Եզեկիելի մարգարեության մեկնություն 14։4

Ա. Լոպուխին

«Ուստի խոսի՛ր նրանց հետ և ասա՛ նրանց. «Այսպես է ասում Տեր Աստված. «Եթե Իսրայելի տնից որևէ մեկը իր կուռքերն իր սրտում զետեղի և իր ամբարշտության գայթակղությունն իր դեմքի առաջ դնի ու գա մարգարեի մոտ, ապա Ես՝ Տերս, նկատի ունենալով նրա կուռքերի բազմությունը, կարո՞ղ եմ պատասխան տալ նրան»»։ [14] (Սինոդական թարգ․)
   

    «Եթե Իսրայելի տնից որևէ մեկը» - սլավոներենում ավելի ստույգ՝ «մի մարդ՝ Իսրայելի տնից», այսինքն՝ յուրաքանչյուր մարդ։ Սա Մովսեսի օրենքում գործածվող մի հանդիսավոր բանաձև է, որը գործածվում է ամենքի համար պարտադիր եղող հրամաններում (Ղևտ․ 17:18 և այլ տեղիներ): Մասնավոր դեպքի առնչությամբ Աստված ընդհանուր կանոն է սահմանում՝ հետագայում բացարձակապես չնշելով դրա առանձնահատուկ պատճառը։ Այստեղից էլ հետևում են հաջորդիվ հանդիպող բառացի կրկնությունները 3-րդ համարից։

   «Կարո՞ղ եմ պատասխան տալ նրան» - ասել է թե՝ «նրան կպատասխանեմ իր պղծությունների համեմատ» (Հերոնիմոս Երանելի)։ Իսկ թե ինչպե՞ս Աստված կպատասխանի վերոնշյալ կերպով Իրեն դիմողներին, ասվում է 8-րդ համարում, ուր խոսվում է խստագույն պատժի մասին։

   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 14:1
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Ուստի դո՛ւ խօսիր դրանց հետ ու ասա՛. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. Իսրայէլի տնից ամէն ոք, ով իր կռապաշտական մտադրութիւնները սրտի մէջ դնի, իր անիրաւութիւնների պատճառած տանջանքներն էլ՝ աչքի առաջ եւ գայ մարգարէի մօտ՝ նրա միջոցով ինձնից պատգամ հարցնելու, - ես՝ Տէրս եմ նրան պատասխան տալու, ըստ այն բանի, թէ ի՛նչ ունի իր մտքում,
(Արարատ թարգ․) Ուստի խոսի՛ր նրանց հետ և ասա՛ նրանց. Այսպես է ասում Տեր Աստված. "Իսրայելի տնից ամեն մի մարդու, որ իր կուռքերն իր սրտում բարձրացրել է և իր անօրենության գայթակղությունն իր դեմքի առաջ է դրել և մարգարեի մոտ է գալիս, ես՝ Տերը, նրան, որ գալիս է, պատասխան պիտի տամ ըստ նրա կուռքերի շատության,
(Գրաբար) Վասն այնորիկ խօսեա՛ց ընդ դոսա՝ և ասասցես. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Այր ոք այր՝ 'ի տանէդ Իսրայէլի, որ դիցէ զխորհուրդս իւր' ի սրտի իւրում. և զտանջանս անիրաւութեան իւրոյ կարգեսցէ առաջի աչաց իւրոց, և եկեսցէ առ մարգարէ հարցանել նովաւ յինէն. ե՛ս Տէր՝ պատասխանի տաց նմա ըստ այնմ զոր 'ի մտի՛ ունիցի.