Եզեկիելի մարգարեության մեկնություն 17։10

Ա. Լոպուխին

«Եվ ահա, թեև այն տնկված է, սակայն մի՞թե հաջողություն կունենա. մի՞թե իսկույն չպիտի չորանա, հենց որ արևելյան քամին դիպչի նրան. պիտի չորանա այն մարգերի մեջ, որտեղ աճել է»»։ [10] (Սինոդական թարգ․)
   

   Ամենայն հավանականությամբ՝ մոտալուտ կործանման առջև դիմադրություն ցուցաբերելու ամբողջական անկարելիությունը ներկայացնելու նպատակով մարգարեն իր կանխասացությունը կրկնում է նույնանման բառերով, սակայն դիմելով մեկ այլ համեմատության «օգնությանը»: Նա Հրեաստանին արևելքից մոտեցող Նաբուգոդոնոսորին համեմատում է «արևելյան քամու» հետ (եբրայեցերեն՝ «կադդիմ»․ Աստվածաշնչում առկա նկարագրության համաձայն՝ այս բառը համապատասխանում է «սիռոկկո» բառին), որի կողմից բերված անապատային տապն ու չորությունը կործանանար նշանակություն ունեն բույսերի համար (հմմտ․ Ծննդ. 41:6, Օս․ 13:15, Ես․ 27:8 և այլ տեղիներ):

   «Թեև այն տնկված է» - այսինքն՝ այդքան լավ է տնկված։

   «Չպիտի՞ չորանա» - այս հարցադրումն ունի այն նույն նշանակությունը, ինչ 9-րդ համարում հնչող հարցը:

   «Պիտի չորանա այն մարգերի մեջ, որտեղ աճել է» - որքան էլ վարպետորեն որ այն սերմանված լինի։ Սեդեկիան մահացավ իր սեփական թագավորության մեջ, որտեղ պատերազմելը շատ ավելի դյուրին պետք է լիներ։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Արդ, որթատունկն ուռճանալո՞ւ է: Չի՛ փարթամանալու: Չէ՞ որ խորշակը երբ մօտենայ, չորանալու է ամբողջ բոյսը՝ իր ոստերով»»:
(Արարատ թարգ․) Եվ ահա, թեև տեղափոխելով տնկվի, մի՞թե ուռճանալու է. չէ՞ որ արևելյան քամին հենց դիպչի նրան, իսկույն պիտի չորանա. իր աճած ածուների մեջ պիտի չորանա"»։
(Գրաբար) Եւ արդ պարարեսցի՞, մի՛ յաջողեսցի. ո՞չ ապաքէն ընդ մերձեալն հողմոյ խորշակի՝ ցամաքեսցի հանդերձ բուսովն և շառաւիղօք իւրովք: