Եզեկիելի մարգարեության մեկնություն 10։7

Ա. Լոպուխին

«Այդ ժամանակ քերովբեների միջից մի քերովբե իր ձեռքը մեկնեց դեպի այն կրակը, որը գտնվում էր քերովբեների մեջտեղում, և վերցրեց ու դրեց քաթանե հագուստով զգեստավորվածի ափերի մեջ։ Նա վերցրեց ու դուրս եկավ»։ [7] (Սինոդական թարգ․)

   
   Քաղաքն այրելու համար կրակ մատակարարելով՝ քերովբեն, թեպետ նա դա արեց, հավանաբար, հրեշտակապետին «բնորոշ» որոշակի վախով՝ քերովբեներով և անիվներով շրջապատված այդ սարսափազդու, այրվող վայրը մտնելու համար (հմմտ․ 1:13), որի պատճառով էլ հրեշտակապետը գուցե լիովին ճշգրիտ ձևով չի կատարել այնտեղ մտնելու Աստծո ուղղակի պատվիրանը, այդուամենայնիվ քերովբեն նույնպես մասնակցում է Աստծո պատժի կատարմանը, ինչպես հայտնութենական (ապոկալիպտիկ) քերովբեն, որը 7 հրեշտակներին տվեց Աստծո բարկությամբ լցված 7 գավաթ՝ (Հայտն․ 15:7): Սրա վրա է հիմնված եղել հին Եկեղեցու՝ քերովբեների մասին այն տեսակետը, համաձայն որի՝ քերովբեներն Աստծո բարկության զենքերն են՝ առ ի հակադրություն սերովբեների (հիշատակելի է Եսայու մաքրագործման դրվագը):

   «Ու դուրս եկավ» - այսինքն՝ դուրս եկավ այն գավթից, որից այն կողմ մարգարեն չէր կարող աչքերով հետևել հրեշտակին։ Այրվող ածուխները նետվեցին քաղաքի վրա՝ այն այրելու համար։ Այն, ինչ մարգարեի տեսիլքում արեց հրեշտակը, իրական աշխարհում կատարվեց Երուսաղեմի հանդեպ՝ Նաբուգոդոնոսորի զորքերի կողմից: Մարգարեին ցույց տրվեց երկրային երևույթի երկնային (նոումենական) էությունը, մի այնպիսի երևույթ, որը, ինչպես տեսնում ենք, այդքան սովորական և հաճախադեպ էր:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) սա մտաւ ու կանգնեց անիւների մէջտեղը: Եւ քերովբէներից մէկը ձեռքը մեկնեց կրակի մէջ, որ քերովբէների մէջտեղում էր, առաւ այն ու տուեց նրա ձեռքը: Եւ նա, որ սուրբ սքեմ էր հագել, առաւ այն ու այնտեղից դուրս եկաւ:
(Արարատ թարգ․) Եվ քերովբեների միջից քերովբեն իր ձեռքը մեկնեց դեպի քերովբեների մեջտեղում գտնվող կրակը, վերցնելով դրեց քաթանով զգեստավորվածի ափի մեջ, և նա առավ ու դուրս եկավ։
(Գրաբար) Եւ ձգեաց քերոբ մի զձեռն իւր ՚ի միջոյ քերովբէիցն ՛ի մէջ հրոյն որ էր ՛ի մէջ քրովբէիցն, ա՛ռ և ե՛տ ՛ի ձեռս նորա. և որ զգեցեալ էր զպատմուճանն սուրբ, ա՛ռ և ել անտի”: