնանք:

Ցից արահետներից հետո հասան անդնդի ծայրը: Վարդանը սկսեց քայլել միայն մեկ ոտք լայնությամբ գետնի վրայով: Հետ դարձավ ու տեսավ, որ ոչ ոք չէր գալիս իր ետևից: – Եկե՛ք, սա է դրախտ տանող ճանապարհը:

– Ո՛չ, ո՛չ, – դժգոհեցին բոլորը, – նույնիսկ այծերը չեն կարող քայլել այստեղով: Այսօր արդեն բավականին վախեցանք, նորից չենք կարող ապրել այդ վախը: Վարդանը վերադարձավ նրանց մոտ:

– Ես էլ կարծում էի, թե շատ եք ուզում լինել այն տեղ, երբ պատմում էի ձեզ:

Բոլորը լուռ էին: Մի քիչ քայլելուց հետո վարդապետներից մեկն առաջարկեց մյուսը փորձել:

– Ուզում ես ասել Գենոսիսի /Գեհենի/ թունե՞լը: Վատ գաղափար չէ, եկեք դա փորձենք:

Նրանց գտածը շատ նեղ մի անցք էր, որ տեղով հազիվ մեկ հոգի կարող էր մտնել: Առաջին մտնող սարկավագը ուժգնորեն գոռաց.

– Անցքը փլվել է, առջևումս միայն հող է, առաջ գնալն անհնար է:

Վանք վերադարձան և արդեն բոլորը անառարկելիորեն ընդունում էին Վարդանի բոլոր ասածնրը հրաշքի մասին: Նրանք ականատես էին եղել մի իսկական հրաշքի, որ լրիվ փակել էր նրանց ախորժակը հրաշքների նկատմամբ: Ամենքը հասկացել էին սրբության այն մակարդակը, որն ակնկալվում էր հրաշագործից: Սրբության այդ աստիճանը նրանց քարայրից դուրս էր վանել, ինչպես կեղտոտ մուրացկաններին պալատից: Եվ սա կարող էր հասկանալ միայն նա, ով դա ապրել էր: Վարդան Վարդապետը երբեք չպատմեց, թե ինչ արեց քարայրում այդ երեք ժամերի ընթացքում: Միայն թե դրանից հետո սկսեց շինել հռչակավոր խաչը, որ տևեց մի ամբողջ տարի:

Ամրդոլում Վարդանի նման ուրիշ հրաշագործ վարդապետներ չեղան: Միայն երկու միաբաններ մենակեցության հատուկ արտոնություն ունեցան և ապա գնացին լեռները ճգնելու: Մանուկ և Միհրան վարդապետներն էին, որոնցից երկրորդին մի օր սառելով մեռած գտան վանքի ճանապարհի վրա, իսկ Մանուկը կորավ լեռներում. ոչ ոք չիմացավ, թե ինչ պատահեց նրա հետ: Կոլոտն ու Գրիգորը նրա մասին առանձին հարցրին Վարդան վարդապետին: – Լեռները Մանուկ վարդապետի՞ն էլ Միհրանի նման մեռցրին:

– Ո՛չ, – ասաց Վարդանը խորունկ մի ժպիտով, – Լեռները ընդունեցին նրան:

 

Հաջորդ գլուխը՝

ՄԻ ՈՒՐԻՇ ԹԻԹԵՌՆԻԿ